Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՍԱԴՀՈՒ ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀ. Կյանքն ու վկայությունները

ՍԱԴՀՈՒ ՍՈՒՆԴԱՐ ՍԻՆԳՀ. Կյանքն ու վկայությունները
15.03.2016 | 11:43

ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԾՈՄ


1912-ի հոկտեմբերին Սադհուն Միսիոներական միության ղեկավարությունից մի հրավեր ստացավ, որով նրանք խնդրում էին ավետարանչություն կազմակերպել Փենջաբի, հատկապես Գանատայի սինգհերի շրջանում։ Իր ազգատոհմին և իր հայրենի շրջաններում քարոզելու երազանքը վաղուց Սունդարին հանգիստ չէր տալիս, բայց նա աստվածային կոչի էր սպասում։ Այդ հրավեր-առաջարկը տակնուվրա արեց նրա սիրտը։ Ազգակիցների հանդեպ անսահման սերը փոթորկեց նրան։ Նա պատկերացնում էր իրեն հարազատ միջավայրում քարոզելիս և չէր կարողանում թաքցնել հուզմունքը։ Բայց ներքին մղումները չէին կարող ծածկել Աստծուց պատասխան ստանալու կարևորությունը։ Նա առաքելությանը գրեց, որ Աստծուց հստակ կոչ ստանալու դեպքում միայն կպատասխանի նրանց և կարձագանքի առաջարկին։
Սադհուն, որ ծոմերի և ծոմի մասին խոսելիս միշտ հիշում էր Մովսեսի, Եղիայի և հատկապես Քրիստոսի քառասնօրյա ծոմերը, երազում էր, որ ինքն էլ Քրիստոսի պես ծոմ պահի` մինչ իր ժողովրդի մոտ իջնելը։ Նա զգում էր, որ հոգևոր նոր ոլորտ մտնելու համար նոր, թարմ և գերբնական զորության կարիք ունի։ Այսպիսով` նա քառասնօրյա ծոմ պահելու հաստատ որոշում ընդունեց և բնության մեջ առանձնանալու համար իրեն քաջածանոթ մի վայր ընտրեց։ Մի առավոտ նա ուղևորվեց Հարդարից դեպի Դեհրատ տանող խիտ անտառը` քառասուն օր Տիրոջ հետ առանձնանալու և Սուրբ Հոգու զորությունն ու օծությունը ստանալու համար։ Ճանապարհին նա հանդիպեց ֆրանչեսկյան առաքելության մի բժշկի` դոկտոր Սվիֆթին, ով նույնպես դեպի Դեհրատ գյուղաքաղաքն էր գնում։
Երկու քրիստոնյաներ զրույցի բռնվեցին։ Սադհուն ինքնաբերաբար ծոմի թեմային էր անդրադառնում։ Բացի աստվածաշնչյան ծոմերից, նրանք հիշեցին նաև Ֆրանցիսկ Ասիզացուն, ով նույնպես քառասնօրյա ծոմ էր պահել և Տիրոջից գերբնական զորություն ու հայտնություններ ստացել։ Բժիշկը, իհարկե, հայտնեց, որ մարդն առանց կերակրի կարող է բավականաչափ երկար ժամանակ դիմադրել սովին, բայց ծարավին ամենաշատը վեց օր կդիմանա, այնուհետև կմեռնի։ Այդ պատճառով իր կարծիքը հայտնեց, թե քառասնօրյա ծոմը անպայման ջուր խմելով պետք է ուղեկցվի։
Նրանք ծոմի մասին շատ խոսեցին և ժամանակի ընթացքում այնքան մտերմացան, որ Սադհուն բժշկին կիսով չափ պատմեց քառասնօրյա ծոմ պահելու իր որոշման մասին։ Մինչ այդ տիրող խանդավառությունը ակնթարթորեն հօդս ցնդեց։ Բժիշկը, նայելով Սադհուի տկար մարմնին, բացարձակապես դեմ խոսեց այդ որոշման մասին` ասելով, որ նա ֆիզիկապես չի կարող դիմադրել այդ փորձությանը և չափազանց ուժասպառ լինելով` չի կարող հաղթահարել սահմանագիծը։ Սադհուն մնաց անդրդվելի։
Երբ հասան ճամփաբաժանին, բժիշկը Սադհուից նրա ծանոթներից որևէ մեկի հասցեն խնդրեց, որպեսզի տեղեկացնի նրա մահվան մասին` որպես նրան վերջին անգամ տեսած անձ։ Սադհուն, բնականաբար, ոչ մի հասցե չտվեց` հայտնելով, որ անպայման կվերադառնա։ Երբ Սադհուն հրաժեշտ տալով հեռացավ, բժիշկը երկար նայեց նրա հետևից` կողմնորոշվելու համար, թե որ ուղղությամբ է նա գնում։
Բժիշկն անհանգստանում և ամեն օր աղոթում էր Սադհուի համար։ Երկրորդ շաբաթվա վերջին ուրիշ գյուղ գնալու համար բժիշկը նորից հասավ նույն ճամփաբաժանին և երկար նայեց նույն ուղղությամբ. Սադհուն չէր երևում։ Բժիշկը մտածեց, որ նա արդեն մեռած է և գյուղացիներից կազմված մի փոքր խմբի հետ երկու օր որոնեց նրա դին։ Նրան ոչ մի տեղ չգտան, և բժիշկը, մտածելով, որ նա վայրի գազանների ու գիշատիչ թռչունների կերակուր է դարձել, նրա մահվան մասին հայտարարություն տվեց թերթերում։ Սադհուի անփառունակ «մահը» սգացին ոչ միայն նրա ընտանիքն ու ազգակիցները, այլև հարանվանական շատ եկեղեցիներ։ Թերթերում ոչ միայն Սադհուի կենսագրականն ու բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին, այլև Քրիստոսի «վաղամեռիկ» աշակերտին նվիրված սգահանդեսներ կազմակերպվեցին միսիաներում, և նույնիսկ Շիմլայում նրա անունով մատուռ կառուցելու հանգանակություն կազմակերպեցին։
Մինչ այդ Սադհուն, պառկած ոչ այնքան խոր քարայրում, աստիճանաբար կորցնում էր ուժերը` կորցնելով նաև տեսողությունը, լսողությունն ու զգայարանների գործունեությունը։ Բայց մարմնավոր զգայությունները կորցնելուն զուգահեռ նա վերագտնում էր հոգևոր շարժունակությունն ու արթնությունը։ Սրացել էր նրա հոգևոր ընկալունակությունը։ Ոչ մի տրտմություն և անհանգստություն չկար նրա մեջ, ընդհակառակը, սիրտը լցված էր անսահման ուրախությամբ ու խաղաղությամբ։ Առաջին օրերի բուռն աղոթքներին հաջորդեցին պառկած ու հանգիստ զրույցները Տիրոջ հետ։ Ծոմի հենց առաջին օրը նա իր գրպանը քառասուն փոքր քար էր լցրել և ամեն լուսաբացին մեկը դուրս էր նետում քարայրից։
Հետագայում նա բազմիցս պատմում էր ծոմի ընթացքում Տիրոջ ներկայությունը վայելելու և ծոմի շնորհած առավելությունների մասին, բայց չէր մանրամասնում դրանք և ընդհանրապես այդ օրերի մասին շատ զուսպ էր արտահայտվում` հաստատելով, որ դա խիստ անձնական փորձառություն է և ենթակա չէ քննարկման։ Նա միայն ասում էր, որ այդ օրերի ընթացքում նա երկրորդ անգամ իր կյանքում իրական տեսավ իր Փրկչին և զրուցեց Նրա հետ։ Սադհուն վկայում էր, որ այդպիսի երանություն միայն երկնքում էր հնարավոր վայելել...
Զգացողությունն ու գիտակցությունն աստիճանաբար լքում էին նրան։ Քրիստոսի հետ երանելի հանդիպումից հետո նա լիովին հաշտվել էր մահվան հետ և պատրաստ էր հավիտենապես միանալու իր Տիրոջը։ Քառասուներորդ օրը այդ անտառում խնկեղեգ կտրող մի քանի գյուղացիներ անձրևից պատսպարվելու համար Սադհուի քարայրը մտան և նրան տեսնելով` մտածեցին, թե սովահար եղած աղքատ սադհու է։ Գյուղացիները, զարկերակը ստուգելով, համոզվեցին, որ նա դեռ ողջ է ու գյուղ տեղափոխեցին` վերցնելով նաև ձեռքի մեջ ամուր սեղմած Գիրքը, որի առաջին էջին գրված էր նրա անուն-ազգանունը։ Երբ գյուղացիները տնտղեցին նրա գրպանները, ընդամենը մի քար գտան։ ¥Հետագայում ֆրանչեսկյան բժիշկ Սվիֆթը հարցրեց նրան գտնելու ճշգրիտ օրը, համեմատեց այն իրենց վերջին հանդիպման օրվա հետ և հաշվեց, որ ուղիղ քառասուն օր էր կազմում։ Նրան թվացել էր, թե Սադհուն մթագնած գիտակցության վիճակում, հնարավոր է, մի քանի քար էր դուրս նետել, բայց ոչ, ամեն ինչ ճիշտ էր¤։
Սադհուի կենդանության լուրը ցնցեց Հնդկաստանի ողջ քրիստոնեական աշխարհը։ Շատ քրիստոնյաներ էին այցի գալիս նրան` անձամբ տեսնելու Աստծո հրաշքը։ Ամբողջ գյուղը մեկ ամիս շարունակ Սադհուի և նրա քարոզած Աստծո մասին էր խոսում։ Շատերը փրկվեցին այդ գյուղում` Քրիստոսին ընդունելով որպես իրենց անձնական Տերն ու Փրկիչը։ Ապաքինվելուց կարճ ժամանակ անց նա կրկին վերադարձավ Շիմլա, ուր իր մահվան մասին հյուսված և արդեն ուրախության երանգ ստացած պատմությունները դեռ չէին լռել։ Սադհուն իր անունով հավաքված խոշոր գումարը հանձնեց որբերին խնամող առաքելությանը։


Հրապարակման պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 18891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ