38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քեզ հազար ողջո~ւյն, Եղիշե Չարե՛նց

Քեզ հազար ողջո~ւյն, Եղիշե Չարե՛նց
22.05.2009 | 00:00

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ
Հասկանալի է, որ ես Եղիշե Չարենցին չեմ հանդիպել, քանզի, երբ գիշերը նրան տարան բանտից հացի մեքենայով և անշնչացած մարմինը թաղեցին Երևանի շրջակայքի մի մեծ անհայտության մեջ, ես ընդամենը 2 և մի քանի ամիս ավելի տարեկան էի. Երևանից հեռու` Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ ծննդավայր իմ գյուղում, հիվանդ երեխա, ինչպես մայրս էր հետագայում ասում. «Ճարավ պահած մին խոխա» («Դեղով պահած մի երեխա»):
Բայց, ահա, մեր այս Մարտունու շրջանի չեմ հիշում որ գյուղից, կարծեմ՝ Ճարտարից, մեր դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության դասատու աշխատելու էր եկել Լուսիկ Գևորգյանը: Նա Թամրազենց Օլինկայի Ավանես տղայի հարսնացուն էր, բայց Օլինկայի երկու տղաներն էլ` Ավանեսն ու Բախշին, ֆրոնտ էին գնացել, Հայրենական մեծ պատերազմ:
Ավանեսից ու Բախշուց ոչ մի լուր չեկավ. ոչ սև թուղթ, ոչ անհայտ կորածի մի ուրիշ թուղթ: Նրանց հայրը պատերազմից առաջ էր վախճանվել, մայրն էլ սպասեց, սպասեց տղաների վերադարձին ու երկու տղաների կարոտը չորացած աչքերում` վախճանվեց: Լուսիկն էլ, տեսնելով, որ նշանա՞ծը, թե՞ ամուսինն անհայտ կորած է, թողեց ու վերադարձավ իր հայրենի գյուղ, ծնողների մոտ:
Բայց Լուսիկ Գևորգյանը մի բարի լույս, մի լուսավոր հետք թողեց իմ սրտում, երևի՝ 1945 կամ 1946 թվականներին, երբ ես 5-րդ կամ 6-րդ դասարանի երեխա էի: Ասեմ, որ թվաբանության իմ դասատու Եղիշե Հարությունյանը փորձում էր ինձ դեպի թվաբանություն տանել ու մի անգամ նույնիսկ ինձ տարավ հարևան Զարդանաշեն գյուղի, որին մենք նաև Վերին Թաղավարդ էինք ասում, դպրոց, այնտեղի 5-րդ դասարանում ներկայացնելու, թե ինչպես վարժ եմ վարժություններ լուծում:
Իսկ Լուսիկ Գևորգյանն ինձ դեպի «անեզր տիեզերք»` գրքերի աշխարհ էր տանում` իմանալով, որ պատանեկան այդ տարիներին ես արդեն կարդացել էի «Տարասկոնցի Տարտարենը», «Խորհրդավոր կղզին», «Գարգանտյուան և Պանտագրյուելը», «Գուլիվերի ճանապարհորդությունը», բայց չգիտեի, որ Չարենց անունով բանաստեղծ ենք ունեցել:
ՈՒ մի երեկո նա ինձ կանչեց իր մոտ` տուն, շատ խորհրդավոր կերպով շորե տոպրակի մեջ պահած մի գիրք տվեց, ասելով.
-Տա՛ր, կարդա՛ այս գիրքը, բայց եթե մեկնումեկը տեսնի ձեռքիդ, ինձ էլ են բանտ տանելու, քեզ էլ: Ոնց որ թաքուն տանում ես, էնպես էլ թաքուն կբերես:
Անուշ մայրս ֆերմայում էր աշխատում, միայն անունը գրել գիտեր, Պարուն տատս էլ, որ պատերազմ գնացած հորիցս հետո մնացել էր միակ ինձ պահողը, անունն անգամ գրել չգիտեր: Նա միայն զարմանում էր, որ ամբողջ գիշեր նավթի ճրագի տակ նստած կամ գիր էի անում, կամ էլ` գիրք կարդում:
Այդ գրքի հեղինակը, որ տվեց վախվորած իմ ուսուցչուհին, Եղիշե Չարենցն էր, անունը` «Գիրք ճանապարհի»:
Իմ ուսուցչուհին գիրքը մեկ օրով էր տվել. երեկոյան, երբ գյուղը մթնել էր, նավթաճրագները` տաքացել: Պիտի կարդայի, վաղ առավոտյան, դպրոց՝ դասի գնալուց առաջ վերադարձնեի: Այն ժամանակ չէի հասկանում` ինչու: Հիմա` դե, պարզ է, որ մեկնումեկը չտեսներ, թեև, իհարկե, նա ինձ վստահում էր, ես ոչ ոքի ցույց չէի տա ոչ միայն այն բանի համար, որ ինձ «տյուրմա» կտանեին, այլև այն հեռավոր ժամանակներում ուսուցչի խոսքը աշակերտի համար օրենք էր, այն հեռավոր ժամանակներում ուսուցիչը, սիրված ուսուցիչն աշակերտի համար Աստված էր, ինչպիսիք էին, օրինակ, ինձ համար իմ առաջին դասարանի ուսուցչուհին` Մարուսյա Առուստամյանը, ռուսաց լեզվինը` Դաշա Պիտենկոն, թվաբանությանը՝ Եղիշե Հարությունյանը, մաթեմատիկայինը` Ներսես Դադայանը:
…Ամբողջ գիշեր չքնեցի, Չարենցի հետ էի, թեև, անկեղծ լինենք, ես էդ բանաստեղծից, էդ գրքից քիչ բան հասկացա կամ յուրացրի, բայց մինչև հիմա էլ այդտեղից եմ հիշում`
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար։
Կամ՝
Եվ դառնում է իսկական զրահապատ։
Կամ չգիտեի, թե ինչ էի հասկանում, երբ Հ. Թ.-ի տակ գրում էր.
Նա մեծ էր ավելի, քան եղավ:-Երկնքի նման ընդարձակ։
Վաղ առավոտյան դեռ դպրոց չէի գնացել, երբ Լուսիկ Գևորգյանը բարձրացավ մեր տան աստիճաններով: Մայրս ֆերմայում էր, տանը չէր, տատս դեռ չէր գնացել մեր բոստանը` «Բադունց չուխուր» անտառամերձ դաշտում, ու զարմացած էր նրա այս վաղ «վիզիտից»:
-Հե՛չ, բան չկա,- հանգստացրեց զարմացած տատիս, ապա ցածրաձայն, որպեսզի նա չլսի, ինձ ասաց, որ գիրքը պայուսակս դնեմ գողտուկ և բակում իրեն տամ: -Հե՛չ, Պարուն աքեր, Թումանյան եմ տվել Վանյային, ասենք, դու ի՞նչ գիտես, թե ով է Թումանյանը: Գիրք եմ տվել, որ կարդա, հիմա գիրքը դպրոց պիտի տանեմ:
-Լավ ես արել, շատ ապրես,- Լուսիկ Գևորգյանին օրհնեց տատս:
Ահա, այդպես կայացավ իմ առաջին հանդիպումը Եղիշե Չարենցի հետ, ու հիմա հազար օրհնանք եմ մաղթում Լուսիկ Գևորգյանին` չիմանալով որտեղ է նա, ինչ է անում, ո՞ղջ է, արդյոք, թե՞ հոգին լույս է դարձել: Ես մինչև հիմա էլ տեսիլքի պես պատկերացնում եմ նրա սլացիկ բոյը, խնամքով գլխին կապած, հավաքած մազերը, ճերմակ բրդից հյուսած ժակետը` արտակարգ մաքուր ու գունավոր, կարմրավուն ժպիտը:
***
…Երկրորդ «հանդիպումս» դեռևս արգելված Չարենցի հետ տեղի է ունեցել 1952 թվականին, երբ դեռ երկու, թե երեք տարի կար, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատության թեկնածու Անաստաս Իվանովիչ Միկոյանը գա Երևան, կարծեմ օպերային թատրոնի դահլիճում հանդիպում ունենա իր ընտրողների հետ և դահլիճին հասկացնել տա, որ ճիշտ չի եղել, որ հայ ժողովրդի առջև փակ են եղել դեպի Րաֆֆի, Չարենց, դեպի մյուս մեծերը տանող ճամփաները: Ընդամենը մի քանի ամսվա երևանյան նստաբնակիս համար երկրորդ հանդիպումը Չարենցի հետ կայացավ ուսանողական առաջին օրերիս:
Մեր` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի այդ ուսումնական տարվա 21 ուսանողներիցս մեկի ազգանունը Չարենց էր. նա Արփենիկ Չարենցն էր (1935-2008 թթ.)` մեծ բանաստեղծի ավագ դուստրը:
1952 թվական, Ստալինը դեռ ողջ էր:
1937-ին հաջորդել էր 49 թվականը, բայց մոխիրը դեռ տաք է, դեռ վախը պինդ է նստած մարդկանց ուղեղներում ու մկաններում, սակայն Արփենիկի հետ ես և Էմմա Նազարեթյանը մտերմություն էինք անում: Ինքը` Արփենիկը, փոքր-ինչ ճնշված էր, փոքր-ինչ չէր ուզում կարծես խիտ շրջապատ ընկնել, մտերմանալ շատերի հետ, այնքան, որ մեզ կամ բանի տեղ չէր դնում, կամ էլ քաշվում էր, որ… դուստրն էր դեռ չարդարացված, իր մեծ անունը դեռ չվերագտած Չարենցի:
-«Ընտիր էջերը» նայե՞լ ես,- մի օր հարցրեց ընկերներիցս մեկը:
Հիմա չեմ հիշում, թե ով ասաց դա. իմ ուսանող ընկերներ Վարդան Վարդանյա՞նը, թե՞ Գառնիկ Անանյանը, որոնք հետագայում մեր՝ հայկական բաժնի ուսանողից «վերածվեցին» դասախոսի ու դասախոսական երկար ճամփա ընկան` երբեք չմոռանալով իրենց ընկերությունն ինձ հետ: Բայց հիշեցի, որ այդ մասին ինձ մի օր ասել էր Արփենիկը: Հայ գրականության «Ընտիր էջեր» այդ գրքում շատերի կողքին զետեղված էր Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Իսկ գիրքը լույս էր տեսել 1946 թվականին, երբ ոչ ոք դեռ չէր կարող կռահել, որ Մոսկվայի Կրեմլում գահերին բազմած ճիվաղները դեռ 1949 թվական էին ծրագրում:
…Համարյա թե այդ նույն շրջանում էր, որ Արփենիկը մեզ մոտ` լսարան բերեց «Գիրք ճանապարհինը», այն գիրքը, որը մի քանի տարի առաջ ինձ, վախվխելով, միայն մեկ գիշերում կարդալու և վերադարձնելու պայմանով տվել էր իմ հայ գրականության ուսուցչուհի Լուսիկ Գևորգյանը:
... Մենք լավ կուրս էինք, մենք` քսաներկուսս, երկու տղա և 20 աղջիկ: Երկրորդ տղան այժմ, ավաղ, հանգուցյալ Կարլոս Գասպարյանն էր՝ մի շատ հրաշալի ու համակրելի անձնավորություն, որը միայն մեկ տարի սովորեց մեր բաժնում, այնուհետև տեղափոխվեց աշխարհագրական ֆակուլտետ: Ոչ ոք չիմացավ, որ մեր կուրսը «Գիրք ճանապարհի» է տեսել, շոշափել, կարդացել` նրա արգելված ժամանակ. աղջիկները` մեկ անգամ, ես` երկու…
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Դիտվել է՝ 4748

Մեկնաբանություններ