Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ի ՎԵՐՋՈ, ԻՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՆԵԼՈՒ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»

«Ի ՎԵՐՋՈ, ԻՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՆԵԼՈՒ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ»
25.06.2010 | 00:00

Մեր հյուրն է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
-Պարոն Բաբլոյան, Դուք անչափ հետաքրքիր ամպլուայում եք. գալիս եք «նախորդներից» ու առայսօր «բեմին վրա կքալեք»` խիստ «անվնաս», խիստ պինդ ու նույնիսկ «մաքուր»: Էդ ո՞նց է Ձեզ հաջողվում:
-Ճիշտն ասած` հատուկ որևէ բան չեմ անում: Դա իմ բնական վիճակն է, աշխատանքի ոճը: Ընդ որում, աշխատում եմ որևէ մեկին չհաճոյանալու համար ու կոնկրետ իմ գործին եմ: Նույնիսկ հանգամանքը, որ 90-ականներին դարձա նախարար, որևէ քաղաքական նախաբան չուներ. երկրաշարժի ժամանակ աշխատեցի տուժածների հետ, երկրաշարժից հետո մեկնեցի Եվրոպա, ամբողջ 89-ին սովորեցի Շվեյցարիայում, Բելգիայում, 90-ին վերադարձա, վերցրի, այսպես ասած, «զրոյից» մի շենք, Եվրոպայից բերեցինք սարքավորումներ, ստեղծեցինք առողջապահական նոր կենտրոն: 18 մասնագետ ուղարկեցինք Եվրոպա` սովորելու, 91-ին արդեն աճեցրել էինք բժիշկների այն խումբը, որոնց հետ 91-ին կատարեցինք երեխայի երիկամի առաջին պատվաստումը: Տեսնելով այդ ամենը` եվրոպական, հայաստանյան մասնագետներն առաջարկեցին Տեր-Պետրոսյանին` ինձ նշանակել նախարար:
-Փաստորեն, ՀՀՇ չե՜ք եղել:
-Չէ: Որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
-Հիմա էլ ՀՀԿ չե՜ք:
-Հիմա էլ ՀՀԿ-ի անդամ չեմ. ուղղակի նվիրված եմ հռչակված ծրագրին և համամիտ եմ «Հանրապետականի» մոտեցումներին: Նաև համոզված եմ, որ պարտավոր եմ աշխատել` ուժերի ներածի չափով առողջապահական ոլորտը բարելավելու համար:
-Դե, գոնե կոմունիստ եղե՞լ եք:
-Ժամանակին բոլորն էին կոմունիստ, ինձ թվում է: Ե՛վ կոմսոմոլ: Ե՛վ պիոներ:
-Եվ այնուհանդերձ, պարոն Բաբլոյան, այս քաղաքականացված ժամանակներում, երբ նույնիսկ մանկապարտեզներն են «քաղաքական», Դուք կարողանում եք լինել և «նախկին» (հիշենք, որ պաշտոնավարել եք յոթ տարի), այսօր էլ` հանձնաժողովի նախագահ: Հետաքրքիր է:
-Կարծում եմ` աշխատելիս մարդ չպետք է մտածի` ինչպես անի, որ Ձեր ասածի պես, մնա «նա պլավու»: Ո՛չ: Ինքը պետք է անի այն, ինչ կարող է, ինչի կարիքն ունեն հասարակությունը, պետությունը: Սա է գաղտնիքը: Ես անում եմ այն, ինչ կարողանում եմ լավ անել: Իսկ եթե ժողովուրդը գնահատում է, դա իսկապես լավ է, և եթե այսօր «Հանրապետականը» գնահատում է ինձ, նույնպես լավ է: Սակայն դա չի գալիս կոնկրետ-անձնավորված հարաբերություններից և կամ նրանից, որ ես կարողանում եմ ինձ «դրսևորել», ըստ ամենայնի, գնահատվում ես ընդամենը աշխատանքիդ համար:
-Երկու շատ կոնկրետ հարց երկու շատ կոնկրետ պատասխանի ակնկալիքով: ա) Ո՞նց եք կարողանում էդպես չքաղաքականացված մնալ: բ) Էդ ո՞նց է լինում, որ Ձեզ բոլորը սիրում են: Ձևակերպեմ քաղաքականապես գրագետ` Դուք բոլորի կողմից ընդունված տեսակ եք:
-Տեսեք, որպես առողջապահության կազմակերպիչ ու որպես բժիշկ, ինձ համար բոլորը հավասար են: Կարծում եմ, այս հանգամանքն ունի մեծ նշանակություն, որովհետև նույնիսկ միմյանց, այսպես ասած, չսիրող մարդիկ, որոնք քաղաքական դաշտում միմյանց հետ վեճի մեջ են, կարող են վերցնել հեռախոսը, զանգ տալ ինձ` իրենց երեխաների կամ թոռնիկների համար` կոնսուլտացիայի նպատակով, և բերել հիվանդանոց, որովհետև գիտեն, որ դուռը միշտ բաց է:
-Բա «էնտեղ» էլ իշխանությունները չեն զանգո՞ւմ Ձեզ ու ասում` «ի՜նչ գործ ունեիր Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա թոռնիկի հետ», մանավանդ որ նրա Լևոն անունով թոռնիկը բավականին խարիզմատիկ երեխա է:
-Եթե Դուք կարծում եք, որ իշխանության մեջ որևէ մեկը կարող է զանգել ինձ այդ կարգի հարցադրումներով, ապա խորապես սխալվում եք։ Ի դեպ, ասեմ, որ իշխանության մեջ եղող մարդիկ, ովքեր ինձ նույնպես հարազատ են, երբեք իրենց թույլ չեն տա նման բան անել:
-Չէ, բայց կոնսուլտացիա արել-օգնե՞լ եք Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին:
-Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին, և՛ Հրանտ Բագրատյանի երեխային, և շատ շատերին եմ օգնել-կոնսուլտացիա արել, ու պիտի շարունակեմ օգնել ու կոնսուլտացիա անել: Իսկ եթե ուզում եք կոնկրետ ասեմ, թե Սերժ Սարգսյանը դրան ինչպես է վերաբերվում, ապա իմացեք` անչա՜փ դրական, ու թե այնպես լիներ, որ ես դույզն-ինչ թերանայի այդ հարցում, ինքն ինձ կասեր. «Արա, ես քեզ չեմ հարգում»:
-Իսկ Սերժ Սարգսյանի թոռնիկը շուտ-շո՞ւտ է հիվանդանում:
-Բարեբախտաբար` ոչ:
-Մեկ է` էդպես չի լինում, մարդ պետք է նաև թշնամիներ ունենա, որ հոգեպես աճի, թե չէ... Դուք երբևէ չե՞ք քննադատվում, պարոն Բաբլոյան, թե միշտ էսպես, լուսապսակը ճակատին, քայլում եք առաջ:
-Երկու օր առաջ եմ քննադատվել, անընդհատ եմ քննադատվում:
-Հազի՜վ մի «լավ» բան ասացիք: Ոնց էլ չեն ամաչում, Ձեզ նման մասնագետին քննադատում են. էդ ինչո՞ւ եք քննադատվել:
-Մարդու իրավունքների պաշտպանի հետ մենք լուրջ տարաձայնություններ ունենք մարդու օրգանների դոնորության առումով: Ինքը նույնիսկ այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան
-Դե լավ է` Եվրոպական դատարան չի դիմել:
-Չէր կարող դիմել, որովհետև մեր ընդունած նորմերը, որոնք հիմք են ծառայել օրենքի փոփոխության, Եվրոպական խորհրդի առաջարկով են եղել:
-Բոլոր դեպքերում, պարոն Բաբլոյան, ստացվում է` Դուք մարդու իրավունքներին դեմ եք:
-Դե չէ, ես մարդու իրավունքներն այդ նորմերում պաշտպանել եմ, նախորդ օրենքը փոփոխության էինք ենթարկել, որովհետև օրենքը նորմը հաստատել, սակայն կարգը չէր հաստատել: Աշխարհում ընդունված երկու նորմ կա. դոնոր լինելուն մարդն իրավունք ունի ասելու` «այո» և «ոչ»: Նախորդ օրենքում նշված էր, որ մարդը կենդանության օրոք կարող էր ասել` «այո», սակայն կարգավորված չէր, թե ինչպես պետք է դա ասի:
-Այլ քննադատություններ Ձեր մասին չե՞ն եղել:
-Անընդհատ եղել է, եթե չլիներ, Ձեր ասածն իսկապես ճիշտ կլիներ ու դուրս կգար, որ ես չեմ աճում:
-«Աճ» ապահովող մեկ այլ ուղի էլ կա. սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվելը. երբևէ հայտնվե՞լ եք «այնտեղ,:
-Չգիտեմ` Ձեր տեսանկյունից որն է «սկանդալայինն ու կիզակետը», սակայն ես միշտ վեճի մեջ եմ, որովհետև մշտապես իրականացնում ենք ոլորտի համակարգային փոփոխություններ, ինչն էլ մշտական հակազդեցության և մնացորդային էֆեկտներով է հղի: Հաշվի առեք, ես աշխատել եմ սովետական համակարգից նոր համակարգի անցման համադրույթների վրա: Ընդ որում, այսօր գործող առողջապահական համակարգի նորմատիվների 70 տոկոսն ընդունվել է դեռ այն ժամանակ, երբ, այո, ես նախարար էի: Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ դժվար ժամանակահատված էր դա. օրվա մեջ ունեինք 2 ժամ էլեկտրականություն, չկային ֆինանսական ռեսուրսներ, առողջապահության բյուջեն 25 միլիոնից էլ պակաս էր, պատերազմի մեջ էինք, ունեինք այնքա՜ն վիրավորներ ու պետք է կարողանայինք բացառել նաև էպիդեմիաները, այդքանի հետ էլ իրականացնել բարեփոխումներ ու ապահովել անցումը հին համակարգից նորին:
-Հետո էլ ասում են` Դավիթ Հարությունյանն է «վունդերկինդ»։ Ա՛յ, օրինակ` վերջերս ես Ձեզ տեսա «Արաբկիր» բժշկական կենտրոնում, ուր Դուք նաև զբաղվում եք «պրակտիկայով». ահա պատուհանից նայում ես, արագ-արագ բակով անցնում է Արա Բաբլոյանը, նա մտավ բաժանմունք, հետո նայում ես պատուհանից, էլի Արա Բաբլոյանն է, էլի արագ-արագ գնում է, հետո` էլի... գալիս է-գնում է, գալիս է-գնում է. մի հսկա հիվանդանոց` հսկա ու ժամանակակից ֆունկցիաներով, ինչից, եթե շատ անկեղծ, շատ մեծ զարմանք ապրեցի, հետո էլ եկա ԱԺ, առավոտյան` Դուք այստեղ եք` հանձնաժողովականի Ձեր սենյակում նստած. բայց էնտեղ հիվանդանոցի պատուհանից` էլի Բաբլոյանը գնում է-գալիս. Դուք, ինչ է, «անորսալի Ջո՞ն» եք:
-ՈՒղղակի արագ-արագ թվեմ, թե ինչով եմ ես զբաղված: Հասկանում եմ` ինչ եք ակնարկում. ի դեպ, ես «Արաբկիր» կենտրոնի գիտական ղեկավարն եմ, և նույնիսկ այսօր առավոտյան` 9-ից մինչև 9 անց 45 րոպե, վիրահատական միջամտություն եմ իրականացրել հիվանդանոցում: Հա, հիմա էլ ժամը 10-ն է, ես, այո, ԱԺ-ում եմ: Շաբաթվա մեջ մեկ օր` դա չորեքշաբթին է, ես հիվանդանոցում վիրահատություն եմ իրականացնում. ամենաբարդ վիրահատությունները ես եմ անում: Մնացած օրերին` կոնսուլտացիաների համար, երեկոյան եմ լինում այնտեղ: Իսկ «գնում եմ-գալիս եմ», որովհետև գործս է այդպիսին. պետք է այցելեմ հիվանդ երեխաներին, տեսնեմ նրանց, բուժման դինամիկան արձանագրեմ: Այնուհետև` ձեր խոնարհ ծառան բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ է: Համաշխարհային առողջապահության կազմակերպության բարձրագույն մարմնի կառավարման խորհրդի անդամ եմ. 34 անդամներ են` 193 երկրներից. ընտրվել եմ անցյալ տարի, որպես Հայաստանի ներկայացուցիչ: Այսքանը:
-Բայց պետք է ֆիզիկապես «հերիքել», չէ՞, այդ ամենի համար: Հենց միայն ԱԺ-ն ու այս հանձնաժողովը` իր աուրայով, իր ծանրաբեռնվածությամբ հերիք են, որ մարդ` էսպես, քամվի ու դառնա «չընդունակ» բոլոր մնացած «ակցիաներին»: Ո՞նց եք հաջողացնում «չքամվել»:
-Աշխատելով: Բոլոր կարգի վատ բաներն առաջանում են պարապությունից` թե՛ բամբասանքները, թե՛ կոնֆլիկտները...
-Իսկ հետևո՞ւմ եք քաղաքական կոնֆլիկտներին, բամբասանքներին, կուլտուրական ասած` անցուդարձին:
-Ինչքան կարողանում եմ:
-«Ինչքա՞ն» եք կարողանում:
-Լիարժեք չեմ կարողանում: Մաքսիմալ ձգտում եմ: Ղարաբաղյան (ոչ Շարժման) գործընթացի «պատրիոտն» եմ, և 91-ից մինչ հիմա անընդհատ աշխատում եմ Ղարաբաղի հետ:
-Հա, ի դեպ, վերջերս Դուք կարծես նաև մեդալ ստացաք Ղարաբաղի նախագահից:
-Այո, և շատ շոյված ու գնահատված եմ: Տարեկան առնվազն երեք անգամ լինում եմ Ղարաբաղում: Որպես կանոն, հայաստանյան մանկական բժիշկներով իրականացնում ենք մեկ շաբաթյա գործունեություն: Իմ նպատակն է, որ հիվանդները չգան-հասնեն Հայաստան, և վստահ լինեն, որ Ղարաբաղում կան բոլոր պայմանները, որ իրենք այնտեղ ապրեն և բուժվեն: Ղարաբաղին վերաբերող փոքրիկ երազանքս է` բնակչության համար ստեղծել բոլոր պայմանները, որ բնակչությունն ավելանա, ու մանուկներ շատ ծնվեն:
-Որ անկեղծ ասեմ, այսքան «աջ-ձախ» (հարցազրույցից բավականին բան, ցավալիորեն, դուրս մնաց- հեղ.) հարցեր էի տալիս, որ «ջարդեմ» Ձեր ներսը, տեսնեմ` ինչ կա այնտեղ, որն այդպես կենսունակ է պահում Ձեզ, ու ընդամենը նոր հասկացա` Դուք մանուկների բժիշկ եք, ու երեխաների առողջացման ընթացքից Ձեզ են անցել նրանց աուրան, մանկականությունն ու կենսականությունը: Չէ, բայց մեկ է, պետք է Ձեզ մի քիչ քաղաքականացնել: Այսպիսով, Դուք Ղարաբաղ-Երևան-Բաքու-Մոսկվա «տրանզիտում» էիք, բժիշկ մարդ. ինչո՞ւ էին Ձեզ գործից կտրել-տարել-հասցրել Մոսկվա:
-Միջոցառմանը ես միացա վերջին փուլում` մոսկովյան հանդիպմանը, երբ 5 պատգամավորներ Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, հանդիպեցին, ու երբ ադրբեջանցիք սկսեցին իրենց զրույցը` շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին, որ վերջինս միջնորդ հանդիսացավ նման հանդիպման համար: Դա այդպես է: Սակայն, մյուս կողմից էլ, ես իմ խոսքում ասացի, որ Ադրբեջանն ու մենք, որպես երկու պետություն, պետք է կարողանանք խնդիրները կարգավորել միմյանց հետ, որպեսզի մեր ժողովուրդները շփվեն ոչ միայն նման առիթներով, այլև ժամ առաջ հասնենք նրան, որ բարելավվեն մեր հարաբերությունները, և թշնամու կերպարը դադարի սերմանվել երկու ժողովուրդների մենթալիտետում, որպես գերիշխող «ռեզոն»: Եթե այդպես չլինի, ապա մեր երեխաների, մեր թոռների համար շատ դժվար կլինի ապագայում կարգավորել հարաբերությունների այդ թնջուկը, որովհետև հոգեբանական չհաղթահարվածությունն իր գործը կանի, և երբեք հնարավոր չի լինի նորմալ, ինչու` ոչ, բարեկամական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Երբ ես ասում եմ` բարեկամական հարաբերություններ, նկատի ունեմ, որ երկու ժողովուրդների մեջ էլ մի մեծ հատված կա, որը հակված է ոչ թշնամական հարաբերությունների հաստատման: Հայերի մեջ էլ կա, ադրբեջանցիների մեջ էլ. այդ հատվածը ելնում, այս կամ այն ամբիոնից պաշտպանում է հայերի իրավունքները: Ես իրենց պարզ ասացի, որ հիմա դուք Ադրբեջանում կգտնեք շատ-շատ մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ` կոնկրետ Արա Բաբլոյանին, ու նրանք երբեք չեն հրաժարվի, որ ես, որպես բժիշկ, անչափ լավ եմ վերաբերվել իրենց:
-Արա Բաբլոյանը որչա՞փ լավ է վերաբերվել իրենց:
-Ես պատմեցի մի դեպք։ Երբ Մասիսի ադրբեջանցիներն արդեն արագ ու խուճապահար մեկնում էին Հայաստանից, Ծերեթելիի մանկական հիվանդանոցում մենք ունեինք երեխա, որի կույր աղիքը պայթել էր, ծնողները ցանկանում էին նրան անպայման և այդ վիճակում տանել իրենց հետ, ես թույլ չտվեցի. մենք ծնողներին պահեցինք հիվանդանոցում, նրանք 20 օր մնացին, երեխային վիրահատեցինք, ապաքինվեց, «ՈՒԱԶ» մեքենայով իրենց բեռները վերցրինք ու երեխայի հետ մինչև Երասխ հասցրինք:
ՈՒ ես վստահ եմ, որ այս կոնֆլիկտը, ի վերջո, կարգավորվելու է` հիմքում ունենալով այս ռեզոնանսը։ Ի վերջո, իմ երկրի նախագահը հասնելու է հաջողության, չէ՞ որ նա (երկու մյուս նախագահների հետ) ստորագրել է մի փաստաթուղթ, որն ամրագրում է` բոլոր գործընթացները պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեն:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ