ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Աշխարհի թերևս բոլոր երկրների իշխանությունները, ներառյալ՝ Հայաստանի, գիտեն այդ մասին, բայց լռում են

Աշխարհի թերևս բոլոր երկրների իշխանությունները, ներառյալ՝ Հայաստանի, գիտեն այդ մասին, բայց լռում են
10.07.2023 | 20:27

Ի՞ՆՉ Է ՆԿԱՏՎԵԼ ԲԱՔՎԻ ԵՐԿՆՔՈՒՄ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Բաքվի երկնքում հուլիսի 5-ին նկատված այս դեպքն իրականներից է, այսինքն՝ հորինվածք չէ, ֆոտոմոնտաժով կամ այլ կերպ սարքված կեղծիք չէ:

Խոսքը նաև միրաժի՝ օդատեսիլի, օդերևույթի, օդապատկերի, կրկներևույթի, մթնոլորտում օպտիկական ինչ- որ երևույթի մասին չէ, այլ ֆիզիկապես գոյություն ունեցող չճանաչված կամ չբացահայտված թռչող օբյեկտի (ՉԹՕ-ի), ավելի ճիշտ, այսպես կոչված, «թռչող ափսեի»:

Հրապարակված տեղեկություններից դատելով, Բաքվի երկնքում նկատվածը, ամենայն հավանականությամբ, արտերկրային ծագում ունեցող տիեզերանավ է եղել, քանի որ այն թռչել, երկնքում շարժվել է ոչ հրթիռային, երկրային տեխնոլոգիաների կողմից չստեղծված շարժիչով (հավանաբար հակագրավտացիոն):

Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 5-ին տեղեկացրել են Բաքվի երկնքում նկատված սկավառակաձև ՉԹՕ-ի մասին։

«Հուլիսի 5-ին, առավոտյան ժամը 7-ին մայրաքաղաքի երկնքում նկատվել է չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ)։ Իր առանցքի շուրջը պտտվող ափսեի տեսք ունեցող օբյեկտը թռել է հյուսիսից հարավ։ Պտտվելիս օբյեկտից պայծառ լույս է արձակվել»,- նշել է «Թուրան» գործակալությունը։

Հաղորդվում է նաև , որ Բաքվի երկնքում ՉԹՕ-ն նկատվել է երկրաշարժից հետո: Մենք ճշտեցինք , որ հուլիսի 3-ի ուշ երեկոյան Ադրբեջանում իսկապես ուժեղ երկրաշարժ է եղել, Բաքվում զգացվել են ուժեղ ցնցումներ, քաղաքի բնակիչները նույնիսկ սկսել են լքել իրենց տները: Ինչպես հայտնել են սեյսմոլոգները, Ադրբեջանի ափերի մոտ 5,4 մագնիտուդով (այսինքն՝ 7-7,5 բալանոց) երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում, օջախը՝ 35 կմ խորության վրա:

Վերոնշյալ երկու իրադարձությունները (երկրաշարժը և մոտ օրուկես հետո ՉԹՕ-ի հայտնվելը) արդյոք իրար հետ կապվա՞ծ են, թե՞ ոչ, դժվար է ասել, հավանաբար կապված չեն:

Այնուհանդերձ, դժվար թե պատահականություն լինի «թռչող ափսեի» հայտնվելը Բաքվի երկնքում, այն պետք է, որ ինչ- որ կարևոր բանի հետ կապված լինի: Կան տեղեկություններ այն մասին, որ ՉԹՕ- ներ են հայտնվել այնտեղ և այն ժամանակ, որտեղից և երբ մարդկությանը Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ է սպառնացել:

ԱՄՆ ՍԹԵՆՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՆՈԼԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԿԻՐ

Ըստ Սթենֆորդի համալսարանի գիտնական- իմունաբան Հարի Նոլանի, մարդիկ, հավանաբար, հանդիպել են նրանց՝ այլմոլորակայիններին, բայց ոչ մի արտառոց բան չեն նկատել, այսինքն՝ նրանք ունեցել կամ ձեռք են բերել մարդկային կերպարանք:

Նոլանը «Պենտագոն, արտերկրային բանականություն և աղետի ենթարկված ՉԹՕ-ներ» համաժողովի ընթացքում վստահություն է հայտնել, որ այլմոլորակայիններն արդեն այցելել են Երկիր և նախկինի պես գտնվում են մոլորակի վրա: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ս. թ. մայիսի 28-ին հայտնել է «Daily Mail» պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Նոլանը «հարյուր տոկոսանոց» է անվանել հավանականությունը նրա, որ այլմոլորակայիններն արդեն այցելել են երկիր, և նույնիսկ ենթադրել է, որ մարդիկ, հավանաբար, հանդիպել են նրանց, բայց ոչ մի արտառոց բան չեն նկատել:

«Նրանք (այլմոլորակայինները) հայտնվում են և ասում, թե ձեզանից ով է բավականաչափ խելացի, որպեսզի հասկանա, թե ինչին է նայում»,- գիտնականի խոսքն է մեջբերել «Daily Mail»-ը: Նոլանը նաև հայտարարել է, որ իր եզրակացություններն արել է «ելակետային տվյալների հավաքագրմամբ» զբաղվող մարդու հետ շփման հիման վրա, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են «կործանված թռչող սարքերի հակառակ նախագծման» վրա:

Հարի Նոլանը Սթենֆորդի համալսարանի իմունոլոգ է, Նոբելյան մրցանակի հավակնորդ: Նա փորձեր է անցկացրել՝ վերլուծելու այն նյութերը, որոնք ենթադրաբար դուրս են նետվել ՉԹՕ-ների այցերի ժամանակ:

Բացի վերոնշյալից, Նոլանը ԿՀՎ-ում զբաղվել է, այսպես կոչված, Հավանայի համախտանիշի ուսումնասիրությամբ, որից վերջին տարիներին տառապում էին հարյուրավոր ամերիկացի պետծառայողներ, և որը բնութագրվում է սրտխառնոցի, գլխացավի և գլխապտույտի նոպաներով: Ենթադրվում էր, որ «ԱՄՆ հակառակորդները» ուղղորդված էներգիա «են օգտագործել տուժածների դեմ, սակայն 2022 թվականին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմն այդ վարկածն անվանել է «շատ քիչ հավանական»։

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՀՈՒՇՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՉԹՕ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃԸ

Ավելի վաղ ԱՄՆ-ի հետախուզությունը հայտնել է, որ ավելի քան 500 նոր հաղորդագրություն է ստացել ՉԹՕ-ների մասին: 2022թ. օգոստոսից ի վեր, Միացյալ Նահանգներում ՉԹՕ-ների հայտնաբերման ավելի քան 500 դեպք է գրանցվել. «Интерфакс» գործակալության փոխանցմամբ , այս մասին նշված է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցում։

Ըստ զեկույցի՝ հայտնաբերված երևույթների կեսից ավելին ունեն «ոչնչով աչքի չընկնող բնութագրեր»: Դրանցից 26-ը բնութագրվել են որպես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 163-ը՝ որպես «օդապարիկներ կամ օբյեկտներ, որոնք նման են օդապարիկների»: Մի քանի այլ հաղորդագրություններ կապված են եղել թռչունների, եղանակային երևույթների կամ օդում գտնվող աղբի հետ, ինչպիսիք պլաստիկե տոպրակներն են: Դրա հետ մեկտեղ, 171 երևույթի մասին ԱՄՆ կառավարությունն այդպես Էլ չի կարողացել բացատրություն գտնել։

«Այս չբացահայտված անոմալ երևույթներից (UAP) մի քանիսը ցուցադրել են արտասովոր թռիչքային բնութագրեր կամ շահագործման հնարավորություններ և պահանջում են հետագա վերլուծություն», – նշված է զեկույցի մեջ:

Նույն փաստաթղթի համաձայն, ՉԹՕ- ների մասին նոր հաղորդագրությունների մեծ մասը ստացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային ուժերի օդաչուներից ու օպերատորներից, «որոնք չբացահայտված անոմալ երևույթների ականատեսն են եղել իրենց օպերատիվ պարտականությունները կատարելու ընթացքում»: 2022թ. դեկտեմբերի 12-ին հրապարակված վերոնշյալ զեկույցը ցույց է տվել գրանցված նմանաբնույթ միջադեպերի թվի կտրուկ աճ 2021թ. համանման զեկույցի հրապարակումից ի վեր:

Աճը, ըստ զեկույցի, բացատրվում Է նրանով, որ «ավելի լավ են գիտակցվում հնարավոր սպառնալիքները, որ ՉԹՕ-ն կարող է ներկայացնել կա՛մ թռիչքների անվտանգության համար, կա՛մ որպես հնարավոր հակառակորդի կողմից տվյալների հավաքման հարթակ»: Իբր թե ավելի վաղ էլ են դրանք շատ եղել, բայց բոլորը չէ, որ զեկուցվել են հրամանատարությանը և գրանցվել: Իրականում պատճառը դա չէ…

ՉԹՕ-ների մասին օդաչուների և այլոց հաղորդումների թիվն աճել է, քանի որ աճել է հենց ՉԹՕ- ների ի հայտ գալու քանակը, իսկ վերջինս աճել է, որովհետև 2022 թվականից սկսվեց ու գնալով թափ առնելով շարունակվում է այն պատերազմը, որը կարող է վերածվել միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի, հետևաբար վտանգ է ներկայացնում ողջ մարդկության համար:

Զեկույցում նշված է նաև, որ Պենտագոնը և հետախուզական գործակալությունները «կշարունակեն հետաքննել ՉԹՕ-ների երևույթներին օտարերկրյա կառավարության հնարավոր առնչության ցանկացած ապացույց»: «The Guardian» պարբերականն իր հերթին նշել է, որ զեկույցի հրապարակումից առաջ Կոնգրեսը տարիներ շարունակ պնդում էր, որ ռազմական և հետախուզական համայնքները լրջորեն վերաբերվեն ՉԹՕ կոչվածներին:

ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ նախկինում ռազմական օդաչուների կողմից նկատված որոշ չբացահայտված անոմալ երևույթներ կարող են լինել ռազմավարական մրցակիցների (ՌԴ- ի և Չինաստանի) տեխնոլոգիաներ, որոնք ծանոթ չեն ամերիկացի գիտնականներին: Թեև դա 100 տոկոսով հնարավոր չէ բացառել, սակայն առկա տեղեկությունները, բազմաթիվ փաստեր հուշում են, որ օդաչուների և այլոց նկատած ու բացատրություն չստացած ՉԹՕ-ներն արտերկրային ծագում ունեն, իսկ դրանց՝ ռազմավարական մրցակիցների անծանոթ տեխնոլոգիաների հնարավոր արգասիք լինելու մասին Պենտագոնի ենթադրությունները հավանաբար բնակչության շրջանում խուճապից խուսափելու նպատակ ունեն:

ВАУ-СИГНАЛ

ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանի «Մեծ ականջ» ռադիոաստղադիտակով 1977թ. օգոստոսի 15-ին գրանցված 72 վայրկյան տևողության, առ այսօր չկրկնված, բացառիկ և ուժեղ ռադիոազդանշանը բազմաթիվ գիտնականների կողմից համարվում է արտերկրային քաղաքակրթության կողմից ուղարկված ու նրա գոյության ապացույց, թեև այս առումով գիտնականների կարծիքներն իրարամերժ են: Այս մասին է «Вау-сигнал» փաստագրական ֆիլմը

Գիտնականները հասկանում են, որ իրենց հետազոտությունները կարող են խուճապ առաջացնել բնակչության շրջանում և հանգեցնել գլոբալ հետևանքների, ընդմիշտ փոխել տիեզերքի մասին մեր պատկերացումները, գիտելիքներն ու ըմբռնումը և, ի վերջո, մեր կյանքը, բայց չեն հանձնվում ու շարունակում են ուսումնասիրել ազդանշանը:

Այս ֆիլմը պատմություն է այն մասին, որ մենք տիեզերքում մենակ չենք, և որ կարող ենք կապ հաստատել այլ քաղաքակրթությունների հետ: Այս ֆիլմը պատմություն է նաև այն մասին, որ մենք պետք է պատրաստ լինենք փոփոխությունների և նոր հայտնագործությունների, որոնք կարող են ընդմիշտ փոխել մարդկության կյանքը:

Ֆիլմից դուրս. առ այսօր ձեռք բերված, կուտակված տեղեկություններն առնվազն հուշում են, որ արտերկրյա քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու և տիեզերքի, դրանում մարդկության տեղի ու դերի մասին մեր գիտելիքներն ընդլայնելու միակ հնարավորությունը ռադիոազդանշանները և ռադիոկապը չեն: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, թե մարդկության հետ (և ոչ թե նրա առանձին ներկայացուցիչների…) երբ կցանկանան կապ հաստատել իրենք՝ այլմոլորակայինները, և կցանկանա՞ն, արդյոք, ընդհանրապես…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ