ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՄԱՐԱԹՈՆԻ ՎԱԶՔՈՒՂՈՒՄ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՄԱՐԱԹՈՆԻ ՎԱԶՔՈՒՂՈՒՄ
16.10.2009 | 00:00

Ոչ մի կերպ հնարավոր չի լինում արդի մշակութային կյանքի խառնապղտոր, տարերահորդ հորձանքի գեթ մասնակի հստակեցումը։ Բազմաբնույթ ավանդական դարձած ու նորահնար միջոցառումների նախաձեռնողների միջև այդպես էլ չի կայացվում պարզագույն փոխհամաձայնեցումը դրանց ընթացակարգի։ Բնականոն դարձած տարեվերջյան կուտակումներից լրագրական տրտունջները, անարձագանք մնալով խուռներամ համակարգողների անապատում, որևէ դրական տեղաշարժի չեն հանգեցնում։ Այս պարագայում հանիրավի է մեղադրել ԶԼՄ-ներին այս կամ այն մշակութային (կամ նման հավակնություն ունեցող) իրադարձության կցկտուր հանրաճանաչման, թերարժևորման մեջ։ Գուցե ոմանց ձեռնտո՞ւ է առկա մշակութաքաոսի անկառավարելիությունը։ Պատրանք է ստեղծվում ստեղծագործական առօրյայի գերհագեցվածության (նաև՝ ընդհանուր կենսամակարդակի «անշեղ» բարձրացման). ինչով՝ կարևոր չէ, առաջնայինն արտաքին տպավորության տեսլապատկերի հարատևության պահպանումն է։ Այս տեսակետից Գինեսի գրքում գրանցվելու արժանավորությունն է վերստին հավաստում 2009-ի մշակութային աշունը՝ մարաթոնյան վազքուղում գրեթե միաժամանակ հայտնված 9 միջազգային փառատոներով, միջպետական նշանակության միջոցառումների երկար շարանով և մշակութային առօրյայի հարաճուն աշխուժացմամբ։
ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Տիկնիկային թատրոնների IV միջազգային «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի (5-11-ը սեպտեմբերի) 20 թատերախմբերի («Ավիլիս» - Լիտվա, «Ֆրեյեր» - Սլովենիա, վիրահայոց՝ 2, ՀՀ մարզերի՝ 8, Երևանի՝ 6 և Շուշիի) կազմած խաղացանկից գերազանցապես դսեղցիների ստացած տպավորությունները «նստվածք են տալիս» միայն Լոռվա սարերում։ UNIMA-ARMENIA-ի (նախագահ՝ Արմեն Սաֆարյան) մտահղացած մասնագիտական դասընթացում Գյուլա ՈՒրբանից (Հունգարիա), Ռոբերտ ՈՒոլթլից (Սլովենիա), Լուսինե Սարգսյանից (Հայաստան) և Էդի Մաջարոնից (Սլովենիա) քաղած վարպետության դասերը՝ նույնպես։
Հուլիսի 30-ից մինչ սեպտեմբերի 29-ը ձգվող երաժշտական բացօթյա փառատոնին (նախագահ՝ Արամ Ղարաբեկյան) համընթաց, հանրահայտ ալտահար Քիմ Քաշքաշյանի մենակատարությամբ, սեպտեմբերի 11-ին առաջին համերգն է հնչեցնում Երևանյան երրորդ միջազգայինը (հիմնադիրներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան)։ Նույն օրը խաղարկվում է Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի (նախագահ՝ Հակոբ Ղազանչյան) չորրորդ՝ «...և օրինավոր բանտ» ներկայացումը («Համլետ»-ի ղազանչյանական ևս մեկ հապճեպ «սղագրված» թատերաընթերցում, այս անգամ՝ ամանորյա հանդիսախաղի հանգույն)։ «Վահրամ Փափազյան» (1888-1968 թթ.) անվանակոչմամբ (աշխարհում նախադեպը չունեցող) երկակի անուն ստացած այս թատերաշարում 2 հնչեղ անուններ կային՝ Ալեքսանդր Կալյագին (ՌԴ) և Իրինա Բրուկ (Ֆրանսիա)։
«Խաղացանկում երկուական մեծ (մոսկովյան «Et cetera» թատրոնի «Շեյլոկ» և ֆրանսիացիների՝ «Երազին սպասելիս») և մոնո (Մարիամ Ղազանչյանի «Ջուլիետ»-ը՝ Կարապետ Բալյանի և Արամ Հովհաննիսյանի «Համլետ»-ը՝ Հրաչյա Ղազարյանի բեմադրությամբ) հաջողված ներկայացում ունենալն արդեն խոշոր ձեռքբերում է մեր օրերում,- եզրակացրեց Շեքսպիրյանի գեղարվեստական ղեկավար, լեհ ականավոր շեքսպիրագետ ԱՆՋԵՅ ԺՈՒՐՈՎՍԿԻՆ ավարտական «Ինչ-որ տեղ Լամանչում» (ըստ Սերվանտեսի «Դոն Քիշոտ»-ի) ֆրանսիական ներկայացումից առաջ։- Ընտրությունը դժվարանում է համաշխարհային փառատոնացանցում։ Միաժամանակ՝ հանդիսատեսին հրապուրելն ու զարմացնելը կենդանի թատերարվեստով»։ Լիակատար ձախողումից փրկելով շեքսպիրյան տեսագրությունների (մեղմ ասած՝ անփույթ կրկնօրինակված) մեկշաբաթյա ցուցադրության իրագործումը՝ իր «էսպերանտո» ռուսերենով 3-5 հետաքրքրվածներին առանց թարգմանչի տեսանյութի մեկնաբանությունները մի կերպ հասկացնող Ժուրովսկուց ավելի տրտմում եմ կազմակերպիչների կողմից անգամ հարակից այս ծրագրի մոռացվածության արտառոց փաստից։ Մամլո խոսնակ Վլադ Մուրադյանի ջանասիրությամբ՝ ԶԼՄ-ների հավատարմագրված լրագրողները բազմիցս անդրադարձան փառատոնի խաղարկային բովանդակությանը՝ բարյացակամորեն անտեսելով նաև Վահրամ Փափազյանին գեթ արտերկրի մասնակիցների համար հանրահռչակող որևէ միջոցառման բացակայությունը (միակ պատշաճ հիշատակողը ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը եղավ, երբ Ֆրանսիայի դեսպանատանը Իրինա Բրուկին հանձնում էր նախարարության ոսկե մեդալ՝ ի նշան երախտագիտության հայկական ցեղասպանությանն առնչվող Կոլինոսկու «Հրեշը լուսնի վրա» հնգակի «Մոլիեր»-ակիր բեմադրության համար)։
Համակողմանի եռանդով ՀԹԳՄ մեծամասնության համակրանքին արժանացած Հակոբ Ղազանչյանը, կարծում եմ, նվիրյալների ներգրավմամբ յուրայինների նեղլիկ թիմում, կկարողանա ընդօրինակելի դարձնել ոչ միայն իր հիմնադրած փառատոնը, այլև ՀԹԳՄ մյուս բոլոր կարևոր նախաձեռնություններն ի նպաստ ստեղծագործական մթնոլորտի առողջացման, ՀԹԳՄ համքարական կորսված հեղինակության բարձրացման։
Շեքսպիրյանի ընթացքում (7-21-ը սեպտեմբերի) լիովին ներգրավված՝ անհաղորդ եմ մնում մայրաքաղաքային ու մարզային 20 տարբեր միջոցառումներով ձևավորված «Եվրոպական ժառանգության օրեր»-ի (19-20-ը սեպտեմբերի) բովանդակությանն ու համարժեքությանը «Ծիր կաթին» խորագրին։
Հայաստանում առաջին անգամ անցկացված Ինտերակտիվ արվեստի միջազգային փառատոնը (նախագահ՝ Հայկ Սեկոյան) պայմանականորեն միայն կարելի է թատերական համարել։ Հայաստանում 2006-ին Բրիտանական խորհրդի իրականացրած «Ֆորում թատրոն» նախագծի արդյունքում ստեղծված «Փոփոխությունների» թատրոնի «Պատվի կանոններով» և «Բաց ծովի փակուղում», թուրքական «Դար-Ալան» («Ընկճվածը»), վրացական «Տնակը ընդհանուր կովկասյան բակում» աշխատանքներն էականորեն տարբերվում են «թատրոն» երևույթի մասին մեր ունեցած պատկերացումներից։ Արված լինելով անցյալ դարի 60-ականներին բրազիլացի ռեժիսոր ու քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի մշակած «ինտերակտիվ ֆորումի» («Ճնշվածների թատրոնի» հիմնական ճյուղը) մեթոդով՝ դրանք մի գլխավոր նպատակ են հետապնդում՝ խթանել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հասարակական խնդիրների ոչ ֆորմալ (թատերայնացված) քննարկումներին։ Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի սյուժետային կմախքով ներկայացված «Պատվի կանոններով» գործում, օրինակ, հանդիսասրահից որևէ լրջմիտ առաջարկ չեղավ հերոսների փոխհարաբերությունների օպտիմալ վերակառուցման։ Գուցե այդ նկատառումով էլ վրացական խումբը հայ, ադրբեջանցի ու վրացի ընտանիքների միևնույն բակում խաղաղ գոյակցելու շուրջ իր արծարծած թեմայի «թատերաքննարկումը» չտեղափոխեց հանդիսասրահ։ ՈՒսումնադաստիարակչական բոալյան այս հնարքը մեզանում նպաստավոր կարող է լինել հասարակական կյանքի բարեփոխմանը, եթե հանդիսատեսի հետ որոշակի նախապատրաստական աշխատանք տարվի։
Մշակութամարաթոնի խելահեղ վազքուղում ցիրուցան գործընկերներիցս ոմանց նման հազիվ հասցնում եմ մասնակի պատկերացում կազմել «Ռուսական օրեր»-ից, իրարահաջորդ գեղանկարչական ցուցահանդեսներից, համերգներից, թատերական ներկայացումներից, Ազգային կինոկենտրոնի ֆիլմաշնորհանդեսներից։ Անհնար է երեկոյան նույն ժամին ներկա գտնվել միաժամանակյա իրականացմանը տարաբնույթ միջոցառումների, առավել ևս՝ մասնագիտական խղճի մտոք իրազեկել հանրությանը դրանց իրական արժեքավորության մասին։
Փառատոնային իրարանցումը թեժանում է «Վերադարձի» երաժշտականին, «Ես եմ» և անիմացիոն ֆիլմերի առաջին կինոփառատոներին սերտաճած ամենախոշորով՝ «Հայ ֆեստ»-ով։ Նախորդ վեցից քաջատեղյակ լինելով կատարողական արվեստների համաշխարհային արդի միտումներից որոշակի գաղափար տվող վերջինի ընդգրկման մասշտաբներին՝ գերադասում եմ լիովին հաղորդակցվել «ֆեստ»-ային ութօրյա գործունեությանը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԱՑՔ «ՖԵՍՏ»-ԱՋԱՀԻ ՀԵՏԱԳԾԻՆ
«Արքան և խեղկատակը երկմիասնություն են կազմում կյանքի թատերախաղում» խորհրդանշական խաղաքարտով անցավ 2006-ից ԱՊՀ տարածաշրջանում (բացառությամբ՝ Մոսկվայի) գլխավոր թատերական փառատոնը ճանաչված «Հայ ֆեստ-2009»-ը։ Արտերկրից ու Հայաստանից 17-ական թատերախմբեր մայրաքաղաքի տասնյակ բեմահարթակներում ցուցադրեցին փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի նախապես ընտրած երեսունից ավելի տարաժանր ներկայացումներ հիմնական ու հարակից (fringe) ծրագրերի շրջանակներում։ Շոն Ռունին (ԱՄՆ, Կանադա), «Trickster» (Շվեյցարիա) և «Անա Մոնրո» (Սլովենիա) թատրոնները Շարլ Ազնավուրի անվան հրապարակը դարձրեցին բացօթյա հանդիսավայր՝ «Փուչիկստան-2», «Հսկաների ռապսոդիա», «Ոսկե ավանակը» ժամանցախաղերի քանիցս ներկայացմամբ։ Ղազախական հանրածանոթ «Արտ և Շոկը» «Թռչուններ» իմպրովիզով վարպետության հանպատրաստից «ինտերակտիվ» դաս տվեց Կիրովի անվան զբոսայգում հավաքված գիշերային հանդիսատեսին։ Բացօթյա հանդիսախաղերից վերջինը՝ Կախա Բակուրաձեի շարժման թատրոնի (Վրաստան) «Կրակե շոուն», ցավոք, տեխնիկական պատճառներով չհասցրեց վարակել «ֆեստ»-ասերներին երաժշտությամբ ու պարերով մտահղացված զգայացունց կրկեսային ատրակցիոնի ողջ ենթադրյալ կախարդանքով։
Վերջին տարիներին փառատոնացույցի հարուստ փորձառությամբ «փառատոնային մշակույթի» «արհեստավարժ հանդիսատեսը» դարձած թատերասերներն ութ օր անընդմեջ առանց հոգնության դեգերում էին՝ երևանյան «ֆեստ»-ահարթակներում առաջին ներկայացման՝ բուլղարական «Կրեդո» թատրոնի գոգոլյան «Շինել»-ի թողած վառվռուն տպավորությունը բազմապատկելու ակնկալությամբ։ «Le Bouchon» ռեստորանում հաստատված «ֆեստ»-ակումբում մինչ ուշ գիշեր ճշգրտում, լրացնում էին յուրաքանչյուր օրվա խաղացանկից հնարավորինս քաղած կենդանի թատերալիցքերը։ Նինա Դիմիտրովա-Վասիլ Վասիլև-Զուեկ զուգախաղով վերահաստատվել էր բազմամրցանակակիր խորիմաստ թատերագրավչությունը միջազգային 150 փառատոներում 17 տարի 9 լեզուներով նույն հաջողությամբ ներկայացվող «կրեդոյական» «Շինել»-ի։ Եվ միանգամայն իրատեսական դարձրել հույսը հաջորդ օրերին խաղարկվող, չորսից իննի հասցված թվաքանակում դիտարժան նոր թատերախաղեր գտնելու։ Ավաղ, նորահաստատում չունեցան խնամքով գովազդված մյուս հյուրերը։ Նույնիսկ աշխարհահռչակ Ֆիլիպ Ժանտիի փարիզյան 42-ամյա հանրաճանաչ թատերաընկերության փառաբանված «Զիգմունդ Ֆոլի» մատնատիկնիկային շոուն։ Գուցե արագախոսությամբ ու մոտավոր թարգմանությամբ ֆրանսերեն բառախաղերի ենթիմաստին հիմնականում անհաղորդ մնալն էր պատճառը մարդ արարածի ներքին «ես»-երի անհաշտության շուրջ հյուսված աբսուրդահենք խոսքառատ պատմության թերընկալման։ Տիկնիկայինի լեփ-լեցուն հանդիսասրահում գլխավոր հետաքրքրությունը դերասաններ Էրիկ դը Սարիայի ու Ֆիլիպ Ռիշարի մատնավարժանքով գործողության մեջ մտնող 25 մանրակերտ պերսոնաժների ընդհանուր վարքագծին անքթիթ հետևելն էր։ Ներկայացման հազար կիլոգրամանոց կառույցով ստեղծված միջավայրի տեխնիկական ինչ-ինչ հնարամտություններով զմայլվելը։ Արդյունքում՝ 1983-ին ստեղծված ու 2000-ին երկրորդ ծնունդ ապրած, մոտ 500 անգամ խաղարկված «Զիգմունդ Ֆոլիի» երկարակեցության ֆենոմենը թերահավատորեն ընդունվեց շատերիս կողմից։
Առանձնապես չհրապուրվելով «մնջախաղի բարձրակարգ դերասանուհի» որակված Աննա Վլասովի (Իսրայել) «Եվ Աստված ստեղծեց կնոջը» բիբլիապատումի թատերահմայքով, «Le Mot Juste» լոնդոնյան թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Մեթ Ջեքսոն) «Տարիների միջև» տարաոճ ներկայացման աղճատված ասելիքի կտրտվածությունը կապակցելուց ձանձրացած «ֆեստ»-ասերները պարզապես գարշեցին «Տրանսվերսալ» թատերական ընկերության (ԱՄՆ/Հոլանդիա) «Blue Shade» (գեղարվեստական ղեկավար՝ Բրիան Ռեյնոլդս) դրամատիկ կատակերգության ինքնանպատակ ու մերկապարանոց գերցինիկ գռեհկությունից։ Տպավորվեցին Շալվա Դադիանիի Զուգդիդի վրացական թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Իրակլի Գոգիա) «Օսվենցիմ»-ով՝ արժանիորեն գնահատելով երեք երիտասարդ թատերագործիչների, թող որ անհամաչափ, վերապրումը Երկրորդ աշխարհամարտի սահմռկեցուցիչ սարսափների։
Ալբերտ Բեգիջանյանի ղեկավարությամբ իրականացված իրանական ծրագրի հինգ ներկայացումները («Եվայից Եվա», «Ռոմեո և Ջուլիետ», «Ես-Մակբեթը-Դու», «Մի շատ-շատ կարճ պատմություն մի շատ-շատ երկար կյանքի մասին», «Կին, Տղամարդ»), վկայելով իրանցի երիտասարդների բուռն հետաքրքրության մասին թատերարվեստով, միասնաբար ուրվագծեցին մի պարզ ճշմարտություն՝ մասնագիտական ակնառու ունակությունների համակողմանի, արդիաշունչ զարգացման անհրաժեշտությունը։ Աշխուժացող միջազգային փոխշփումներով նրանք, կարծում եմ, շուտով անհամեմատ հղկված թատերաձեռագրով աչքի կընկնեն արտերկրի բեմերում։ Այս առումով, հատկապես նրանց համար, ուսանելի էին «Բեմանկարչության զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» սեմինարները, որոնք տիկնիկայինի ճեմասրահում բացված ցուցահանդեսի տրամադրող միջավայրում անցկացվում էին Դավիթ Բուրմանի (Սանկտ Պետերբուրգ), Յանա Պրեկովայի (Չեխիա), Նոյել Վիթսի (Մեծ Բրիտանիա) և Պիտ Բրուկսի (Մեծ Բրիտանիա) կողմից գործնական ջիղով, դիդակտիկ տեսանյութերով։ Զարմանալիորեն սակավամարդ էին, սակայն, միջազգային մշակութային անցուդարձից քաջատեղյակ փորձագետների «դասասենյակները»։ Մասնակցելով Կուտ-Արտ միջազգային թատերական փառատոնի նախագահ, տասնյակ նորարարական համարձակ նախագծերի պրոդյուսեր Դավիթ Բուրմանի վարած դասին՝ սրտանց ափսոսում եմ, որ երիտասարդ թատերասերնդից մի քանիսն են միայն անմիջականորեն կլանում թատերական բոլոր արդի մասնագիտություններին գործնականում տիրապետող այս արվեստագետի հաղորդած բարձրարժեք փորձը։ Ինձ համար անհասկանալի էր սեպտեմբերի 14-ից ամեն երկուշաբթի տիկնիկայինում անցկացվող «ReadingFest-process» օտարոտի անունը կրող «Արդի հայ դրամատուրգիայի ընթերցումներ» պարբերականի միտում ունեցող և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությանն արժանացած Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնության միանգամյա ընդգրկումը «Հայ ֆեստ»-ում։ Նույն ճեմասրահում անցկացվե՞լն էր պատճառը։
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոստովանությամբ՝ արտերկրից ուրիշ մեծահամբավ թատերախմբերի ներառումը 2009-ի «Հայ ֆեստ»-ում կասեցվել է տրամադրված ֆինանսների սղության բերումով. չեղյալ են հայտարարվել մի քանի կոնկրետ պայմանավորվածություններ։ Փառատոնի մասշտաբները չնեղացնելու նկատառումով էլ, ենթադրում եմ, խաղացանկը համալրվել էր հայկական թատերախմբերով։ Իրենց թատերաշնորհները ներկայացնելու բացառիկ հնարավորություն ստացան ոչ միայն նորահայտ երիտասարդ թատերաբեմադրիչներ, այլև ԵԹԿԻ դասախոսներ և ուսանողներ։ Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Ֆիլիպ Արնոն, ով 5 փառատոնի նախագահ է եղել, տարված էր հայ և իրանցի երիտասարդ բեմադրիչների բացահայտմամբ. գուցե նրանց հե՞տ էլ կարողանա համատեղ նախագիծ կյանքի կոչել, ինչպես Ռուսաստանում։ Ամենօրյա շփումներով պարզվեց, որ վաստակաշատ հյուրերից շատերին էին հետաքրքրել «Կոմիտասի տասը պատվիրանները» (բեմադրիչ՝ Ցոլակ Մլքե-Գալստյան), Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (բեմադրիչ՝ Գրիգոր Խաչատրյան), Հերշի «Ինչ տարբերություն, թե ում հետ» դրաման (բեմադրիչ՝ Լուսինե Երնջակյան), Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքի երկպլան թատերականացումը (բեմադրիչ՝ Գուժ Թադևոսյան)... Մեկուկես տասնյակ երիտասարդական աշխատանքներից շատերում կարելի էր գտնել հայ թատրոնի վաղվա օրվա հույսեր ներշնչող դրսևորումներ։ Վաղ համարելով հատկապես բեմափորձի պակաս ունեցող սկսնակների ունակությունների խստահայաց արժևորումը՝ հավատում եմ, որ ինքնադրսևորման «ֆեստ»-ային ազդակով, հետագա թատերանվիրումով ու մասնագիտացմամբ նրանցից գեթ ոմանք կհայտնվեն «Հայ ֆեստ»-ով հանրաճանաչման բացառիկ հնարավորություն ստացած բեմադրիչ Վահան Բադալյանի կողքին։ «Հայ ֆեստ»-ի շրջանակներում խաղարկվելով՝ նրա 4 բեմադրությունները անհամեմատ դյուրությամբ հարթեցին դեպի համաշխարհային «փառատոնաբեմ» տանող ճանապարհի խոչուխութերը։ Բնատուր թատերաշնորհները գործնականում հասունացնելու աննախադեպ բախտավորության արժանացած այս տաղանդավոր բեմադրիչը յոթերորդ փառատոնում ներկայացավ նախորդում կայացած հայ-իտալական «7-րդ զգացողություն» (Նարեկացու «Մատյան»-ի ներշնչանքով) համատեղ նախագծի խմբագրված թատերատարբերակով։
«Կրեդոյական» «Շինել»-ից «ֆեստ»-աջահը, փոխանցվելով մի ներկայացումից մյուսին, հանգրվանեց տիկնիկայինի փոքր բեմում։ Բազմաշնորհ Զարուհի Անտոնյանի ռեժիսորական դեբյուտը մատների թատրոնում շատերի մտապատկերում դաջվեց քնարաշունչ բարձրաճաշակ ներկայացման գողտրիկ վերնագրին համարժեք՝ «Ամպից պոկված հեքիաթը»։ Ի դեպ, տարատեսակ թատերահետաքրքրությունների հետևողական զարգացմամբ խոնարհման արժանի այս փխրուն էակի առաջին բեմադրամտահղացման ուրույն գրավչությունն արդեն նկատել էին Պլովդիվում վերջերս տեղի ունեցած «Երկուսը քիչ է, երեքը՝ շատ» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնում։ Վերջին տարիներին ակտիվացող փառատոնային փոխշփումներն անփոխարինելի լծակ են դառնում՝ մեր ստեղծագործական ներուժն աշխարհին ներկայացնելու։ Սրանում անուրանալի է «Հայ ֆեստ»-ի գլխավոր դերակատարությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ