Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ՆՐԱՆ, ՈՎ ԻԲՐև ՄԻԱՀԵԾԱՆ, ԳՈՌՈԶ ՑԱՐ, ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱՎ ԴԵՊԻ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄ»

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՁԵՌՆՏՈՒ ԷՐ ՆՐԱՆ, ՈՎ ԻԲՐև ՄԻԱՀԵԾԱՆ, ԳՈՌՈԶ ՑԱՐ, ԵՐԿԻՐԸ ՏԱՐԱՎ ԴԵՊԻ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄ»
27.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է հոկտեմբերի 27-ի սպանդի զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին, ԱԺ պատգամավոր ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ
-1999-ի հոկտեմբերի 27-ից տասը տարի հետո` այդ օրվա իրադարձություններին Ձեր գնահատականները փոխվե՞լ են:
-1999-ի հոկտեմբերի 30-ին, դեռ ամուսնուս աճյունն օպերայում դրված, ես ինչ ասել եմ, մնում եմ նույն կարծիքին: Իսկ ասել եմ, որ հանրապետության նախագահից պահանջում եմ պարզել ահաբեկչությունն իրականացնողների հետևում կանգնած մութ ուժերին, որոնց նպատակն էր գլխատել պետությունը, սասանել հայոց պետականությունը: Նո՛ւյն տոնով, նո՛ւյն ձայնով, նո՛ւյնը ասում եմ հիմա: Այդ օրը տեղի է ունեցել մեծ ողբերգություն, պետական մակարդակով ահաբեկչություն, որի նպատակն էր վերացնել քաղաքական գործիչների, ովքեր իսկապես սիրում էին մեր երկիրը, ովքեր, իրենց բոլոր սխալներով հանդերձ, լծվել էին պետությունն ամրացնելու, պետության հեղինակությունը, արժանապատվությունը բարձր պահելու սուրբ գործին: Տասը տարում ինձ քանիցս հարցրել են` ո՞ւմ եք մեղադրում: Պատասխանս մեկն է` իշխանությանը, այդ ժամանակ իշխանության մեջ եղած բոլոր այն մարդկանց, որոնց հանցավոր անգործության հետևանքով այդ ամենը հնարավոր դարձավ: Մարդասպանները ոչինչ չէին թաքցնում, Գագիկ Ջհանգիրյանը հետո ասաց` «տասներկու օր առաջ գիտեի», դատարանում էլ այդ ստահակները չէին թաքցնում, թե ինչքան մարդու են ասել իրենց մտադրության մասին, ուրեմն` անվտանգության մարմինները շատ լավ իմացել են ու լուռ հետևել: Ես չեմ կարող մեղադրել նրանց մեղսակից լինելու մեջ, դա դատարանի գործն է, բայց լուռ հետևելն ու իրենց պարտականություններով չզբաղվելը նույնպես լուրջ զանցանք է: Իրապես իշխանափոխություն եղավ, և յուրաքանչյուրս հարց կարող է տալ` ո՞ւմ էր դա ձեռնտու: Մեր երկրում չկա մարդ, որ այս հարցի պատասխանը չիմանա: Ձեռնտու էր նրան, ով իր ավտորիտար իշխանությունը հաստատեց, իբրև միահեծան, գոռոզ ցար, երկիրը տարավ դեպի ավտորիտարիզմ, ստրկամտության, վախի մթնոլորտն ամրացրեց, չսիրելով երկիրը` նախագահեց, և իր ամբողջ կերպարով ու բոլոր գործողություններով ասում էր` ինձ համար կարևոր չէ, ինձ ընդունում եք, թե չէ: Ձեռնտու էր նրանց, ովքեր միլիարդներ կուտակեցին մեր պետության և մեր ժողովրդի հաշվին: Սա է «ո՞ւմ էր ձեռնտու» հարցի պատասխանը, որը հաստատվեց դատավարության ընթացքում, ինչը, բնականաբար, ոչինչ էլ չէր բացահայտելու:
-Հավանական համարո՞ւմ եք, որ երբևէ դատարանը կբացահայտի ոճրագործության կազմակերպիչներին:
-Տարբեր երկրներում պատմության ընթացքում տեղի ունեցած նման ահաբեկչությունները ցույց են տալիս, որ` ոչ: Բացահայտման հույսեր ու հիմքեր չունեմ բոլորովին, որովհետև նաև գիտեմ, թե այս տարիներին ոճրագործությանն առնչվող ինչքան մարդ մահացավ: Իմ, պետության, ժողովրդի կորուստը վերադարձնել այլևս հնարավոր չէ: Անկեղծ ասած` չեմ հավատում, որ չարից հետո կգա մի բարի դատավոր ու մեզ համար կպարզի ճշմարտությունը, և իշխանությունը կցանկանա նրան օգնել ու շնորհակալ կլինի նրան: Այդ հեքիաթը մեր կյանքից չէ:
-Մասնագիտության մեջ կայացած ու հաջողությունների հասած մարդուն ի՞նչը կարող էր ստիպել հեռանալ մանկավարժությունից։ Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականության մեջ:
-Հոկտեմբերի 27-ից հետո ես ամեն օր այդ հարցը տվել ու տալիս եմ ` ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր եղավ նման ոճրագործություն, ինչպե՞ս կարող էր իմ ամուսինը, որ ԱԺ փոխնախագահ էր, այդ պահին վարում էր նիստը, զոհվել իր պարտականությունները կատարելիս, ինչպե՞ս այդ տականքները կարողացան զենքերը մտցնել ԱԺ, ինչպե՞ս ոչ ոք կրակելիս նրանց չխանգարեց: Այս հարցերի պատասխաններն ուզում եմ ստանալ ոչ միայն իբրև ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կին, այլև իբրև երկրի շարքային քաղաքացի, որի արժանապատվությունն արյունոտվելու աստիճան խոցված է: Էլ չեմ ասում, որ մեր քաղաքացին մեր երկրում ոչ մի տեղ պաշտպանված չի, ո՛չ մի տեղ: Այս «ինչու»-ներն ինձ հանգիստ չէին տալիս։ Դեսուդեն նետվեցի, դատավարություններին մասնակցեցի, հարցազրույցներ տվեցի, տարբեր պաշտոնյաների դռներ թակեցի... Ապարդյուն: Հասկացա` իմ հարցերի պատասխանն այդ ճանապարհով չեմ կարող ստանալ, և ինձ թվաց, թե քաղաքականությունը կդառնա հարցերիս պատասխաններն ստանալու ճանապարհը:
-Տրամաբանական չէ՞ր, որ անդամակցեիք այն կուսակցությանը, որի անդամն էր Ձեր ամուսինը, որի մյուս անդամների հետ տարիների ընթացքում ընկերական ու մարդկային կապեր էին ձևավորվել, առավել ևս, որ Յուրի Բախշյանն այդ կուսակցության շարքային անդամներից չէր, այլ ղեկավար:
-Իհարկե, տրամաբանական էր: Բայց երբ դեռ դատավարությունը չէր սկսվել, նախաքննության ժամանակ ես գնացի այն կուսակցություն, որի ղեկավար անդամն էր իմ ամուսինը, և ցանկացա իմ կասկածներն ու մտահոգությունները հայտնել նախաքննության, ապա դատավարության ընթացքի մասին, և մարդիկ, որ այսօր հայտնվել են ղեկավար դիրքերում, ինձ ասացին, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Ես հասկացա, որ Հանրապետական կուսակցությունը ոճրագործության բացահայտման շահագրգիռ կողմ չէ, ՀՀԿ-ն այն քաղաքական ուժը չէ, որ ուզում է Աշոտ Նավասարդյանի ու Վազգեն Սարգսյանի գիծը շարունակել: Յուրայի կուսակցական մտերիմներից ոչ ոք դատավարության ընթացքը կասկածի տակ չառավ, հետո ընտրությունների նախօրեին հիվանդության պատճառով երկարատև արձակուրդ գնաց դատավոր Սամվել ՈՒզունյանը, հետո ընտրություններ, ապրիլի 12-ի ծեծ ու ջարդ... Արդեն ակնհայտ էր, որ այդ քաղաքական ուժից ես սպասելիք չունեմ:
-Եթե Ձեր ամուսինը զոհված չլիներ, այսօր ՀՀԿ անդամ կլինե՞ր:
-Չգիտեմ, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, երկիրն այլ էր լինելու, մենք բոլորս այլ էինք լինելու, ՀՀԿ-ն այլ էր լինելու: Իսկ եթե Յուրան զոհված չլիներ, չեմ կարծում, որ նա ցանկանար մնալ այն քաղաքական ուժի հետ, որը ոճրագործության բացահայտմանը հետամուտ չեղավ, որն իր սպանված նախագահին դավաճանեց: Տասը տարում այդ քաղաքական ուժը երբևէ չփորձեց վերլուծել` ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ի՞նչ անել, որ չկրկնվի: Այս հարցերին, որպես քաղաքական ուժ, այդպես էլ հրապարակավ չանդրադարձավ, չարեց այնպիսի քաղաքական վերլուծություն, որ հասարակությունը տեսնի` ՀՀԿ-ն ուզում է ոճրագործությունը բացահայտել և բացառել դրա կրկնությունը: Իսկ իրենք երաշխավորվա՞ծ են հոկտեմբերի 27-երից:
-Տասը տարի առաջ Հայաստանում սկսված և հիմա տեղի ունեցող գործընթացները` հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու շրջագծում, նման չե՞ն իրար:
-Ես այդքան խոր վերլուծություններ չեմ արել, բայց ձեռքիս տակ է մամուլում տպագրված մի հոդված, որը թարգմանություն է ամերիկյան «Ստրատֆոր» թերթից, որտեղ հիշեցվում է հոկտեմբերի 27-ի մասին, և, այսօր տեղի ունեցող իրադարձությունները հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շրջանակներում, չի բացառում, որ կկրկնվի հոկտեմբերի 27-ը:
-Ի՞նչ հիմնավորումներ կան չբացառելու համար:
-Ըստ վերոնշյալ թերթի հոդվածի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում հասարակությունը խիստ բևեռացվել է, ժողովուրդը տարաբաժանվել է «կողմ» ու «դեմի», և հաշտության եզրեր չեն երևում:
-«Ստրատֆորը» մի քիչ ուշացել է հասարակության բևեռացումն արձանագրելու հարցում։ Մինչև 2009-ի հոկտեմբերի 10-ը մեր երկրում 2008-ի մարտի 1 է եղել, որի չհաղթահարված հետևանքները հասարակության բևեռացման պակաս պատճառ չեն:
-Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, ես ամբողջ էությամբ դեմ եմ որևէ ահաբեկչության, բայց այն ժամանակվա ու հիմիկվա քաղաքական իրադարձությունների նմանությունները կարող են խորանալ: Տարբերությունն այն է, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը չէին վախենում իրենց ժողովրդից, ժողովրդի ու իրենց միջև թիկնապահներ չէին կանգնեցնում, իսկ այսօրվա ղեկավարների և հասարակության միջև վստահության պաշարը հակադարձ համեմատական է նրանց թիկնապահների քանակին: Կարեն Դեմիրճյանն ազատ շրջում էր փողոցներում, Վազգենը նստում էր մեքենայի ղեկին ու մենակ գնում-գալիս էր Արարատ` թևն էլ տղայավարի լուսամուտից հանած:
-Հոկտեմբերի 27-ի նման ահաբեկչության կազմակերպումն ու կենսագործումը, Ձեր կարծիքով, զուտ տեղակա՞ն երևույթ էր, թե՞ դրսի ուժերի ներկայությունն էլ կար:
-Երբ Վազգեն Սարգսյանը գնաց ԱՄՆ ու վերադարձավ հիանալի ընդունելություն գտած, ակնհայտ դարձավ, որ Հայաստանին նոր դեր ու նոր հեռանկար է սպասում: Անցած տասը տարվա դիտարկումներն ինձ հանգեցրել են այն համոզմունքին, որ ահաբեկչությունը գծագրվեց դրսում, երկրի ներսում գտան «աբիժնիկ» տականքների, որոնք իրականացրին սպանդը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանի իշխանություններն անտեղյակ էին։ Իրենք ուղղակի չխանգարեցին։
-Բայց կարո՞ղ էին կանխել:
-Իհարկե, շատ հանգիստ: Գիտեք` Վազգենը շատ մեծ տպավորություն էր թողել ԱՄՆ-ում, ինձ կողմնակի մարդիկ են պատմել, թե իր սեպտեմբերյան պաշտոնական այցի ընթացքում ինչ ընդունելություն է գտել Նահանգներում, ինչ հանդիպումներ է ունեցել ու ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Պարզապես, տարածաշրջանում տարբեր շահեր հետապնդող պետությունների նպատակները համընկան ներսի մութ ուժերի նկրտումների հետ, և եղավ հոկտեմբերի 27-ը:
-Եթե հիմա Ձեր ամուսնուն դիմելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կասեիք:
-Կասեի` Յուր ջան, ես այսօր էլ հավատում եմ քեզ, այսօր էլ վստահ եմ, որ դու միշտ ամեն ինչ արել ես մեր պետականությունն ամրապնդելու համար, կասեի` երեխաները լավ են, հանգիստ եղիր: Կասեի` տասը տարի հետո` հոկտեմբերի 27-ին, նույն դահլիճում, ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ես հայտարարություն եմ անելու` մեջբերելով 1997-ի դեկտեմբերի 20-ի ՀՀԿ համագումարում քո հնչեցրած խոսքերը. «Մենք կողմնակից ենք իշխանության բոլոր թևերի ներդաշնակ զարգացմանը, մենք կողմնակից ենք կայունացմանը և համոզված ենք` կայունության, միասնության պայմաններում է, որ մենք կարող ենք արտաքին ճնշումներին ոչ միայն ընդդիմանալ, այլև սկզբունքային հարցերում մեր դիրքորոշումն արտահայտել, որպեսզի դիմացինը հասկանա` զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Տեսնելով այդ միասնական կամքի դրսևորումը` նրանք ստիպված կլինեն փոխվել»: ՈՒ կասեմ` ցավում եմ, Յուրա ջան, բայց 97-ի քո կուսակիցներին ուղղածդ կոչն այսօր առ ոչինչ է, տասը տարում արժեզրկվել է հանրապետականի գաղափարախոսությունը, չկա այդ միակամ կամքը, որն արտաքին ճնշումներին կարողանա դիմակայել, և, ցավոք, արտաքին ճնշումներն են այսօր մեր պատմությունը գրում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ