Այս տարի Ամանորը դիմավորելու ենք առանց տոնածառի, առանց տոնական լույսերի ու զարդարանքների։ Իրար տուն գնալ-գալու-շնորհավորելու ավանդույթը օրակարգից դուրս կգա։ Տոնական երգ ու երաժշտությունը կբացառվի, համենայն դեպս, հանրային վայրերում։ Հայաստանի փոքրիկ քաղաքացիներին, սակայն, դժվար կլինի բացատրել՝ ինչու՞ այցի չեն գալիս Ձմեռ պապն ու Ձյունանուշը, կարիք էլ չկա նրանց զրկելու Ամանորյա հեքիաթից։ Հանգստյան օրեր նույնպես լինելու են, ու շատերը նախընտրում են անցկացնել այն տնից դուրս՝ միանալով զբոսաշրջային ընկերությունների առաջարկած ամանորյա տուր-փաթեթներին։
«Best Friends Tour» զբոսաշրջային ընկերության հիմնադիր-տնօրեն ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այլընտրանքային փաթեթ են առաջարկում։ Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում. Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Սուրբ Յոթ Վերք) կմասնակցեն պատարագի, այնուհետև Նռօրհնեքի կարգին։ «Կազմակերպելու ենք նաև քաղաքային էքսկուրսիա, թանգարանները մեր խնդրանքով այդ օրերին կբացեն իրենց դռները, կլինի պոեզիայի, դասական երաժշտության երեկո, կինոդիտում, կայցելենք Գյումրու մերձակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցիներ»։ Մեր զրուցակիցը նշեց, որ երեխաների համար Ձմեռ պապ ու Ձյունանիշ միանաշանակ լինելու են, հյուրանոցն ունի խաղասենյակ, որտեղ կազմակերպվելու է մանկական միջոցառում։
«Best Friends Tour»-ը իր տասնամյա գործունեության մեջ առաջին անգամ է նոր տարին անցկացնում Հայաստանում։ Ընկերության տնօրենն ասում է` գները բարձր են դրսի համեմատ։ Այս տարի, սակայն, պատերազմն ու մեր կրած կորուստները թելադրեցին այս ձևաչափը. Ամանորը պետք է սկսեն աղոթքով։
«Մեր քաղաքացիներին գրավու՞մ է հանգստի այս կերպը» հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց, որ հետաքրքրությունը մեծ է, բայց շատերն էլ կամուկացի մեջ են. «Չգիտեն՝ վաղն իրենց հետ ինչ կարող է լինել։ Մենք հասկանում ենք ու սպասում։ Ինչքան օրերը մոտենան, այնքան պահանջարկը կմեծանա»։
Տարին զբոսաշրջության համար նպաստավոր չէր, ամանորյա փաթեթները կարո՞ղ են օգնություն լինել զբոսաշրջային ընկերությունների համար. այս հարցին մեր զրուցակիցը պատասխանում է. «Դա փորձություն էր, որ պետք է հաղթահարել, համենայն դեպս, փաթեթը, որ մենք առաջարկում ենք բյուջետային է, այսինքն, շահույթը քիչ է, բայց հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին մատչելի գներով իրենց հանգիստը կազմակերպելու։ Միակ լավ բանը այս տարի այն էր, որ սկսեցինք ճանաչել մեր երկիրը, զարգացավ ներքին տուրիզմը»։
Եկող տարվա համար Դավիթ Բաբայանը կանխատեսում է՝ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը քիչ չի լինի, Արցախում մի փոքր կպակասի. «Հայաստանն ունի հարուստ մշակույթ ու աշխարհին շատ բան կարող է ցույց տալ. տա Աստված, ամեն ինչ լավ լինի, կարողանանք ազատ ելումուտ ունենալ նաև Արցախ»։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ