ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Համատարած ՆԱՏՕ-ացման շեմին

Համատարած ՆԱՏՕ-ացման շեմին
06.06.2008 | 00:00

ԻՐԱՎԻՃԱԿ

«Երբևէ պետք չէ մոռանալ, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն ընդունակ է պատերազմ վարելու, այլև կարող է կառուցել խաղաղություն»:

Ռոնալդ Ասմուս, Մարշալի ֆոնդի գործադիր տնօրեն


Բոլորիս հայտնի է, որ դժոխք տանող ճանապարհը ծածկված է բարի ցանկություններով։ Այդ համատեքստում կարելի է արձանագրել, որ ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերություններն այսօր գտնվում են այնպիսի ցածր մակարդակի վրա, որ շատ մոտ են «գլոբալ սառեցման», և դրա հետևանքով կարող է փոխվել ողջ հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական քարտեզը։

Այլևս գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասի երկրները ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրության առարկա են, իսկ վերջին շրջանում այդպիսի ընդգծված ուշադրություն է ցուցաբերվում նաև կենտրոնասիական տարածաշրջանին։ Այս փուլում Վրաստանը և Ադրբեջանը Հարավային Կովկասում, իսկ Ղազախստանը և Ղրղզստանը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար հատուկ հետաքրքրության առարկա են դարձել։ Որովհետև այս պետությունները տիրապետում են ածխաջրածնային խոշոր պաշարների և միաժամանակ հարմար են իբրև այդ պաշարների` Արևմուտք արտահանման համար տրանզիտային երկրներ։ Միաժամանակ աշխարհագրորեն մոտ են Իրանին և Աֆղանստանին։ Ճիշտ է, ամերիկացիները չեն խոստովանում, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը, ըստ էության, իրականացվելու է Մոսկվայի շահերի անտեսումով, սակայն ճշմարտությունն այնուհանդերձ երևան է գալիս ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչների հետևյալ ձևակերպման մեջ. «Մեզ համար այլևս գոյություն չունի նախկին ԽՍՀՄ կամ էլ «մերձավոր արտասահմանի» երկրներ։ Կան անկախ պետություններ, որոնք ձգտում են ժողովրդավարության»։

ՆԱՏՕ-ի ծրագրերում Հարավային Կովկասում ամրապնդվելու տեսանկյունից հատուկ նշանակություն ունի Վրաստանը։ Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը Կովկասում իրողություն դարձավ այն պահից, երբ Վրաստան ժամանեցին ամերիկյան ռազմական խորհրդականները, և սկսվեց այդ երկրի զինված ուժերի բարեփոխման գործընթացը ՆԱՏՕ-ի հետևողական աջակցությամբ։ ՈՒշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն փորձեց օգտագործել նաև տարածքային խնդիրները՝ իր վերահսկողությունը Հարավային Կովկասում և կենտրոնասիական տարածաշրջանում ավելի ամրապնդելու համար։ Դա են վկայում այնպիսի փաստերը, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչության հիմնումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։

Ադրբեջանին այս մեծ քաղաքական խաղում նույնպես հատուկ դեր է հատկացված։ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից այս երկրի աշխարհաքաղաքական նշանակությունը կայանում է նրանում, որ բացի նավթային պաշարների շահագործումից, նրա տարածքը կարելի է օգտագործել Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերի ամրապնդման և դեպի Կենտրոնական Ասիա միջանցք ունենալու տեսանկյունից։ Ինչպես նաև տարբեր ռազմաստրատեգիական խնդիրների լուծման նպատակով։ Ադրբեջանն իրապես շատ հարմար պլացդարմ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի տեղակայման և Իրանի վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ը նպատակ ունի ադրբեջանական օդանավակայաններն օգտագործել Իրանի, Իրաքի և նույնիսկ Չինաստանի օդային տարածքը վերահսկելու նպատակով։ Ադրբեջանի վերնախավում էլ ամերիկյան և ՆԱՏՕ-ական ուժերի տեղակայումը երկրի տարածքում համարվում է միանգամայն օգտակար և հեռանկարային։

Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, ապա ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի նախագահների այցը Բուխարեստ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովին մասնակցելու նպատակով, դաշինքի կողմից գնահատվեց շատ կարևոր ցուցանիշ։ Փորձագետները դա որակեցին իբրև կենտրոնասիական երկու երկրների նախագահների կողմից ձեռնարկված փորձ՝ իրենց համար հեռանկարային դաշտ ստեղծելու տեսանկյունից։ Այն համատեքստում, որ եթե ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը շարունակվի, այս երկրները կկարողանան ոչ միայն դուրս գալ որոշակի տնտեսական և քաղաքական մեկուսացումից, այլև դեպի իրենց քաշել Եվրամիությանն ու ԱՄՆ-ին։ Սկզբունքորեն գաղտնիք չէ, որ ոչ միայն Թուրքմենստանն ու ՈՒզբեկստանը, այլև կենտրոնասիական մյուս պետությունները շատ կարևոր ֆինանսական, տեխնիկական և ինտելեկտուալ օգնություն են ստանում ԱՄՆ-ից և Եվրամիությունից։ Եվ թեկուզ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ¥ՀԱՊԿ¤ այդ տարածաշրջանում առայժմ անվտանգության հիմնական երաշխավորի դերակատարությունն ունի, գործնականում Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները ¥բացառությամբ Թուրքմենստանի¤ միաժամանակ ակտիվ մասնակցություն են բերում «Գործընկերություն հանուն խաղաղության» հայտնի ծրագրի շրջանակներում, և այդ համագործակցության ամրապնդումը տարեցտարի ավելի է «քաշում» տարածաշրջանը դեպի ՆԱՏՕ, առավել ամորֆ դարձնում այս երկրների մասնակցությունը հետխորհրդային տարածքում ձևավորված քաղաքական և ռազմական կառուցվածքներում։

Սկզբունքորեն և՛ Ղազախստանում, և՛ Ղրղզստանում արդեն իսկ տեղի է ունենում զինված ուժերի աստիճանական անցում ՆԱՏՕ-ական չափանիշերի զինատեսակներին, շտաբային ուսուցմանը, կադրերի պատրաստմանը և զինված ուժերի տակտիկական կառուցմանը։ Թեպետ միաժամանակ այստեղ սեփական շահերն են փորձում պաշտպանել Ռուսաստանն ու Չինաստանը։ Թերևս երաշխավորված կարելի է կանխատեսել, որ այս փուլում կենտրոնասիական երկրները նախընտրելու են վարել բազմավեկտոր քաղաքականություն, որպեսզի առավելագույնս ստանան ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից, բայց միաժամանակ չփչացնեն հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ։ Ճիշտ է, պրակտիկան ապացուցում է, որ նման երկատվածությունը երկար շարունակվել չի կարող։ ՈՒշագրավ է, որ նույն Ղազախստանն ամբողջությամբ ձգտում է դեպի «մեծ քաղաքակիրթ Եվրոպա», և եթե հաջողվի հասնել նրան, որ 2010 թվականից հետո Ղազախստանը ԵԱՀԿ-ում թեկուզ մեկ անգամ դառնա նախագահող երկիր, ապա եվրոպական կողմնորոշումը կդառնա ավելի ընդգծված։ Իսկ Եվրոպայի հետ կապերի ամրապնդումն անխուսափելիորեն ուղեկցվելու է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ։

Անշուշտ, այլ հարց է, թե որքանով ՆԱՏՕ-ն շահագրգռված կլինի շատ մոտ հեռանկարում իր կազմում տեսնել Կենտրոնական Ասիան։ Հաշվի առնելով առկա միտումները, ավելի հավանական է, որ Բրյուսելի համար այս փուլում առաջնային է ՈՒկրաինայի և Վրաստանի, իսկ այնուհետև Մոլդովայի և Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելը։ Իսկ հետո արդեն կերևա, թե ինչ գործընթացներ կզարգանան։ Բոլոր դեպքերում, եթե նախկին խորհրդային հանրապետություններից մեկ-երկուսը հայտնվեն ՆԱՏՕ-ի կազմում, դա արդեն իսկ կհանգեցնի ԱՊՀ-ի վերակառուցման, եթե ոչ փլուզման։ Մանավանդ, որ այս խիստ սպեցիֆիկ միջպետական միավորումը ժամանակին ստեղծվեց ԽՍՀՄ հանրապետությունների միջև քաղաքակիրթ «ապահարզան» ապահովելու նպատակով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն ԱՊՀ-ի հարավային սահմաններում ապահովում է Ռուսաստանի թիկունքը, և ըստ այդմ Երևանի ու Մոսկվայի միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային դաշտ։ Սակայն եթե 1997թվականին այսօր արդեն հանգուցյալ Էդուարդ Եգորյանի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է մտածի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, սվիններով ընդունվեց նույնիսկ խիստ արևմտամետ քաղաքական գործիչների կողմից, ապա այժմ արդեն Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հանգիստ հյուրընկալվում են Բրյուսելում 26+1 ֆորմատի շրջանակներում, ինչը տեղի ունեցավ մայիսի 28-ին։ Գնահատելով համագործակցության անցած ճանապարհը, որոշում ընդունվեց լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի լրացման ուղղությամբ։ Ավելին, մինչև 2015 թվականը Հայաստանը պետք է ունենա ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխանող խաղաղապահ բրիգադ, ինչի մասին հայտարարեց խորհրդարանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա և բոլոր պատգամավորների կարծիքով, այդ նպատակին կարելի է հասնել Կոսովոյում խաղաղապահ զորախմբի մեծացման ճանապարհով։

Այսպիսով, եթե ամփոփենք արդյունքները, որոշակիորեն ուրվագծվում է, որ Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովից հետո առկա են շատ հստակ և որոշակի միտումներ, և ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել ընդլայնումն ի հաշիվ հետխորհրդային պետությունների։ Վրաստանի և ՈՒկրաինայի առջև Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից հարուցված արգելքն ուներ ընթացակարգային, բայց ոչ կոնցեպտուալ բնույթ։ Այդ գագաթաժողովը, ըստ էության, ազդակ հանդիսացավ, որ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկվեն այն երկրները, որոնց անդամակցությունը մի տասը տարի առաջ անհնարին էր նույնիսկ պատկերացնել։ Իհարկե, այս կապակցությամբ ակամա վերհիշում ես սկզբից ԽՍՀՄ-ի, իսկ ապա Ռուսաստանի կտրուկ հայտարարությունները Վարշավյան պայմանագրի պետությունների և Բալթյան երկրների՝ ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելու կապակցությամբ։ Բայց այդ գործընթացը տեղի ունեցավ շատ արագ ու անցավ, և Արևելյան Եվրոպան «ՆԱՏՕ-ի միջոցով» հիմնավորապես ինտեգրվեց եվրոպական քաղաքական և տնտեսական կառուցվածքին։ Այժմ հերթը փաստորեն հասել է նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններին։ Անշուշտ, Եվրոպայում հասկանում են, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք կարժանանա Ռուսաստանի կտրուկ հակազդեցությանը, բայց նույն Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների օրինակով կարելի է տեսնել, որ բառացի սպառնալիքները հետագայում, միևնույն է, վերածվում են անհամեմատ ավելի հանգիստ ոճով երկխոսության։

Այդ ամենը ժամանակակից ռուսական քաղաքականության համար մի անգամ ևս պետք է ակնհայտ դարձնեն, որ մեր տարածաշրջանը շարունակում է իրենից ներկայացնել յուրօրինակ «ականապատված դաշտ», որտեղ ցանկացած քայլ պահանջում է ուշադրություն և նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։ Բայց դա դեռևս ֆանտաստիկայի ոլորտից է։

Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9019

Մեկնաբանություններ