38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԹԵ՛ ՔՍԱՆ, ԹԵ՛ ՈՒԹՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՆԿԱՐԻՉԸ ՆՈՒՅՆ ՀՈԳՈՒ ԵՎ ՈԳՈՒ ԿՐՈՂՆ Է»

«ԹԵ՛ ՔՍԱՆ, ԹԵ՛ ՈՒԹՍՈՒՆ ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՆԿԱՐԻՉԸ ՆՈՒՅՆ ՀՈԳՈՒ ԵՎ ՈԳՈՒ ԿՐՈՂՆ Է»
06.10.2009 | 00:00

Հայաստանի նկարիչների միության և ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահներում բացվել են ՀՀ ժողովրդական նկարիչ ՌՈՒԲԵՆ ԱԴԱԼՅԱՆԻ աշխատանքների անհատական ցուցահանդեսները: Տարին հոբելյանական է նկարչի համար. լրանում է նրա ութսունամյակը: Եվ պատկառելի այս տարիքն իր բովանդակային խոր արտացոլանքն է գտել Ռուբեն Ադալյանի ստեղծագործություններում:
Ձիերի խելացնոր վարգի, ճակատամարտի եռուն մթնոլորտի, մարդկային մարմնի հայտնի ու անհայտ փոխակերպումների, դասական և նորահայտ նատյուրմորտի, ռելիեֆային բազմազան լուծումների համապատկերում մենք հաղորդակից ենք դառնում Ադալյան գեղանկարչի ուրույն «ես»-ի դրսևորումներին: Մարդկային թրթռուն մարմնի ու մեռած բնության՝ նատյուրմորտի ադալյանական համադրումները բխում են մեծն Հեգելի ուսմունքից. նատյուրմորտը պատկերում է ոչ թե մեռած, այլ արվեստի, նկարի մեջ իր կյանքը շարունակող բնությունը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը խոստովանեց, որ ինքը շատ բան է սովորել Ռուբեն Ադալյան նկարչից, հիացել ու զարմացել նրա գործերում առկա վարպետությամբ, էքսպրեսիայով:
Նկարչի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ թատերագետ Լևոն Մութաֆյանը՝ նշելով, որ ութսունամյակն անհավանական տարեթիվ է Ռուբեն Ադալյանի համար, ով 60-70-ական թվականներին եղել է գեղանկարչության մեջ խմորվող բուռն էքսպերիմենտների առաջատարներից մեկը՝ փշրելով շատ կարծրատիպեր ու սխեմաներ, բերելով նորն ու ավանգարդիստականը նկարչության մեջ՝ միաժամանակ մնալով հավատարիմ հնին, ավանդականին ու լինելով խորքային:
Գեղանկարիչ Լուսիկ Ագուլեցու հետ մեր ճեպազրույցը կայացավ Ադալյանի՝ 1969 թվականին արված «Դեպի Երևան» աշխատանքի առջև: Դա տիկին Լուսիկի ամենասիրելի ստեղծագործությունն է, որը պատկերում է հաղթական ձիու խոյանքը: «Ադալյան նկարչին ես ճանաչում եմ արդեն 40 տարի,- ասում է գեղանկարչուհին,- բայց ամեն անգամ նա յուրովի է ներկայանում ինձ: Այսօրվա ցուցահանդեսին էլ կրկին նոր գործեր ենք տեսնում ու հիանում արվեստագետի նոր բացահայտումներով: Ես հպարտ եմ Ադալյանով»:
Ռուբեն Ադալյանի ձիերով հիացած է նաև բանասիրության դոկտոր Աելիտա Դոլուխանյանը, ում կարծիքով` այդ գործերը կարող են զարդարել աշխարհի ցանկացած առաջադեմ պատկերասրահ:
Դերասան Ազատ Գասպարյանն էլ այս կերպ ձևակերպեց իր հախուռն զգացումները. «Ե՛վ Ռուբեն Ադալյանի, և՛ Երզնկայի, և՛ Երևանի, և՛ գեղանկարչության մասին շա՜տ ջերմ ու մեծ կարծիք ունեմ: Ադալյան գերդաստանը տարիներ շարունակ մեր արվեստի բարձունքներում է: Իսկ Ռուբեն Ադալյանը կամ Ադալը (ինչպես դիմում են նրան մտերիմները) իր թանձր, խիտ գույներով, պարզ գծանկարներով, վրձնի խաղերով նման չէ ոչ մեկին: Դա ինքն է, և այս անհատականությունն է, որ ինձ միշտ ուրախացնում է արվեստագետի մեջ: Այսօր կան նկարիչներ (նկարչիստներ), որ կրկնում են միմյանց, գողանում են մեկմեկու գույները, գծերը և ասում են՝ ես եմ: Իրե՛նք չեն: Այս պարագայում չեմ վարանում ասել՝ Ադալն ինքն է: Չէր կարող ինքը չլինել»:
Ռուբեն Ադալյանը խոստովանում է, որ ինքը թե՛ քսան, թե՛ ութսուն տարեկանում նույն հոգու և ոգու կրողն է, երբ վրձինը ձեռքին կանգնում է նկարակալի առջև: Իսկ հմտության, պրոֆեսիոնալիզմի կուտակումները բնավ էլ չեն անդրադառնում նկարչի բուն էության վրա:
Այն, որ Ադալյան արվեստագետն իսկապես սիրված է և գնահատված, լավագույնս նկատվեց ցուցասրահներում հավաքված հյուրերի առատությունից և նրանց դեմքերին գծագրվող տարաբնույթ զգացումների դրսևորումներից: Թերևս, երևանցի արվեստասերներին մատուցած այս հաճելի անակնկալով արդեն իսկ իրեն գոհ ու բավարարված էր զգում ութսունամյա նկարիչը, բայց, այնուամենայնիվ, պատկան մարմինները հոգացել էին նրան ի պաշտոնե ևս գնահատելու և գոհացնելու մասին: Նկարիչների միության ցուցասրահում կայացած ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը Ռուբեն Ադալյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Իսկ Կարեն Աղամյանը բաց չթողեց առիթը՝ հիշեցնելու, որ վաղուց ժամանակն է այդ պարգևին արժանացնելու ևս մի քանի նկարիչների:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4065

Մեկնաբանություններ

ofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
09.11.2024