Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Դերը «բարձրացնում» են, իսկ բովանդակությունը նույնն է

Դերը «բարձրացնում» են, իսկ բովանդակությունը նույնն է
21.10.2008 | 00:00

ԲԱՐՔԵՐ
Նոր, կարմիր ուղեգորգն առաջին «սուրհանդակն» էր Հովիկ Աբրահամյանի մուտքով ազդարարված ԱԺ-ի ներքին հարդարման։ Սա՝ կահավորանքի գծով։ Ավելացել էին նաև ԱԺ նախագահի խորհրդականները։ Շահինյանին ու Մնացականյանին հաջորդում էր Լևոն Մարտիրոսյանը, ով, ինչպես պարզվեց, ՀՀ նախագահի Լևոնը չէր։ Իսկ նիստում ամեն ինչ նույնն էր՝ հին մեթոդներով։ ԱԺ մեծամասնությունը կողմ էր քվեարկում միայն իշխանության ներկայացուցիչների նախաձեռնություններին, իսկ ընդդիմադիրների՝ ոչ։ Երեկ խորհրդարանը մի շնչով դեմ քվեարկեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին «որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվության վերաբերյալ միջնորդության մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու» նախագծին։ Չնայած քվեարկության ժամանակ, «Ժառանգության» պատգամավորներից բացի, կողմ և ձեռնպահ քվեարկող պատգամավորների քանակը ևս բավականին շատ էր։ Դե, «խեղճ, ձայնազուրկ» պատգամավորներն ինչպե՞ս դեմ գնային վերևներից իջեցված «հորդորին»։ Ավելին, «սկզբունքային» էին ազգի ընտրյալները, երբ շարունակում էին ուրիշի տեղը քվեարկելու «լավագույն» ավանդույթը։ Մերոնք ուրիշ են, էլի, կողքի պատգամավորի կոճակը սեղմելու համար հոգի էլ կտան. սկզբում «ուրիշի ծառն են ջրում», հետո էլ, ձեռի հետ, իրենցը։ Չէ, անգամ Աբրահամյանի եկեղեցի կառուցելու «փայլուն» մտադրությունը չի ազդել ԱԺ «հոռի բարքերի սիրահարների» վրա։
Վերջապես, ճանապարհելով քվեարկության պարտադրված րոպեները, դահլիճից հեռացավ ԱԺ նախագահը, իսկ նրանից հետո՝ բոլոր «պարտաճանաչ» պատգամավորները։ Դե, ի՞նչ կարիք կար մասնակցելու «Ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի» օրենքի նախագծի քննարկմանը։ Բա իրենց պե՞տք է։ Իսկ արտադահլիճային խոսակցությունների հենքը վերստին ՀՀԿ խմբակցության ղեկավարի թափուր տեղն էր ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթի ղարաբաղյան շեշտադրումները։ Չնայած ՀՀԿ-ն դեռ շարունակում էր «խորհրդավորություն» պահպանել իր ղեկավարի ընտրության շուրջ, բայց երեկ արդեն Էդիկ Շարմազանովը պատգամավորներին հորդորում էր. «Ոչ թե ինձ, այլ Գալուստ Սահակյանին շնորհավորեք»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3375

Մեկնաբանություններ