Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․

Ժամանակակիցները նրան կոչում էին ռուս Լեոնարդո դա Վինչի, մեր ժամանակների Պասկալ, դարի համր բարձրաքանդակ, սարսափելի ժամանակաշրջանի հանճար, նոր Լոմոնոսով․․․
20.04.2023 | 10:21

«Ճշգրիտ մաթեմատիկական մտածողությունն ինձ մոտ սապարովյան, հայկական արյան ժառանգությունն է»․ Հայր Պավել Ֆլորենսկի

Նրա մահով ավարտվեց արծաթե դարը․․․
1937 թվականի դեկտեմբերի 8-ին Լենինգրադի շրջակայքում գնդակահարվեց Սոլովեցկի ճամբարի 509 բանտարկյալ, որոնց շարքերում հոգևորականներ էին, գրողներ, դերասաններ, գիտնականներ, մանկավարժներ, պետական ծառայողներ, սպաներ, գյուղացիներ…
Նրանց թվում էր նաև 20-րդ դարի ռուս ականավոր մտածողներից մեկը՝ կրոնական փիլիսոփա, աստվածաբան, գիտնական, հանրագիտարանագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, ճարտարագետ, բանաստեղծ, քահանա Հայր Պավել Ֆլորենսկին:
Հայկական արմատներ ունեցող այս հանճարեղ մտավորականը ռուս ուղղափառ եկեղեցու պատմության, գաղափարախոսության, փիլիսոփայության պատմության զարգացման մեջ իր ուրույն տեղն ունի։ Նա այն եզակի մարդկանցից է, որը կարողացավ լավագույնս համատեղել իր քահանայության կոչումն ու գիտությունը՝ գործելով և իր անուրանալի ավանդը բերելով մաթեմատիկայի, աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի, բուսաբանության, կենսաբանության, փիլիսոփայության և փիլիսոփայության պատմության, արվեստաբանության, լեզվաբանության, էլեկտրատեխնիկայի բնագավառներում։ Լինելով ռուսական գեղանկարչության առաջնակարգ տեսաբան՝ հիմնեց «հակադարձ հեռանկարի» օրինաչափությունը, որի վրա հետագայում կառուցվեց պատկերագրությունը։
Նա լրջորեն սիրում էր պոեզիան․ ունի բազմաթիվ բանաստեղծություններ և մի քանի պոեմներ, որոնց վրա նկատելի ազդեցություն են ունեցել ռուսական ժողովրդական բանահյուսությունը, ժողովրդական չաստուշկաներն ու երգերը։ Նրա բանաստեղծություններից շատերը ձևով և բովանդակությամբ աղոթքներ են առ Աստված: Նրա միակ հրատարակված բանաստեղծությունների ժողովածուն, սակայն, «Հավերժական լազուրումն» է (1907)։ Մյուս՝ չհրապարակված բանաստեղծությունները պահվում են ընտանեկան արխիվում։ Ի դեպ, ինքն իրեն անվանում էր «միջնադարի ռոմանտիկ», և մեծ հաշվով իրավացի էր, քանզի անկեղծորեն սիրում էր կյանքը և հավատում գիտությանը։ Տիրապետում էր տասնյակից ավելի լեզուների, այդ թվում նաև՝ հայերենին։
Վաղ մանկությունից սիրում էր նաև լուսանկարչությամբ զբաղվել։ Թողել է հսկայական թվով պատմական լուսանկարներ, որոնք նա համարում էր հավերժության խորհրդանիշ։ Դրանցից մի քանիսը պահպանվել են մինչ օրս։
Հասկանալու համար նրա մեծությունը, բավական է նշել մի քանի աշխատություն․ «Ճշմարտության սյունը և հիմքը», «Մտքի ջրբաժանների մոտ» ժողովածուն և հատկապես՝ «Կոնկրետ մետաֆիզիկայի առանձնահատկությունները» ենթագլուխը, «Պաշտամունքի փիլիսոփայություն», «Իկոնոստաս», «Արվեստի պատմությունը և փիլիսոփայությունը», «Հին փիլիսոփայության պատմությունից», «Առաջին քայլերը փիլիսոփայության մեջ», «Երևակայությունները երկրաչափության մեջ», «Անուններ» և այլն։
Եվ թեև նրա գաղափարներն այդպես էլ չտարածվեցին հասարակության մեջ, քանի որ ստեղծագործական ողջ ժառանգությունը չհրապարակվեց, ակնհայտ է, որ Պավել Ֆլորենսկու փիլիսոփայական աշխատությունները ռուսական փիլիսոփայության պատմության այդ շրջանի լավագույն էջերից են, որը կոչվում է կրոնական և փիլիսոփայական վերածնունդ։
Այս ամենի հետ մեկտեղ՝ նրա կոչումը հոգևոր ասպարեզն էր։ Խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Բուլգակովն իր գրքում Ֆլորենսկու մասին գրել է. «Նրա անձի հոգևոր կենտրոնը, այն արևը, որով լուսավորվում էին նրա բոլոր շնորհները, նրա քահանայությունն էր»։
Եվ զարմանալի չէ, որ ժամանակակիցները նրան անվանել են «ռուս Լեոնարդո դա Վինչի» (փիլիսոփա Ն.0. Լոսկին), «մեր ժամանակների Պասկալ» (ռուս հայտնի փիլիսոփա, գրական քննադատ և հրապարակախոս Վասիլիյ Ռոզանով), «Դարի համր բարձրաքանդակ» (հայտնի սիմվոլիստ Անդրեյ Բելի), «սարսափելի ժամանակաշրջանի հանճար», նոր Լոմոնոսով և այլն:
Պավել Ալեքսանդրի Ֆլորենսկին ծնվել է 1882 թվականի հունվարի 9-ին Հյուսիսային Արցախի Գանձակի նահանգում (այն ժամանակ՝ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Եվլախ տեղամասում)։
Նրա հայրը՝ Ալեքսանդր Իվանի Ֆլորենսկին (30.09.1850-22.01.1908), ռազմական բժշկի որդի էր։ Ծագում էր Կոստրոմայի քահանայական տոհմից։ Պապը, որը քահանայի զավակ էր, փայլուն ավարտելով ճեմարանը՝ ուղարկվել էր ակադեմիա` ուսումը շարունակելու։ Բայց ուսման կեսից լքել էր ակադեմիան և որոշել էր դառնալ բժիշկ՝ այդպիսով կորցնելով կապը եկեղեցու, կրոնական կյանքի հետ։ Ֆլորենսկին, իր տոհմածառի վերաբերյալ տարբեր տեղկություններ հավաքելիս երբ բացահայտել էր այս փաստը, եկել էր այն խորը համոզման, որ քահանայությունից այդ հրաժարումը ճակատագրական էր եղել իրենց ցեղի համար, և պապի բոլոր ահավոր անհաջողությունների պատճառը կապում էր այդ հրաժարման հետ։ 1910 թ-ի մայիսի 28-ին այդ մասին նա գրում է փիլիսոփա և հրապարակախոս Վ. Ռոզանովին. «Դառը ճակատագիր է կախված մեր ցեղի վրա։․․․մինչև մենք չվերադառնանք քահանայություն, Աստված կքանդի մեր լավագույն փորձերը»։ Հայրը եղել է գլխավոր ինժեներ (սովորել է Սանկտ-Պետերբուրգի երկաթուղային ինժեներների ինստիտուտում), հետագայում իսկական պետական խորհրդականի կոչումով՝ կապի կովկասյան շրջանի ղեկավարի տեղակալ, և ջանասիրաբար ծառայության համար պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավ II և III աստիճանի շքանշաններով։
Ֆլորենսկու մայրը՝ Օլգա Պավլովնա Սապարովան (25.03.1859-1951), թիֆլիսաբնակ հայուհի էր՝ Թիֆլիսի մեծահարուստ Պավել Սապարյանցի դուստրը։ Նա հոր կողմից սերում էր Մելիք-Բեգլարյանների՝ Գյուլիստանի (Արցախ) բեկերի իշխող տոհմից, իսկ մոր կողմից՝ Պաատաշվիլիի վրացական նշանավոր ընտանիքից։ Օլգայի իսկական անունը Սողոմե (Սալոմե) Սապարյանց էր, բայց այդ ժամանակ ցարական Ռուսաստանի տարածքում հայության մեջ ընդունված էր վերցնել երկրորդ՝ ռուսական անուն, քանզի այդպես ավելի հեշտ էր ինտեգրվել։ Նա Սանկտ Պետերբուրգում ուսումնառության տարիներին ծանոթանում է (1878 թ․) Ալեքսանդր Ֆլորենսկու հետ և ամուսնանում (1880 թ․) հակառակ հոր կամքին (ամուսնության ժամանակ հայրն արդեն մահացել էր), բայց ի նշան հոր հանդեպ սիրո և նվիրվածության՝ անդրանիկ զավակի անունը դնում է նրա անունով՝ Պավել։ Այդ ժամանակ Ա. Ի. Ֆլորենսկին կառուցում էր Անդրկովկասյան երկաթուղու մի հատվածը, և ամբողջ ընտանիքը ապրում էր ապագա Եվլախ կայարանի գորգերով ծածկված բեռնատար վագոններում։
Օլգայի հայրը՝ Պավել Գերասիմովիչ Սապարովը (1820–1878), խոշոր հողատեր էր, շատ ազդեցիկ անձնավորություն Թիֆլիսում, ուներ զգալի կարողություն, այդ թվում՝ «մետաքսի գործարան և ասֆալտի հանքավայրեր»։ Ֆլորենսկին նրա մասին գրում է, որ վերջինս Կովկասի առաջին մեծահարուստներից մեկն էր, գեղեցիկի, ճոխության և նորաձևության սիրահար, որն իր տանը հյուրընկալում էր Վրաստան այցելող գրեթե բոլոր ակնավոր գործիչներին և մեծահարուստներին։ Նրանց միջոցով առևտրական կապեր էր հաստատում ու պատվիրում աշխարհի տարբեր ծայրերից իրեն դուր եկած նորաձև իրերը և, ընդհանրապես, շատ ցոփ ու անհոգ կյանք էր վարում։ Պարսկաստանից քարավաններով բերում էր մետաքսի հումք և բուրդ ու արտահանում արդեն բարձրորակ ֆրանսիական արտադրության պատրաստի կտորեղեն։ Աշխատանքի բերումով Պավել Գերասիմովիչն անընդհատ այցելում էր Ֆրանսիա, որտեղից Լիոնի մետաքսի հետ միասին տուն է բերում տուբերկուլյոզը, ինչը դառնում է Սապարովների ընտանիքի պատուհասը. ընտանիքի շատ անդամներ մահանում են այս հիվանդությունից: Ընտանիքին սակայն այլ դժբախտություններ էլ են հետևում․ հրդեհվում է Պավել Սապարովի գործարանը՝ նպաստելով նրա սնանկացմանը և դառնալով նրա վաղաժամ մահվան պատճառ։
Այնպես որ Պավել Ֆլորենսկին ծնվել է մորական պապի մահից հետո ու, ցավոք, ապահով մանկություն չի ունեցել։ Այդուհանդերձ ժամանակակիցները, նրան բնութագրելիս, շեշտում էին յուրահատուկ արիստոկրատիզմը նրա բնավորության մեջ։
Այնուամենայնիվ, սիրող ծնողների ջանքերի շնորհիվ նրա մանկությունը հարաբերականորեն անհոգ է եղել՝ հագեցած վառ տպավորություններով։ Մեծացել է համերաշխ և ներդաշնակ ընտանիքում՝ շրջապատված մեծերի ուշադրությամբ, ուր հաջողություններն արժանանում էին հատուկ քաջալերանքի։ Ի դեպ, երբ Օլգան որոշել է ամուսնանալ այլազգու հետ, հայրն իր օրհնությունը չի տվել այդ ամուսնությանը, ինչն էլ դարձել է ընտանեկան կոնֆլիկտի պատճառ, և Օլգան մեկուսացել է ընտանիքից։ Այդ պատճառով Օլգա Պավլովնան չէր սիրում խոսել իր ընտանիքի մասին, դա արգելված թեմա էր։ «Մայրիկն իրեն կտրված էր զգում իր արմատներից...»,- գրում է Ֆլորենսկին իր հուշերում։ Նրբանկատությունից ելնելով, որպեսզի չվիրավորի կնոջ զգացմունքները, Պավել Ֆլորենսկու հայրը նույնպես քիչ էր խոսում իր ընտանիքի մասին։ «Մենք՝ երեխաներս, հազիվ գիտեինք մեր ընտանիքի անցյալը, էլ չասած մեր արմատների մասին... Ես մեծացել եմ առանց անցյալի»։ Ֆլորենսկին իր գիտակցական կյանքի ընթացքում լրացնում է սերունդների այս բացը՝ հավաքելով ամեն ինչ, մինչև ամենափոքր մանրամասներ իր ընտանիքի մասին:
Ֆլորենսկին մեծագույն ակնածանքով էր խոսում մոր, ինչպես նաև քեռու՝ Արշակի մասին։ նամակներում նա հաճախ է գրում մոր մասին (մորը հասցեագրված նամակներ են պահպանվել նաև աքսորավայրից)․ «Մայրիկիս մեջ ես սիրեցի բնությունը, կամ բնության մեջ՝ մայրիկիս: Գիտակցությանս առաջին իսկ օրերից նա ինձ թվում էր մի առանձնահատուկ էակ, ասես բնության կենդանի երևույթ՝ սնող, ծնող, հոգատար և միևնույն ժամանակ հեռավոր, անհասանելի․․․»։
Քեռու մասին նա գրում է․ «Միայն Արշակ անվան հնչյունները դրդեցին ինձ, որ ես խորագույնս ուսումնասիրեմ Հայոց պատմությունը»։
Նրա մանկությունը նախ անցել է Թիֆլիսում և Բաթումում, որտեղ հայրը կառուցում էր ռազմական Բաթում-Ախալցիխ ճանապարհը, հետո նորից Թիֆլիսում՝ գրեթե բացառապես հայկական միջավայրում՝ շրջապատված մորական հարազատներով և հայ ընտանիքի ընկերներով։ «Մեր ընտանիքը փակ աշխարհ էր՝ բաղկացած հայրիկից, մայրիկից, հորաքույր Օլյայից, մորաքույրներից և մեզանից՝ երեխաներիցս»։ Ֆլորենսկին բացարձակապես համոզված էր, որ իր անհատականության և փիլիսոփայական հայացքների ձևավորման գործում որոշիչ դեր են խաղացել հայկական արմատներն ու հայկական միջավայրը, տպավորությունները Կովկասի աննկարագրելի բնությունից։
Ի դեպ մորից ժառանգած թուխ մաշկի, մեծ քթի և երկար գանգուր մազերի պատճառով նրան հաճախ անվանում էին «нос в кудряшках»։ Նա փոքր հասակ ու փխրուն կազմվածք ուներ, խոսում էր բավականին հանգիստ և ընդհանրապես վանականին վայել պահվածք ուներ։
Իսկ ովքեր էին Ֆլորենսկու ակնածանքի աղբյուր Սապարովները։
Սապարովները ղարաբաղյան ծագում ունեին, սերում էին Մելիք-Բեգլարյանների (Մելիք-Բեգլյարովներ) նշանավոր մելիքական տոհմից, որի շառավիղները 16-րդ դարում Ղարաբաղում ժանտախտի բռնկման պատճառով իրենց գյուղացիների հետ տեղափոխվել էին Թիֆլիսի նահանգի Բոլնիս գյուղ՝ թաքցնելով իրենց գանձերը, ողջ ունեցվածքն ու թղթերը քարայրում՝ Ելիզավետպոլի նահանգի վերին հոսանքում։ Ի դեպ «Մելիք-Բեգլյարովների հիմնական տոհմաբանությունը գրանցված է 9-րդ դարի Տոլիշինսկու ավետարանում, առաջին թերթիկների վրա։ Այս ավետարանը երկար տարիներ պահվել է ընտանեկան եկեղեցում՝ Խրեկ լեռան վրա, որտեղ մինչ օրս կանգուն են նրանց ամրոցի ավերակները, սակայն հետագայում գողացել է մի գյուղացի ընտանիք և վաճառել ուխտավորներին։
Ժանտախտն ավարտվելուց հետո գրեթե բոլոր Մելիք-Բեգլյարովները վերադառնում են Ղարաբաղ, սակայն որոշ ճյուղեր մնում են Վրաստանում, որոնցից մեկը Սապարովներն են։ Նրանց ազգանունը առաջացել է վրացերեն «վահան», «պաշտպանություն» բառից։ Մելիք-Բեգլյարովների այս ճյուղն այս մականունը ստացել է վրաց թագավորությանը մատուցած զինվորական ծառայության համար։ Ֆլորենսկին ուներ երկու եղբայր՝ Ալեքսանդրը և Անդրեյը, և չորս քույր՝ Յուլյան, Ելիզավետան, Օլգան և Ռաիսան։
1890-1899 թթ․ Ֆլորենսկին սովորում է Թիֆլիսի թիվ 2 դասական գիմնազիայում, ուր աչքի է ընկնում բարձր ընդունակություններով, աշխատասիրությամբ և տեխնիկական գիտությունների նկատմամբ խոր հակումով։ Սակայն գիմնազիան ոսկե մեդալով ավարտելիս հոգևոր ճգնաժամ է ապրում, երբ իր համար պարզում է տեխնիկական գիտությունների սահմանափակությունը։ Այս շրջանից առաջանում է հետաքրքրություն կրոնի հանդեպ։
Ծնողներին դժվարությամբ է հաջողվում համոզել նրան ստանալու համալսարանական կրթություն։ Եվ 1900 թվականին ընդունվում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին։ Համալսարանում ծանոթանում և մտերմանում է իր դասախոս Ն․ Բուգաևի (մոսկովյան մաթեմատիկական ընկերության հիմնադիրներից մեկը) որդու՝ Անդրեյ Բելիի հետ, իսկ նրա միջոցով նաև Վ․ Բրյուսովի, Կ․ Բալմոնտի, Դ․ Մերեժկովսկու, Զ․ Գիպիուսի և Ա․ Բլոկի։
ՈՒսանողական տարիներին տարվում է Վլադիմիր Սոլովյովի և վարդապետ Սերաֆիմի ուսմունքներով։ Այս տարիներին նա սկսում է ուսումնասիրել նաև արվեստի պատմություն և մասնակցում է փիլիսոփայական սեմինարների:
1904 թ․ փայլուն ավարտում է համալսարանը։ Եվ, հակառակ համալսարանում մնալու դասախոսների՝ Ն․Ժուկովսկու և Լ․Լախտինի առաջարկին, հակառակ ծնողների համր բողոքին՝ նա իր համար այլ ճանապարհ է ընտրում՝ ընդունվում է Մոսկվայի հոգևոր ակադեմիա։ Այդ միտքը նրան տալիս է եպիսկոպոս Անտոնիին (Ֆլորենսով), ում հովանու տակ գործնականում սովորում է աղոթքի և հնազանդության գիտությունը։ Նա երիտասարդական տաքարյունությամբ թախանձում էր եպիսկոպոսի օրհնանքը՝ ձեռնադրվելու կուսակրոն քահանա, սակայն փորձառու ծերունին խորհուրդ է տալիս նախ ավարտել Մոսկվայի հոգևոր ակադեմիան՝ հոգևոր կրթություն ստանալու համար։ Այսպիսով, Պավել Ալեքսանդրովիչը, Ֆլորենսովի օրհնությամբ, տեղափոխվում է Սերգիև Պոսադ և սեպտամբերի 4-ին ընդունվում հոգևոր ակադեմիա՝ երկար տարիներ իր կյանքը կապելով Երրորդություն-Սերգիուս Լավրայի հետ:
Պետք է նշել, որ ավելի քան երեք հարյուր տարի Մոսկվայի հոգևոր ակադեմիան, որը գտնվում էր Ռուսաստանի հոգևոր սրտում՝ Սերգիև Պոսադում՝ Երրորդություն-Սերգիուս Լավրայի պատերի մեջ, եղել է Ռուսաստանի ամենամեծ կրթական կենտրոնը և Մոսկվայի համալսարանի բնօրրանը։ Այն կրթել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր Մ.Վ. Լոմոնոսովին, մաթեմատիկոս Ջ.Ֆ. Մագնիտսկուն, բանաստեղծ և դիվանագետ Անտիոք Կանտեմիրին և ռուս նշանավոր շատ այլ գործիչների։ Այստեղ հիմնադիրի՝ Սուրբ Սերգիուս Ռադոնեժի ժամանակներից ի վեր համատեղվել են լավագույն եկեղեցական-աստվածաբանական և մշակութային-պատմական ավանդույթները, որի վրա դաստիարակվել է Ռուսաստանի մտավոր սերուցքը։ Ահա այս պատերի ներքո է կրթվել նաև ուղղափառ մտածող հայր Ֆլորենսկին։
Ի դեպ, քանի որ Պավելի ծնողները տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին և դավանանքով պատկանում էին տարբեր եկեղեցիների՝ ուղղափառ և հայ առաքելական, ապա նրանց ներքին լուռ համաձայնությամբ կրոնի մասին ընտանիքում չէր խոսվում։ «Մեծացել եմ կրոնական գաղափարներից լիակատար մեկուսացման մեջ՝ բոլորովին վայրի երեխայի պես,- հետագայում գրել է հայր Պավելը։ Ինձ երբեք եկեղեցի չեն տարել, ես ոչ մեկի հետ չեմ խոսել կրոնական թեմաներով, նույնիսկ չգիտեի, թե ինչպես էր պետք խաչակնքվել։ Բայց ծածուկ միշտ հետաքրքրվել եմ այդ ամենով»:
(շարունակելի)

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 19491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ