Երիտասարդ կինոռեժիսորներ և կինոպրոդյուսերներ ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆԻ և ՇՈՂԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նախագիծը շվեդական հեղինակավոր Գյոթեբորգի կինոհիմնադրամի կողմից պաշտոնապես ստանալու է սցենարի զարգացման աջակցություն: Յուրաքանչյուր տարի հիմնադրամին են դիմում ավելի քան 1500 կինոնախագծեր: Ընթացիկ տարվա ամփոփիչ ցուցակում ընտրվել է 12 նախագիծ:
«Ռոմանտիկները» ֆիլմի նկարահանումները նախատեսվում են 2012-ի ամռանը:
«Ֆիլմը Հայաստանում ապրող երիտասարդների, նրանց հուզող հարցերի ու ցանկությունների մասին է: Չեմ սիրում նախապես խոսել ֆիլմի մասին: Ինչպես մեծ կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկին էր ասում` մի բան գրում ես, մի ուրիշ բան նկարում, բոլորովին այլ բան ստացվում է: Իհարկե, սա օրինաչափություն չէ, սակայն հեղինակային կինոյում հաճախ է հանդիպում»,- մեզ հետ զրույցում ասաց Արեգ Ազատյանը:
Շողիկ Թադևոսյանը հավելեց, որ երիտասարդներին հուզող ֆիլմեր (խոսքը երիտասարդական կատակերգական ժանրի մասին չէ) այստեղ շատ քիչ են արտադրվում, եթե չասենք` ընդհանրապես չեն արտադրվում: «Այսօրվա հայ երիտասարդը ասելիք ունի, և դրա հետ պետք է հաշվի նստել,- համոզված է նա:- Չենք ցանկանում մանրամասնել սյուժեն, բայց երկու բառով կարելի է նշել, որ սա հայ երիտասարդի չիրականացած, անավարտ երազանքների մասին է»:
Ֆիլմի նախագիծը դուրս չի մնացել արտերկրի մասնագետների ուշադրությունից: Երիտասարդ արվեստագետները նախորդ տարի հրավեր են ստացել Բեռլինի «Բեռլինալե» հեղինակավոր կինոփառատոնի կազմակերպիչներից: Ծրագրերից մեկի ղեկավարին հետաքրքրել է «Ռոմանտիկները», ու նա պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ֆիլմին: Դրանից հետո նախագիծն ընտրվել է East European Film Alliance-ի (սցենարի զարգացման միջազգային ծրագիր) կողմից, և կրթաթոշակ է հատկացվել: «Ծրագրի շրջանակներում մասնակցեցինք մի շարք միջազգային համաարտադրական ֆորումների ու սցենարն էլ ավելի զարգացրինք,- ասաց Արեգ Ազատյանը:- Հարկ է նշել, որ այդ ծրագրի շնորհիվ մեզ հետ սկսեց աշխատել սցենարի հեղինակավոր փորձագետ Միգել Մաչալսկին, որը մասնակցել է Ինգմար Բերգմանի «Սարաբանդ» ֆիլմի աշխատանքներին, համագործակցել է նաև Սիդնեյ Պոլաքի և Ալեխանդրո Ամենաբարի հետ: Բեռլինից հետո գտանք մեր co-producer-ին (համաարտադրող), որին շատ հետաքրքրեց մեր նախագիծը: Այնուհետև Շողիկն ընտրվեց Եվրոպայի ամենահեղինակավոր EAVE պրոդյուսերական մարզումային ծրագրի կողմից և ստացավ ամբողջական կրթաթոշակ: Իսկ բոլորովին վերջերս Գյոթեբորգի շվեդական հեղինակավոր կինոհիմնադրամը պաշտոնապես հաստատեց, որ կաջակցի ֆիլմին»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը նույնպես աջակցելու է ֆիլմին: «Ռոմանտիկները» կարտադրվի «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության կողմից:
Մեզանում ընդունված է ասել, թե չունենք լավ կինո, եղածն էլ մնում է «դարակներում»: Ո՞րն է միջազգային կինոասպարեզ դուրս գալու ճանապարհը: Զրուցակիցներիս կարծիքով` ովքեր ասում են, որ չկա լավ կինո, հիմնականում անտեղյակ ու որոշ չափով նախանձ մարդիկ են: Նրանց համոզմամբ` որքան էլ կինոարվեստը նախատեսված է հանրության լայն շրջանակների համար, մեկ է, այն ընկալելու համար գիտելիք, խելք ու տեղեկացվածություն է պետք:
«Հայ կինոն միշտ է ունեցել ասելիք` թե՛ դրսում, թե՛ այստեղ,- ասում է Շողիկ Թադևոսյանը:- Ցավոք, շատերը (ոչ միայն երիտասարդները) անտեղյակ են, թե ինչ է կատարվում համաշխարհային կինոարտադրությունում: Գիտելիք ու տեղեկացվածություն է անհրաժեշտ: Մենք հավատում ենք, որ շուտով մի շարք հայ երիտասարդներ միջազգային կինոասպարեզում իսկապես մեծ հաջողությունների կհասնեն, ու այդքան բաղձալի հայկական «կինոյի նոր ալիքը» կկայանա»:
Իսկ ո՞րն է հաջողության հասնելու ճանապարհը հարազատ երկրում` սիրված ու ճանաչված լինելու առումով, մանավանդ մեր օրերում, երբ առկա է ֆիլմը հանդիսատեսին հասցնելու խնդիրը: Արեգ Ազատյանի կարծիքով` հաջողություն ասվածը պայմանական է, թեև, եթե հաջողությունը մեծ է, չի կարող նաև տեղական բնույթ չկրել: «Հայ հանդիսատեսը որոշ չափով ծանոթ է մեր աշխատանքներին, մեր բոլոր ֆիլմերը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում,- ասաց նա:- Լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում: Սակայն եթե չկա պրոֆեսիոնալ կինոմիջավայր, չեմ կարծում, թե կարիք կա շատ գովազդվելու: Իսկ սիրված լինելը, ընդհանրապես, բարդ հարց է: Որպեսզի հասարակության կողմից սիրված լինես, շատ բան պետք է անես: Մենք դեռ այդ ճանապարհին ենք»: Ինչ վերաբերում է ֆիլմերի հասանելիությանը, ռեժիսորի խոսքով` եթե մի երկրում կա ընդամենը երկու կինոթատրոն, իսկ հեռուստատեսությունը պատրաստ չէ ֆիլմի իրավունքներ գնելու, բնական է, որ շատ է տուժում հեղինակ-հանդիսատես կապը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ