ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՏՈՆԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՐԻՔԻ

ՏՈՆԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՉԱՐԻՔԻ
24.06.2011 | 00:00

Մեր լեզվամտածողության մեջ կարծրացած «գաղթական», «վտարանդի», «անտունի», «պանդուխտ», «տարագիր», «փախստական» բառերը, ավաղ, հնաբանության արժեք չեն ստացել։ Ավելին, դրանցում պարփակված մարդավեր կենսիմաստի ողբերգությամբ է առլեցուն ազգերի համաշխարհային ընտանիքի մռայլ առօրյան։ Միայն անցյալ տարի 37 միլիոն մարդ է հեռացել պատերազմական գոտիներից։ ՄԱԿ-ի գրանցամատյանում հաշվառված է 10 մլն փախստական, ովքեր կորցրել են ամեն ինչ։ Համամարդկային այս չարիքի արմատները մխրճված են Երկիր մոլորակի ամենատարբեր անկյուններում։ Անկասելի հակամարտությունների մահակործան ներուժը գեթ փոքր-ինչ մեղմելու նախանձախնդրությամբ էլ ընթացիկ կյանքի օրացույցում ամրագրվել է Փախստականների համաշխարհային օրը` հունիսի 20-ը։ Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջինը «Փախստականների կարգավիճակի մասին» (1951 թ.) և «Անքաղաքացիության կրճատման մասին» (1961 թ.) կոնվենցիաները վավերացրած Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար, առանձնակի ջանադրությամբ պիտի խտացնեին օրվա խորհրդի հանրային ընկալումը։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Դամթյու Դեսալենի համադաշն առաջնորդությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կազմակերպած համերգը չարիքի վնասազերծման հրատապությունը հանրայնացնող միջոցառումների խորիմաստ ու բարձրարվեստ բարձրակետը դարձավ։ Ընդդեմ բռնության ու մահի ծավալված հասարակական զուսպ պայքարի երկօրյա խաղաղ ցույցերի հռչակած 10 մարդասիրական կարգախոսների փաստագրական հարուստ նյութը շաղախվեց դասական երաժշտության ու պոեզիայի բարձրարվեստ մատուցմամբ։
Աշխարհասփյուռ միլիոնավոր փլուզված ընտանիքների համընդհանուր ողբերգության պատկառազդու վիճակագրությունը պարզ մարդկային բովանդակությամբ է հագենում «Արա մեկ բան փախստականների համար» ֆիլմի տեսաշարով։ 122 այլ երկրներում անքաղաքացիության տխուր հետևանքներից հյուծվող տնանկներին հնարավորինս համակողմանի սատարելու գործունեություն իրականացնող Դամթյու Դեսալենի թվարկած մարդասիրական միջոցառումների «հայաստանյան» պիրկ շարքն է ներկայացնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Համամարդկային չարիքին դիմագրավելու դրանց կենսուժի կոնկրետ վկայությունները` Ադրբեջանից և Իրաքից ընտանյոք բռնագաղթած Համեստ Ակոպովայի ու Վարդիթեր Ավետիսյանի փրկության պատմությունները, ընդդեմ մահի միակամ ծավալվող պայքարի հաղթականչն են ավետում։ Հայերեն-անգլերեն զուգահեռ մատուցմամբ, օրվա խորհրդի կարևորման խորագիտությամբ մտահղացված միջազգային բացառիկ այս մշակութահավաքը լիակատար փոխըմբռնման է արժանանում փորձառու դիվանագետներով ու վաստակաշատ արվեստագետներով, հասարակական-քաղաքական ճանաչված գործիչներով ձևավորված հանդիսասրահում։ ՀՀ-ում արտերկրի բոլոր դեսպանների ուշադրությունը սևեռվում է համընդհանուրի մեջ հայկականի ունեցած մեծ տեսակարար կշռի վրա։ Ամենքին ծանոթ մեծանուն բիթլիսահայի` Վիլյամ Սարոյանի «ակամա տարագրության» հիշատակումը «Առաքելություն Հայաստան» ՀԿ զարգացման պատասխանատու Տիգրանուհի Մարկոսյանի կողմից հուզմունքի առաջին ալիքն է բարձրացնում «Իմ սիրտը լեռներում է» պիեսում ներառված Ռոբերտ Բյոռնսի համանուն բանաստեղծության ասմունքով։ «Ազգային պատկերասրահ» փառատոնի նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր` Արամ Թալալյան) հնչեցնում է մեկ այլ հանրահայտ վտարանդի հայորդու` Կոմիտասի «Նուբար-Նուբարը», Կոկժաևի «Պարզ մեղեդի» ու Վայների «Նիգունո» քնարաշունչ երաժշտակտավներով հայ անտունիների մորմոքին միախառնում մյուսներինը։ Հեղինակների ներկայությունն առավել իրատեսական է դարձնում չարիքի համամարդկային ընդգրկումը։ Կյանքի հաղթության տրամադրությամբ է լցվում հանդիսասրահն օպերային շնորհառատ մեներգիչներ Նինա Մինասյանի, Պերճ Քարազյանի և Ռիմա Խաչատրյանի դասական կատարումներով։ Հայ երաժշտարվեստի առկա կատարողական ներուժի այս տոնախմբումից իրենց հիացմունքը չեն թաքցնում բարձրաստիճան այլազգիները, երբ 15-ամյա Նարեկ Գազազյանը կամերային նվագախմբի հետ սահուն հնչեցնում է Խաչատուր Ավետիսյանի «Քանոնի թիվ 2 կոնցերտը»։ Երիտասարդ սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանի մենակատարությամբ մատուցված Պյացոլայի «Լիբերտանգոն» միաժամանակ ազդարարում է նրբաճաշակ երեկոյի ավարտն ու հաջորդ օրվա` երաժշտության միջազգային տոնի սկիզբը։
«Արվեստների պատկերասրահի» ազնվաբարո կազմակերպչական բարեկրթությամբ, երախտագետ լավատեսությամբ են զինվում մշակութահավաքի անխտիր բոլոր մասնակիցները` բարձր արվեստի համախմբող ներգործության հանդեպ վերածնված հավատով, հռչակված կարգախոսների գործարկման հրատապության գիտակցությամբ. «Նույնիսկ մեկ երեխան, որը քաղաքացիություն չունի, շատ է»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ