Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Է ՄՏԵԼ ԱՌՈՂՋ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՈՎ

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ Է ՄՏԵԼ ԱՌՈՂՋ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՈՎ
18.05.2010 | 00:00

Չնայած իր ունեցած ընդամենը 20 տարեկանին (գերծանրքաշային ծանրամարտիկների համար սա պարզապես երեխայական տարիք է) Ռուբեն Ալեքսանյանն արդեն նկատելի ճանապարհ անցած և միջազգային մրցաշարերում փորձառություն ձեռք բերած մարզիկ է: Ճիշտ է, այդ փորձառությունը գերազանցապես պատանեկան և երիտասարդական առաջնություններում է ձեռք բերվել, և մեծահասակների մրցահարթակում նա դեռ անցնելիք երկար ճանապարհ ունի, սակայն սկիզբը խոստումնալից է ու հուսադրող: Իսկ սկզբի սկիզբը 1997 թվականին էր, երբ հայրը` Գառնիկ Ալեքսանյանը, որը նաև նրա անձնական մարզիչն է, փոքրիկին բերեց Արարատ քաղաքի մարզադահլիճ:
2005-ը պատանյակի համար բեմել եղավ հանրապետական մրցումների մակարդակով: Խոստումնալից մարզիկը դարձավ պատանիների Հայաստանի չեմպիոն: Իր առաջին միջազգային մրցաշարին` Եվրոպայի պատանեկան առաջնությանը, տղան մասնակցեց` ակտիվում ունենալով 2006 թվի Հայաստանի պատանիների ու երիտասարդների չեմպիոնների տիտղոսները, սակայն շվեդական մրցահարթակը բավականին քմահաճ գտնվեց. նվաճածն ընդամենը փոքրիկ արծաթե մեդալ էր` հրում վարժությունում: Երկամարտում որևէ տեղ գրավելու մասին խոսք չէր կարող լինել, որովհետև ձախողել էր պոկում վարժությունը:
2007-ին արդեն անհամեմատ փորձառու էր: ՀՀ պատանիների կրկնակի չեմպիոնը կրկնեց նախորդ տարիների հաջողությունը, սակայն փոքր-ինչ ձախողեց հանրապետական երիտասարդականը, որտեղ բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով: Օրացուցային հաջորդ առաջնությունը Եվրոպայի պատանեկանն էր: Ասել, թե լավ մասնակցեց դրան, կնշանակի գրեթե ոչինչ չասել. Իտալիայում մեր 17-ամյա դյուցազնը պարզապես ռեկորդների հրավառություն կազմակերպեց, ութ անգամ թարմացրեց մայրցամաքի պատանեկան ռեկորդները` ամեն անգամ ստիպելով դահլիճին հոտնկայս ծափահարել իրեն: Նույն տարում նրան էր սպասում նաև Իսպանիան, որտեղ մեկնարկելու էր մայրցամաքի երիտասարդների առաջնությունը: Տպավորված էր Լիոն Ֆոյխթվանգերի «Իսպանական բալլադի՞ց», Իտալիայի պես հարավային այս տաք երկի՞րն էր դուրն եկել, թե՞ արյունն էր թունդ ելած` մի «մենահամերգ» էլ այստեղ ունեցավ` սահմանելով ևս 5 մայրցամաքային պատանեկան ռեկորդ: Ճիշտ է, վերջնահաշվում դարձավ առաջնության արծաթե մրցանակակիր, սակայն սա երիտասարդների միջև անցկացվող առաջնություն էր, և մեր պատանյակն իր տարիքով զգալիորեն զիջում էր մրցակիցներին: Ընդհանուր առմամբ, Ռուբեն Ալեքսանյանը 2007-ին սահմանեց 13 ռեկորդ, ինչն ինքնին գերազանց ցուցանիշ է: Եկեք խոստովանենք, որ երբ հաղթում են, հաճելի բան է, սակայն երբ այդ հաղթանակը ամրագրում են նաև ռեկորդ սահմանելով, կրկնակի ուրախություն է: Սակայն մրցաշրջանն այսքանով չավարտվեց մեր հրաշամանուկի համար: Առջևում «Պեկին 2008»-ն էր, և տղամարդկանց մեծահասակների հավաքականին միավորներ էին պետք` օլիմպիադայում ավելի ներկայացուցչական կազմով մասնակցելու համար: 2007-ի մեծահասակների աշխարհի առաջնությանը մասնակցելով` Ռուբենը հաճելին զուգորդեց օգտակարի հետ` պետք եկավ հավաքականին, միաժամանակ առավ մեծահասակների մրցահարթակի «համը»:
2008-ին նա կրկին դարձավ հանրապետության երիտասարդների չեմպիոն, մասնակցեց մինչև 20 տարեկանների երիտասարդների Եվրոպայի (Ալբանիա) և աշխարհի (Կոլումբիա) առաջնություններին, երկուսից էլ վերադարձավ փոխչեմպիոնի կարգավիճակով:
Հաջորդ տարի Ռուբենն իրենով արեց Եվրոպա մայրցամաքի երիտասարդական երկու ամենահեղինակավոր տիտղոսները` չեմպիոն դարձավ թե՛ մինչև 20 (Շվեդիա), թե՛ մինչև 23 տարեկանների (Լեհաստան) երիտասարդների մեջ: Այս երկու հաղթանակն էլ յուրահատուկ է ոչ միայն մարզական առումով: Բանն այն է, որ տարեսկզբին Եվրոպայի մեծահասակների (Ռումինիա, Բուխարեստ) առաջնությունում մարզիկը վնասվածք ստացավ ու դուրս մնաց պայքարից, և հարցականի տակ էր ոչ միայն նրա վերականգնվելը, շարք վերադառնալը, այլև մրցակցային ոգուց չընկնելը: Բարեբախտաբար ամեն ինչ լավ ընթացք ունեցավ, և նրան հաջողվեց մարզական տարին եզրափակել գերազանց արդյունքով:
2010-ին իր առաջին և առայժմ միակ մեկնարկը (ներկայումս նախապատրաստվում է հունիսին Բուլղարիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում էր, որտեղ անցկացվում էր Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Միջանկյալ նշենք, որ չգրված օրենքով գերծանրքաշայինների մրցակցությունը յուրաքանչյուր առաջնության զարդն է, գուցե այն պատճառով, որ ամենավերջում մրցում են ամենածանր մարզիկները, որոնք տպավորիչ են նաև արտաքին տեսքով։ Իսկ գուցե պատճառն այն է, որ այս քաշային կարգում բարձրացվում են ամենածանր կիլոգրամները և իներցիայի ուժով այս մարզիկնե՞րն են համարվում ամենաուժեղները, թեպետ աշխարհը վաղուց շրջանառության մեջ է դրել ամենաուժեղին որոշելու Սինգլերի բանաձևը (մարզիկի անձնական քաշի և երկամարտում ցույց տրված արդյունքի հարաբերություն): Ինչևէ:
Պոկում վարժությունում հաջողությամբ հաղթահարելով 190, ապա և 195 կգ կշռող ծանրաձողը` Ռուբենն իր ու հավաքականի համար ապահովեց փոքր արծաթ: Իհարկե, եթե հաջողվեր սանձահարել նաև 197 կիլոգրամը, նրա հիմնական մրցակիցը` Եվգենի Չիգիշևը, հաստատ իրեն այդքան թևավորված չէր զգա պոկում վարժությունում. վերջինիս գերխնդիրն էր հնարավորինս պոկվել առաջ, որովհետև անհամեմատ թույլ է (իհարկե, մեր մարզիկի համեմատ) երկրորդ վարժությունից: Առաջ անցնելով ասենք, որ նրան հաջողվեց ապահովել 10, իսկ անձնական թեթև քաշի գործոնն էլ հաշվի առած` 11 կիլոգրամի առավելություն: Եվ, այնուամենայնիվ, հրում վարժությունն էր տալու բոլոր հարցերի պատասխանը: Երկու մոտեցում անելով (230 և 236 կգ)` գերմանացի Շտայներն իր համար ապահովեց երկամարտի մեծ բրոնզը և անցավ սպասողական տակտիկայի: Չիգիշևն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 235-ը` մեր մարզիկի համար սահմանային քաշ նախանշելով առնվազն 246 կիլոգրամը: Ստեղծված իրավիճակում միակ ողջամիտ քայլը 237 կգ կշռող ծանրաձողը սանձելն էր (այդ պահին այն մեր մարզիկի համար ապահովում էր մեծ արծաթը) ու նոր միայն մնացածի մասին մտածելը: Ցավոք, մեծ ոսկի երաշխավորող 246 կիլոգրամն այդպես էլ անհաղթահարելի մնաց Ռուբենի համար, ինչը, սակայն, բնավ չի արժեզրկում երկամարտում շահած նրա մեծ արծաթե մեդալը: Խոշոր հաշվով այդ օրը մեր տղայի համար ոչ այնքան նշանակալի էր նվաճած երեք մեդալով (երկամարտից զատ, արծաթե էր նրա մոտեցումը պոկում և ոսկե` հրում վարժությունում), ոչ էլ սահմանած երիտասարդների եվրոպական ռեկորդով, որքան այն իրողության հաստատմամբ, որ քաշային այս կարգում փոխվում է երաժշտության պատվիրատուն, և վճռական ձայնի իրավունքը կարծես թե անցնում է մեր պատանյակին: Փաստը հաճո՞ է նրա մրցակիցների համար, թե ոչ, այլ խնդիր է, բայց որ մեր հսկան ծանրամարտի կախարդական աշխարհ է մտել միանգամայն առողջ նկրտումներով, անառարկելի է: Տա Աստված, որ նրա ուղին միշտ վերընթաց լինի, կուռը` պինդ ու անկոտրում, և որ ոչինչ չստվերի նրա մեջ եղած անսահման բարությունը: ՈՒրախացնող ևս մեկ բան մեր պատանյակի նկարագրում` սովորելու, իմացածն ավելացնելու ձգտումը, գիտակցված այն ճշմարտությունը, որ այսօր առանց գիտելիքի հեռուն չես գնա:
Առողջ, ուժեղ, ինքնավստահ, իմացության հարգը հասկացող ու գնահատող սերունդ է մեծանում:
Ի՞նչը կարող է ավելի ուրախալի լինել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ