ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

«ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
03.04.2012 | 00:00

Օրերս կինոյի և թատրոնի նորաբաց կենտրոնում, որը կրում է Հենրիկ Մալյանի անունը, կայացավ սցենարիստ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանի «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի, 20-րդ դարասկզբի քաղաքական մթնոլորտի ու մարդկային ճակատագրի պատմություն է: Ֆիլմում չկա և ոչ մի հեղինակային խոսք, ներկայացվում են փաստագրական նյութեր` առանց մեկնաբանության:
«Պարզվում է, որ Հայաստանի նախկին ղեկավարները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, երկրի համար ահագին բան են արել», - իր ողջույնի խոսքում ասաց կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի տնօրեն, Հայաստանի ղեկավարների մասին ֆիլմաշարի գաղափարակիր Ռուբեն Գևորգյանցը:
Ֆիլմը լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից, թեև պատմության փակ, երբեմն նաև կեղտոտ էջերի բացահայտ ցուցադրումը զերծ չմնաց նաև դժգոհության ալիքից: Ոմանց կարծիքով` պատմությունն ամենևին էլ չի կեղծվում, եթե այն «մաքրում» ենք կեղտոտ էջերից, օրինակ, Խանջյանի արարքը «պախարակող» հայ մտավորականների կոչ-նամակն ընկեր Ստալինին այնքան ամոթալի է, որ չպետք է հանրայնացվի:
Մոտ մեկ ժամ տևող ֆիլմը լարվածության մեջ է պահում դիտողին: ՈՒշագրավ են բոլոր փաստաթղթերն ու դրվագները: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
«Ես ասում եմ, ի՞նչ է, Աղասի, մոռացե՞լ ես, թե ով ես դու, ի՞նչ է, պոե՞տ ես, թե՞ արտիստ, ո՞նց կարող էիր մոռանալ, որ մի ամբողջ ռեսպուբլիկայի, մի ամբողջ ազգի առաջնորդ ես, վերցրիր ու կրակեցիր»: Խորեն Աճեմյանը պատմում է, թե ինչպես է զայրացել Եղիշե Չարենցի այս խոսքերի վրա: Հետո զղջալու էր իր սեփական զայրույթի համար. «Այդ պահին ես տեսա, թե նա ինչպես էր կշտամբում Աղասուն, բայց ես կարող էի տեսնել նրան այն պահին, երբ նա արտասանում էր Խանջյանին նվիրված բանաստեղծություններ` լի սիրով, հարգանքով ու հիացմունքով»:
Խանջյանի ինքնասպանությունը «Հառաջ» թերթն անվանում է գիտակցված պատասխանատվության վերջին արտահայտություն, «Հայրենիքը» գրում է, որ Խանջյանի ինքնասպանության պատճառ կարող էին լինել Հայաստանի սահմանների շուրջ Մոսկվայի և Թիֆլիսի հետ ունեցած իր տարաձայնությունները: Նրան ճանաչողները վստահ էին` Խանջյանին հասցրել և ստիպել են դիմել այդ քայլին: Իհարկե, քիչ չէին նաև Խանջյանին ինքնասպանության մեջ «մեղադրողները»:
ՈՒշագրավ է այն, որ ֆիլմի գրեթե բոլոր հերոսների կյանքը, անկախ նրանից, թե պատմության մեջ ինչ անուն են թողել նրանք, ավարտվում է գնդակահարությամբ կամ բանտում:
«Մենք` հայերս, սովոր ենք մտածելու, թե մեր փրկությունն ուրիշներից է կախված… Թուրքիան անբուժելի հիվանդ է: Ռուսաստանն ու դաշնակիցները ուզում են մասնատել նրան։ Ինչպես և մենք, բալկանյան ժողովուրդները հառաչում են բռնակալի լծի տակ, նրանք էլ մեզ նման պաղատում են Անգլիային, Ամերիկային ու Ռուսաստանին օգնել իրենց: Եթե այս երեք պետությունները հնարավոր հաղթանակից հետո ինչ-որ հրաշքով համաձայնության գան և վաճառքի չհանեն իրենց քաղաքական խիղճը, ապա այդ հիվանդ բռնակալը անդամահատության պիտի ենթարկվի, և մենք, ինչպես և բալկանյան ազգերը, նրա լծից պիտի ազատագրվենք: Սակայն այսօր ես միայն մեկ բան հաստատ գիտեմ. մեր ազգային փրկության պարտադիր պայմանը մեր բոլոր կուսակցությունների ու քաղաքական ուժերի միավորումն է, սա պատգամ է, պատգամ, որը մեզ է կտակել Վասպուրականի հերոսական ինքնապաշտպանությունը»,- «Մեղադրվում է ինքնասպանության մեջ» ֆիլմն ավարտվում է Աղասի Խանջյանի այս խոսքերով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ