Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
21.05.2010 | 00:00

Ադրբեջանը երբեք չէր ենթադրում, թե Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա կսանձազերծի միայնակ, և հույսը դնում էր ինչ-որ դաշինքի հետ համագործակցության վրա, երբ մի շարք պետություններ շահագրգռություն կցուցաբերեին Հայաստանը շրջափակելու, նրան պարտության մատնելու կամ նյութական լուրջ վնաս պատճառելու առումով։ Այդ միտքը հղացավ ղարաբաղյան հակամարտության առաջանալուց անմիջապես հետո։ Հետաքրքիրն այն է, որ առաջին պետությունը, որ, Ադրբեջանի կարծիքով, կլիներ իր հնարավոր զինակիցն ու Հայաստանին կստիպեր զենքը վայր դնել և հրաժարվել պահանջներից, Ռուսաստանն էր։ Ադրբեջանին Ռուսաստանի հետ զինակցությունն ու հակահայ ուղղությամբ համագործակցությունը ճիշտ ուղի էր թվում, և դա 1988-1992 թթ. նկատելի հաջողության հանգեցրեց, երբ Ռուսաստանի զինված ուժերը երկու անգամ հանդես եկան Ադրբեջանի կողմում։ Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանում չեն մոռացել այդ բանը և որոշակիորեն հույսեր են կապում Ռուսաստանի «խելամիտ ընտրության» հետ, որը կարող է կապված լինել պատմական և աշխարհաքաղաքական հեռանկարի ուրվականի հետ։ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը համարում են ժամանակավոր և կարծում են, որ Ադրբեջանի ռազմական և տնտեսական զորեղացումը կհանգեցնի Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանը, և, առնվազն, Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանի շահերը, համարելով այն անմիտ քաղաքական կուրս։ Կարելի է մտածել, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալուն, ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցելուն, այդ թվում նաև` ՎՈՒԱՄ-ի կազմավորմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը զգալիորեն նպատակամիտված են համոզելու Ռուսաստանին` փոխելու իր քաղաքական նախապատվությունը և հրաժարվելու Հայաստանին աջակցելուց։ Այդ քաղաքականությունը, որոշակի չափով, մշակել էր Հեյդար Ալիևը, և այժմ իրականացնում է Իլհամ Ալիևը։ Թուրքական և բրիտանական շահերի պաշտպանների դերում հանդես եկող որոշ ազդեցիկ քաղաքական կուսակցություններից բացի, այդ քաղաքականությունը պաշտպանում է նաև ադրբեջանական ողջ հանրությունը` տարբեր չափով` կախված մտավոր և սոցիալական մակարդակից։ Ադրբեջանում հասկանում են, որ առանց որևէ դաշինքի աջակցության անհնար է վճռական ռազմական պարտության մատնել Հայաստանին, և փորձում են տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում գտնել շահագրգիռ պետություններ։ Սակայն դա դեռևս բարդ ու անլուծելի խնդիր է, բայց միայն ներկա միջազգային քաղաքական պայմաններում։ Պատմական այս պահին առճակատումը տարածաշրջանում չի հասնում այնքան բարձր մակարդակի, որ այդ նպատակների և ներկա ռեսուրսների պայմաններում դրանց իրականացման նպաստավոր իրավիճակ ձևավորվի։ Տարածաշրջանում նկատվում է ակտիվ դինամիկա, բայց արմատական աշխարհաքաղաքական ճշգրտումները տեղի են ունենում դանդաղ։ Տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արմատական մասնակցության բացակայության շնորհիվ հաջողվում է պահպանել ռազմական հավասարակշռությունը, ինչը տարածաշրջանում դարձել է մշտական քաղաքական բաղկացուցիչ, թեև դիմակայության մակարդակն ավելի ու ավելի է մեծանում։
Հարավային Կովկասը շարունակում է ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման մեջ, ինչն այդ տարածաշրջանում դառնում է տեսանելի ապագայի վճռորոշ բնութագիրը։ Առայժմ հակասություններն ու առճակատումը տարածաշրջանում և շրջակա աշխարհում այնքան սուր են, որ չի հաջողվի կասեցնել դաշինքների ստեղծման գործընթացը (ընդ որում, ամենաանսպասելի դաշինքների)։ «Փոքր» և «միջին» պետություններն ամենից ավելի են շահագրգռված այդ դաշինքների ձևավորմամբ։ Եթե առաջ ԱՄՆ-ը ջանում էր թույլ չտալ, որ դաշինքներ ստեղծվեն «Մեծ Մերձավոր Արևելքում», վախենալով, թե անկառավարելիությունը կսաստկանա, ապա հիմա դրական է գնահատում Իսրայել-Թուրքիա առանցքային դաշինքի ստեղծումը տարբեր լրացումներով, ներառյալ Հորդանանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Ակնկալիքներ կային, թե Իրաքի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամենաանսպասելի արդյունքների, քանի որ Իրաքի ապագա վարչակարգին հնարավորություն կտա ստեղծելու Իրան-Իրաք-Սիրիա բավականին հզոր դաշինքը` դեռ մի բան էլ ստանալու Հունաստանի և այլ պետությունների գործուն աջակցությունը։ Կասկած չկա, որ ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում կպահպանվի։ Թուրքիայի երազանքը` «կրկնելու» իր աշխարհառազմավարական ցատկը դեպի Կենտրոնական Ասիա, վերստին սին դուրս կգա, ինչը մեկնակետ կդառնա ԱՄՆ-ի քաղաքականության որոշ ուղղությունների վերաիմաստավորման համար։ Չնայած Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի թվացյալ համընդգրկուն պլաններին, նրա քաղաքականությունը, այդուամենայնիվ, իրավիճակային բնույթ է կրում։ Հարկ է նշել, որ սկսած 1999-ից և ընդհուպ մինչև սեպտեմբերի 11-ի իրադարձություններն ԱՄՆ-ը նպատակամիտվել էր սահմանափակելու իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում (նվազեցնելու պատասխանատվության չափը տարածաշրջանի անվտանգության համար) և պատրաստ էր համանման որոշում ընդունելու նաև Հարավային Կովկասի առնչությամբ։ Աշխարհի էներգետիկ և քաղաքական իրավիճակը, ԱՄՆ-ում քաղաքական տարբեր խմբավորումների միջև պայքարը հանգեցրել էին առաջնային խնդիրների վերագնահատմանն ու արտաքին քաղաքականության վերանայմանը։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը մտադիր չէ ներգրավվել «լրացուցիչ» տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ և նոր թշնամիներ վաստակել։ Ընդհակառակը, ԱՄՆ-ը, օրինակ, ձգտում է կարգավորել հարաբերությունները Իրանի հետ, և այդ դեպքում նկատելիորեն կնվազի Թուրքիայի դերը տարածաշրջանային ռազմավարական «տրցակում»։ Մեծ Բրիտանիան Իրանը համարում է կարևորագույն «հենակետ» Առաջավոր Ասիայի ընդարձակ տարածաշրջանում անգլո-սաքսոնական բլոկի տնտեսական և քաղաքական ազդեցության տարածման համար, և այդ դեպքում դժվար է ենթադրել, թե բրիտանական քաղաքականությունը կարող է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորություն պատկերացնել։ Այդ ընդարձակ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տվյալ քաղաքական առաջնայնություններն ու մարտավարական քայլերը միաժամանակ նպաստում և հակասում են Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը։
ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները մեծապես կախված են հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակության ձեռքբերումից։ ԱՄՆ-ի նավթային և ներդրումային ընկերությունները, երբեմն ռազմական և ռազմարդյունաբերական համալիրը շահագրգռված են ամերիկա-ռուսական համագործակցության վերաիմաստավորմամբ։ Դրանով շահագրգռված է նաև այնպիսի պետություն, ինչպիսին Մեծ Բրիտանիան է։ Սա շատ կարևոր է, նկատի առնելով, որ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը (հատկապես իշխանության քաղաքական կենտրոնը ԱՄՆ-ի հարավում) Մեծ Բրիտանիայի պահպանողական վերնախավի ավանդական գործընկերն է։ Օրինակ, Ռուսաստանի մասնակցությունը Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը, դրանով ռուսական նավթի մղման դեպքում, կարող էր ապաքաղաքականացնել այդ նախագիծը և զգալիորեն մեղմել հակամարտությունները Հարավային Կովկասում որպես քաղաքական ձեռնածությունների ու քաղաքական ճնշման ասպարեզ։ Հայաստանում կան հասարակական և քաղաքական խմբավորումներ, որոնց թվում է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արագացումը կարող է հանգեցնել Հայաստանի տնտեսական դրության բարելավմանը և այդ խմբավորումների քաղաքական հաջողությանը։ Իհարկե, ԱՄՆ-ը տարածաշրջանի կարևոր խնդիրներ է համարում ոչ թե աբխազականը կամ ղարաբաղյանը, այլ ռուս-վրացական ու հայ-թուրքական հարաբերությունները։ Սակայն Թուրքիան բացահայտորեն շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ հայ-ռուսական և հայ-իրանական համագործակցությունն օգտագործում է որպես փաստարկ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող վտանգի առումով, ինչը կարևոր է ամերիկյան օգնություն ստանալու համար։ Հայկական քաղաքական գործոնն աստիճանաբար ձևափոխվել է, և Հայաստանը տարածաշրջանում կարևոր գործոն է դարձել։ Գալիս է «Մեծ Մերձավոր Արևելքում» առճակատման տևական մի ժամանակաշրջան, որի մեջ ներառված են համաշխարհային բոլոր աշխարհաքաղաքական «բևեռները»։ Հայաստանը պետք է ապացուցի իր իրավունքը` մնալու որպես տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի շրջանակներում, այլ շատ ավելի մեծ տարածքում։ Այդ իրավիճակը հույսեր, իսկ ավելի շատ պատրանքներ է տալիս տարածաշրջանի քաղաքական վերնախավերից շատերին։ Բայց պատրանքները, ինչպես ընդունված է, հօդս են ցնդում, ուստի կմնա ճանաչել ոչ միայն մարդու, այլև ազգերի ազատության իրավունքը։ Այն առաջարկության կապակցությամբ, թե լավ կլիներ Հարավային Կովկասը հայտարարվեր «չեզոք» տարածաշրջան, ամերիկացի քաղաքագետ Փոլ Հոբլը նշել է, որ «չեզոքը» ևս առճակատում է նշանակում, և ավելի լավ կլինի օգտագործել «խաղաղ» բնորոշումը։ Բայց մինչ այդ դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Պետք է դեռ անցնել առճակատման, իրավիճակի սրման, փոխադարձ պահանջների և, հնարավոր է, տեղային զինված ընդհարումների բավական երկար ճանապարհ։ ԱՄՆ-ը շարունակում է հավակնել Հարավային Կովկասում հաստատելու այնպիսի հարաբերություններ, որոնց պայմաններում իր շահերը կպաշտպանվեն։ Այդ հարաբերությունները պետք է լինեն համակարգային, բայց դա ամենևին չի նշանակում, թե այդ համակարգայնությունը նշանակում է, որ ԱՄՆ-ը վերահսկողություն չի իրականացնելու։ Եթե առաջ ԱՄՆ-ը կասկածանքով, բայց հանդուրժողաբար էր վերաբերվում դաշինքների կամ տարածաշրջանային «փնջերի» ստեղծմանը, ապա հիմա նա կտրականապես դեմ է այդ հնարավորությանը։
Հարավային Կովկասի քաղաքական վերնախավերը տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծումը պայմանավորում են նրանով, որ իրենց պետությունները ներառվեն տարբեր քաղաքական, աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական բլոկների ու դաշինքների մեջ։ Դա կարելի է բացատրել, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանի ճանաչված և չճանաչված բոլոր պետությունները սահմանակից են խոշոր պետություններին, որոնք իրենց զգալիորեն գերազանցում են ռազմատնտեսական կարողությամբ։ Քաջ հայտնի են առկա խնդիրները Հայաստանի և Թուրքիայի, Վրաստանի և Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի, Աբխազիայի և Վրաստանի միջև։ Խնդրո առարկա ժամանակաշրջանը բնութագրվում է պետությունների ոչ այնքան պաշտոնական, որքան ոչ պաշտոնական ընկերակցությունների ստեղծմամբ։ Գործ ունենք բավական տևական «փորձարարական» ժամանակաշրջանի հետ, որն սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և կոչված է գծանշելու պետությունների ապագա պայմանագրային միավորումների սահմանները։ Առանձնապես խնդրահարույց են խոշոր տերությունների քաղաքական և ռազմական գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ, որտեղ տնտեսական և քաղաքական կայունացման գործընթացները դեռ չեն ավարտվել, որտեղ գոյություն ունեն բավական էական առճակատումներ։ Հարավային Կովկասի երկրների քաղաքական և տնտեսական ինտեգրացման խնդիրները երբեք էական կամ վտանգավոր չեն թվացել Ռուսաստանին և Իրանին, որոնք ժամանակ և քաղաքական ռեսուրսներ չեն ունեցել ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության համակարգային ճնշման պայմաններում տարածաշրջանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար։ Սակայն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և առաջատար եվրոպական պետությունների համար Հարավային Կովկասի պետությունների հետ 10-ամյա սահմանակարգային համագործակցությունը շատ ծանր խնդիր էր։ ՆԱՏՕ-ի այնպիսի ծրագիր, ինչպիսին էր «Գործընկերություն հանուն խաղաղության» նախագիծը, տվյալ երկրների անվտանգության բարձրացմանը նպատակաուղղված նյութական այլ օգնությունը սահմանափակ նշանակություն են ունեցել և նույնիսկ արևմտյան փորձագետների կողմից գնահատվել են որպես «ոչ լուրջ»։ IPAP ծրագրին երեք պետությունների անդամակցումը հանգեցրել է համագործակցության շատ ավելի բարձր մակադակի, բայց, որքան էլ տարօրինակ լինի, միաժամանակ առճակատումը տարածաշրջանում աճել է և նոր խնդիրներ են առաջացել տարածաշրջանի պետությունների և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԵՄ-ի միջև, քանի որ մեծացել է երկու կողմի պատասխանատվությունը ներքին և արտաքին քաղաքականության իրականացման համար։ Պարզվում է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցումը է՛լ ավելի է սահմանափակել տարածաշրջանի պետությունների նպատակներն ու հնարավոր քաղաքական նախաձեռնությունները։ Պարզվում է նաև, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նպատակն է Հարավային Կովկասի պետություններին զրկել արտաքին քաղաքականությունից որպես այդպիսին։
Ընդհանուր առմամբ տարածաշրջանի պետությունները երբեք ՆԱՏՕ-ի մեջ մտնելու պատշաճ խոստումներ չեն ստացել, բայց փորձել են Ատլանտյան դաշինքի հետ իրենց հարաբերություններն օգտագործել քաղաքական-քարոզչական նպատակներով։ Արևմուտքում միշտ են հասկացել, որ անհնար է տարածաշրջանի երեք պետությունները հավասար արագությամբ միավորել ՆԱՏՕ-ին ու եվրոպական կառույցներին, և որոշել են առաջնահերթությունը տալ Վրաստանին, որը, իբր, ավելի քիչ խնդիրներ ունի անդամակցության համար։ Այդ որոշումը չէր կարող շոշափելի արդյունքներ տալ ինչպես Վրաստանին, այնպես էլ ՆԱՏՕ-ին, քանի որ «Արևմուտքին առավել մոտ» այդ հարավկովկասյան երկիրը շատ խիստ է ներքաշված տարածաշրջանային և միջազգային խնդիրների մեջ։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ առավել ևս եվրոպացիները որոշակի մտադրություն չեն ունեցել և չունեն Հարավային Կովկասի երկրները գոնե տեսանելի հեռանկարում միացնելու ՆԱՏՕ-ին որպես այդ կազմակերպության լիիրավ անդամներ։ Այդ հարցում կարևոր խոչընդոտը Եվրոպայի դիրքորոշումն է, որը, ի տարբերություն ԱՄՆ-ի, ձգտում է այդ պետությունների հետ հաստատել «նվազագույն հարաբերություններ», եթե առհասարակ հաստատել պետք է։ Տվյալ պայմաններում ԱՄՆ-ը մտադիր է Հարավային Կովկասում (ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում) քաղաքականություն վարելու ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս։ Կանխազգալով ատլանտյան ընկերակցության պառակտման միտումների զարգացումը, ԱՄՆ-ը վերջին տասը տարում երբեք պատրանքներ չի ունեցել, թե ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն ունակ են լուծելու Հարավային Կովկասի վիճահարույց խնդիրները։ ԱՄՆ-ը երկար ժամանակ ձգտում է վիճարկել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի արժեքականությունը, քանի որ այդ կազմակերպությունները սահմանափակում են համընդհանուր և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ արդյունավետ որոշումների ընդունումը։ ՄԱԿ-ի թուլությունն առանձնապես նկատելի դարձավ Կոսովոյի իրադարձությունների ժամանակ։ Ժամանակն է ամերիկյան արտաքին քաղաքականությունը ազատելու ՆԱՏՕ-ի «խնամակալությունից», ինչն արվեց աֆղանական գործողության և 2003 թ. Իրաքի դեմ ռազմական գործողության նախապատրաստության ժամանակ։ Պատճառն այն է, որ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ՆԱՏՕ-ում ընդունված է կոնսենսուսի կամ վետոյի սկզբունքը, ինչը սահմանափակում է ԱՄՆ-ի հնարավորությունները։ (Հենց այդ է պատճառը, որ ԱՄՆ-ը դիմադրում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցությանը, մինչդեռ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների ընդունումը հանգեցրել է նրան, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ը ձեռք է բերել տնտեսական օգնության կարոտ մի շարք հուսալի «դաշնակիցներ»)։ Ամերիկացիներին դեռևս չի հաջողվում Վրաստանն անցկացնել ՆԱՏՕ, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությունն է՛լ ավելի դժվարլուծելի խնդիր է, բայց միավորման այդ գործընթացները տեղի են ունենում այլ գործընթացներին զուգահեռ։ Խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ին, այլ տարածաշրջանում ԱՄՆ-ի որոշակի ռազմաքաղաքական պլաններին նրանց միավորման մասին է։ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ այդ և այլ տարածաշրջաններում ստեղծվեն «արտահամակարգային» դաշինքներ, քանի որ այդպիսի շատ թե քիչ անվերահսկելի դաշինքներից ցանկացածը կարող է խաղալ ԱՄՆ-ի նպատակների համար անսպասելի դեր։ Այսպիսով, տարածաշրջաններում կարող են գոյություն ունենալ կամ վերահսկվող միջպետական դաշինքներ, կամ էլ այդպիսիք առհասարակ պետք է չլինեն։ Պետությունները չեն կարող ունենալ միանգամայն ինքնուրույն արտաքին քաղաքական նպատակներ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ