Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։
«Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից ներմուծումը» վերնագրերին զուգահեռ սկսվում է ամենագետների «կարծիքահայտնումը»։
Պրոռուսականներն իրենց ոգևորությունն արտահայտում են վստահ, որ սա նրանց պատասխանն է հակառուսական քաղաքականությանը, հակառուսները նույնկերպ փորձում են հիմնավորել նրանց «քը՜խ» լինելը։
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ, որ դեռևս մայիսին դիմել էին պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ և մինչ օրս պատասխան չեն ստացել արդյունքների մասին։ Գրությամբ հորդորել են նաև իրականացնել ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղեկացնել։
Ցավալի է, բայց փաստ, մեզ՝ «խիստ հայրենասերներիս», չհետաքրքրեց փաստը` պեստիցիդների մնացորդային քանակները գերազանցող մթերքն օգտագործել ենք նաև մենք։
Դե ֆակտո, մարդու կյանքն ու առողջությունն ստորադասվում է քաղաքական երանգավորումներին։
Պետական կառույցը պարտավոր է մեկնաբանել.
1. արդյոք ռուսական կողմից մայիսին ստացե՞լ է տեղեկություն առ այն, որ պեստիցիդների մնացորդային քանակը գերազանցում է նորմը։
2. Եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
3. Ինչու՞ արդյունքների մասին չի տեղեկացրել ռուսական կողմին, իսկ եթե հայտնաբերել է վտանգներ, որոնք սպառնում են նաև մեզ, ինչու՞ չի տեղեկացրել նաև հայ սպառողներին։
4. Եթե գրություն ստանալուց հետո քայլեր չի ձեռնարկել, ինչու՞ է ցուցաբերել հանցավոր անգործություն՝ հարվածի տակ դնելով և՛ սպառողներին, և՛ տնտեսվարողներին։
Բաբկեն ՊԻՊՈՅԱՆ
Հ. Գ.
Ոչ բոլոր տնտեսվարողների սահմանափակումն առնվազն պետք է հուշեր, որ պրոբլեմն այլ տեղ է պետք փնտրել։
Բարդակ, բարդակ մինչև վերջ։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից