ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ

«ՓՅՈՒՆԻԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՕՐԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
02.12.2011 | 00:00

Արդեն 5-րդ տարին է, ինչ Ջավախքում տեղի է ունենում «Ոսկե ծիրան» փառատոնի ինքնատիպ շարունակությունը՝ հանդիպումների և ֆիլմերի ցուցադրության տեսքով։ Այս անգամ, ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների, ցուցադրվեցին հայ և վրացի ռեժիսորների կինոնկարները։
Կինոնկարների ցուցադրությանը նախորդեց հանդիսավոր մասը, որի ժամանակ «Ոսկե ծիրան» փառատոնի գործադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրեց ախալքալաքյան փառատոնային ծրագրի 5 տարում անցած ուղին, ընդգծելով, որ մշտապես գործող սրահը հնարավորություն է ստեղծում ֆիլմեր դիտելու տարին բոլոր։
Ջավախք եկած պատվիրակությունը ղեկավարում էր «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր նախագահ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը։
«Մենք ոչ միայն եկել ենք «Ոսկե ծիրան» փառատոնի սկիզբը հայտարարելու, այլև մեր օգնությունն ենք բերել կրթամշակութային հաստատություններին։ Երբ անցած տարի եկել էինք այս նույն փառատոնին մասնակցելու, տարածաշրջանի ղեկավարների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ դպրոցները կարիք ունեն լաբորատորիաների, երաժշտական գործիքների, վարժասարքերի, ինչը և այժմ բերել ենք մեզ հետ։ Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցխայի 11 դպրոցներ կունենան ժամանակակից դպրոցական լաբորատորիաներ»։
Այդ 11 դպրոցներում մեծ ուրախություն են ապրում բնագիտական առարկաների ուսուցիչները։ Լաբորատորիաները բազմանպատակ են և լիովին կարող են երեխային պատկերացումներ տալ ուսուցանվող առարկաների մասին։ Ընդ որում, երեք քաղաքներում լաբորատորիաներ տրվեցին բոլոր դպրոցներին` և՛ հայկական, և՛ ռուսական, և՛ վրացական։
Պատահական չէր, որ ամենուր ջերմությամբ, աղ ու հացով էին դիմավորում Երևանից եկած հյուրերին, անկախ նրանից, թե որտեղ էր հանդիպումը՝ Ախալցխայի վրացական դպրոցո՞ւմ, Նինոծմինդայի հայկականո՞ւմ, «ԱրամԱնի» կարի ֆաբրիկայո՞ւմ, թե՞ Հայոս և Քարթլոս հրապարակում։ Այս և նման հանդիպումները միշտ էլ սպասված են ջավախքցիների համար։ Ջերմ ու կոնկրետ էր վրացի ռեժիսոր Նինո Խատաշվիլու խոսքը. «Մեր բարեկամությունն իր նմանը չունեցող է, անխախտ։ Միշտ մեծ սիրով եմ մասնակցում երևանյան «Ոսկե ծիրանին»՝ այդ մեծ համարում և լայն ճանաչում ունեցող փառատոնին։ Բայց դրա կողքին այս ախաքալաքյան փառատոնը մի ինքնատիպ օազիս է, ուր հայ և վրացի արվեստագետները հնարավորություն ունեն իրենց աշխատանքները ներկայացնելու տեղի հանրությանը, քննարկելու, գնահատելու, ինչո՞ւ չէ` միմյանց խորհուրդներ տալու»։
«Ոսկե ծիրանի» ախալքալաքյան փառատոնի օրերը հնարավորություն են տալիս նաև ամենատարբեր շփումների։ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի համոզմամբ` կրթամշակութային շփումներն ավելի սերտ պետք է լինեն։ Այստեղ ապրողները միշտ կարոտ ունեն մայր հայրենիքի նկատմամբ և, չնայած, ինչպես իրենք են ասում, հեռուստատեսությունը հնարավորինս մոտեցնում է արվեստն ու մշակույթը, բայց ուրիշ է անմիջական շփումը։
«Այստեղ 600-տեղանոց հրաշալի մշակույթի պալատ կա,- ասում է Սերգո Երիցյանը,- գուցե գործն այնպես պետք է կազմակերպել, որ Հայաստանից արվեստի և մշակույթի գործիչներ, թատերախմբեր, համույթներ այստեղ գան։ Դա պետք է պարբերաբար անել, որ այստեղ երբեք չդադարի մշակութային կյանքը։ Նույնն էլ կրթականին և մյուս հոգևոր ոլորտներին է վերաբերում»։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ