ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
24.06.2011 | 00:00

Ոչ այնքան «խաչատրյանական» մտորումներ
Երբ 2009-ի նոյեմբերին կազմակերպվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շնորհանդեսը Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Պավել Կոգանի և երաժշտագետ Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ, հայաստանյան երաժշտասերներին պատկառանք ներշնչեց ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ԱՊՀ ՀՀՄՀ) գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանի ներկայացրած նոր մարտավարությունը։ Մրցույթի վարկանիշը համաշխարհային փառատոնացանցում բարձրացնելուն միտված ծրագրային բարեփոխումները միանգամայն իրատեսական թվացին ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի պատվավոր նախագահությամբ ձևավորված հոգաբարձուների խորհրդում 20-ից ավելի հայտնի երաժիշտների ու մեկենասների ներառմամբ։ Երբ հաճախացան ԱՊՀ ՀՀՄՀ գործադիր տնօրենի հայաստանյան այցելություններն ԱՊՀ տարածաշրջանում միջմշակութային երկխոսության զարգացմանն ի նպաստ նախաձեռնվող միջոցառումների շրջանակներում, կրկին բռնկվեցին ու շուտով էլ մարեցին Արմեն Սմբատյանին ՀՀ մշակույթի նախարար նշանակելու մասին խոսակցությունները։ Փոխարենը բազմաթիվ նոր առիթներ ներկայացան ԱՊՀ ՀՀՄՀ կառույցի ձևավորմանը համընթաց գործադիր տնօրենի որդու` Սերգեյի հաղթարշավը հոր ունեցած կապերով ու լծակներով հետևողականորեն խթանելու շուրջ։
Աշխարհահռչակ վարպետների շարունակական դասընթացներ, ԵՊԿ-ում ջութակահար-դիրիժոր կրկնակի մասնագիտացման կատարելագործում Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (2009-ին` արվեստագիտության թեկնածուի կոչում)։ 2005-ին ԵՊԿ սաներով կազմավորած Երիտասարդական երաժշտախմբին երկու տարի անց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախմբի, ապա պետականի կարգավիճակի շնորհում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի (2009 թ.) գեղարվեստական ղեկավարություն, 2010-ից` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համանախագահություն։ Եվ այլն։ ԱՊՀ ՀՀՄՀ անմիջական ջանադրությամբ Երևան հրավիրված Մաքսիմ Վենգերովի հետ Խաչատրյանի անվան հաջորդ մրցույթի (ջութակահարների և թավջութակահարների միջև) հանձնախմբում ընդգրկվելու շուրջ բանակցությունները հայտնի չէ, թե երկու տարի անց ինչ արդյունք կտան, բայց աշխարհահռչակ ջութակահար-դիրիժորի մեկշաբաթյա դասերը մինչ այժմ էլ կարոտով են հիշում կամերայինի պատանի երաժիշտները։
Երբ 24 դաշնակահարների ու 9 կոմպոզիտորների միջև տեղի ունեցած մրցույթի նախօրեին զրուցում էինք «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանի հետ, նա չթաքցրեց 2011-ի մրցութային մարտավարության` ԱՊՀ երիասարդությանը միավորելու առաջնահերթ ուղղվածությունը։ Տոհմական երաժիշտների ընտանեկան առաջընթացի «խոհանոցին» լավատեղյակ հայաստանյան արվեստակիցները հեգնախառն ժպիտով ընկալեցին ԱՊՀ ՀՀՄՀ-ի իրականացրած շուրջ 200 մերձեցնող միջոցառումների արդյունավետության եզրահանգումը. «Յուրաքանչյուր (՞) անձի տաղանդի դրսևորման համար ներդաշնակ պայմաններ պետք է ստեղծել անկախ ազգությունից և բնակության վայրից»։ Այս հավատամքը երերաց, երբ արվեստագետների սոցիալական անապահովությանը «չհամակերպվող» հասարակական-քաղաքական գործչին օրակարգային մի պարզ հարց ուղղվեց. «Մրցույթին մասնակցելու համար 100 եվրո են վճարել թե՛ հայաստանցիները, թե՛ արտասահմանցիները. արդյո՞ք նրանք հավասարապես վճարունակ են, ըստ Ձեզ»։ Անակնկալ այս և մյուս հարցադրումներին դիվանագիտական «տեսափիլիսոփայական» պատասխաններ տվեց արտակարգ և լիազոր դեսպան, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը։ ՀՀ նախագահի կողմից անցյալ տարի Քշիշտոֆ Պենդերեցկուն արված կոմպոզիտորական հանձնախումբը գլխավորելու առաջարկը շրջանցելուն` նույնպես։ «Սևաչերյանի» կոմպետենտությունը ի սկզբանե հերքեցին երաժիշտները, ովքեր հեռացել էին առանց տխրահռչակ համագումարին հաջորդած վարչության նիստի որպես ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ինքնահաստատումից հետո։ Երբ Արմեն Սմբատյանը պարզաբանեց մրցույթի փառատոնային հեռանկարը ամենքին պարզ դարձավ, որ մասնագիտական նշաձողն իջեցվելու է ի շահ քաղաքականության մշակույթի մարտունակության։ Եվ անէացավ երկամյա հավատն Արամ Խաչատրյանի անվան մրցույթի միջազգային հեղինակության բարձրացմանը, իբր, միտված նոր մարտավարության նկատմամբ։ Փոխարենն ահագնացավ ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների անհաղթահարելիության վտանգը։ ԽՍՀՄ փլուզումից հետո երբեմնի «եղբայրական» հանրապետությունների 20-ամյա տարանջատումը, փաստորեն, անհատակ մի անջրպետ է գոյացրել, որի թշնամացնող ներուժը նվազեցնելու անթաքույց մղումով երիտասարդական ուղղվածության բազմաթիվ կրթամշակութային թանկարժեք նախագծեր են կյանքի կոչվում։
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԿՈՆՑԵՐՏԻ ՉԻՆԱԿԱՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան) փողայիններով համալրված Երիտասարդական նվագախմբի կատարողական վարպետության զգալի աճը գրեթե միաձայն ընդունվեց «խաչատրյանական» մրցույթի մեկնարկային երեկոյի ունկնդիրների կողմից։ Այդուհանդերձ, անտրամաբանական թվաց, հենց վարկանիշային տեսակետից, թե ինչու բազմափորձ ֆիլհարմոնիկը չէր հռչակվել մրցույթի պաշտոնական նվագախումբ։ Դաշնակահարների մրցույթի գլխավոր հաղթաթուղթ դաշնամուրային կոնցերտի մատուցման չափանիշ դարձավ բազմամրցանակակիր դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բաբախանյանի առաջին կատարումը Արամ Խաչատրյանի (1903-1978 թթ.) ծննդյան օրն իսկ թափ առած հրապարակային մրցույթի հետագա ընթացքը գնահատելու համար։ 16-32 տարեկան 34 հայտատուներից 24-ի միջև 3 փուլով ծավալված մրցակցությանն անքթիթ հետևող ավագ սերնդի երաժշտագետների մեծամասնությունը համամիտ եղավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, հանրաճանաչ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի գլխավորած հանձնախմբի «վերջնագրերին»։ Հայաստանցի երիտասարդները, ինչպես նաև երաժշտասեր հանրության գերակշիռ մասը, անհերքելի համարելով գլխավոր հաղթող ճանաչված 25-ամյա Պենգ Ցաոյի (Չինաստան) կատարողական փայլուն տեխնիկան, «խաչատրյանական» ոգուն անհարիր գտավ չինական հոգեկերտվածքով ներծծված մեկնաբանությունը։ ԵՊԿ ուսումնական ծրագրում հաստատված, Դաշնամուրի և նվագախմբի համար Խաչատրյանի գրած (1936 թ.) կոնցերտի անհամար հայաշունչ կատարումներ լսած ԵՊԿ մի շարք դասախոսներ ու երաժշտական դպրոցների ուսուցիչներ հախուռն ընդդիմությամբ էին պաշտպանում չինական ելևէջներով նորովի գրավիչ դարձած մատուցման գերազանցությունը։ Եթե մրցույթը կոչված չլիներ Արամ Խաչատրյանի երաժշտարվեստի ուրույն դասականության նորահաստատմանը ծառայելուն, կարելի էր համաձայնել Պենգ Ցաոյով գայթակղվածների հետ։ Շատերը մտաբերեցին հասուն տարիքում երաժշտական կրկնակի կրթություն ստացած ու ստեղծագործական հզոր պոտենցիալը լիարժեք բացահայտած Արամ Խաչատրյանի երաժշտական մարտակոչը. «Ես հայ եմ և պիտի ստիպեմ, որ ամբողջ Եվրոպան լսի հայկական երաժշտությունը, սազն ու քամանչան»։ Եզրափակիչ ելույթում չինացի դաշնակահարը երաժշտասերներին անհամեմատ անխոցելի ներկայացավ Խաչատրյանի «Տոկատով» և, հատուկ մրցույթի համար Սուրեն Զաքարյանի գրած, խաչատրյանական պարերի ներդաշնակ խճանկար «Հումորեսկով»։ Ովքեր անցյալ տարի Երևանում կայացած Դելփյան խաղերի առաջին մրցանակակիր 16-ամյա Ժորա Սարգսյանի վիրտուոզ կատարումներին հաղորդակցվելու առիթներ էին ունեցել, Արամ Խաչատրյանի անվան 7-րդ մրցույթի հայտնությունը համարեցին տաղանդավոր պատանուն, ով 2-րդ մրցանակը կիսեց 7 տարի Գերմանիայում հաստատված ու հեղինակավոր սրահներում հանդես եկող Լիլիթ Գրիգորյանի հետ։ «Հանդիսատեսի համակրանքն», իրոք, նա էր վաստակել։
Թե որքանով էին տարբերվում ստեղծագործական միակ մրցանակը կիսած Ալեքսանդր Իրադյանի (Հայաստան) և Տիխոն Խրեննիկովի (ՌԴ) մրցույթային երաժշտակտավները մյուս յոթի ներկայացրածներից, կարելի կլինի պարզել, եթե կազմակերպիչներն իրենց խոստման համաձայն շուտով դրանց հրապարակային կատարումն իրագործեն։ Արվեստի որակական մրցութային նախապայմանը` «տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 15 րոպե և ոչ ավելի, քան 40 րոպե», արդեն հակաստեղծագործական է։ Երբ մրցույթի վերջին օրը Երևան ժամանած ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ, հանձնախմբում ներգրավված բեղուն կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Վլադիսլավ Կազենինին հայտնեցինք մեր ոչ այնքան «խաչատրյանական» նկատառումները, նա հնարամտորեն խուսանավեց տոնական մթնոլորտը մթագնելուց։ Հյուրերի հավաքական գնահատությամբ, արդի հայ երաժշտարվեստի առկա ներուժն իսկապես հզոր է, մնում է նորահայտ բոլոր շնորհալիներին գործնականում կայացման հավասար լծակներ ապահովել։ Որևէ մեկը չժխտեց, սակայն, որ մրցույթ-փառատոները շատ կարևոր են քաղաքականության մշակույթի զարգացման համար։ Մեր մտորումներին իր համակարծությունը չթաքցրեց երկրորդ անգամ մրցութային հանձնաժողովի մեջ ընդգրկված հայտնի դաշնակահար, Ղազախստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր, ՂՀ ժողովրդական արտիստ Ժանիա Աուբակիրովան։
Իր ծավալներով ու մրցակցական բարձրարվեստ պահանջներով նույն օրը Մոսկվայում մեկնարկած Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, որին մասնակցում է մեր շնորհառատ ջութակահար Նարեկ Հախնազարյանը, վարկանիշային-փառատոնային խնդիրներ լուծելու կարիք չունի։ Համաշխարհային հեղինակության նորահաստատման մունջ վկայությունը մեծահամբավ բոլոր երաժիշների մեկտեղվածությունն է նրա տիրույթում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ