«ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ ԱՎԵԼՈՐԴ ՀՈՒԶԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽԱՌՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»
Հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ իր տեսակետն է արտահայտում ԱԺ նախկին խոսնակ, պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։
-Պարոն Թորոսյան, ներկա ժամանակահատվածի ամենահրատապ թեման հայ-թուրքական հարաբերություններն են, այն շփումները, որոնք առկա են և նախկինում չկային։ Կանխատեսվում է, որ հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և, որ դա ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման հետևանքն է։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարժառիթներ են ստիպել Անկարային փոխել քաղաքականությունը։
-Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` Հայաստանում ներկայացվող տեսակետները հաճախ ուղղակի պարզունակ են, որքան էլ դա ցավալի է։ Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը ճնշում է գործադրում, և Թուրքիան էլ այդ ազդեցությամբ փորձում է ինչ-որ բաներ անել։ Այն, ինչ կատարվում է, պետք է դիտարկել 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի ենթատեքստում։ Այդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծվել է բացարձակապես այլ, մինչ այժմ աննախադեպ իրավիճակ։
Եվ պատահական չէ, որ Թուրքիան անմիջապես արձագանքեց դրան, առաջ քաշելով կովկասյան անվտանգության և համագործակցության պլատֆորմի գաղափարը։ ՈՒշագրավ է նաև, որ այդ գաղափարն առաջին անգամ ներկայացվեց ոչ թե Վաշինգտոնում, այլ Մոսկվայում։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն այդ օրերին անմիջապես մեկնեց Մոսկվա, ուր և հայտարարեց իրենց առաջարկը և առաջին հերթին այն Ռուսաստանի հետ քննարկելու ցանկությունը։ ԱՄՆ-ի արձագանքն ակնհայտորեն ցույց տվեց, որ դա Վաշինգտոնի համար անակնկալ էր։ Սա մի անգամ ևս ընդգծում է, որ Թուրքիան ամեն ինչում չէ, որ առաջնորդվում է ԱՄՆ-ի ցանկությամբ կամ ճնշումներով։
-Իսկ ո՞րն է տարածաշրջանում Ձեր նշած իրավիճակի բացառիկությունը։
-Վերջին 200 տարում երրորդ անգամ է, որ Հարավային Կովկասում տեղի է ունենում լուրջ ուժերի ու շահերի բախում։ Առաջին անգամ այդ բախումը կար 19-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանը հաստատվեց Հարավային Կովկասում։ Երկրորդ փուլը 1918-20 թվականներն էին, երբ Մեծ Բրիտանիան էր փորձում Ռուսաստանին դուրս մղել։ Այսօրվա փուլը վերջին 15 տարիներին բնորոշվում է ռուս-ամերիկյան դիմակայությամբ։ Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը փորձում է վերջնականապես հաստատվել Հարավային Կովկասում, ինչի արդյունքում էլ Վրաստանն ամբողջությամբ խզեց կապերը Ռուսաստանի հետ, շրջվեց դեպի Արևմուտք և բացառապես արևմտյան վեկտորի հետ է կապում իր ձգտումներն ու նպատակները։
-Դո՞ւք էլ եք այն համոզման, թե Վրաստանում ռուսամետ իշխանություն այլևս չի լինելու։
-Դժվար է ասել, որովհետև այդ նպատակով որոշակի գործընթացներ կան։ Բայց փաստ է նաև, որ վերջին 200 տարում առաջին անգամ է, երբ տարածաշրջանի երկրներից մեկն այդքան ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի։ Սա եզակի երևույթ է, և եթե տարածաշրջանի ճանաչված մյուս երկու պետություններից որևէ մեկը` Հայաստանը կամ Ադրբեջանը, միանա Վրաստանին, երրորդ երկրին ոչինչ չի մնա անելու և Ռուսաստանը տարածաշրջանից լիովին դուրս կմղվի։
Այս, իսկապես, բացառիկ իրավիճակը հնարավորություններ է ստեղծում տարբեր հարաբերությունների ճշգրտման համար, և Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին շահել այս գործընթացներում։ Ցավոք, Հայաստանն անցած վեց ամսում չի կարողացել ոչ մի օգուտ քաղել։ Ադրբեջանը դա փորձում է անել Թուրքիայի միջոցով` որպես ավելի խոշոր ու փորձառու խաղացողի։ Թուրքիան էլ, ըստ այդմ, փորձեց ճշտել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ հետագա տարածաշրջանային համագործակցության առումով, ապա սկսեց դարձյալ աշխատել հիմնականում ԱՄՆ-ի հետ։ Ամերիկացիների ոչ սովորական արձագանքը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, նաև դրանով է պայմանավորված։ Որովհետև Թուրքիան սկսել է սեփական խաղը տարածաշրջանում և դա, վստահ եմ, ԱՄՆ-ին բոլորովին դուր չի գալիս։ Պատահական չէ, որ նախագահ Օբաման, փաստորեն, առաջին պաշտոնական այցերից մեկը կատարեց Թուրքիա։ Այս ամենը շատ կարևոր, խորհրդանշական նշանակություն ունի, երբ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին այցերից մեկը կատարում է Թուրքիա։
-Անկարայի գործողություններն ինչի՞ն են միտված։
-Թուրքիան ակտիվորեն փորձում է օգտագործել բոլոր հնարավոր փաստարկներն ու գործոնները, այդ թվում` Ադրբեջանի։ Թուրքիայում և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն այս փուլում պետք է դիտարկել նույն ենթատեքստում։ Նկատի ունենանք, որ մի երկրում, ուր ակնհայտորեն տերուտնօրեն են եղել և մնում են զինվորականները, չեն կարող հենց այնպես բազմամարդ բողոքի ցույցեր տեղի ունենալ մի կողմից` Հրանտ Դինքի սպանության հետ կապված, մյուս կողմից` ընդդեմ հայ-թուրքական սահմանի բացման։ Համանման ալիք ձևավորվում է նաև Ադրբեջանում, որովհետև Թուրքիան, փորձառու խաղացող լինելով, գիտակցում է` որևէ հարցի լուծում չի կարող նպաստավոր լինել միայն մեկ գործոնի դեպքում, որը միշտ էլ կարելի է չեզոքացնել և թելադրել նոր խաղի կանոններ։ Անկարայի և Բաքվի բոլոր գործողությունները պետք է դիտարկել տարածաշրջանի համար մղվող ռուս-ամերիկյան պայքարի ենթատեքստում։
-1920-ականներին Թուրքիան և Ռուսաստանը միասին են «հավաքել» տարածաշրջանի սահմաններն ու անվտանգության համակարգը։ Արդյոք այսօր կրկին ականատես չե՞նք ռուս-թուրքական դաշինքի ձևավորմանը` ընդդեմ ամերիկյան ներթափանցման։
-Ճիշտն ասած, այդ կարծիքին չեմ, որ Թուրքիան աշխատում է ԱՄՆ-ի դեմ։ Նա աշխատում է իր համար։ Համամիտ չեմ նաև, թե Անկարան կարող է գնալ սուր բախման Վաշինգտոնի հետ։ Հակառակը, Թուրքան փորձում է պահպանել ու վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Բայց եթե ունի գործոններ ու հնարավորություններ ստիպելու, որ իր հետ հաշվի նստեն, բնականաբար, անելու է դա։ Այլ բան է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մասամբ համընկնում են, որովհետև տարածաշրջանն ամերիկյան ազդեցության դաշտում հայտնվելուց հետո դա հազիվ թե Թուրքիայի օգտին լինի։ Վերջին վեց-յոթ ամիսներին ռուս-թուրքական հարաբերությունների ակտիվությունը սրանով է պայմանավորված, բայց, իմ կարծիքով, Թուրքիան, ամեն դեպքում, կտրուկ հակադրության չի գնա ԱՄՆ-ի դեմ։
-Կան կարծիքներ, որ ապրիլի 24-ին Բարաք Օբաման իր ուղերձում օգտագործելու է «ցեղասպանություն» բնորոշումը, և Թուրքիա մեկնելու նպատակներից մեկն էլ Անկարային Հայկական հարցում ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունների մասին տեղյակ պահելն էր։
-Մենք մեր պատմության ընթացքում մեզ համար մի շարք առասպելներ ենք ստեղծել ու կրակն ենք ընկել։ Դրանցից մեկն էլ ԱՄՆ-ի որևէ նախագահի կողմից ցեղասպանություն բնորոշման օգտագործումն է։ Անձամբ ես երբևէ սպասումներ չեմ ունեցել, թե ԱՄՆ-ի որևէ նախագահ այդ մասին կհայտարարի կամ չի հայտարարի։ Դա իրենց բարոյական կերպարի խնդիրն է, ու Հայաստանը, հայությունն առհասարակ, դրա վրա չպետք է ծանրանար։ Ի վերջո, ամոթ է, երբ մի ամբողջ ժողովուրդ սպասում է, թե յուրաքանչյուր ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահի ուղերձում ինչ կասվի կամ չի ասվի։ Դրանից մեր կյանքում, Հայաստանի կամ ԼՂՀ-ի համար ոչինչ չի փոխվելու։ Կա պարզ, նույնիսկ պարզունակ առևտուր ԱՄՆ-ի հայ բնակչության և նախագահի թեկնածուների միջև նախագահական ընտրությունների ժամանակ։ ՈՒ քանի որ ԱՄՆ-ում ապրում են բազմաթիվ խելացի հայեր, լավ կլինի, որ մի օր վերջ դնեին այս ամենին։ Մենք բազմաթիվ բարդ խնդիրներ ունենք ու դրանց լուծման մասին պետք է մտածենք։
-Այսինքն, Դուք համոզված եք, որ եթե ապրիլի 24-ին Օբամայի ուղերձը տարբերվի իր նախորդներից, միևնույն է, հայության համար վճռորոշ նշանակություն չի ունենա։
-Իհարկե, դա ընդամենը կնշանակի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման ճշգրտում։ Մեր խնդիրները մենք պետք է լուծենք` ստեղծելով հետաքրքրություններ ու շահեր, որոնց առկայությունն է միայն ստիպում օտարներին հաշվի նստելու մեր շահերի հետ։ Բառերը չեն վճռորոշ, այլ գործողությունները։
-Կա տպավորություն, որ Թուրքիան, իսկապես, բավական հմուտ է խաղում այս գործընթացում։ Օրինակ, նախագահ Գյուլը կամ արտգործնախարար Բաբաջանը ինչ-որ բաներ են ասում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, իսկ վարչապետ Էրդողանը հանդես է գալիս ճիշտ հակառակ հայտարարություններով։
-Այո։ Եվ, ի դեպ, Թուրքիայում վարչապետի պաշտոնն ավելի կարևոր է, քան նախագահինը, որն ավելի խորհրդանշական լիազորություններ ունի։ Սա մենք պետք է ի սկզբանե նկատի ունենայինք։ Բայց ուրիշ հանգամանքներ ևս կան. մենք պիտի փորձենք մեր ներսում փնտրել մեր պրոբլեմների լուծումներն ու հարցերի պատասխանները։ Մինչդեռ Հայաստանը, ցավոք, մինչև այսօր հստակ ձևակերպված դիրքորոշում չունի ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների, այլև Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ես նկատի չունեմ, թե պետք է բացահայտել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների խորհրդապահական քննարկումները։ Բայց մենք հստակ դիրքորոշում չունենք ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների հետ կապված, հնարավոր փոխզիջումների վերաբերյալ։ Մարդիկ մինչև այսօր նույնիսկ չեն հասկացել, որ ԼՂՀ-ն արդեն իսկ որոշակի և էական զիջումներ արել է Ադրբեջանին։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Այն, որ ԼՂՀ-ն, փաստորեն, համաձայնել է նոր հանրաքվեի, թեպետ 1991-ին անցկացված հանրաքվեն և առհասարակ ԼՂՀ անկախության հռչակման գործընթացը եղել են միջազգային իրավունքի տեսակետից անթերի։ Սակայն բանակցությունների գործընթացն ապահովելու և լուծումներ գտնելու համար ԼՂՀ-ն գնացել է էական զիջման։ Նույնպիսի զիջում կարելի է համարել այն, որ Արցախը համաձայնեց, որ բանակցություններում իր դիրքորոշումները ներկայացնի Հայաստանը։ Ադրբեջանի կողմից ոչ մի զիջում առայսօր չկա։
Ի վերջո, այս ամենը, «փոխզիջումներ», «գրավյալ տարածքներ» բառերի շուրջ աճպարարությունները վաղուց արդեն իրենց սպառել են։ Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը, բացի այն երեք սկզբունքներից, որոնք մի քանի տարի առաջ ընդունվեցին որպես քաղաքականություն։ Մինչդեռ ժամանակն անցնում է, պահանջում նոր համարժեք որոշումներ։ Եթե դու տեղում կանգնած ես մնում, ուրեմն իրականում հետ ես ընկնում։ Բազմաթիվ խնդիրների, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանում բովանդակային քննարկումներ անգամ չկան։ Այդ պայմաններում զարմանալի չէ, որ մենք լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնում։
-Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախադեպերից հետո Ղարաբաղի անկախությունն ամրագրելու մեր շանսերը, ըստ Ձեզ, ավելացե՞լ են։
-Նկատի ունենանք, որ երբ խոսվում է ԼՂՀ-ի անկախության և ոչ թե Հայաստանի հետ վերամիավորման մասին, դա էլ արդեն զիջում է։ Ինչքան էլ ինչ-որ մարդիկ պնդեն, թե միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքը խիստ ընդհանրական է, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ցավոք, մարդիկ տարիներ շարունակ կառչած լինելով ինչ-որ սին գաղափարներից, այդպես էլ մնացել են այդ կաղապարների մեջ։ ԼՂՀ-ն, իբրև ինքնորոշվող տարածք, բացառիկ անթերի դեպք է` ՄԱԿ-ի փաստաթղթերի համաձայն։ Դրան ես վերջերս անդրադարձել եմ առանձին գրքով։ Հստակ է, որ ինքնորոշվող ժողովուրդը երեք հնարավորություն ունի. անջատում-անկախություն, անջատում-միացում այլ պետության և որևէ այլ կարգավիճակ, որ հենց այդ ժողովուրդն է որոշում։ Ոմանք մինչև այսօր կարծում են, թե Ադրբեջանը, ի վերջո, պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, որ այն լինի լիարժեք։ Սա թյուրիմացություն է, նման բան գոյություն չունի։ Ինքնորոշվող ժողովուրդն ինքնորոշման իրավունքի շրջանակներում ինքն է որոշում կայացնում և կարգավիճակ ընտրում։ Նույնիսկ Հայաստանն իրավասու չէ ԼՂՀ-ի կարգավիճակը որոշելու։ Բայց մենք այս ամենը մի կողմ ենք թողել և շարունակում ենք գործել 1990-ականներին ձևավորված կաղապարների շրջանակներում, ինչն այսօր ուղղակի վտանգավոր է։
-Ձեր տպավորությամբ` Թուրքիան և Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ սկսված խաղը կազմակերպվա՞ծ են տանում, թե՞ իսկապես որոշ հակասություններ են առաջացել Անկարայի և Բաքվի միջև։ Ալիևը, օրինակ, սպառնաց Թուրքիային գազ չտալ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի։
-Միանշանակ համոզված եմ, որ Բաքվի ու Անկարայի միջև որևէ հակասություն չկա։ Ադրբեջանի այդպիսի պահվածքը շատ ձեռնտու է Թուրքիային, որն իրականում սահմանը բացելու ցանկություն չունի և չի անի դա։ Ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Թուրքիան առաջ քաշեց կովկասյան անվտանգության ու համագործակցության պլատֆորմի գաղափարը, անցած ամիսների ընթացքում այն չի վերածել փաստաթղթի։ Խոսվում է միայն ինչ-որ ուրվագծերի մասին, բայց կես տարվա ընթացքում Թուրքիան, միայն այդ գաղափարից, կարողացավ քամել բոլոր հնարավոր արդյունքները, խաղալ անգամ բառերի վրա ու օգուտներ քաղել։
-Կոնկրետ ինչպիսի՞։
-Այս ընթացքում մեծացավ Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում, Անկարան դարձավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ինչը փոքր ձեռքբերում չէ։ Միաժամանակ զգալիորեն բարելավեց իր հարաբերությունները Եվրամիության հետ` հայ-թուրքական հարաբերություններում գործնականում ոչ մի զիջման չգնալով։ Ընդամենը նախագահ Գյուլը եկավ, Երևանում մի քանի ժամ ֆուտբոլ նայեց։ Հիմա էլ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ սահմանի բացման գաղափարն օգտագործել և նույնպես հաջողությամբ։ Դրան զուգահեռ, Անկարան միաժամանակ պահպանում է բոլոր անհրաժեշտ հակակշիռները, որոնք ստեղծվում են Ադրբեջանում Ալիևի և ադրբեջանական կուսակցությունների պահվածքով, ինչպես նաև Թուրքիայի ներսում։ Տարբեր վայրերում հայ-թուրքական սահմանը բացելու դեմ բազմամարդ ցույցերը դրա լավագույն օրինակն են։ Այսինքն, արտաքին աշխարհին ցույց են տալիս, որ իշխանությունը շատ է ուզում դիմել այդ քայլին, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ։
-Ինչի՞ է սպասում Անկարան, ի՞նչ արդյունքներ է ուզում ստանալ այս գործընթացից։
-Նրանց նպատակն այն է, որ ապրիլի 24-ին, երբ կհրապարակվի Բարաք Օբամայի առաջին ուղերձը, ցեղասպանություն բառը չօգտագործվի։ Այսինքն, դրվի ավանդույթ, որը Օբամայի կառավարման հետագա տարիներին խախտելը դժվար է լինելու, որովհետև դժվար է մի անգամ չասել, իսկ հետո` ասել։ Սա է Թուրքիայի ամբողջ նպատակը։ Ապրիլի 24-ը կանցնի ու կտեսնենք` սահմանները կբացվե՞ն, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվե՞ն, թե՞ ոչ։ Նկատի ունենանք, որ Թուրքիան չի հրաժարվել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված իր բոլոր նախապայմաններից, և այդ մասին բացահայտ խոսում է վարչապետ Էրդողանը։
Այնպես որ, ավելորդ խանդավառության կարիք չկա։ Մանավանդ որ Հայաստանում որևէ մեկը լուրջ ուսումնասիրություն չի իրականացրել, թե ինչ է լինելու սահմանի այդ չարաբաստիկ բացումից հետո։ Ո՞վ է ուսումնասիրել Թուրքիայի օրենսդրությունը, ինչպե՞ս են հայ գործարարներն աշխատելու Թուրքիայում, և ի՞նչ արդյունքներ են լինելու դրանից։ Մինչդեռ սահմանը բացելը Թուրքիայի կողմից Հայաստանին արվող լավություն չէ, դա պարտավորություն է, որ Թուրքիան ստանձնել է միջազգային փաստաթղթերով և հատկապես իբրև Եվրոպայի խորհրդի անդամ երկիր։
-Այսպիսով, Դուք ներկա գործընթացից որևէ դրական բան չե՞ք սպասում։
-Սպասումները պետք է հենված լինեն փաստերի վրա, իսկ դրանք չկան։ Եթե որևէ մեկը կբերի փաստեր, պատրաստ եմ քննարկելու։ Հայաստանի կողմից դրսևորվում են առանձին, մեկ քայլանոց նախաձեռնություններ, և դրանով ամեն ինչ ավարտվում է։ Մենք շատ ենք ավելորդ հուզականություն խառնում քաղաքականությանը։ Քաղաքականությունը ոչ թե երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ ժպիտների փոխանակում է, այլ կոնկրետ շահ և օգուտ, ինչը մեր դեպքում մնում է այդ ամենից այն կողմ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ