38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բերդիմուհամեդովը պինդ ընկույզ դուրս եկավ

Բերդիմուհամեդովը պինդ ընկույզ դուրս եկավ
01.09.2009 | 00:00

ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ
Պաշտոնական Բաքվին կարելի է շնորհավորել ճիշտ նույն ոգևորությամբ, ինչ ադրբեջանցիները հրճվում են հայ-վրացական սահմանային տարաձայնությունների առիթով։ Ինչպես ասում են` մի՛ ուրախացիր ուրիշի համար փորված փոսով, քեզ համար էլ փորող կգտնվի։ Եվ ադրբեջանական նավթագազային էյֆորիայի գերեզմանափորը, կարծես, գտնվել է. Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ կարճ ժամկետում Կասպից ծովի թուրքմենական ափում ստեղծվելու է պաշտպանության նախարարության և Թուրքմենստանի սահմանապահ ծառայության ռազմածովային բազա։ «Իմ հանձնարարականով ներկայումս հատուկ աշխատանքներ են իրականացվում օտար ոտնձգություններից մեր ծովային սահմանի պաշտպանությունն ամրապնդելու և Կասպից ծովի մեր ափը պահպանելու ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքմենստանի նախագահը, միաժամանակ ընդգծելով, որ այդ համակարգը լինելու է գերժամանակակից տեխնիկական չափանիշներին համապատասխան, ունենալու է ծովային ավազանի լոկացիոն և օպտիկական վերահսկման համակարգեր։ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի առանձին ներկայացուցիչներ արդեն իսկ ոգևորված են, որովհետև սկզբունքորեն միջոցների պակաս չունեցող Թուրքմենստանը մտադիր է ձեռք բերել ռուսական արտադրության ռազմանավեր ու առափնյա պաշտպանության տեխնիկական համակարգեր, ինչը ռուսական կողմին լուրջ եկամուտներ է խոստանում։
Թուրքմենստանի նախագահի այս քայլը դիտարկվում է Կասպից ծովի տարածքում գտնվող մի շարք նավթահանքերի պատկանելության շուրջ Բաքվի և Աշգաբադի միջև գոյություն ունեցող հին վեճի շրջանակներում։ Խոսքը վերաբերում է «Ազերի», «Չիրագ», «Քյափազ» հանքավայրերին, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շահագործում է ադրբեջանական կողմը և, փորձագետների գնահատմամբ, հենց այդտեղից են գոյանում ադրբեջանական նավթի հիմնական ծավալները։ Մինչդեռ Աշգաբադը համարում է, որ այդ տարածքները կարող են և իրեն պատկանել։ Եթե հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովը բավարարվում էր միայն այս փաստն արձանագրելով և չէր դիմում Բաքվի դեմ կտրուկ գործողությունների, ապա նրա ժառանգորդ Բերդիմուհամեդովն այս կապակցությամբ բոլորովին այլ կարծիք ունի։ Աշգաբադն արդեն հայտարարել է, որ վիճելի հանքավայրերի պատկանելության հարցը լուծելու համար դիմելու է միջազգային դատարան, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել «Նաբուկո» գազային կոնսորցիումի ներկայացուցիչների շրջանում։ Բաքվին և Աշգաբադին հաշտեցնելու վերջիններիս փորձը, կարծես, հաջողությամբ չի ավարտվել։ Թուրքմենստանի նախագահը բացահայտ հայտարարել է, որ եթե իր պահանջները հաշվի չառնվեն, ինքը հակված կլինի, որ «Նաբուկո» նախագիծն իրականացվի Իրան-Թուրքիա ցամաքային գազամուղի կառուցմամբ` շրջանցելով Ադրբեջանը, որն այդպիսով պարզապես դուրս կմնա նախագծից։ Միաժամանակ, մինչև այս տարեվերջ Թուրքմենստանը շահագործման կհանձնի դեպի Իրան գազամուղի նոր խողովակաշարը, որով հնարավոր է 20 մլրդ խմ տարեկան գազ արտահանել։ Մեկ այլ` ավելի մեծ ծրագիր տարեվերջին ավարտին կհասցվի Չինաստանի հետ և, ըստ պայմանագրի, Աշգաբադը 30 տարի շարունակ Պեկինին գազ պետք է մատակարարի տարեկան 40 մլրդ խմ ծավալով։ Հասկանալի է, որ այսպիսի հովանավորների ու դաշնակիցների պարագայում Բերդիմուհամեդովն Ալիևից զգուշանալու ոչինչ չունի։ Ավելի շուտ` ճիշտ հակառակը։
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ