Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ԵՎ ԿՐԿԻՆ ԿԿՈՐԾԱՆՎԻ «ՀԱՅՈՑ ԿԱՐԹԱԳԵՆԸ»

ԵՎ ԿՐԿԻՆ ԿԿՈՐԾԱՆՎԻ «ՀԱՅՈՑ ԿԱՐԹԱԳԵՆԸ»
07.10.2011 | 00:00

ՀՀ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող 25 500 հուշարձան կա (մոտ մեկուկես հազարը` նորահայտ), որոնք պետության պահպանության կարիքն ունեն: Պարզից էլ պարզ է, որ հասարակական-քաղաքական հեղաբեկումների պատերազմական բովով անցած քսանամյա Հայաստանի Հանրապետությունն ի զորու չէ բոլորին միաժամանակ համաչափ պատշաճ ուշադրություն դարձնելու: Այդուհանդերձ, պարտավոր է ապահովել դրանց գոյատևման ու խնամքի իրավական հիմքերը հստակ գործող օրինական դաշտում: Պարտավոր է ամենայն լրջությամբ մտահոգվել ու կանխել թե՛ բնական, թե՛ մարդկային աղետները: Ընդունված օրենքները չհարգելու, նենգամտորեն շրջանցելու համար ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկել բոլոր օրինազանցներին, անկախ հասարակական սանդղակում զբաղեցրած դիրքից: Հակառակ պարագայում վերջնականապես հօդս կցնդի ժողովրդավարության պատրանքը: Օճառի փքուն պղպջակի նման կպայթի «Միասին պայքարենք կոռուպցիայի դեմ» փքուն կարգախոսը։
Ովքեր ծանոթ են «Արտաշատ մայրաքաղաք» պատմահնագիտական արգելոցի վերաբերյալ կառավարական որոշման իրագործման անհնարինության նախապատմությանը, կհաստատեն հաստաբեստ կենսահիմքն այս հոռետեսական «խոհափիլիսոփայության»:
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼԸ
Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Տափերական, Նոր կյանք, Ոսկետափ գյուղերի տարածքն է զբաղեցնում Հին Արտաշատի պատմամշակութային բացառիկ գոտին։ ՈՒրարտական քաղաքի տեղում (պեղումներով երկրորդ բլրի վրա գտնվել է միջնաբերդը) միասնական, կանոնավոր ընդհանուր հատակագծով կառուցված արքայական բնակավայրն անտիկ աշխարհի միջազգային առևտրատնտեսական, մշակութային խոշորագույն կենտրոններից է եղել։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչ մ.թ. 5-րդ դարը մեր ունեցած բարձր քաղաքակրթության փաստացի լիարժեքացման կարևորությունը, սակայն, մեր օրերում զուտ տեսականորեն է ընդունվում։ Հնագիտական աշխատանքները դեռևս գիտականորեն չարժևորված աներևակայելի հարուստ նյութ են բացահայտում 1970-ից ի վեր։ Անտրամաբանական հակադարձությամբ տարեցտարի կրճատվում է հատուկ պահպանության գոտու տարածքը։ 1992-ին դրան հատկացվել էր 2400 հա (հուշարձանին` 400 հա)։ Այժմ անկարելի է դառնում ընդամենը 64 հա-ի ամրակայումը։
Փրկություն կարող էր լինել պետության կողմից գերակա շահ ճանաչելը: Սակայն պետությունը տվյալ հողակտորի շուկայական արժեքը ներկայիս սեփականատիրոջը փոխհատուցել չի կարող։ Գումար չունի։ Եվ խճճված զուգահեռները, շուրջ տասը տարի, Խոր վիրապից ձգվում են դեպի Երևան, զարմանալի առաձգականությամբ, առավել խճճված կրկին հայտնվում հին Արտաշատի տարածքում: ՈՒշացած պարզաբանումներով անկարելի է լինում որևէ շտկում մտցնել իրերի ներկա դրության մեջ: Ավելին, դրանք անլուծելի են դառնում շուտով ի հայտ եկող առավել արտառոց իրողություններով: Հավանական մեղավորները ոչ միայն չեն պատժվում, այլև պարգևատրվում են պաշտոնական առաջխաղացմամբ: Վատ կոծկված անմխիթար իրավիճակին լավատեղյակներն ինչպե՞ս հավատան, որ գանձագողությունը, օրինակ, կամ էլ օրենքի շրջանցմամբ հողահատկացումներ անելն ու սեփականաշնորհելը, կաշառակերությունն ու օրինազանցությունը պատժելի են ու մերժելի… Ասենք, ինքնակառավարում ստացած հազար համայնքներից քչերում են մտահոգված իրենց տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, չնայած թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում (հոդված 41), թե՛ ՀՀ «Հողային օրենսգրքում» (հոդված` 19, 23, 60), թե՛ ՀՀ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում (հոդված 11, 21) սևով սպիտակի վրա գրված ու պետական կնիքով հաստատված են նրանց պարտականությունները:
ՏԵՐՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԽԱՂ
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, 2006-ի հուլիսի 16-ին, հնավայրի անմիջապես կենտրոնում Նոյյան տապան կառուցելու նպատակով, 6 հա հողահատկացում է կատարվել: Երբևէ (մ.թ.ա. II - մ. թ. V դդ.) 1200 հա տարածության վրա է սփռված եղել «Հայոց Կարթագենը»: Անտնտեսավարություն կլիներ, իհարկե, ամբողջ պատմամշակութային տարածքը տրամադրել հնագիտական արգելոց ստեղծելուն: Առանց այդ էլ աղքատիկ են մեր բնական ռեսուրսները: ՈՒստի հնագույն մայրաքաղաքի հիշատակները հողի ընդերքից Խոր վիրապի ութերորդ բլրի հատվածում Ժորես Խաչատրյանի գլխավորությամբ վեր հանող հնագիտական արշավախումբը չտագնապեց։ Վարուցանք միշտ արել են վերգետնյա շերտերում, բայց տեղում դեռ 1979-ին կառուցված երկհարկանի շինություն կա, որտեղ արշավախումբն իր գտածոներն է նախնական մշակման ենթարկում: Պեղումների ավարտից հետո նախատեսվում էր կոնկրետ պայմաններով ընդհանուր հողատարածքի մեծ մասը հատկացնել գյուղացիներին` մեկ տասներորդի վրա կենտրոնացնելով պատմահնագիտական արգելոցը: Այդ պահին Լուսառատի ապագա գյուղապետ Հայկազ Տերտերյանն էլ միացել էր նոր հայտնաբերված բաղնիքն ու Տիրի տաճարը հետազոտողների խմբին: Նույնիսկ պայծառ միտք հղացավ` շքեղ մի թանգարան էլ հիմնադրել արգելոցին կից և հազվագյուտ գտածոներն աշխարհին ի ցույց դնել: Ի զարմանս ամենքի, շուտով մարեց Տերտերյանի հայրենասիրական հրաբուխը: Պարզվեց, որ նրա հետազոտության առարկան միանգամայն այլ է եղել` գտնել Արտաշես արքայի թողած ժառանգությունից մասնաբաժին ունենալու անվտանգ հնարքները: Երևանում, «վերևներում» տաքուկ տեղավորված մեկ ուրիշ Տերտերյան օգնեց մշակելու «օրինագիծը», և օր օրի թափ առավ տերտերյանական զուգախաղը` հնարամտորեն տանուլ չտալով ոչ մի շրջափուլ:
Օգտվելով բարձիթողի վիճակից, վեց հեկտարի փոխարեն, նախ, մոտ 60 հա աճուրդի հանվեց: ՈՒնենալով հուսալի նեցուկ «վերևներում»` գյուղապետ Տերտերյանը փուլ առ փուլ ավելի ընդլայնեց «շահութաբեր տարածքը»: Առանց ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ սխեմաները ճշտելու, ներկայացնում էին կառավարություն, որն էլ հաստատում էր հողահատկացումները: Տարածքային կառավարման նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը` Վաչե Տերտերյանը, գյուղապետի ազգանվանակիցը, շատ բարեհամբույր շրջանցում էր մշակույթի նախարարության համապատասխան մասնագետների իրավասությունները:
Հաջորդ գարնանը «չաղլիկ գործարքից» (հավաստի տվյալներով` մոտ ութ միլիոն ՀՀ դրամ) շահած գյուղապետը ձեռնարկում է իր արտասահմանյան շրջագայությունները, իսկ հին Արտաշատով (հունարեն` «Արտաշեսի ուրախություն») «նոր ուրախություն» գտած սեփականատերը (ասում են, «Հին Էրիվանի» տերը) Քրիստոնեության 1700-ամյա հոբելյանը հավերժացնող ծառատունկ է սկսում, ինչը հաջողվում է կասեցնել դատախազության միջամտությամբ: Երաժշտություն հորինելուց հոգնած մի բարձրա1ստիճան մշակութային չինովնիկի մտքով էլ անցել էր ամֆիթատրոն կառուցել հին Արտաշատում: Հիմա, ըստ երևույթին, հաջող առքուվաճառքի համար, մարզպետարանի գյուղվարչության պետն է: Օրինազանցների խրախուսման հար և նման օրինակները, ասում են, բազմաթիվ են։ Հետին թվով պեղված իրողությունների տասնամյա շղթան բացվում է օղակ առ օղակ։ Պարզվում է, որ 70-80-ականներին արդեն պեղված եզրային հատվածում, դեռևս 2005-ին, աճուրդով վաճառել են մի զգալի տարածք ևս: Ավելի ուշ, 2000-ին էլ սեփականաշնորհվել է Խոր վիրապ բլրի ստորոտի մի հատված, պարսպին կից, որտեղ, ամենայն հավանականությամբ, անապահով խավի անշուք բնակարաններ են կառուցված եղել: Ենթադրելով, որ կարող է տարածվել շինարարությունը, «հատուկ պահպանվող» տարածք է ճանաչվել հարակից դաշտավայրը երեք տարի անց: Պատճառաբանելով, թե իննսունական թվականներին այդ հողերն արդեն վաճառված են եղել, սեփականաշնորհման վկայականներ են տրվել` անտեսելով կառավարության որոշումը:
Տարիներով անարձագանք են մնում հինավուրց մայրաքաղաք Արտաշատի բազում թանկարժեք մասունքների փրկության կոչնակները: Տեղացիները միայն «տեղական հայրենասիրության» ցուցքերի, ճոխ խնջույքների պահերին են տարփողում իրենց մարզի տարածքում Հայաստանի երկու մայրաքաղաքների` Արտաշատի ու Դվինի գտնվելու մասին: Հիմա էլ, իբր, պատրաստվում են մեծագույն շուքով իրենց քաղաքի ծննդյան երկհազարամյակը (իրականում` 2200) տոնելու։ Խոր վիրապի բլուրների վրա և շրջակայքում կարթագենցի զորավար Հաննիբալի խորհրդով ու ցուցումով Արտաշես Ա արքայի կառուցած (ըստ Պատմահոր` մ.թ.ա. 185 թ.) հրաշագեղ մայրաքաղաքից մնացած հայկական հելլենիստական մշակույթի կոթողային մասունքների` Անահիտ-Արտեմիսի ու Տիր-Ապոլոնի տաճարների, բաղնիքի ու պարիսպների, հազվագյուտ խեցեղենի ու զարդաքանդակների պահպանությունն ու լիարժեք ուսումնասիրությունը նրանց ամենևին չեն հուզում: Նրանք հանցակից են դառնում դեռևս լիովին չհետազոտված հնավայրի տարածքում «իրավական հուսալի հիմքերով» հողահատկացումների գործարքներ նախաձեռնողներին: «Անձեռնմխելի» գործարարները հաջողեցնում են զարտուղի ճանապարհներով շրջանցել մշակութային արժեքների պահպանման ընդունված օրենքները: Տարածքային կառավարման նախարարության «բարի կամքով» ստանում են «հարմար գնով» ձեռք բերված, օրենքով անձեռնմխելի հռչակված հողակտորների սեփականության վկայականները: Հնագետների հնչեցրած ահազանգերն անօգնական տարուբերվում են օդում ու, զարմանալիորեն արագ, մարում: Անպատասխան է մնում գեթ 64 հա տարածքում պատմահնագիտական արգելոց ստեղծելու նրանց հայցը: Փոխարենը գետաբերանի և հուշարձանի պեղված տարածքների միջանկյալ 101 հա հողակտորը ևս սեփականաշնորհվում է: Խոշոր վարձակալներից մեկը «Վեդի Ալկոն» է։
Ի լրումն «անպատժելիների» անկասելի վայրագությունների, ՀՀ կառավարության հրահանգով, հիմա էլ հակակարկտային վեց կայաններից երկուսը նախատեսված է տեղադրել պարիսպների մոտ:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ