Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Բաքվի շախմատ, Մոսկվայի «կոմպրոմատ», Երևանի սին հավատ

Բաքվի շախմատ, Մոսկվայի «կոմպրոմատ», Երևանի սին հավատ
10.10.2024 | 17:29

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ՍԴ-ի կողմից իրավաչափ ճանաչվելուց հետո (ՍԴ-ի դատավորները ֆանտաստիկ արագությամբ քննեցին նախագիծը և 3 օրում ներկայացրին որոշում, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը), Կառավարությունն այն ուղարկել է ԱԺ՝ վավերացման:

Մինչ Հայաստանն իր բոլոր պետական ինստանցիաներով հապշտապ վավերացնում է այն, պարզվում է՝ Ադրբեջանն այս հարցի հետ կապված առ այսօր ոչ մի բան չի ձեռնարկել:

Բաքուն նույնիսկ չի հրապարակել Կանոնակարգի տեքստը, ուր մնաց հայտնի դառնա, թե Միլի մեջլիսը ե՞րբ այն կքննարկի։

Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն երեկ հայտարարեց, թե «Ալմա-Աթայի հռչակագիրը» կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում:

Ինչ խոսք՝ սպասելի ծաղր էր:

Բաքվի նման վարքագծի, լկտի պահվածքի ու հավանական խոսույթի մասին բազմիցս եմ բարձրաձայնել:

Ասել եմ, որ սարերի հետևում չէր այն օրը, երբ Բաքուն կա՛մ հրաժարվելու կա՛մ արժեզրկելու է «Ալմա Աթայի» հռչակագիրը:

Մանավանդ, որ սահմանազատման Կանոնակարգում քարտեզ կցված չէ:

Բաքուն բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր:

ՈՒ ճիշտ է ասում:

Թե՛ ես և թե՛ բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ բազմիցս ասել ենք այդ մասին:

Նաև զգուշացրել ենք, որ Ալիևին պետք էր այդժամ մանևրել՝ ասելով, որ այո՛, մենք պատրաստ ենք Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվելու, բայց նրանք միևնույն ժամանակ երբեք չեն ֆիքսել, հղում չեն տվել որևէ քարտեզի:

Այդ տրամաբանությամբ ու ճնշումների արդյունքում էլ տավուշյան գյուղերը հաձնվեցին՝ ըստ 75 թվականի քարտեզի:

Նրանց պետք էր միակողմանի զիջմամբ Հայաստանից պոկել տավուշյան տարածքները, որը նրանց հաջողվեց:

Դրանից հետո, նրանք թքած ունեն «Ալմա-Աթայի հռչակագիր» կոչվածի վրա:

Դրա համար էլ նույն այդ Կանոնակարգի համաձայն՝ մնացյալ սահմանի ողջ երկայնքով չեն շարունակում սահմանազատման գործողությունները:

Առավել ևս, որ բոլոր հատվածներում, ցանկացած քարտեզով նրանք տարածքներ էին զիջելու Հայաստանին:

Սա նաև ցուցիչ է, որը Բաքուն չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից:

Իսկ սահմանների ճանաչումն արդեն իսկ խնդիր կառաջացնի ապագա նվաճողական պլանների համար:

Ինչևէ, Փաշինյանն ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը (առանց հստակեցված քարտեզի), դրոշակ սարքած, այն ներկայացնում էր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում, անգամ հաղթանակ, որը երաշխավորելու էր Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, որ դրանով Ադրբեջանը ճանաչում է ՀՀ սուվերենությունը 29,743 քկմ-ի նկատմամբ, իսկ Ալիևը կրկին հաստատեց, որ վերջինս ապրում ու սեփական ժողովրդին ապրեցնում է անիմաստ հույսով ու հավատով:

Նույնն էլ՝ «Խաղաղության պայմանագրի» մասով, որի կնքման ժամկետների մասին ի պատասխան լրագրողի հարցին, հնչում է՝ «Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս», երբ Ալիևն այդ նույն հարցին պատասխանում է՝ «Երբ ամեն ինչ համաձայնեցնենք»։

Ի դեպ, Մոսկվան ևս անկաշկանդ ցույց է տալիս իր ծաղրը, նկրտումներն ու սպասելիքները:

Օվերչուկն այսօր պետք է ասի՝ «Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ», հղում տալով՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին և որ Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից:

Պեսկովն արդեն իսկ գործածում է՝ «Զանգեզուրի միջանցք» ալիևյան եզրույթը:

Այս տեմպերով առաջիկայում էլ կշրջանառվի ու կգործածվի նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը:

Դե, իսկ Մոսկվայում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025 թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Դժվար չէ կռահել, որ այսօրինակ որոշումները քաղաքական են, և որ այն ունի իր նպատակն ու գինը:

Դժվար չէ կռահել, որ այս հարցում Մոսկվան ունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ նաև Իրանի հետ:

Համենայն դեպս, ռուսական սահմանապահ կոնտինգենտի դուրսբերումը հայ-իրանական հսկիչ-անցագրային կետից կողջունվի Հավաքական Արևմուտքի կողմից:

Դա և հնարավորինս արագ ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը հայ-իրանական սահմանից Վաշինգտոնի ցանկությունն է, որը բխում է նրա քաղաքականությունից ու «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:

Դժվար չէ նաև կռահել, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «աննախադեպ ձեռքբերման և ինքնիշխանության հերթական հաղթանակի» առիթով:

Որ այս առիթը փաթեթավորելու է, որպես «ինքնիշխանության նվաճում» ու շնորհավորանքներով մատուցվելու է հասարակությանը:

Սակայն չի ասելու, թե դրա դիմաց ի՞նչ քաղաքական գին է վճարելու Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Թե ի՞նչ է դրված բանակցային սեղանին:

Թե ի՞նչ է դրվել հայկական կողմի առջև, մանավանդ, որ Պեսկովն արդեն իսկ բաց տեքստով ասում է, որ քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը:

Սրանք հարցեր են, որոնց անկեղծ պատասխանները չեն հնչելու:

Այնպես, ինչպես առ այսօր չեն հնչեցվում՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածի 17 դրույթները, որոնց համաձայնությունը հայկական կողմն արդեն իսկ տվել է:

Այս մարդիկ նաև կեղծ հակառուսականություն դեմոնստրացնելով ու նմանատիպ իբր «հաղթանակներ գրանացելով» ու ռուսական ուղեծրից դուրս գալու տպավորություն ստեղծելով՝ չեն ասի, որ ՌԴ խորքային գերտերություն լինելով իր քաղաքականությունը կառուցում է ելնելով մեծ տերության պրիզմայից ու ռազմաքաղաքական հաստատուն դոկտրինից:

Որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ նա նահանջել է Հայաստանից կամ Կովկասից և հետո արագորեն վերադարձել:

ՈՒղղակի այդ նահանջ-վերադարձների արանքում տարածաշրջանային վակումը միշտ լցվել է թուրքական գործոնով ու հայության համար աղետալի հետևանքներով:

ՈՒղղակի պատմության դասերը հանկարծ կրկին մեզ չհուշեն, որ արհավիրքի ժամանակ կամ հետո ռուսները կրկին կգան փրկելու մեզ ու Հայաստանը:

Ընդ որում՝ այս անգամ ավելի հիմնավոր ու երկար ռազմական ներկայություն այստեղ հաստատելով:

Այնպես որ, շոուն շարունակվում է:

Համոզիչ է ՀՀ իշխանությունների իբր թե ռուսներին տարածաշրջանից հանելու պրիմիտիվ տեսարանները:

Չի բացառվում, որ «Հաղթանակ-շոուն» շարունակվի նաև ԱԺ-ում:

Մոսկվայում ծպտուն չհանողները, Երևանում բլբուլ կտրողներ են:

Էլի կգան ու իրենց հպատակ ընդդիմության առաջ կկանգնեն ԱԺ ամբիոնում ու կսկսեն հոխորտալ։

Իսկ թե արդյո՞ք Փաշինյանն ամբիոնից վերստին կկրկնի ու համատարիմ կմնա 2021 թվականի իր՝ «Ձեռքերս կկտրեմ, բայց Մեղրիով միջանցք չեմ տա, ժողովուրդ ջան» ասածին՝ ժամանակը ցույց կտա:

Համենայն դեպս, մենք ներող, հանդուրժող ժողովուրդ ենք, համ էլ պայմանավորվել ենք՝ որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի:

Այնպես որ մի օր էլ «Զանգեզուրի միջանցքում» հեծանիվ քշելուց տեսնելիս, եկեք պայմանվորվենք, որ չենք զարմանա:

Աշխարհ տեսած, մայրաքաղաքներում «հեծանվավրկզի» տված սպորտսմեն վարչապետի համար փակ սահմաններ չկան:

«Խաղաղության խաչմերուկը» վկա…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ