Խոր ակնածանքով այցելեմ կրկին
ուխտատեղ դարձած քո չքնաղ Լոռին,
գլխիկոր կանգնեմ այն մատուռի մոտ,
որտեղ Մեծ Սիրտ է պահ տված հողին:
Մտնեմ գլխատուն, ուր օրորոցդ է
քաղցրահուշ` դրված ի ցույց բոլորի,
փայտե կժերը, շերեփ ու թասեր
և ճախարակը քո անուշ նանի:
Անհոգ մանկության վկա հուշերդ`
սանդերքն ու տաշտը, քարե բուխարին,
և հիշեմ նանիդ աղամանը հին,
որով նա աղ էր տալիս ոչխարին:
Եվ քո ոսկեթև ճախրող արծիվը`
վիշտը անտեսող, ձգտող անհունի,
քաջ անցավորաց` պապերիդ պատկան
ազդեցիկ ու կեռ թուրը հավլունի:
Այս երկրից անցվոր, բայց աստվածային
տիեզերքում է ճախրում քո հոգին,
քո ցաված հոգին վար մնացածիս
չի թողնում տրվեմ խեղճ-լալկան երգին:
Քո հառաչանքով քո սրտի խորքից
խոսքդ կխոսես հայի Աստծո հետ,
հույսի ու լույսի հայրենիքդ վես
նոր պոետները պիտի գովերգեն:
Անահիտ Սահակյան