ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուբեն Սևակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

Ռուբեն Սևակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»
24.04.2023 | 10:08

«Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչեւ ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակավին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամեն վայրկեան ապրեր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրեն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ. մեր՝ ստրկացած թրքահայերուս կյանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու... Անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… Ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կըխեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձեւացնել. ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ: Այդ ինչպէ՞ս կուզեք, որ այսպիսի պայմաններու մեջ ժառանգորէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական հարմարութիւնը՝ դերասանութիւնը…»:

Ռուբեն ՍԵՎԱԿ

Եղեռնազարկ բանաստեղծի ցավագին այս խոսքերը 1908-ի օգոստոսի 8-ի հրապարակային ելույթից են, որից հետո մարգարե բանաստեղծը զգուշացնելու էր. «Ներսի գաւառներու մեջ կոտորածի վախ կայ, կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ», և պահանջում էր «մարդկօրեն կատղիլ», այսինքն՝ զինված ազգափրկիչ ազատագրական պայքար մղել: Բայց այդպես չեղավ՝ երիտթուրքերն արդեն յաթաղաններն էին սրում Ադանայի կոտորածներն սկսելու համար: Մինչդեռ շատերը ողջունում էին «նոր թուրքերի» հաղթանակը՝ «եղբայրության ու բարեկամության» դրոշների ծածանումով… Միամի՜տ-միամի՜տ ու աղետաբեր խաբկանք…

1915 թ., երբ արդեն ընթանում էր Առաջին աշխարհամարտը, բժիշկ-բանաստեղծը զորակոչվում է օսմանյան բանակ, ծառայում Մաքրիկգյուղի զորամասում: Բայց շատ չանցած՝ ապրիլի 24-ին, լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվում և բանտարկվում է Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվում Չանղըրը: Մահվան այս որջում բուժում է թուրք ավազակապետ-չեթեչի Արաբաջի Իսմայի աղջկան: Արված լավության դիմաց Իսմայիլը նրան հորդորում է ամուսնանալ իր դստեր հետ և իսլամ ընդունելով՝ փրկվել սպառնացող անխուսափելի վտանգից: Առաջարկն անընդունելի էր: Չանղըրըի չերքեզ փոխկառավարիչը, որ բանաստեղծի ծանոթ-բարեկամն էր, անզոր արձագանքում է. «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել…»:

Ռուբեն Սևակին ազատելու համար Գերմանիայի արտգործնախարարությանը, Կ. Պոլսի և Սոֆիայի նրանց դեսպաններին, Լոզանի հյուպատոսին, Թուրքիայում Գերմանիայի դեսպան Հանսֆոն Վանգենհայմին բազմաթիվ դիմումներ են ուղարկում նրա աները՝ գերմանական բանակի պահեստի սպա Ֆրանց Ապելն ու կինը՝ Հելեն Ապելը: Ապարդյուն ջանքեր: Օգոստոսի 25-ին Սևակը հեռագրում է կնոջը, թե Դանիել Վարուժանի հետ Այաշի բանտում է: Իսկ ապրելու մնացել էր ընդամենը մեկ օր. օգոստոսի 26-ին Չանղըրը և Կալեջիկ գյուղերի միջև, Չանղըրըից կառքով վեց ժամ հեռու գտնվող Թյունեյ կոչված վայրում, իր չորս բախտակից ընկերների հետ, այդ թվում՝ Դանիել Վարուժանի, թուրք չեթենների ձեռքով սպանվում է քարերով ու յաթաղաններով խոշտանգումների ենթարկվելով: Ըստ Գոնիայի պատերազմական ատյանում կառապան Հասանի տված վկայության՝ բժիշկ-բանաստեղծը եղել է վերջին սպանվողը… Իսկ մինչ ամուսնու եղերական վախճանը, աքսորից հետո նրա կինը՝ Յաննի Ապել Սևակը, շտապել էր Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ Սևակի ձերբակալման հարցով: Չարահոգի դեսպան Վանգենհայմը փնովանքով էր պատասխանել ամուսնուն փրկելու նրա խնդրանքին. «Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկե՞մ: Նա չպետք է վերադառնա: Նրանք բոլորը մեռնելո՛ւ են գնացել…»:

Սարսափած միայն արյունարբու թուրքին պատշաճող իր ազգակցի պատասխանից՝ Յաննին գերմանական անձնագիրը շպրտել է դեսպան-դահճի դեմքին. «Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար…»:

Ռուբեն Սևակի սպանության լուրն առնելուց հետո իր ազգից խորապես հիասթափված Յաննին երկու երեխաների հետ լքում է Թուրքիան: Հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից, անգամ դադարում իր մայրենիով՝ գերմաներեն խոսել: 1915-ի հոկտեմբերին երեխաների հետ տեղափոխվում է Լոզան՝ հոր մոտ, հինգ տարի անց հաստատվում Փարիզում, երեխաներին տալիս հայկական կրթության: Ազնվարյուն գերմանուհին մահանում է ֆրանսիական Նիցցայում, 1967 թ. դեկտեմբերի 28-ին: Կտակի համաձայն՝ նրան հուղարկավորում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով:

…Թեև մեր այս հրապարակմամբ չանդրադարձանք եղեռնազարկ բանաստեղծի գրական-ստեղծագործական գործունեությանն ու վաստակին, սակայն ավելորդ չէ հիշատակել, որ նա դասականի իր տեղն է նվաճել արևմտահայ մեր մյուս մեծերի՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, երևելի այլ դեմքերի ոսկե շղթայում: Հետագայում նրա գործերը մատենաշարային տարբերակով հրատարակել է եղբորորդին՝ Հովհաննես Չիլինկիրյանը, որ աջակցել է նաև բանաստեղծի մասին բազմաթիվ հոդվածների ու գրքերի հրատարակմանը, հիմնել Ռուբեն Սևակի անվան մրցանակ, որին արժանացել են տասնյակ հեղինակներ: Նիցցայում հիմնել է նաև ընդամենը 30 գարուն ապրած իր արյունակցի տուն-թանգարանը, որտեղ թևածում է բանաստեղծի ու բանաստեղծության անմեռ ոգին…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ