Մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է ազդեցիկ ու հարուստ մի թուրքի աղջկա: Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, առաջարկում է 30-ամյա բժշկին ամուսնանալ իր աղջկա հետ և ընդունել մահմեդականություն՝ այդ կերպ խուսափելով անխուսափելի մահից: Սակայն երիտասարդ գրողն ու բժիշկը չի համաձայնում՝ ասելով. «Հավատափոխությունը ազգադավություն է»:
Այդ բժիշկը Ռուբեն Սևակն էր:
Արևմտահայ նշանավոր գրող, բժիշկ Ռուբեն Սևակը, Լոզանի համալսարանում սովորելու տարիներին, ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Յաննի Ապելի հետ: Եվ չնայած օրիորդի ծնողները դեմ էին նրանց ամունությանը, բայց չկարողացան բաժանել սիրող ու ներդաշնակ զույգին:
Ռուբենն ու Յաննին ամուսնանում են Փարիզում: Շուտով ծնվում է նրանց առաջնեկը՝ Լևոնը, իսկ երկու տարի անց՝ դուստրը՝ Շամիրամը: Յաննին հետաքրքրվում էր հայկական մշակույթով, ամուսնուց հայերեն դասեր էր առնում, իսկ Ռուբենն իր հերթին ուղղակի պաշտում էր գեղեցկուհի կնոջը: 1914 թ., հակառակ կնոջ աղաչանքներին, Ռուբեն Սևակը վերադառնում է Հայրենիք՝ չնայած որ ահագնացող լուրեր էին հասնում այնտեղից: Ինչպես և շատ մտավորականներ, նա ևս պատրաստակամ էր իր Հայրենիքի փրկության գործում:
Հաջորդ տարի Սևակին Օսմանյան կայսրության բանակի բժիշկ են զորակոչում: Իսկ մի քանի ամիս անց նրան աքսորում են Չանղըրա, որտեղ և տեղի է ունենում հայտնի հարուստ մահմեդականի առաջարկությունը:
1915 թ. հունիսի 17-ին Չանղըրայից նա գրում է Յաննիին.
«Շատ հանգիստ եմ: Մի մտահոգվեք ինձի համար: Շուտով արդարությունը կվերականգնվի, և մենք միասին կըլլանք»:
Սևակի կինն իր հերթին ամեն ինչ անում է, որ ազատի ամուսնուն բանտից: Նա խնդրում է օտարերկյա ընկերների օգնությունը, դիմում է բազմաթիվ բարձր ատյաններ՝ ամուսնուն փրկելու համար, բայց ամենն ապարդյուն է լինում:
1915 թ. օգոստոսի 26-ի հինգշաբթի առավոտյան 5 հոգի կառքով ուղարկվում են դեպի մեկ այլ աքսորավայր՝ Այաշ: Կառքում ուղևորներից 3-ը հայտնի բանաստեղծներ են՝ Դանիել Վարուժան, Սիամանթո և Ռուբեն Սևակ:
Ասում են, որ թուրքերը սպանել են երիտասարդ Սևակին ամենավերջում: Նա տեսել է, թե ինչպես են մահանում իր աչքի առաջ հոգեկից ու գրչակից ընկերները:
Ասում են նաև, որ ամուսնու մահից հետո կինն արգելել է երեխաներին գերմաներեն խոսել և պահանջել է հետևել հայկական ավանդույթներին ու ծեսերին:
1915 թվի օգոստոսի 25-ը 30-ամյա Ռուբեն Սևակի երկրային կյանքի վերջին օրն էր:
Հ.Գ. Սևակի դուստր Շամիրամը կյանքից հեռացավ 2016 թ. 102 տարեկանում՝ Նիցում: Երբ նրան հարցնում էին՝ ո՞րն է իր երկարակեցության գաղտնիքը, պատասխանում էր.
-Ճակատիս հզոր մեռոն կա, կնքահայրս Կոմիտասն էր:
Թեհմին Գրիգորյանի (Tehmin Grigoryan) ֆեյսբուքյան էջից