Ընկերներիս կորցնում եմ ամեն օր`մութուլույսին,
ես տաք գլխով քնած ուրվագծերի մեջ,
անգամ ճրագալույցի գիշերն ինձ չներեց`
ամեն այսօր, թերևս, իմ հերթն է երևի:
Մի վայրագ ծառ ունեմ Աշնակում` ծիրանի,
ընկերությունից հեռու` գիշեր, թե ցերեկ,
չնմանվե՞մ նրան ու կերպափոխվեմ,
ես էլ մարդ դառնամ`փշատերև:
Մի հոգի էլ կա՝ամպերից վերև, ասում է՝
Աստված չլինի՞ քեզնից երես է թեքել:
Ասում եմ՝ քեֆդ քոք պահի, ա՛յ հեր,
մայրս ավելի ճիշտը գիտի, թեև
հասած տանձի նման չեմ ընկնի դեռ:
Մորս հիշողությունն իջավ երկնքից ներքև,
Ասաց՝ Երեցի կարմիր ավետարանով եմ երդվել,
տղաս սիրուն խաղում է, գնդակի պես թեթև
գլխի մեջ ծնված խաս բառերի հետ:
Եվ, երբ երկնելու համար բաներ է փնտրում,
իր ասածով կորցրած հիշողությունս անմեռ,
Նա մարդ չէ, իմ հոգին, չէ՜, մարդ չէ այնուհետև:
Ռոլանդ Շառոյան