1919 թ. նոյեմբերի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում ես ղեկավարում էի Զանգեզուրի բանակը, երբ գեներալ Շիխլինսկու հրամանատարության ներքո Ադրբեջանի կանոնավոր զորքերը շարժվում էին դեպի մեր կողմը։
Նոյեմբերի 7-ին, ամբողջ ճակատով սկսելով հակահարձակումը, ջախջախեցի թշնամուն` գրավելով մեկ թնդանոթ, 32 գնդացիր, 675 ռազմագերի և մեծ քանակությամբ ռազմամթերք։
1920 թ. մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը, երբ հանրապետության զորքերը շարժվում էին դեպի Արցախ, ես ջախջախիչ պարտության մատնեցի թշնամուն, ստիպելով նրան փախչել։
Ապա մտա Արցախ` վերջնականապես կոտրելով թշնամուն և հնարավորություն տալով այդ շրջանին միավորվելու մայր հայրենիքին։
ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱԼԻՆՑՅԱՆ, գնդապետ, Զանգեզուրի և Արցախի հերոսամարտի հերոս։ Ինչպես ինքն էր ասում, ծագումով Զանգեզուրի Գորիս գյուղից է։ Սովորել և ավարտել է Գորիսի հայ ռուսական երկդասյա դպրոցը։
1909-ից 1913 թթ. ծառայել է ցարական բանակում, զորացրվելով ավագ ենթասպայի աստիճանով։ 1914 թ. կրկին զորակոչվել է և մասնակցել առաջին աշխարհամարտի ավստրո-գերմանական և կովկասյան ճակատում տեղի ունեցած մարտերին։
Գեորգիևյան խաչի քառակի ասպետ է։
Ձերբակալվել է և ՀԽՍՀ ՊՔՎ կոլեգիայի 14.10.1933 թ, որոշմամբ ենթարկվել է 5 տարվա աքսորի։
Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Հատված մեղադրական եզրակացությունից.
Համաձայն ՀԽՍՀ ՔՕ 60,63,67 հոդվածների, մեղադրյալը ենթարկվել է 5 տարվա աքսորի այն բանի համար, որ1918-20 թթ. հայ-թուրքական կռիվների ժամանակ ծեծի է ենթարկել մի շարք հայերի, որոնք Զանգեզուրի ռազմաճակատում հրաժարվել են ադրբեջանցիների հետ կռվելուց։
Նյութի աղբյուրը` (Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան, Զանգակ, Երևան, 2014), Աշոտ Սիմոնյան։