38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

“Bосток - дело тонкое”

“Bосток - дело тонкое”
26.06.2009 | 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին հայացքից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի կողքին գտնվող «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան նշանավոր բազայի շուրջ առաջացած հերթական սկանդալը, կարծես, չի առնչվում մեր տարածաշրջանին։ Սակայն այստեղ տեղի ունեցող զարգացումները շատ բնութագրական են և ուսուցանող այն տեսակետից, որ Ղրղզստանի ղեկավարությունն արևելյան խորամանկությամբ կարողացավ խուսանավել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև` պաշտպանելով բացառապես իր անձնական շահերը։ Երկրորդ բնութագրական հանգամանքն այն է, որ ամերիկացիները հերթական անգամ կարողացան ապահովել իրենց շահերի պաշտպանությունը, քանզի, ամերիկյան փորձագետներից մեկի բնորոշմամբ, «Կենտրոնական Ասիան մեզ Կովկասին կապող կարևոր երակներից մեկն է, որի բանալին հենց Կովկասն է»։
Եթե անդրադառնանք ինտրիգի էությանը, ապա Ղրղզստանում տեղակայված ամերիկյան բազան գործում է 2001 թվականից ՄԱԿ-ի մանդատի ներքո ու նախատեսված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Անխորտակելի ազատություն» հայտնի գործողությանը թիկունքային աջակցություն ապահովելու համար։ ԱՄՆ-ի ավելի քան 1000 զինծառայողներ, արդեն 8 տարի գտնվելով «Մանաս» օդանավակայանում, սպասարկում են ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Սակայն «Մանասի» բազան միաժամանակ սպասարկում է աֆղանական գործողությանն այս կամ այն չափով մասնակից ևս 11 պետությունների` Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի զինծառայողներին։
Խորհրդային ժամանակներում կառուցված այս օդանավակայանում ՆԱՏՕ-ի և հատկապես ամերիկյան զինուժի տեղակայումից հետո, տարեկան մեկ-երկու անգամ նախանձելի համառությամբ լուրեր էին շրջանառվում, որ բազան վերացվելու է։ Ղրղզստանի ղեկավարությունը պարբերաբար սպառնում էր ԱՄՆ-ին` այն փակելու իր մտադրություններով, և ամեն անգամ ամերիկացիները նոր վարկեր, դրամաշնորհներ ու պարզապես արտոնյալ գումարներ էին հատկացնում Ղրղզստանին։ Այս տարվա սկզբին այդ երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիևը հայտարարեց, թե բազան փակվելու է, և ՆԱՏՕ-ի զինուժը պետք է լքի երկրի տարածքը, և որ այդ որոշումը պայմանավորված է «ազգային շահերով ու բնապահպանական խնդիրներով»։ Պաշտոնական Մոսկվան այս կապակցությամբ չթաքցրեց իր գոհունակությունը և հընթացս նշելով, թե բազայի առկայությունը «Ղրղզստանի սուվերեն գործն է», այնուհանդերձ, որոշման կայացումից հետո պարգևատրեց Բիշքեկին 2 մլրդ դոլարին համարժեք վարկով, որի 1,5 մլրդ-ը Ղրղզստանն արդեն ստացել է։ Շրջանառվում էին խոսակցություններ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փորձել էր Ղրղզստանի ղեկավարության հետ պայմանավորվել, որպեսզի ամերիկացիների հեռանալուց հետո «Մանաս»-ում տեղակայվի ՀԱՊԿ-ի, իսկ ավելի ճիշտ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Սակայն Ղրղզստանի անվտանգության խորհուրդը մերժեց այս առաջարկը` պնդելով, թե օդանավակայանը պետք է վերականգնվի իբրև քաղաքացիական օբյեկտ և այդպիսին էլ մնա։
Այնուհանդերձ, Ղրղզստանի «վճռական գործողությունները» ոգևորությամբ ընդունեցին ռուսական քաղաքական վերնախավն ու ԶԼՄ-ները, որոնք այդ կապակցությամբ սկսեցին լայնորեն տիրաժավորել, թե ինչպես են ամերիկացիներն անամոթաբար տեղավորվել «Ռուսաստանի ազդեցության գոտիներում», և որ նշված բազան այլևս վերածվել է «լրտեսության ու թմրաբիզնեսի կենտրոնի»։ Ամերիկացիների համար, իհարկե, աննկատ չանցավ 2 մլրդ դոլար վարկի և Ղրղզստանի դիրքորոշման կոշտացման համընկնումը։ Նրանք իրենց հերթին սկսեցին հրատապ կարգով համապատասխան պայմանավորվածություններ ձևավորել «հպարտ Բիշքեկի» անմիջական հարևանների, մասնավորապես ՈՒզբեկստանի, Թուրքմենստանի ու Տաջիկստանի հետ, որոնք էլ սկզբունքորեն պատրաստակամ էին իրենց տարածքը տրամադրելու ամերիկյան ռազմական տրանզիտի համար։ Այժմ, ռուսական ռազմական փորձագետների գնահատմամբ, Կովկասում, Կասպիական տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում տեղադրված օդային տարածության վերահսկողության կայանների հետ, ՆԱՏՕ-ի մի քանի ծրագրերի իրականացումով ստեղծվել է միասնական կառավարվող միջանցք Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա։
Սակայն, այսքանով հանդերձ, “восток - дело тонкое”։ Պարզվեց` Բակիևը գործնականում երբեք էլ չի դադարեցրել բանակցությունները Վաշինգտոնի հետ։ Եվ չնայած ամերիկյան զինվորականների հայտարարություններին, թե իրենք պատրաստվում են հեռանալ և նույնիսկ մաշված ներքնակները նվիրեցին տեղական հիվանդանոցներին, միաժամանակ հայտարարվեց նոր երկարաժամկետ տենդեր` «Մանաս» օդանավակայանի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Ամերիկացիները բանակցային գործընթացում ընդգրկեցին Աֆղանստանի նախագահ Քարզային և Թուրքիայի նախագահ Գյուլին, որն էլ իր հերթին Ղրղզստանին 1 մլրդ դոլարի ներդրումներ խոստացավ։
Նախագահ Օբաման պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բակիևին նամակ ուղարկեց` կոնկրետ առաջարկներով, որոնց բնույթը չի հրապարակվում։ Արդյունքում «տենդերը» կայացավ, օրերս ստորագրվեց սպասված համաձայնագիրը, որի համաձայն, «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմաբազան փոխում է իր ցուցանակն ու այսուհետև կոչվելու է «Աֆղանստան տրանզիտային բեռնափոխադրումների կենտրոն»։ Զիջողամտություն ցուցաբերելու դիմաց Ղրղզստանն ԱՄՆ-ից ստացավ ընդհանուր առմամբ 170 մլն դոլար, որից 60 մլն-ն այսուհետ տրանզիտային սպասարկման տարեկան արժեքն է և տրամադրվելու է ամեն տարի, իսկ 110 միլիոնը տրվեց համագործակցության մասին հերթական համաձայնագրով։ Ավելին, այժմ «Մանաս» օդանավակայանի ամբողջ ենթակառուցվածքն է հանձնված ամերիկացիների տնօրինությանը, և, ըստ նոր համաձայնագրի, նրանք իրավունք ունեն ընդլայնելու դրա տարածքը, կառուցելու նոր թռիչքուղիներ, տարբեր շինություններ` տրանզիտային բեռների ընդունման ու տեղավորման համար։ Պենտագոնը պահպանում է իր գործողությունների բացարձակ ինքնուրույնությունը բազայի տարածքում։ Գոյություն չի ունենալու ընդունվող և տարհանվող բեռների մաքսային ձևակերպում, ամերիկյան զինվորականները և մյուս վարձակալները կարող են ներս բերել ու դուրս տանել «ցանկացած իր, սարքավորում, սպասարկման համար անհրաժեշտ նյութեր և տեխնիկա»։ Այսինքն, Ղրղզստանի իշխանությունները չեն վերահսկելու այդ ամբողջ գործընթացը, մանավանդ որ ամերիկյան զինծառայողներն ունենալու են դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի կարգավիճակ։ Ղրղզստանը համաձայնել է նաև, որ տրանզիտային կենտրոնի անձնակազմը «չի կարող հանձնվել որևէ միջազգային դատարանի կամ այլ կազմակերպության ու պետության` առանց ԱՄՆ-ի համաձայնության»։ Կարևորագույն նշանակության օբյեկտի պահպանությունն իրականացնելու են ամերիկացիները` «ղրղզական կողմի աջակցությամբ»։ Նրանք, բնականաբար, ունենալու են զենք կրելու իրավունք։ Ամերիկացիները պարտավորվել են «հնարավորինս նպաստել», որպեսզի կենտրոնի կենսագործունեության ապահովման հետ կապված ծառայությունների մատուցումն իրականացվի Ղրղզստանի ընկերությունների կողմից։ Համաձայնագիրը կնքված է մեկ տարով` յուրաքանչյուր հաջորդ տարի երկարացնելու պայմանով։
Այսպիսով, երկու կողմերն էլ հասան իրենց ուզածին։ Ամերիկացիները պահպանեցին իրենց կարևոր ձեռքբերումը տարածաշրջանում, իսկ Բակիևը հուլիսի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին զգալիորեն բարելավեց երկրի ֆինանսական վիճակը, փարատեց վերնախավի մտահոգությունները, քանի որ էլիտայի շրջանակներում շատերը չէին թաքցնում, որ ամերիկյան բազայի դուրսբերումը չեն ների նրան։ Թեպետ, դրան զուգահեռ, ամերիկացիները հանկարծակի «սթափվեցին», և «Ֆորբս» ամսագրի հերթական համարում կոռումպացված պետությունների ցանկում Ղրղզստանին շնորհվեց 4-րդ տեղը։ Բայց գլխավոր խնդիրը` անվտանգության հարցը, լուծված է, որովհետև բոլորի համար էլ պարզ էր. եթե կոալիցիոն ուժերը հեռանան, ապա արմատական ահաբեկչական շարժումների դեմ պայքարելու համար Ղրղզստան կմտնեն ՀԱՊԿ-ի, այսինքն` ռուսական ուժերը։
Անշուշտ, Ղրղզստանի ղեկավարությունն «արևելյան հանգստությամբ» փորձում է իրերի վիճակն այնպես ներկայացնել, թե պայմանագրի վերաձևավորումից հետո դա այլևս նախկին բազան չի լինելու, և իրականացվելու է միայն ոչ ռազմաբեռների փոխադրում։ Ամերիկացիները, սակայն, չեն թաքցնում, թե ինչ ուզենան, կարող են փոխադրել։ Անշուշտ, Բիշքեկը մեկ ուրիշ պրոբլեմ էլ ունի, թե ինչպես բացատրի Կրեմլին ամերիկացիների` «Մանաս»-ում մնալու հանգամանքը։ Մանավանդ որ Մոսկվայում արդեն իսկ հնչում են իրադրության վերաբերյալ շատ որոշակի գնահատականներ։ Մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նշել է. «Ղրղզստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ բազան փակելու իրենց որոշումը վերջնական է ու վերանայման ենթակա չէ։ Սա պետք է լինի ելակետը»։ Ռուսական ԱԳՆ-ում նաև նշել են, որ նոր համաձայնագիրը «Մանասի» վերաբերյալ իրենց համար եղել է անչափ տհաճ անակնկալ, այդպիսի ծուղակի իրենք չէին սպասում և ավելացրել է. «Բազայի վերանվանումն ինչ-որ կենտրոնի ընդամենը կոսմետիկ վերանորոգում է, քանի որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության բնույթը չի փոխվել, այն հակասում է Ռուսաստանի շահերին և Ղրղզստանի ղեկավարության հետ մեր պայմանավորվածություններին»։
Ավելին, Սմոլենսկի հրապարակում խոստացել են, որ Ռուսաստանը «համարժեք պատասխան» կտա, իսկ ռուսական քաղաքական գործիչները սկսել են տարբեր միջոցներ մատնանշել։ Ինչպես, օրինակ, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Սեմյոն Բաղդասարովը, որը ժամանակին սպառնալիքներ է տեղացել Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի հասցեին, հայտարարել է, թե Ռուսաստանը կփոխի Ղրղզստանի հետ վիզային ռեժիմն այն դեպքում, երբ այդ երկրից մեկ միլիոն մարդ է աշխատում Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է Ղրղզստանի նախագահական ընտրություններին, ապա, ռուսական փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանը չի կարող գոհ լինել այս իրավիճակից, ուստի համապատասխան հետևություններ պետք է արվեն։ Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի բոլոր գործողությունները հետխորհրդային տարածքում որոշակիորեն պետք է համադրված լինեն Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Ահա այսպես` ոչ ավել, ոչ պակաս։ Թեպետ կան նաև շատ սթափ մտածողներ Ռուսաստանում` ժամանակին պատասխանատու դիրքեր զբաղեցրած մարդկանց շրջանում։ Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ռոդիոնովը նշել է. «Ղրղզստանի օրինակով հերթական անգամ պարզ է դառնում, որ մենք բռնում ենք ցանկացած ղեկավարից ու փորձում նրան դարձնել դաշնակից, անգամ այն դեպքում, երբ նա շահ չի տեսնում մեզ հետ հարաբերություններում և բացարձակապես չի ցանկանում այս բանավեճում որևէ մեկի կողմը կանգնել։ Եվ դա հերթական ցուցանիշն է այն իրողության, որ մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստում»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5968

Մեկնաբանություններ