Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՈՒՅՆԵՐԸ
19.11.2010 | 00:00

Բազմամարդ էր ՀՀ նկարիչների միությանը հարող հրապարակը։ Ազդագիրը հրավիրում էր «Լոռվա ձորում» խորագիրը կրող ցուցահանդեսին` նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին։ Ողջույնի խոսքերը ևս ջերմ ու բազմազան էին։ Ցուցահանդեսի բացման արարողությունը սկսվեց Օձունի հոգևոր հովվի` Վրթանես քահանա Բաղալյանի աղոթքով։ Նա նաև ավելացրեց, որ Լոռվա պատմական հուշարձանների և հոգևոր կենտրոնների նկարչական անդրադարձն այնքան է տպավորիչ, որ ինքը մտածում է, թե դեռ լիովին չի հասկացել Օձունի հոգևոր տաճարն իր հազար ու մի գաղտնիքներով և առեղծվածներով։ Այստեղ իրեն օգնում են ցուցասրահներում ներկայացված աշխատանքները։
Օրվա մեկ այլ բանախոսի` ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համոզմամբ, այս կերպ Լոռվա ձորը, այդ հրաշալի բնաշխարհը բոլորիս մոտիկ է դառնում այն 100 նկարների տեսքով, որոնք ցուցադրվում են այստեղ։ Եվ որ ամենակարևորն է, հնարավորություն է ընձեռում, որ մեր նկարիչները չպարփակվեն միայն Երևանով, այլ գնան, հասնեն մեր երկրի տարբեր հատվածները և փորձեն գլխավոր ցուցասրահ բերել ջերմ ու հարազատ գույներ, տվյալ միջավայրի գեղանկարչական բնութագիրը։
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի խոսքը ոչ միայն համառոտ ակնարկ էր, թե ինչպես ծնունդ առան նկարչական փառատոնը և ցուցահանդեսը, այլև յուրօրինակ հավաստիացում էր, որ նման միջոցառումները կամուրջ են արվեստագետների և հայրենի եզերքի միջև, և այդ կամուրջն այսօր բանուկ է դարձել, մանավանդ, որ իրենց նախաձեռնությանը միանում են նոր կազմակերպություններ, մասնավորապես` «Փյունիկ» հիմնադրամը։ «Իսկապես, ինչո՞ւ լավ նախաձեռնությունը չընդարձակել,- ասում է Սերգո Երիցյանը,- «Փյունիկի» հետ կարճ ժամանակահատվածում կարողացանք նկարչական փառատոներ կազմակերպել Արցախում և Վայոց ձորում։ Այնպես որ մեզ նոր ցուցահանդեսներ են սպասում։ Իսկ այսօր այստեղ ներկայացված են Լոռվա բազմազան գույները»։
Ի դեպ, նկատենք, որ շատ մեծ էր հանրության հետաքրքրությունն այս ցուցահանդեսի նկատմամբ։ Քիչ չէին նաև ցուցահանդես այցելած ճանաչված մարդիկ։ Այստեղ էր Լոռվա նահապետներից մեկը, ճանաչված և սիրված դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, որը նկարից նկար էր անցնում, երկար կանգ առնում։ Որպես կանոն, այդ պահերին նրան էին մոտենում, բարևում, զրույցի բռնվում, իսկ երիտասարդներն էլ խնդրում էին լուսանկարվել հիշատակի համար։ Հենց այստեղ էլ փորձեցինք զրույցի բռնվել նրա հետ։ «ՈՒրախ եմ, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միության շնորհիվ ամեն տարի հավաքվում ենք այս ցուցասրահում, նորովի բացահայտում մեզ համար մեր սիրելի Լոռին։ Այս տարի էլ այն խոր իմաստ և բովանդակություն ունի, քանի որ նվիրված է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին,- ասում է մեծ արվեստագետը։- Ես, նախ և առաջ, ուրախ եմ, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը զարմանալի ակտիվ է գործում, այսքան անհրաժեշտ, պետքական միջոցառումներ է կազմակերպում։ Ողջունում եմ Հրանտ Մաթևոսյանին նվիրված այս ցուցահանդեսը, համարում շատ կարևոր և անհրաժեշտ։ Հրանտը, առանց վարանելու պետք է ասեմ, որ մեր հանճարեղ գրողն է։ Նա այսօր շատ անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր մշակույթին, մեր պետությանը։ Ես օր չի լինում, որ մի քանի տող չկարդամ Հրանտ Մաթևոսյանի գրվածքներից և չզարմանամ նրա մեծ տաղանդից, նրա հայոց լեզվի համ ու հոտից, հայոց բառ ու բանի բա՜րձր, բա՜րձր ճախրող ընթացքից։ Իմ կարծիքով` Հրանտ Մաթևոսյանը Թումանյանի կողքին դարձավ մեր մյուս իմաստուն ուսուցիչը։ Ես շնորհակալ եմ այս միջոցառման կազմակերպիչներին, քանի որ նրանք մեր չքնաղ Լոռին, մեր չքնաղ Հայաստանի գոհարը բերել, հասցրել են այս ցուցասրահ։ Լոռին իր մեջ դեռ չվերածնված, դեռ չբացահայտված, իր խոր ձորերի նման խորքեր ունի։ Մեր արվեստագետները, նկարիչները դեռ շատ-շատ անելիքներ ունեն, շատ-շատ գաղտնիքներ բացահայտելու հնարավորություն»։
Մեծ վարպետն ուզում է խոսքը վերջացնել, քանի որ երևի նրան պետք է միայնակ թողնել իրեն հարազատ աշխարհը պատկերող կտավների հետ։ Նա առանձնապես երկար է կանգ առնում այն կտավների առջև (Հայկ Մկրտչյան` «Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրը», Լորիկ Մինասյան` «Գյուղ սարերում», Գևորգ Մշեցի` «Ահնիձոր», Սուրեն Խորենյան` «Ահնիձորի ճանապարհը», Այսեր Մաթևոսյան` «Բնապատկեր»), որոնք ներկայացնում են Հրանտ Մաթևոսյանի ծննդավայրը` Ահնիձորը, մաթևոսյանական աշխարհը։
Ցուցասրահում անընդհատ մարդկանցով է շրջապատված արվեստաբան Շահեն Խաչատրյանը։ Նրանց հարցերին է պատասխանում, մեկնաբանություններ անում, բացատրություններ տալիս։ «Այս ցուցահանդեսը վկայում է, որ մեր նկարիչները կարող են և պետք է իրենց հոգին դնեն կտավներում և ներկայացնեն արվեստասերներին մեր հարուստ և մաքուր բնությունը,- ասում է Շահեն Խաչատրյանը։- Այս նկարները կոլորիտային գեղեցկություն ունեն, խորհրդավորություն և երազային ապրումներ, մի խոսքով, այնպիսի հատկանիշներ, որոնք թարմացնում են մեր հոգին, լիցքավորում։ Այսօրվա ցուցադրությունը ճիշտ, նպատակային և հասցեական նախաձեռնություն է, և մենք հաճախակի պետք է բնությունն այսքան շռայլությամբ ներկայացնենք մեր ցուցասրահներում, մանավանդ, եթե բնությունն առնչվում է մեր ազգի մեծերին, տվյալ դեպքում` Հրանտ Մաթևոսյանին»։
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նկատում է, որ վերջին տարիներին այսքան մարդաշատ ցուցահանդես ինքը չի հիշում։ Հայաստանի հայրենակցական միությունների դաշնության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շատ ուրախ է, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունն այսքան ակտիվ գործունեություն է ծավալում հենց մշակութային դաշտում նման ձեռնարկներ կազմակերպելով, մանավանդ որ դրանցում ձգտում կա հայրենի եզերքը տարբեր կերպ ներկայացնելու մայրաքաղաքում։ Նրա կարծիքով` միայն կարելի է ողջունել նման քայլերը։ Չէ՞ որ հետաքրքիր ձեռնարկների դեպքում նրանք ընդլայնում են իրենց գործունեության շրջանակները` Արցախ, Վայոց ձոր, ինչո՞ւ չէ, հաջորդը կարող է լինել և Ապարանը։
«Ինչ վերաբերում է ներկայացված աշխատանքներին, ապա դրանք բազմազան են իրենց ձեռագրերով ու ասելիքով,- ասում է նա,- ամենակարևորը` ջերմություն և մեծ սեր կա առ հայրենի եզերք»։
Մեր զրույցը շարունակում է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը. «Ես բարձր եմ գնահատում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությունը` այս ցուցահանդեսը նվիրելու իրենց հայրենակցի` Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին։ ՈՒղղակի հիանում եմ այս հրաշալի նկարների մեջ Լոռվա ձորի բնության հրաշագեղ պատկերների հրավառությունը տեսնելով։ Յուրաքանչյուր գծի, պատկերի, բնանկարի մեջ բացվում է Լոռվա բնաշխարհը` իր հազար ու մի գույներով։ Այդ ամենի գլխավոր հերոսն այս դեպքում Հրանտ Մաթևոսյանն է, որն իր ստեղծագործություններում ոչ միայն ներկայացրեց իր Մոտկոր աշխարհը, այլև ողջ Հայաստանը։ Գիտեմ, որ նկարիչները գնացել են նրա հերոսների հետքերով, փորձել հասկանալ Ահնիձորը, նրա գեղեցիկ բնությունը։ Ես շատ ուրախ եմ, որ ցուցահանդեսի առանցքը հենց Հրանտ Մաթևոսյանի աշխարհն է»։
Մենք էլ ենք անցնում նկարից նկար։ Նկարիչները փորձել են կերտել իրենց «Լոռվա ձորը»` իրական և մտացածին պատկերներով ու գույներով։ Եթե Անատոլի Ավետյանի գյուղական պատկերներում («Լորուտ») գույների ամբողջականության միաձուլումն է, ապա Հովիկ Անտոնյանի համար Լոռվա մի կտոր բնապատկերն է շատ իրական ու բնութագրող, բնական երանգներով («Լոռվա բնանկար»)։ Եթե Համլետ Աղամյանը մեզ է ներկայացնում ամառային օր ու իրավիճակ («Ամառ»), ապա Հենրիկ Գարուկյանը փորձում է բնաշխարհին ձուլել մեծն Հրանտ Մաթևոսյանի կերպարը («Հրանտ Մաթևոսյանի տան երազը»)։ Եթե Սուրեն Խորենյանն ուզում է Լոռվա գյուղերը տեսնել իրական գույներով («Քարինջը Դսեղից»), ապա Վրեժ Թամազյանին ավելի հետաքրքիր է Լոռվա հեքիաթը («Երազ»)։ Եվ այսպես շարունակ, ամեն մեկը փորձել է գտնել Լոռվա մեծ աշխարհի իր փոքրիկ անկյունը։ «Հետաքրքիր է, երբ նկարիչները կարողանում են այսպես ամբողջական մեզ վերադարձնել Լոռվա աշխարհի բնությունը, հոգևոր կենտրոնները,- ասում է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանը,- այս նկարներով ինձ համար Լոռին նորովի բացահայտեցի` իր բազմազան, բայց մեղմ ու ջերմ գույներով։ Եվ գիտե՞ք` ինչն է լավ. որ այդ գույները քեզ հարազատ ու մոտ են դառնում։ Մեկ օրինակ բերեմ. Արմեն Վահրամյանի նկարները («Արդվու եկեղեցին» և «Լոռվա ամառ»)։ Հեղինակն իր նկարչական հեքիաթն է հյուսել, որին ակամայից դու էլ ես հավատում։ Միանշանակ պետք է ասել, որ հաջողված ցուցահանդես է։ Ոչ պակաս կարևոր է այն իրողությունը, որ այն պետք է ցուցադրվի նաև այլ տեղերում։ Գիտեմ, որ նոյեմբերի վերջին ցուցահանդեսը կներկայացվի Վանաձորում։ Դա էլ ինքնաճանաչման հետաքրքիր հնարավորություն է»։
Ցուցահանդեսում մթնոլորտը ջերմ ու անկեղծ է։ Կազմակերպիչները ձգտել են, որ ցուցահանդես եկած յուրաքանչյուր ոք իրեն լավ զգա։ Ազգային տարազներ հագած պարուհիները ներկաներին կոնֆետ են բաժանում, ասելով` թող քաղցրով լինի ցուցահանդեսը։ Սրահում հնչում է դուդուկի նվագը. կատարողը Հարություն Չքոլյանն է` «Շանթ»-ի դուդուկի մրցույթի հայտնություններից մեկը։ Անընդհատ մարդկանցով է շրջապատված «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ «Մենք ձգտել ենք, որ ցուցահանդեսը տոնի վերածվի, որը կարծես թե ստացվում է,- ասում է նա:- Տեսեք, դահլիճում ջերմ ու անմիջական ոգի կա։ Ոչ մեկն անտարբեր չէ ներկայացված աշխատանքների նկատմամբ։ Դեռ ավելին, ոչ ոք չի ուզում հեռանալ, ընդհակառակը, անընդհատ նոր մարդիկ են գալիս։ ՈՒրեմն նաև հետաքրքրություն կա, որն ինձ ավելի է ուրախացնում։ Ճիշտ էր մեր կանխատեսումը` մարդիկ կարիք ունեն նաև արվեստով շփվելու հայրենի բնաշխարհին, այնտեղ ապրող մարդկանց կերպարների, հոգևոր կենտրոնների հետ։ Լոռի այցելած նկարիչներն այս ցուցահանդեսում արվեստասերներին ընձեռում են այդ հնարավորությունը։ Այս տարի այստեղ ևս երկու ցուցահանդես կբացվի` նվիրված Արցախին և Վայոց ձորին։ Ինչո՞ւ մեր նախաձեռնությամբ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մեր երկիրն այնքան փոքր է, որ իմ ու քո-ի խնդիր չպետք է լինի։ Կարևորը գործը, ծրագիրը, անելիքը պետք է լինի։ Մենք փորձեցինք աշնանային հայոց աշխարհը հասկանալ Լոռի-Արցախ-Վայոց ձոր առանցքով և դա էլ կփորձենք ներկայացնել արվեստասերի դատին։ Կարևորում եմ ստեղծված կտավները, կարևոր չեն կազմակերպիչները, թող նրանք կադրից դուրս մնան։ Գարնանից սկսած այդ ճանապարհն իր շարունակությունը կունենա դեպի Ապարան, Շիրակ, Տավուշ, ինչու չէ` նաև Ջավախք»։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Լուսանկարները` Զավեն ՄԵԾ-ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ