38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հուլիսից առաջ և հետո

Հուլիսից առաջ և հետո
09.06.2009 | 00:00

«ՃԵՂՔՈՒՄ» ՉԱՐՁԱՆԱԳՐՎԵՑ
Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ։ Ինչպես և սպասելի էր, արմատական տեղաշարժեր չարձանագրվեցին, նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, որոշ հանձնարարություններ են տվել արտգործնախարարներին, շփվել Մինսկի խմբի համանախագահների հետ ու, կարծես, վերջ։

Հարկ է նշել, որ պետերբուրգյան հանդիպումից սպասելիքներն ի սկզբանե մեծ չէին, հատկապես այն առումով, թե նախատեսվում է ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Այս փուլում բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ չեն որևէ փաստաթղթի ստորագրման, և ոչ միայն այն պատճառով, որ համապատասխան աշխատանք չի տարվել երկու երկրների հասարակություններին որևէ փոխզիջման նախապատրաստելու համար։ Ավելին, պարզ չէ այդ փոխզիջման սահմանը, և որքան էլ բանակցությունները գաղտնազերծված չեն, այնուհանդերձ, պարբերաբար և միգուցե դիտավորյալ սպրդող առանձին տեղեկատվական արտահոսքերից պարզ է դառնում, որ անգամ բանակցող կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ բավականին իրարամերժ, էլ ուր մնաց խոսվի դրանց փաստաթղթային ձևակերպման և հասարակության սեփականությունը դարձնելու մասին։ Այս առումով, թերևս, երկրորդական չէր ղարաբաղյան կողմի վերջին շրջանի ակտիվացումը, երբ երկար տարիների բավականին պասիվ վիճակից հետո Արցախն իր բարձրաստիճան ներկայացուցիչների, ընդհուպ մինչև նախագահի, բերանով հայտարարեց, որ ցանկանում է վերականգնել բանակցությունների լիարժեք մասնակցի իր կարգավիճակը, և որ առանց ԼՂՀ-ի համաձայնության հիմնախնդրի որևէ լուծում լինել չի կարող։ Այս իրողությունը, իհարկե, բավականաչափ կարևոր էր նաև Հայաստանի իշխանությունների համար` բանակցություններում Հայաստանի նախագահի մանևրի դաշտը մեծացնելու առումով։
Ինչևէ, ռուսական կողմը, որը հունիսի 4-ին հանդես էր գալիս իբրև հյուրընկալ և «գլխավոր միջնորդ», մինչև Սարգսյան-Ալիև հանդիպումն արդեն իսկ տարբեր հայտարարությունների ձևով արձանագրում էր, որ այս հանդիպումից մեծ փոփոխություններ չի սպասում։ Մասնավորապես, հունիսի 2-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան նշեց. «Այս պարագայում կարևոր են երկխոսության շարունակումը և այն, որ կողմերը պատրաստակամություն են ցուցաբերում ու ընդունում Ռուսաստանի միջնորդական դերն այս հարցում»։ Դմիտրի Մեդվեդևի արտաքին քաղաքականության գծով օգնական, ոչ անհայտ Սերգեյ Պրիխոդկոն արդեն հունիսի 4-ին, Սարգսյան-Ալիև հանդիպումից անմիջապես առաջ ավելի հստակեցրեց ռուսական դիրքորոշումը` հայտարարելով. «Մոսկվայում սպասումներ չկան Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում էական ճեղքում իրականացնելու առումով` Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո։ Սակայն մենք հույս ունենք օգտագործել այս հնարավորությունը` ուղղակի երկխոսությունը կողմերի միջև ամրապնդելու առումով։ Մենք հիմա խնդիր չենք դնում նոր պայմանավորվածությունների կայացման կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումների հատուկ խորացման։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա է լավ, ինտենսիվ երկխոսություն»։
Բանակցությունների ավարտից հետո «ճեղքման» բացակայությունը հաստատեց նաև ԱՄՆ-ը ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ Մեթյու Բրայզան, որն արձանագրեց, թե տեղի կունենա նախագահների ևս մեկ հանդիպում, սակայն դժվար է ասել, թե ինչ ժամկետներում, պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Պետերբուրգյան հանդիպումը Բրայզան գնահատեց կառուցողական, բայց առանց հատուկ ոգևորության. «Նախագահները խնդրեցին համանախագահներին նախապատրաստել մեր առաջարկությունները և այլն։ Չեմ կարող ասել, թե սա շրջադարձային պահ էր, մենք շարունակում ենք աշխատել։ Ոչ մի բան չի ստորագրվել, չէինք էլ սպասում, որ ինչ-որ բան կստորագրվի, որովհետև սա ընդամենը կարծիքների փոխանակում էր։ Նախագահները կարծիքներ, գաղափարներ փոխանակեցին, և հիմա պետք է շարունակել աշխատանքը»։ Ամերիկյան ներկայացուցչի մոտ ոգևորության բացակայությունն առնվազն երկու պատճառ ունի։ Նախ` այն, որ որևէ առաջընթաց, իսկապես, չի արձանագրվել, և երկրորդ` եթե անգամ դա տեղի ունենար, Բրայզան չէր սկսի այն գովազդել թեկուզ զուտ այն պատճառով, որ դա կնշանակեր Ռուսաստանի դերի աննախադեպ բարձրացում բանակցային գործընթացում։
Ռուսական մամուլում շրջանառվող տեսակետների համաձայն` Մոսկվան ի սկզբանե չէր ցանկանում բանակցային գործընթացի որևէ ակտիվացում, որպեսզի համապատասխան ակտիվության չհրահրի Թուրքիային, որը ռուս-վրացական պատերազմից հետո աննախադեպ ակտիվ է տարածաշրջանային նախաձեռնություններում։ Այս պնդումն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Գաղտնիք չէ, որ Մոսկվան ինքն է շահագրգվածռ տարածաշրջանի կտրվածքով Թուրքիայի հետ առնվազն գործընկերային հարաբերություններ ստեղծելու, և այդ նպատակով դեռ նախորդ տարի Կրեմլի նախաձեռնությամբ «հրահրվեց» հայ-թուրքական ներկայիս երկխոսությունը։ Սակայն ամերիկացիները կարողացան նախաձեռնությունը խլել Մոսկվայից, և այժմ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ռուսական զգուշավորությունը պայմանավորված է, թերևս, նույն մտահոգությամբ։ Տարածաշրջանի համար պայքարը Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև, անշուշտ, ավարտված չէ, սակայն ռուս-վրացական պատերազմից հետո ԱՄՆ-ի դիրքերն ակնհայտորեն ամրապնդվել են, քանի որ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելով, այսօր արդեն վերջիններիս ու Վրաստանի միջև սահմանն իր հսկողության տակ վերցնելով, Մոսկվան զգալիորեն թուլացրեց իր ազդեցությունը տարածաշրջանում` գործնականում զրկվելով Վրաստանի վրա էական ճնշում գործադրելու հիմնական լծակներից։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անսպասելի պահպանողական մարտավարության որդեգրումը Ռուսաստանի կողմից, թերևս, պայմանավորված է այն մտավախությամբ, որ ամերիկացիները կկարողանան հակամարտության կողմերին առաջարկել ավելին, քան Մոսկվան և, գործընթացն իրենց վերահսկողության տակ վերցնելով, Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու իրական հիմքեր կստեղծեն։
Միևնույն ժամանակ ռուս-ամերիկյան հարաբերություններում էլ առկա է ոչ միայն լարվածություն, այլև բավականին մեծ անորոշություն` կապված ռազմավարական նշանակության սպառազինությունների կրճատման երրորդ պայմանագրի ստորագրման հետ։ Միջուկային ստրատեգիական հավասարակշռության պահպանման խնդիրը կարևորագույնն է երկու տերությունների համար, և մնացած բոլոր հարցերի լուծումները, բազմաթիվ փորձագետների իրավացի գնահատմամբ, ածանցյալ են։ ԱՄՆ-ի նոր նախագահը հանդես է եկել աննախադեպ առաջարկով` կրճատել միջուկային ռազմավարական սպառազինությունների քանակը` իջեցնելով դրանք նվազագույն անհրաժեշտ աստիճանի։ Ռուսաստանը, սկզբունքորեն կարծես համաձայն լինելով այս առաջարկին, առաջադրում է մի շարք պայմաններ։ Քանի որ երկու պետությունները տիրապետում են համաշխարհային միջուկային սպառազինությունների մոտ 95 տոկոսին, ռուսական կողմը կարծում է, որ կրճատումը պետք է կրի համաչափ բնույթ։ Մոսկվան առանձնապես կարևորում է ոչ միայն միջուկային մարտագլխիկների, այլև բուն հրթիռների, դրանց արձակման կայանքների կրճատումը` ոչնչացման ճանապարհով։ Բացի այդ, ռուսական պահանջները միջուկային սպառազինությունների կապակցությամբ առնչվում են նաև Եվրոպայում տեղակայվելիք ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգին։ Ինչպես հայտնի է, Վաշինգտոնը պատրաստվում է Չեխիայի տարածքում տեղադրել միջուկային հրթիռների արագ հայտնաբերման հիմնական ռադարը, իսկ Լեհաստանի տարածքում տեղակայվելու են այդ հրթիռները ոչնչացնելու համար նախատեսված հակահրթիռները։ Ռուսաստանը համարում է, որ միջուկային սպառազինությունների համալիր կրճատման պայմանագրի ստորագրման պարագայում, երբ կողմերը կունենան հավասարաչափ միջուկային ներուժ, հակահրթիռային պաշտպանության համակարգի անհրաժեշտություն չկա։ Ամերիկյան կողմն այդ համակարգի ստեղծումը դեռևս շարունակում է պատճառաբանել Իրանից բխող պոտենցիալ վտանգով, մանավանդ որ Թեհրանը բոլորովին վերջերս 2000 կմ հեռավորությունը հաղթահարելու ընդունակ միջմայրցամաքային հրթիռի փորձարկում իրականացրեց, և դա Մոսկվայի հետ բանավեճում ինչ-որ չափով ամրապնդեց հակահրթիռային համակարգի ստեղծման վերաբերյալ Վաշինգտոնի փաստարկները։
Ինչևէ, այս կապակցությամբ ռուս-ամերիկյան համապատասխան գերատեսչությունների աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել։ Նախատեսվում է, որ կողմերը հիմնական պայմանավորվածությունների կհանգեն հուլիսի սկզբին` Բարաք Օբամայի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում։ Իսկ մինչ այդ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Մոսկվան աշխատելու են չխախտել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում այս պահին ձևավորված հարաբերությունների ստատուս-քվոն` մինչև առանցքային խնդիրներում հիմնական պայմանավորվածությունների կայացումը կամ չկայացումը։ ՈՒստի, որոշակի թվացյալ ակտիվացումից հետո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա «լճացումը» շատ բնական է։ Հայաստանն ու Ադրբեջանն էլ այս պահին կտրուկ փոփոխությունների անհրաժեշտություն չունեն, մինչև հստակ կդառնա, թե հուլիսի սկզբին ինչ արդյունք կարձանագրվի ռուս-ամերիկյան բանակցություններում, և, ըստ այդմ, զարգացումները Հարավային Կովկասում ավելի կանխատեսելի կդառնան։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ