ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ճգնաժամից չի կարելի դուրս գալ առանց լավատեսության ու հավատի

Ճգնաժամից չի կարելի դուրս գալ առանց լավատեսության ու հավատի
30.06.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐԸ
Վերը նշված գործոններն ուղղակիորեն առնչվում են այնպիսի կարևոր հիմնահարցի, ինչպիսին հիվանդության համար ճիշտ բուժման ընտրությունն է: Իսկ առանց վստահության, ինչպես հայտնի է, քիչ արդյունք կարող է ապահովել այլոց համար անգամ ամենաարդյունավետ համարվող դեղամիջոցը:
Բժշկության մեջ լայն տարածում ունի հոգեբանական գործոնը, և շատ դեպքերում բժշկի հանդեպ վստահությունն ու բժշկի կողմից հոգեբանական ներգործությունը կարող են ավելին տալ հիվանդին, քան ամենաարդիական դեղամիջոցները: Նույնը` տնտեսության ներսում: Մեր համոզմամբ, ճգնաժամից չի կարելի դուրս գալ առանց լավատեսության ու հավատի, ինչպես նաև սեփական երկրի իշխանությունների հանդեպ տածած վստահության: Այլապես այլ երկրներից ներմուծած դեղամիջոցները (տվյալ դեպքում` տնտեսության զարգացման տարբեր մոդելները) չեն կարող տալ ակնկալվող արդյունքը: Հատկապես, երբ դրանց մի մասն ուղղակի ժամկետանց է, իսկ մյուս մասը պարունակում է կողմնակի էֆեկտներ (side effects), այսինքն` բուժելով հիվանդության մի տեսակ, կարող են առաջացնել միանգամից մի քանի այլ հիվանդություններ և բացասաբար անդրադառնալ օրգանիզմի տարբեր մասերի (մեր դեպքում` տնտեսության տարբեր ճյուղերի) վրա:
Մեր համոզմամբ, բոլորովին հիմնավոր չէ տարբեր հիվանդների համեմատությունը, ասել է թե` ներկայիս ճգնաժամի համեմատությունը 1929-1933 թթ. համաշխարհային տնտեսությանը համակած Մեծ դեպրեսիայի հետ, առավել ևս այս երկու հիվանդությունների բուժման նմանությունների կամ զուգահեռների ներկայացումը: Նախ այն պատճառով, որ տարբեր են ճգնաժամի առաջացման գործոնները: Եթե ներկայումս ամեն ինչ սկսվեց հիպոթեքային և ընդհանուր առմամբ ֆինանսական շուկայից, ապա 1929-1933 թթ. դեպրեսիայի պատճառները հիմնականում տնտեսական էին (արդյունաբերական ապրանքների գերարտադրություն, պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցում, ֆերմերային տնտեսությունների կազմալուծում և այլն): Երկրորդ, քսաներորդ դարի առաջին կեսին համաշխարհային տնտեսության ներսում չկար և չէր կարող լինել ազգային տնտեսությունների միջև փոխկապակցվածության այնպիսի մակարդակ, ինչպես քսանմեկերորդ դարի սկզբին, ուստի և տնտեսական ճգնաժամն այդքան սրընթաց չէր կարող տարածվել բոլոր երկրներով և ունենալ նույն խորությունը: Չպետք է մոռանալ, որ կային երկրներ, որոնք առանձնապես մեծ վնասներ չեն կրել 1929-1933 թթ. դեպրեսիայի հետևանքով, ինչը չի կարելի ասել ներկայիս ճգնաժամի մասին: Երրորդ, 1929-1933 թթ. դեպրեսիայի ժամանակ համաշխարհային հիմնական արժույթը ոսկին էր, մասամբ` բրիտանական ֆունտը, իսկ այսօր ոսկին դուրս է մղված միջազգային հաշվարկումներից, այդ դերում հիմնականում ԱՄՆ դոլարն է, մասամբ էլ` ԵՄ միասնական արժույթը: Չորրորդ, 1929-1933 թթ. դեպրեսիայի տարիներին բոլոր երկրներում գործում էին ֆիքսված փոխարժեքները, իսկ այսօր գերազանցապես կիրառում են լողացող փոխարժեքներ: Հինգերորդ, 1929-1933 թթ. դեպրեսիայի տարիներին աշխարհը քաղաքական առումով երկբևեռ էր, ուստի կային որոշակի հակակշիռներ, իսկ ներկայումս ճգնաժամը զարգանում է միաբևեռ աշխարհում, և իրական հակակշիռներ դեռևս ձևավորված չեն: Հինգերորդ, զարգացման առումով առաջատար երկրներին բնորոշում էր անցումը ագրարային ուղղվածությունից դեպի ագրարային - ինդուստրիալ և ինդուստրիալ ուղղվածություն, իսկ այսօր զարգացած երկրները հիմնականում բնութագրվում են որպես հետ-ինդուստրիալ և ծառայությունների ուղղվածության սպառողական հասարակություններ: Տարբերությունների շարքը կարելի է շարունակել` հիմնավորելու այն իրողությունը, որ եթե տարբերություններ կան հիվանդությունների ախտանշաններում, ապա դրանց բուժումը ևս չի կարող նույնը լինել: Կարևոր է նշել նաև, որ համաշխարհային և ազգային տնտեսությունների առողջացման գործում ակնկալիքները հիմնական դերակատարներից ևս չեն կարող նույնը լինել, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, որոնք ստեղծվեցին հայտնի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի առաջարկած մոդելներով, այլևս ի վիճակի չեն կատարելու նույն գործառույթները, ինչի համար իրականում կյանքի էին կոչվել: Բացի վերը նշված պատճառներից և բացի այն իրողությունից, որ դրանք վերջին տասնամյակներին հիմնականում սպասարկել են զարգացած երկրների շահերը: Չկա, օրինակ, մի հետխորհրդային երկիր, որտեղ դրանց մոդելները հաջողություն բերեն ազգային տնտեսություններին կամ հենց հիշյալ կառույցներին: Այլ խոսքով ասած, այս երկու ֆինանսատնտեսական հիվանդանոցները հիմնականում սպասարկել են էլիտար հիվանդների, որը տեսադաշտից դուրս է թողել աղքատներին, որոնց պատած հիվանդություններն էլ, չբուժվելով, հետագայում կրել են համատարած բնույթ, վերածվել համաճարակների և ստիպել միջազգային այս կլինիկաներին` փոխել բուժսպասարկման ներկա ռազմավարությունը: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ վերջին տարիներին այս երկու միջազգային կառույցներն իրենց իսկ գործունեության անհաջողությունների շրջանից փորձում են դուրս գալ համատեղ` պարբերաբար գումարելով միացյալ համաժողովներ` ընդհանուր մտահոգությունների օրակարգերով: Ի հայտ են եկել տարածաշրջանային և միջազգային նոր դերակատարներ, որոնց հետ հին կառույցները ստիպված կլինեն հաշվի նստել:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 4895

Մեկնաբանություններ