Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից

Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
03.10.2024 | 12:57

Սկիզբը՝ այստեղ

Ներկայացնում եմ Վարդան Օսկանյանի հետ իմ զրույցի շարունակությունը։ Այս հատվածում խոսել ենք ընդդիմության հնարավոր անելիքների, Հայաստանին սպառնացող վտանգների ու հնարավոր լուծումների մասին։

Վ.Հ. - Այս իշխանությունը 2021-ին վերարտադրվեց «Ապագա կա, ապագա» կարգախոսով։ Իրականությունն այն է, որ այսօր արտագաղթի, հայրենալքման ահռելի պոտենցիալ է կուտակվել, որը սկսում է արդեն իրացվել։ Ավանդական ուղղություններին գումարվել են նորերը, անգամ դեպի հարևան Վրաստան արտագաղթի միտում է ձևավորվել, շատերը հանկարծ վերհիշում են իրենց վրացական ծագմամբ պապերին և փորձում են վրացական անձնագրեր ձեռք բերել։ Գլենդեյլը դե արդեն «դասական հայրենիք» է և այլն։ Հայաստանը դարձել է անապահովության կղզի, որտեղից տարատեսակ ելքեր են փնտրում մարդիկ։ Հուսահատության մեծ ալիք է ձևավորվում, մարդիկ այսօր չգիտեն իրենց անելիքը։ Միաժամանակ Հայաստանում կա մի որոշակի տոկոս՝ մարդկանց, ովքեր պատրաստ են մինչև վերջ, «ատամներով» պահել պետությունը։ Իրական ապագա ստեղծելու ի՞նչ բանաձև, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կառաջարկեք մարդկանց այս խմբին։ «Հայկական աշխարհը» այսօր ի՞նչ վիճակում է, ինչպիսի՞ն եք տեսնում մեր ներքին շփումների, ներքին կապերի վերականգնման պոտենցիալը՝ հաշվի առնելով պառակտման ու փլուզվածության ներկայիս աստիճանը

Վ.Օ. - Իրոք այսօր արտագաղթի մեծ ալիք կա, դա ակնհայտ է, երևացող է, և սա իսկապես շատ վտանգավոր է։ Եվ ահավասիկ այս կոնտեքստում նոր մղձավանջային սցենար է արդեն ձևավորվում առ այն, որ արդյոք այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Այո, հնարավոր է, մղձավանջային է, բայց հաշվի առնելով, որ ինչ Ղարաբաղում եղավ, նույնը կարող է կատարվել Հայաստանի հետ, սա ուղղակի պետք է բացառել։ Չգիտեմ, եթե արտագաղթի այս տենդենցը շարունակվի, շուտով մենք կհատենք նաև երկու միլիոնի շեմը դեպի ներքև, և հավատացեք, երկու միլիոն հային տարրալուծել կամ ցրել աշխարհով մեկ՝ մեծ խնդիր չէ, դա շատ ռեալ է, հնարավոր է։ Մե՞ծ է հնարավորությունը՝ ոչ, բայց ուղղակի բացառվա՞ծ է՝ նույնպես ոչ։ Այնպես որ, այս էքզիստենցիալ խնդիրը, ես կարծում եմ, որ մենք մեր աչքի առաջ պետք է ունենանք և, ելնելով հենց սրանից արդեն, կարողանանք մեր հետագա քայլերը որոշել և կատարել։ Նայեք, ես ինչ կառաջարկեի այս պայմաններում և հաշվի առնելով նաև այս գոյաբանական խնդիրը։ Ընդդիմությունը, որը շատ կարևոր գործոն է և հակակշռող գործոն է ցանկացած երկրում, Հայաստանի դեպքում առավել խորքային և կայուն կոնսոլիդացման կարիք ունի և նաև հստակ ծրագրի պատրաստման։ Այս երկուսը այսօր բացակայում են, և դա´ է հիմնական խանգարող հանգամանքը, որ ընդդիմությունը հաջողություն ունենա։ Ժողովուրդն իսկապես պետք է տեսնի, որ կա կոնսոլիդացված, հուսալի, վստահելի ընդդիմություն, և ունի նաև հստակ ծրագիր։ Կոնսոլիդացումը ինչ-որ տեղ տեղի ունեցել է, դա պետք է ավելի խորացնել, այստեղ աշխատանքի կարիք կա։ Իսկ հիմնականը, ես կարծում եմ, ավելի կարևորը կամ հավասարապես կարևորը ծրագրի առկայությունն է։ Այդ ծրագիրը պետք է կառուցված լինի այսօր մեր ազգային շահերի վերանայման վրա։ Նայեք, հին ճանապարհով գնալ, ասել, թե ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ուժի մեջ է, մինչև հիմա ինչ նպատակ դրած ունեցել ենք, դա էլ պետք է շարունակել իրականացնել. դա մեզ սխալ ճանապարհով կտանի։ Շատ բան է փոխվել, և մենք պետք է վերանայենք մեր ազգային շահերը, պետք է սահմանենք և, այդ ազգային շահերից ելնելով, ունենանք հստակ ծրագիր։ Բայց այդ ազգային շահերի ձևավորում-վերանայումը պետք է ունենա իր հստակ կարմիր գծերը, որոնք, ես կարծում եմ, երեքն են։ Վերանայման ընթացքում կամ դրա արդյունքում այն ծրագիրը, որ պետք է մշակվի, պետք է հատի հետևյալ երեք գծերը. առաջին՝ վերանայումը չպետք է լինի ի հաշիվ մեր հիմնարար, բայց նվազագույն իրավունքների, երկրորդ՝ չպետք է լինի ի հաշիվ մեր ինքնության ձևափոխման, վերափոխման, և երրորդ՝ մեր պետական խարիսխների խարխլման։ Մենք իսկապես վերանայելու շատ բան ունենք, այսօր Հայաստանում և մեր շուրջ ստեղծված իրավիճակը բացարձակապես նույնը չէ, ինչ է´ր տասը տարի առաջ, ուստի մեր ազգային շահերի վերանայման խնդիր կա, և այդ երեք կարմիր գծերը, ես կարծում եմ, պետք է պահվեն։ Ահավասիկ, եթե կոնսոլիդացված այդ ընդդիմությունը կարողանա շատ արագ գործել, մենք ժամանակ էլ չունենք, եթե շատ արագ կարողանա այդ ընդհանուր շրջանակների մեջ ձևավորել հստակ անելիքների ծրագիր, ես կարծում եմ, որ ընդդիմությունը կկարողանա հաջողություն ունենալ։ Եվ այդ հաջողությունը անպայման չի նշանակում, չի ենթադրում իշխանությունների հետ այդպես կտրուկ հակադրվածություն, ես դա հիմա կբացատրեմ։ Այդ ծրագիրը պետք է անդրադառնա մեր արտաքին քաղաքականությանը, որտեղ դաշնակցային հարաբերությունների խնդիրները, կոմպլեմենտարությունը պետք է լինեն առանցքային։ Արցախի հարցը պետք է նույնպես լինի առանցքային։ Դա կառուցելով՝ Արցախի ժողովրդի միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի խնդիրը պետք է դարձնել օրակարգային խնդիր։ Եթե արտաքին քաղաքականության հարցում այս երկու հարցերը դարձնենք առանցքային, կարելի է արդեն հստակ արտաքին քաղաքականության օրակարգ ունենալ։ Պետք է ունենալ նաև անվտանգային օրակարգ, որի առանցքը պետք է լինի մեր բանակի վերակենդանացումը, վերազինումը, դրա համապատասխանեցումը այսօր ստեղծված իրավիճակին։ Եվ նաև ծրագիրը անպայման պետք է ունենա իր տնտեսական, սոցիալական և նաև ազգային արժեքային և բարոյական մասը։ Ունենալ համապարփակ ամբողջական մի ծրագիր։ Եթե լինի կոնսոլիդացված ընդդիմություն նման ծրագրով, ես կարծում եմ, որ արդեն ժողովրդի վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ կտրուկ կփոխվի։ Սա անելուց հետո ի՞նչ պետք է արվի. առաջին քայլը, որ ես կառաջարկեի, որ կոնսոլիդացված ընդդիմությունն իր ծրագրով արդեն հայտ ներկայացնի իշխանություններին՝ նստել սեղանի շուրջ և ասել, դուք էլ դրեք ձեր ծրագիրը, փորձենք, եթե կան տարբերություններ, բնականաբար կլինեն, համադրել և գալ ընդհանուր եզրակացության։ Եվ այդ նոր համադրված ծրագրով կազմել ազգային համերաշխության կառավարություն և հաջորդ երկու տարիները՝ մինչև ընտրությունը, այդ կառավարությամբ շարժվել առաջ, այդ ծրագրի իրականացմամբ։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները դրան ընդունակ չեն, համենայնդեպս, չեն անելու, մերժելու են։ Լավ կլինի, որ ընդունեն և գնան նման քայլի, հաշվի առնելով մեր առաջ ծառացած գոյաբանական խնդիրները։ Նորից, միշտ պետք է մտքում ունենալ, որ այն, ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ։ Եթե ոչ ամբողջական նույն սցենարով, բայց շատ բարձր հավանականություն կա, որ մենք կարող է ունենանք Հայաստան, բայց այդ Հայաստանը չլինի հայկական, որ դա բոլորովին այլ Հայաստան լինի։ Սրա հավանականությունը շատ մեծ է։ Ուստի, այս գոյաբանական խնդիրը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ լավ կլինի, որ իշխանություններն էլ սկսեն վերանայել իրենց մոտեցումներն ընդդիմության նկատմամբ։ Հանել այդ հակասությունը և փորձել որպես առաջին քայլ նստել սեղանի շուրջ և ունենալ այդ ընդհանրական ծրագիրը և կազմել ազգային միասնության կառավարություն։ Հաջորդ երկու տարիները գնալ այդ ծրագրով։ Այս նույն կառավարությունը պետք է լինի նաև երաշխավոր հաջորդ ընտրություններին, որտեղ կձևավորվի նոր կառավարություն։ Կարելի է ներքին համերաշխությամբ փորձել երկիրը դնել զարգացման և անվտանգային ճիշտ ճանապարհի վրա։ Իշխանությունների կողմից նման ծրագիրը, նման հայտը մերժելու դեպքում, ընդդիմությունը կարող է արդեն շատ ավելի համարձակ քայլերի գնալ՝ դա կլինի փողոցային պայքար կամ հաջորդ ընտրություններին մասնակցություն, բայց ընդդիմությունն արդեն կլինի այլ ընդդիմություն, կլինի կոնսոլիդացված՝ իր հստակ ծրագրով։ Ես կարծում եմ, որ առաջին կամ երկրորդ ճանապարհով շատ ավելի մեծ հնարավորություն կլինի ընդդիմության հաջողության հասնելու համար։

Վ.Հ. - Իմ տպավորությամբ՝ Ալիևը մի քանի անգամ անակնկալի է եկել իր սեփական հաջողություններից, և դրանից ելնելով վերանայել է իր հետագա քայլերը՝ ի վնաս մեզ, իհարկե։ Նախ՝ նա չէր սպասում, որ Հայաստանը կունենա այնպիսի իշխանություն, որը չի հասկանա բանակցությունները փակուղի տանելու անթույլատրելիությունը՝ այդպիսով պատերազմի քարտ-բլանշ տալով իրեն։ Հաջորդը՝ նա չէր սպասում պատերազմի նման հանգուցալուծում, երբ Հայաստանն իրար հետևից կարող էր հրաժարվել պատերազմը դադարեցնելու հնարավորություններից՝ գլորվելով մինչև վատագույն հետևանքներ։ Չէր սպասում, որ նոյեմբերի իննի փաստաթղթից հետո Հայաստանն այնպիսի քայլերի կգնա, որ կկորցնի Արցախը և այլն։ Ըստ Ձեզ, մեր՝ նմանատիպ կոպտագույն սխալների լիմիտը ինչքա՞ն է, ե՞րբ մենք կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին։

Վ.Օ. - Այո, իշխանությունների կոպտագույն սխալների շարքը անթիվ, անհամար է, և դա շարունակվում է։ Եվ մենք ուղղակի դատապարտված ենք այդ ճանապարհով գնալու, կբացատրեմ ինչու։ Այդ սխալները լիմիտ չունեն, քանի դեռ իշխանությունները գործում են, այդ սխալները շարունակվելու են։ Իսկ ե՞րբ կարող ենք հասնել անդառնալիության վերջին կետին. այն պահին, երբ այդ մղձավանջային սցենարները, որոնց վերաբերյալ ես խոսեցի, իրականանան։ Եթե անգամ այդ մղձավանջային սցենարները տեղի ունենան հաջորդ սերունդների կյանքի ընթացքում, չի նշանակում, որ դա մեզ մտքի հանգստություն պետք է տա, որովհետև մենք այսօր կանք, վաղը չկանք, իսկ հայրենիքը պետք է մնա հավետ մեր սերունդների համար, և այն քայլերը, որ այսօր արվում են, իսկապես կարող են վճռական լինել երկրի ապագայի համար։ Ուստի մեր պատասխանատվությունն է, մեր սերնդի, անկախության և դրան հաջորդող սերնդի պատասխանատվությունն է՝ կարողանալ առնվազն այս ճակատագրական պահին երկրի զարգացումը ճիշտ ճանապարհի վրա դնել։ Նայեք, իշխանությունների հնարավորություններն իսկապես շատ սահմանափակ են։ Այս սխալների, կոպտագույն սխալների արդյունքում իշխանություններն իրենց մանևրելու հնարավորություններն այնքան են նեղացրել, որ կարծես թե մի փոքր արահետ է մնացել, և իրենք այլընտրանք չունեն, քան ուղղակի այդ արահետով շարժվել այնքան ժամանակ, քանի դեռ կան։ Խոստումներ են տվել, պարտավորություններ են վերցրել, կամուրջներ են այրել և այդ նեղ արահետը միակ ճանապարհն է, որով շարունակելու են։ Եվ այդ նեղ արահետը մեզ տանելու է ավելի մեծ կորուստների ճանապարհով։ Դա կարող է փոխվել, եթե լինի, ենթադրենք, ազգային միասնության կառավարություն, որը հիմնարար փոփոխություններ կմտցնի ներքին, արտաքին քաղաքական կուրսի մեջ, և դա բոլորի համար տեսանելի, ընկալելի կլինի, ներառյալ՝ բոլոր այն կողմերի, որոնց հետ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Այս դեպքում կարելի է սկսել ինչ-որ բան ուղղել։ Կամ ուղղակիորեն պետք է լինի իշխանափոխություն։ Նոր իշխանություններն արդեն ավելի լայն հնարավորություններ կունենան մանևրելու և առավել արդյունավետ և ճիշտ քաղաքականություն վարելու։ Պատճառներից մեկը, որ մենք դատապարտված ենք սրան, ես ասացի, որ նեղ արահետն է։ Իսկ երկրորդն այն է, որ այս իշխանությունների վեց տարվա դիվանագիտական, քաղաքական փորձը բացասական փորձ է։ Այն հիմնված է, կառուցված է ձախողումների, կորուստների, պարտությունների վրա։ Այն բացասական փորձ է այնքան ժամանակ, քանի դեռ չեն ուզում ընդունել, որ սխալներ են արել և փորձեն այդ սխալներն ուղղել։ Երբ 2018 թվականին եկան, արտաքին քաղաքական փորձ չունեին, ռազմաքաղաքական փորձ չունեին։ Եթե զրոյից տասը սանդղակի վրա, ենթադրենք, մեկ էր կամ երկու էր, այսօր, վեց տարի անց, այդ նույն սանդղակի վրա մինուսի մեջ են, որովհետև բացասական փորձ է կիրառվել և կուտակվել, ու նույն ճանապարհով շարունակվելը ուղղակի չի կարող լավ արդյունքների հասցնել։ Իշխանությունները չունեն նաև ուղենիշ, չգիտեն՝ ուր են գնում, կորած վիճակում են։ Մի հայտնի խոսք կա՝ եթե չգիտես ուր ես գնում, երբեք կորելու զգացողությունը չես ունենա։ Այսինքն, երբեք չես հասկանա, որ կորել ես և չես փորձի դուրս գալ այդ կորած վիճակից, որովհետև դու քո առջև նպատակ չես դրել, չգիտես՝ ուր ես գնում։ Իշխանություններն այդ ցիկլի մեջ են այսօր և այսպես շարունակելու են՝ նպատակ ունենալով անել քայլեր, որ կնպաստեն միայն ու միայն իրենց իշխանության պահպանմանը։ Այս բոլորից ելք կա՞, իհարկե կա։ Դա այն է, ինչ ես առաջարկեցի՝ իշխանությունները գիտակցեն, ընդունեն իրենց սխալները, ելնելով մեր առաջ կանգնած էքզիստենցիալ խնդրի կարևորությունից, նստեն սեղանի շուրջ և փորձեն համաձայնել մի ծրագրի շուրջ և համատեղ ջանքերով փորձեն երկիրը դուրս բերել այս վիճակից՝ երկրի ներսում միասնականություն հաստատելով, պառակտումը վերացնելով և կանխելով արտագաղթը, որի մասին մենք արդեն խոսեցինք։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ