Բաց արմատներով ծառի պես ահա
օրորվում եմ ես անհող օրերում,-
առայժմ լռի՛ր, մի՛ կանչիր ի սեր,
ես դարձի համար դեռ հոգի չունեմ –
որ քեզ Հայտնության ամառ ընծայեմ,
բերկրանքի դաշտեր, ըղձանքների չու,
շնորհեմ ձիրքեր կենաց աստղուհու
եւ ստվերներում ծաղկելու ավյուն:
Դառնության հողմը ճոճում է բունս՝
ասես թաթերով ահեղ Անգեղի,-
ես դեռ հողի մեջ պիտի ամրանամ
կրկին՝ հանց վեմը հուսո տաճարի,
որ դու՝ անցյալից առկայծող իմ սեր,
ճառագես այնտեղ ջահի պես շողուն,
որ սիրո ոսկին չկորչի երբեք
մայրամուտների տղմուտ ջրերում:
29.06.2024
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ