Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԹԱՏԵՐԱԳԵՂԱԴԻՏԱԿԻ ՀԱՐԱՀՈՍ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ

ԹԱՏԵՐԱԳԵՂԱԴԻՏԱԿԻ ՀԱՐԱՀՈՍ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ
22.04.2011 | 00:00

ՓՈՐՁ «ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ» ԱՄԵՆԱԽՂՃՈՒԿ ՄԵԾԱՐԱՀԱՆԴԵՍԻ ԽՈՐԱՑՈՂ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Գուցե բնության առեղծվածային զարթոնքի ներշնչանքով աներևակայելի աշխույժով լցվեց Երևանի մշակութային առօրյան։ Ասես կախարդական փայտիկի աներևույթ հպումով առկա մեծ ու փոքր հաստատությունների տարաչափ սրահներում օրավուր թանձրացավ երաժշտական, գեղանկարչական ու թատերական իրարահաջորդ հին ու նոր նախաձեռնությունների բազմերանգությունը։ Հոբելյանահանդեսների, փառատոների, ցուցահանդեսների, շնորհանդեսների ու առաջնախաղերի հախուռն, տարաբույր ծաղկունքով լիավյուն զմայլվելու անհնարինությունից կրկին շփոթահար եղան մոլի արվեստասերները։ Արդարացիորեն դժգոհելով բնականոն դարձած «մշակութակուտակումներից»` հարկադրված նախընտրեցին հանկարծահաս հախուռն հորձանքով կամա-ակամա միահյուսվող տարաբնույթ միջոցառաշարերից ամենասրտամոտները։ Ընթացիկ թատերական կյանքով ապրողները մի պահ կարկամեցին, երբ «Թատրոն-X» հանրապետական 4-րդ փառատոնի (նախագահ` Արա Խզմալյան) ամենօրյա ռիթմին միախառնվեց մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային 4-րդ թատերափառատոնի (տնօրեն` Մարիաննա Մխիթարյան) 6-օրյա գերհագեցած տեմպը։
Առանց այդ էլ վաղ գարնան բնաշնորհ զվարթությունը կտրուկ մթագնել էր արդի հայ բեմարվեստի վերջին անգերազանցելի հսկայի` ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ծննդյան 80-րդ տարեդարձը 81-րդի նախօրեին նշանավորած սնամեջ, «օրակարգային» մոտ 17 մեծարանքներից ամենախղճուկ հոբելյանակատարության փաստով, որի մռայլ բովանդակությունն անչափելի խորության էր հասել բարձր արվեստի հետևողական թերարժևորումից ընկճվող ճշմարիտ թատերապաշտների մտապատկերում դաջված իրարահաջորդ հեռուստավավերագրերով։ Ամենաարտառոցը մոտ քսան տարի առաջ Խորեն Աբրահամյանի դեմ «նորին մեծություն միջակության» ծավալած «պատմական պայքարի» տխրահռչակ կիզակետի հայտնի սունդուկյանաժողովի տեսանյութի և «առաջամարտիկների» մերօրյա չքմեղացուցքերի զուսպ համադրումն էր։ Տրամադրեն ինձ այդ «Լինչի դատաստանի» տեսագրությունը, ինքս կփորձեմ լիարժեքացնել այդ եղկելի «դիմակահանդեսի» նկարագիրը. գուցե սթափության ահազանգ դառնա` ճահճացած մշակութադաշտի վնասազերծման անհրաժեշտության արիակամ գիտակցություն արթնացնելով, որպեսզի բազմաշնորհ նորերը ստեղծագործական առողջ միջավայրում միահավասար լծակներով ներուժը բացահայտելու իրական հիմքեր գտնեն։ Ամենևին էլ պատահական չէ, որ Վարպետին ձոնված ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսանքի միակ վսեմագույն, ինքնաբուխ պոռթկումն Աբրահամյանի կեսդարյա արարման ամենացայտուն արտահայտություններից հյուսված տեսագոբելենի ներգործությամբ բռնկվեց. «ԹՌՉՈՑ, ՍՏՐՏսՖ, ՉՌՉՈՑ!..»: Ի դեպ, թացն ու չորն այնպիսի ապաշնորհությամբ էին միախառնվել «ընտրակաթսայում», որ առավել խոժոռ էր թվում մեծադիր նկարից ընդհանուր մրցապատկերին, ասես, հառված հանրածանոթ խորաթափանց հայացքը Խորեն Աբրահամյանի։ Քանի որ «Իրատես de facto»-ի ընթերցողը ժամանակին մանրակրկիտ իրազեկվել է ամենամարտունակ մրցակիցների ստեղծագործություններին, միտումնավոր խուսափում եմ «պրոտոկոլային» մանրամասնումից։
Ռուսական թատրոնում Հաննա Հովհաննիսյան-Սլուցկու «Մոլագարը» պիեսի (բեմադրիչ` Ալեքսանդր Գրիգորյան) առաջնախաղի վառվռուն տպավորությամբ (Արման Ղազարյան-Տաթևիկ Մելքոնյան-Մանվել Խաչատրյան դերասանական լիարժեք եռամիասնությամբ) առանձնակի ցայտուն էին զուգահեռվում հեգնախառն հումորով մեկնաբանված դրամատուրգիական հորինվածքի ենթաշերտերում մերօրյա մրցանակափառքի հերթական զավեշտահանդեսի տրագիկոմիկական իրական խորքերը։
Հենց գարնանամուտի իրարամերժ թատերալիցքերի ծանր բեռից ազատագրվելու մղումով էլ արվեստասերներից շատերը վերստին, անկախ ակնկալիքներից, հայտնվեցին խելահեղ թատերամարաթոնի թեժ վազքուղում` ջանալով հոգեպարար նոր կենսալիցքեր կլանել «համատեղության կարգով»։ Նրանք, ովքեր լավատեղյակ էին «X»ախաղացանկին ու տխուր տպավորություններ ունեին ԱԹՍՄ նախաձեռնած այս փառատոնի հիմնական առաքելության («Մշակութային միասնություն, բանավեճի փառատոն») իրական պատկերներից (ինքս ենթադրում եմ ամբողջացնել ամենատևական այս թատերաշարից քաղածս տպավորություններն ապրիլի 28-ին հնչեցվելիք ավարտական ղողանջներից հետո), գերադասեցին հոգևոր սնունդ որոնել «Արմմոնո»-ի ծանոթ-անծանոթ 18 մասնակիցների մենախաղերում։ Անզիջում լավատեսությամբ գտան, անշուշտ, որոշակի գոտեպնդում, զանազան, բայց հազվադեպ զարմանազան ու լիափթիթ թատերաշողարձակումներ տարբեր բեմահարթակներում։
ԻՆՆԵՐՈՐԴԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ «ՈՉ ՈՔ»-Ը
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ «Արմմոնո» փառատոնի վարագույրի բացման պատվին արժանացած կինոյի և թատրոնի հանրաճանաչ դերասան Ֆիլիպ Հոխմայերի խոսքաշատ «Վերթերը» (բեմադրիչ` Նիկոլաս Շտեման), մեղմ ասած, հայ հանդիսատեսին չներկայացավ 14-ամյա իր աշխարհապտույտ հաջողության փայլով։ 1992-ից մենախաղի բավականաչափ փորձառություն (Օսկար ՈՒայլդի «Ինքնահավան հսկան», Կաֆկայի «Ամերիկան», Շիլլերի «Հանցագործը») ամբարած արտիստը, ով Վիեննայի ազգային թատրոնի պատվո պատկերասրահում ընդգրկվել է (2003-2009 թթ.) Տորկվատո Տասոյով, Դմիտրի Կարամազովով, Համլետով, Օրեստով ու Դոն Կառլոսով, հանճարեղ գերմանացու հայտնի գրական հերոսի տառապանքներով ամենևին չհուզեց դրանց բնօրինակից լավատեղյակ ԵՊՀԹ հանդիսատեսին։ Անըմբռնելի խոսքով սկիզբ առած խորթացմանը նպաստեց պրոյեկցիոն աճպարարություններին ակնհայտորեն տուրք տալը։ Լեզվական պատնեշով զգալիորեն երկարաձգվեցին ու նսեմացան ֆրանսիացի Ժան Պոլ Շին Տյուի խոհապատումը (Ալբեր Քամյու, «Առաջին մարդը»), հիասքանչ լեհուհի Գաբրիելա Մուսկալայի քրոջ` Մոնիկայի բեմականացրած 10-ամյա «Ճամփորդությունը դեպի Բուենոս Այրես» (բեմադրիչ` Միրիան Պոլտորանոս)։ Նկատելիորեն թուլացավ նաև հրաշալի հեքիաթասաց Հովարդ Ռիպի «Ջիմպել հիմարիկի» (Իսահակ Բաշևիս Սինգեր) տրագիկոմիկական համաչափ զարգացումը։ Ասենք, եգիպտուհի Սամաա Իբրահիմի հեղինակած «Կարմենի» (Բիզեի «Կարմենի» ներշնչանքով, մեր Սիրանույշին տարիներ առաջ ներկայացրած ՈՒկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովայի հնարքով) հայերեն կիսագրագետ ենթագրերի նյարդացունց «պարապտույտներից» կամ, ասենք, Մուսկալայի լեհերենին համադրված անգլերեն (՞) ենթագրերից գուցե նախընտրելի էր օտարալեզու մենախաղերի անըմբռնելի խոսքը. ծանրության կենտրոնն ընկնում էր դերասանի կատարողական ներուժի վրա։ Կարծում եմ, կազմակերպիչներն իրենք պիտի նախապես հոգ տանեին դերասան-հանդիսատես փոխըմբռնման հնարքների անխափանության մասին։ Լիակատար փոխշփման բացառիկ հնարավորությունը, անխոհեմաբար, ի չարս գործադրեց ՌԴ վաստակավոր արտիստ Յուրի Կրասկովը։ Սպառելով «Մոսկվայի տանը» հավաքված, ռուսական մշակույթի կարոտով լեցուն հանդիսատեսի համբերությունը պուշկինյան «Եվգենի Օնեգինի» երկարաշունչ ու միագիծ արտասանությամբ` նախորդ «Արմմոնո»-ում Գոգոլի Պոպրիշչինով («Խելագարի հիշատակարանը») տպավորված արտիստը ամենահամբերատար ներկաներին համակեց թատերաստուդիայի դիմորդի քննահանձնման տաղտուկով։ Գավառական գրական-երաժշտական պարզունակ միջոցառումների հնաբույրը մասամբ չեզոքացավ Չիչիկովի ու Խարմսի անհամեմատ կենսաթրթիռ մարմնավորումներով։ Իրազեկվեին «X»-ի շրջանակներում Գրետա Մեջլումյանի «Ծառերը» (ըստ Հրանտ Մաթևոսյանի) մենախաղին չհաղորդակցվածները, որ այն գրեթե միաժամանակ ներկայացվում է Սունդուկյանի անվան թատրոնում, անհամեմատ խորունկ թատերաբավականություն կստանային մեր վաստակավոր արտիստուհու վարպետ դերամարմնավորումից։ Անկախ բեմադրիչ Դավիթ Հակոբյանի նախընտրած վրիպական ձևաչափերից ու բազմիցս բեմավորված գրական հենքի հոգնեցուցիչ թատերաշահարկումից։
Անխամրելի էր վաղածանոթ լիտվուհի Բիրուտե Մարի բեմական հմայքը։ 20-րդ դարի լիտվական թատրոնի երևելիներից նրան ամենից հոգեհարազատ ՈՒնե Բաբիցկայտեի երբեմնի փառքը կենդանացնող հուշապատումը ուշիմ հայ թատերասերին կաթիլ առ կաթիլ ներարկվեց սեփական բարձր արժեքների պատշաճ հանրաճանաչման կարևորության գիտակցություն։ Բիրուտե Մարի կատարողական վարպետությամբ գերված հայ հանդիսատեսը նախանձով լցվեց իր հետ մի քանի լեզուներով անսայթաք, մտերմիկ երկխոսություն ծավալելու նրա բացառիկ ունակության հանդեպ։ «Երբևէ կտոնե՞նք գեթ մայրենիի լիահունչ գեղեցկության բեմահաղթանակը»,- մտածեց գլխիկոր` չհամարձակվելով երազել անգամ հայրենակիցների համարժեք թատերադրսևորումների մասին։
Իններորդ «Արմմոնո»-ի թատերագեղադիտակի հարահոս պատկերներում ամենացայտունն ու բարձրարվեստը, անկասկած, ռուս դերասանուհի ԻՐԻՆԱ ԵՎԴՈԿԻՄՈՎԱՅԻ «Ոչ ոք» մենաներկայացումն էր։ Նինա Բերբերովայի «Նվագակցողուհին» վիպակի հիման վրա Վլադիմիր Միխելսոնի բեմադրած մենախաղում մարդակերտման նրբահմուտ արտահայտչամիջոցներով վրձնեց ու ապրեցրեց բազմաշնորհ արտիստուհին ամենժամանակյա հարուստ շեշտադրումներով առաջին իսկ տեսարաններից հանդիսատեսին կլանած բեմապատումը: Կտրուկ կերպարանափոխությունների սահուն անցումներով լիավյուն վերապրեց նենգաբարո նվագակցողուհի Սոնեչկա (Տանեչկա) Անտոնովսկայայի ծննդենե խեղված անձնական կյանքը` մասնավորից գնալով դեպի համամարդկայինը: Եվ ոչ մի ակնթարթ թույլ չտվեց հանդիսասրահին դուրս գալ ինքնաստեղծ թատերամիջավայրում անճիգ ու վառվռուն կենդանացող կուռ ներկայացման հարաճուն հիպնոսից։ Իմաստային նրբերանգների երփնապնակն առավել գունեղացնելով հրաշալի երգարվեստով, հեզաճկուն պլաստիկայով, խոսուն դիմախաղով` Իրինա Եվդոկիմովան ոչ միայն տեսանելի դարձրեց վիպակի գլխավոր հերոսների առօրյան բազմաբարդ ժամանակների հենքի վրա, այլև շերտ առ շերտ բացահայտեց յուրաքանչյուրի ինքնությունը, ներթաքույց նկրտումներն ու երջանկության դիմակով սքողված անամոք դրաման։ Դասականության անանցողիկ, վեհ զգացողությամբ անկարկատան միավորելով մենախաղի բյուրեղամշակ բոլոր բաղկացուցիչները` ռուս արտիստուհին իր բազմամրցանակակիր ստեղծագործությունը փառատոնախաղացանկի իններորդ ալիքի ներուժով ներկայացրեց։
Մի քանի արտոնյալներին «Ռուսհամագործակցության» ընձեռած հնարավորությունից բաժին հասներ սկսնակ բեմադրիչ Գոռ Մարգարյանին, ըստ Մարսել Միտուայի «Նվագակցողը» պիեսի արված «Լյուսիեն Լյուկ» ոչ-մենաներկայացման մեջ շնորհառատ դերասան Նարեկ Ներսիսյանը, վստահաբար, առավել խորունկ գունեղությամբ կմեկնաբաներ ստվերում մնացող երաժշտի հանցածին հոգեխեղումը։
ՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՌԵԺԻՍՈՐԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՑԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ «ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ԲՈՒՅՆԸ»
Տարօրինակ կերպով, մինչև իսկ «Թատրոն-X»-ի ու «Արմմոնո»-ի միաժամանակյա ամենօրյա ապրիլյան ընթացքում, մայրաքաղաքային կյանքը չհագեցավ ցայտուն թատերաշիկացումներով։ Ենթադրվում էր, որ վերջինս ի զորու կլինի լրացնելու միջազգային փոխշփումների զգալի պակասը, համագործակցության նոր եզրեր կցուցանի թե՛ արտերկրից ժամանած մի շարք արվեստագետների, թե՛ համաշխարհային բեմի կարոտից տոչորվող բազում հայ թատերագործիչների համար։ ՀՀ-ում Գերմանիայի, Լեհաստանի, Եգիպտոսի դեսպանների մասնակի հետաքրքրությունը որքան կնպաստի միջպետական մշակութային կապերի ընդլայնմանը, դժվար է ասել։ Ապահովված լինելով կեցության պատշաճ պայմաններով` հյուրերը հիմնականում անմասն մնացին հայ արտիստների հետ մտերմիկ ստեղծագործական շփումներից, նրանց կատարողական ներուժի ու թատերանախասիրությունների մասին շատերը մոտավոր պատկերացում իսկ չկազմեցին։ Ոմանց նման ինքս էլ սեփական նախաձեռնությամբ փորձեցի լիովին բացահայտել մի քանիսի արտիստական հակումները, նկարագիրը, տարեգրությունը։ Ժամանակի սղության բերումով նախընտրեցի սևեռվել «Ոչ ոք» մենաներկայացման գլխավոր քրմուհու` Իրինա Եվդոկիմովայի և նրա հետ անձնական ու ստեղծագործական բույն հյուսող («ԸՐՑչվպջՊՏ») պետերբուրգցի ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի կինոթատերաերաժշտական ներկայիս գործունեության, գեղագիտական հավատամքի հստակեցման վրա։
Առաջին անգամ հայկական հողի վրա ոտք դրած արվեստագիտական ընտանիքի ստեղծագործական ներկան, կարծում եմ, համակողմանիորեն ուսանելի է ինքնարտահայտման կապանքումից բարդույթավորվող ու հակաստեղծագործական մղումներով սեփական ու գործընկերների կյանքը, ներաշխարհը թունավորող մեր «ներկուլիսային աստղերի» համար։ Միտումնավոր չեմ մանրամասնում «Արտիստական բույնի» կենսական ու ստեղծագործական նախահիմքը (www.artgnezdo.com կայքէջում ցանկացողները կարող են գտնել սպառիչ տեղեկատվություն)։ Էականն այս ստեղծագործական դաշինքի անմնացորդ հավատարմությունն է բարձր արվեստին ու արարչական տքնանքի գնահատման հաստատուն, չեղծված չափանիշներին։ Ռուսաստանյան լայնածիր ու խայտաբղետ մշակութատարածքը հեղեղած օրակյանք, ցածրարժեք գեղարվեստական զանգվածային հոգեսպանդին Եվդոկիմովա-Զլոբին «Արտիստական բույնը» ընդդիմանում է ճշմարիտ արվեստի հավատավորների համախոհությամբ, տարազգի դասականների գրական-երաժշտական գոհարների ներդաշնակմամբ ծնվող նորաշունչ նախագծերի իրականացմամբ։ Հուսանք, հոգու եկամտաբեր առևտրով չզբաղվող ինքնատիպ ու պրպտուն արվեստագետների արվեստանոցն էլ կգտնի մի նոր Մորոզով և կամրապնդի Ֆոմենկոյի ու Ժենովաչի թատերադպրոցների մարտունակությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ. -Երբ փոխադարձ անկեղծության տրամադրող մթնոլորտում նորահայտ ռուս բարեկամներիս «Արմմոնո»-ի խաղացանկում տեղ գտած 8 հայկական ներկայացումների դիտանկյունից ուրվագծեցի մեր արդի թատերաներուժի ընդհանուր պատկերը, պարզվեց, որ Ալեքսեյ Զլոբինը դիտարժան էր գտել Ռոբերտ Հակոբյանի «Ձեզ եմ դիմում...»-ը (ըստ Լ. Զ. Սուրմելյանի) և Վարպետի տուն-թանգարանում Արամ Հովհաննիսյանի ընթերցմամբ տպավորվել Սերգեյ Փարաջանովի «Արա Գեղեցիկ» կինոսցենարով: Ռեժիսորական խելահայաց «միջամտության» տևական դադարներով` ինքնանպատակ, պարզ ու անկարեկից երգասացությամբ մատուցված Էդիտ Պիաֆի անձնական դրամայի տպավորությամբ («Մարսել», բեմադրիչ` Հակոբ Ղազանչյան) նա, ըստ իս, հրաշալի լավատեսական եզրահանգում գտավ. «Մաղթում եմ բոլորին ինքնաբացահայտման նույնպիսի գործուն լծակներ, ինչպիսիք ունի ՀԹԳՄ նախագահի դուստրը»։

Դիտվել է՝ 2725

Մեկնաբանություններ