38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԿՅԱՆՔ ԻՄԱՑՅԱԼ»` ԸՍՏ ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ

«ԿՅԱՆՔ ԻՄԱՑՅԱԼ»` ԸՍՏ ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆԻ
10.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի նախորդ համարներում անդրադարձել ենք բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի 75-ամյա հոբելյանին: Այս հրապարակումը հոբելյանի առթիվ լույս ընծայված «Կյանք իմացյալ» ժողովածուի վերլուծության փորձ է: Բանաստեղծական խոհից ու հույզից ծնունդ առած գիրքը Լյուդվիգ Դուրյանի նվերն է բանաստեղծության հետ կապը չխզած հայ մարդուն:
Մարդկային ու բանաստեղծական երազանքի, իրականության ու երևակայության խաչաձևումների թրթիռներով բաբախող մի զարկերակ է Դուրյանի ստեղծագործությունը: Այն սիրո, հայրենիքի, գրի, մշակույթի, ընտանիքի, բնության, գինու, ցասման, վրեժի գեղարվեստականացումն է` բանաստեղծությունների ու պոեմների հանդերձանքով:
Թե հող դառնամ…
Երանի թե ցանեն վրաս
Մի բուռ ցորեն:
Բանաստեղծն այսպես է ձևակերպում իր իղձը:
Դուրյանի քնարերգությունն ունի արտահայտչաձևերի, բանաստեղծական լեզվաոճի մշտահնար տարրեր: Պոետական ներաշխարհի արտացոլքերում, որպես պարտադիր նախապայման, երևակվում են հետևյալ «ատրիբուտները»` Աստված, Արարատ, խաչ, եղեգ, խաչյալ Հիսուս, Վահագն աստված, կռունկ, արագիլ, ագռավ, գինի, սեր:
Աշուն է, ուշ, եղեգները
Խամրել են, ու մեկն է կանաչ…
Կռունկ, կանաչ եղեգը քեզ
Խաչ է դարձել, պահապան խաչ:
Մակդիրների, համեմատությունների, փոխաբերությունների առատությունը երբեմն ստիպում է վերանալ պոետի բուն ասելիքից և տրվել մեր մայրենիի շռայլ հորդումի ալիքին: Այս հորձանքում կողք կողքի շարված են թե՛ նվիրական ու թանկ, թե՛ զազրելի ու ողբերգական իրողությունների գեղարվեստական գնահատումները. «ճայաձայն քամի», «բյուզանդական ափնաբերդեր», «ինքնության նախահաստատ տեր», «արնահոս հուզում», «լկտիության հաճույք ճոխ», «ոսկե սարսափ», «վագրի խենթավառ մորթի», «ոխակեռ յաթաղան», «խևաչ ձի», «հավերժածուխ օջախ», «դժոխաեռ թուրք», «յոթնագալար ցասում»:
Կնոջը` Ջեմմային, ձոնված «Մի խմիր» բանաստեղծությունը «Իտալացի աղջկա երգը» հայտնի բանաստեղծության պաթետիկ տրամադրության առօրեական կենսականացումն է կարծես: Կենցաղային զրույցից բանաստեղծության թեման վերածվում է ազգային-հայրենասիրական կոչի: Ասել է թե` նմանօրինակ կոչերն ու հիշեցումները չունեն հատուկ հրապարակների ու լսարանների անհրաժեշտություն, դրանք կարող են հնչել ամենուր և ամեն ժամ: Եթե նշված բանաստեղծության մեջ հայրենասիրության գաղափարը ներկայացված է փոքր-ինչ թեթև, կատակային տրամադրության նրբերանգով, ապա «Մղձավանջ», «Ոսկե սարսափ», «Պոլիս» և շատ այլ գործերում տեսնում ենք մեկ այլ հայրենասիրություն, որի պատգամաբերն իր ազգի նահատակների հիշատակը խնկարկող սգացյալ բանաստեղծն է.
Վանքը դարձել է սգամայր, պատարագ է հեգում ողբի…
Քամին ցրում է մացառին ցնցոտիներ կմախք-որբի:
Ողբասացությանը զուգահեռ հասունանում է վրեժի ծարավը, պոետը վերածվում է ազգային դատին անդրժելիորեն հավատարմագրված զինվոր-հայի: Մղձավանջային տենդից արթնացումն անխուսափելի է: Եվ այդ արթնացումի վկայություններն են հատկապես «Մաշտոց», «Ասք հողի», «Կոչմամբ գրաբար» պոեմները, ինչպես և շատ բանաստեղծություններ:
Իսկ մարդիկ չեն կարող բնավ
Եղեռնը հաղթություն կարծել:
Չե՜ն կարող մոռանալ մարդիկ
Այսքա՜ն յաթաղան ու… Դեր Զոր…
Ես բոլոր մարդկանց հայացքում
Ցասում եմ կարդում ու նզովք:
Վրեժի ու դառնության կողքին նաև հայի խաղաղ կեցության, հոգեկան անդորրավետ վիճակի նկարագրություններն են` որպես շառաչուն բարոյական ապտակ մեզ ազգովին բնաջնջելու ծրագիրը հեղինակած ճիվաղների երեսին.
Մի լայն տերևից գլորվեց,
Ընկավ ցողը սնդիկ:
ՈՒր որ է` հիմա մուժը կցնդի,
Արարատներս կըերևան,
Որպես Ադամը, որպես Եվան:
Իսկ ես…
Ոչ մի տեղ չեմ գնա ես.
Այստեղ կկանգնեմ ու կնայեմ:
…ՈՒրիշ ո՞ւր գնամ…
Երբ որ այստեղից
Շուտով, շա՜տ շուտով
Արարատներս կըերևան,
Որպես Ադամը, որպես Եվան:
Բանաստեղծի խոհական, վերլուծական ոճը տեղ-տեղ դառնում է թեթև-խաղացկուն: Անդրադարձումները կյանքի փոքրիկ ուրախություններին ընթերցողին կտրում են հոգեկան ծանր ապրումների բեռից ու տեղափոխում անդորրավետ մի աշխարհ: Այդպիսին են «Իմ հեզաշուք կատու», «Դեղձանիկ» բանաստեղծությունները:
Իմ հեզաշուք կատու,
Իմ լավ, իմ խավոտ,
ՈՒշիմ տեսնում ես դու
Իմ սիրտը ցավոտ:
Նստում ես ու երկար
Ինձ վրա նայում,
Հայացքով` իմ տկար
Սիրտն ես փայփայում:
Երբ դառնում եմ հուշիս
Տանջանքներին գերի,
Մոտենում ես հուշիկ,
Փարվում ոտքերիս:
Գիտես, որ ես որբ եմ,
Չունեմ մտերիմ,
Որ ես անտեր եմ ու
Դու ես տերը իմ:
Բնության գույներն ու գծերը դառնում են բառ, բանաստեղծական քառյակը` բնապատկեր: Հայ բնաշխարհը երգի հանդերձանքով հառնում է ընթերցողի առջև, ու իրապատում հեքիաթի պատկերաշարը լուսե ուղեծրով հրապուրում-կանչում է Դուրյանի տողերից.
Ծառե՛ր, աշուն է, և դուք ձեր վարքով
Խարույկներ եք հուզախռիվ և հեթանոս…
Եվ այս քամու առջև` նժույգաձայն վարգող,
Անզուսպ քրքիջ եք ու խելահեղ հոսք:
Երբեմն էլ բանաստեղծին պարուրում են իրարամերժ ապրումներն ու կասկածները: Նա դառնում է իր հոգեկան ցավի դեմ անզոր ու անպաշտպան և մտերիմ, կարեկից ընկերոջ պես փորձում է հոգին բացել զրուցակից-ընթերցողի առաջ, սիրտը դատարկել` գլուխը դրած նրա ուսին.
Իմ սիրտը անչափ ցավում է, ախպերս,
Չեմ ուզում դուդուկդ լռի,
Ես ոչ թե գինուց, ես վշտից հարբել եմ,
Մոլորվել, հարբել եմ լրիվ:
Սիրո թեմային անդրադարձումները բանաստեղծին տեղ-տեղ մերձեցնում են միջնադարյան տաղերգուներին.
Ա՜խ, նորից դուռդ բացվեր լուսնյակի շողքի վրա,
Պառկեի նորից քո հին պարսկական գորգի վրա:
Մեջքիդ պես բարակավիզ կուլայով գինի տայիր,
Ասեի` կենա՜ցդ, սե՜ր: ՈՒ խալ-խալ դու ժպտայիր:
75-ամյա բանաստեղծի տողերից ու տողատակերից որսում ենք պատանեկան աշխուժության, դեռափթիթ հոգու կենսասիրության պոռթկումները: Եվ տա՛ Աստված, որ դեռ երկար կարողանանք վայելել այդ պոեզիայի նորահայտ շողարձակումները: Իսկ մինչ այդ կրկին սիրով շնորհավորենք մեր գրական անդաստանի անխոնջ մշակին վաստակաշատ հոբելյանի առթիվ ու լցվենք նրա և մեր վաղվա նկատմամբ լավատեսական սպասումներով:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7277

Մեկնաբանություններ