Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ամստերդամում պետք է հանդես գար իր երկրի և Եվրամիության փոխհարաբերությունների վերաբերյալ ծրագրային ելույթով, որը նախապատրաստել էր մի քանի շաբաթ և անվանել առանցքային Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության համար: Ալժիրում գերեվարված հայրենակիցների խնդիրներով զբաղվելու պատճառով վարչապետը ստիպված է եղել հետաձգել այցը Ամստերդամ, բայց ելույթի գլխավոր դրույթները հրապարակել է: Դևիդ Քեմերոնը գտնում է, որ Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել անդամակցությունը Եվրամիությանը, եթե Բրյուսելը չհամաձայնի անդամակցության նոր ձևաչափին` Լոնդոնը միասնական տնտեսական գոտում ընդգրկվում է, մնացած ոլորտները մնում են բրիտանական խորհրդարանի հսկողության տակ: Հիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիան պահպանել է իր դրամը` չմիանալով եվրագոտուն: Փորձագետների գնահատականով` Լոնդոնը պարզապես բարձրացնում է իր գինը և արմատական փոփոխություններ փոխհարաբերություններում քիչ հավանական են: Բացի այդ` Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից կարող է ուժեղացնել ռուսական ազդեցությունը ԵՄ-ի վրա. չլինելով ԵՄ անդամ` Ռուսաստանը քաղաքական ու տնտեսական կարևորագույն գործընկեր է Եվրոպայի համար, ինչը ոչ Մեծ Բրիտանիան, ոչ ԱՄՆ-ը ցանկալի չեն համարում Հին աշխարհում իրենց շահերի պաշտպանության տեսակետից:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ