Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հեղափոխությունից հալածվածները

Հեղափոխությունից   հալածվածները
28.05.2023 | 23:21

2018 թվականի հեղափոխության մեկնարկն ու ընթացքը ուղեկցվեց ոչ միայն փողոցային պետականաքանդության տեսանելի դրսևորումներով, այլև բիրտ հետապնդուներով և հալածանքներով նրանց նկատմամբ, ովքեր համարձակվել էին պաշտպանել պետության, դպրոցի, աշակերտի անվտանգության և քաղաքական գործընթացներում չներգրավվելու կարգուկանոնը:

Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանն այն կին տնօրենն է, որը ոչ թե մաշկի վրա, այլ, ինչպես ասվում է, բովանդակ էությամբ է զգացել հեղափոխության՝ Գյումրու ազգակործան այն ակտիվիստների վրեժը, հետապնդումը, որոնք Գյումրու կենտրոնական հրապակում հայտարարել էին՝ գնում են արշավելու և պաշարելու մի դպրոց, որի տնօրենը համարձակվել է աշակերտներին թույլ չտալ լքել դասաժամերը և միանալ տիրող ամենաթողությանը:

Բայց մինչ այդ, իրենց «ազնիվ հեղափոխական» համարող ակտիվիստները, որոշելով Լինչի գաղափարական դատաստան կազմակերպել Գյումրու 27 դպրոցում, պաշարում են դպրոցը՝ հարկադրելով տնօրեն Կարինե Լալազարյանին բացել դռները և դուրս թողնել աշակերտներին: Ինչպես մեզ տված հարցազրույցում պատմեց Կարինե Լալազարյանը, «դպրոցի վրա» եկածների մեջ էին Կարեն Պետրոսյանը, Ղարիբ Հարությունյանը, Վահագն Խաչատրյանը:

Ֆանատիկների խմբի մուտքը պետական կրթական հաստատություն տնօրենն արգելել է: Լարվածությունը թույլացնելու համար, «ազնիվ նիկոլականերից» երկուսին առաջարկել է մտնել դպրոց և զրուցել բարձր դասարանցիների հետ: Զրույցից հետո, ակտիվիստների հետ, դպրոցը լքել է ընդամենը մի քանի աշակերտ: Այս դրվագը չի մնացել «անպատիժ» և հեղափոխականները «սև ցուցակ» են գցել Կարինե Լալազարյանին, որի նկատմամբ հոգեբանական բազմադրվագ հալածանքը ավարտվել է 18-օրյա բանտարկությամբ՝ քրեական օրենսգրքի հոդվածներով:

Հետագայում՝ ակտիվիստ Կարեն Պետրոսյանը, ղեկավարեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խուժանախումբը՝ ներկայանալով Հայ առաքելական եկեղեցու իբր հավատարիմ հետևորդ: Իրականում՝ հերձվացող ու Վեհափառի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տված՝ Վեհարանի մոտ սովալլուկների ինչ-որ ակցիայի համահեղինակ: Այս շահեկան «բոլոլան» ուներ մեկ նպատակ. Կարեն Պետրոսյանը շատ արագ կարգվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի՝ «պոլիտեխնիկի» ռեկտոր:

Տեղին է ասել՝ երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել: Ավանտյուրիստների հրոսակախումբը, պարզվում է, գործում էր հատուկ մեթոդական ուղեցույցերով:

Հարկ է նշել, որ Գյումրիում բազմաթիվ էին՝ անգամ այդ պահին գործող իշխանությանը սատարող, դպրոցների տնօրեններ, որոնք թույլ էին տվել աշակերտների «այրվող սրտերը մատաղ անել» անառողջ աչքերով շեղված հեղափոխականների ոտքերի տակ:

Փաստ է ՝ այդ տնօրենները քթները միշտ օրվա քամու ուղղությամբ պահելով են իրենց տեղը տաքացրել և , վարձկանի հոգեբանությամբ, ծառայել բոլոր իշխանություններին՝ «от Ильича до Ильича...» բանաձևով:

Առանձին ուսումնասիրության թեմա է այն, թե, լինելով կենսաբանական հարմարվողներ և բոլոր իշխանությունների հրահանգները, մանտրայի նման, կրկնող պաշտոնյաներ, ու՞մ մոտիվացիայով միացան հակաիշխանական պոռթկումներին:

Ստույգ է՝ չունենալով համապատասխան ցուցում օրվա «վերևից», բազմաթիվ դպրոցների աշակերտական և ուսուցչկական համակազմերին չէին ուղարկի հեղափոխականներին սատարելու, ինչը հատկապես տեսանելի դարձավ 2018 թվականի մայիսի սկզբի օրերին:

«ՀՈՊԱՐ, ԲՌՆԵԼ ԵՆՔ»

Շատ թավշյա, շատ ոչ բռնի ու մեծ սիրո հեղափոխոփության առաջին նեխած պտուղը Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենը, իր ներկայացմամբ, զգացել է 2018 թվականի հուլիս ամսին, երբ մի քանի բանագնաց ոստիկաններ ներկայացրել են առաջին մեղադրանքը՝ «կերել է» աշխատակիցների սոցփաթեթների 5-ական դրամները: Թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով է կերել ու կուլ տվել, ինչպե՞ս է այդքանն իր ստամոքսում տեղավորվել, էական չէր, կարևորը՝ գտել են «սանձարձակ» մեկին, որին պետք էր արագ ու անվարան մեկուսացնել:

Դպրոցի նախկին տնօրենի դիտարկմամբ, շատ օպերատիվորեն ի հայտ է եկել «կերածները հավաստող» ուսուցիչների մի խումբ, որը, ըստ Կարինե Լալազարյանի, որակյալ «մշակումների» արդյունքում, ցուցմունքներ է տվել իր դեմ:

Արդյունքում՝ Կարինե Լալազարյանը դառնում է Գյումրու դպրոցներից մեկի այն տնօրենը, որին գիշերային դատով ՝ դատավոր Վահե Միսակյան, կալանավորում են: Սակայն մինչ այդ «չափազանց ծանր հանցագործ» տիկնոջը, որն այդ պահին իր խնամքին ուներ մեկամյա երեխա, 72 ժամ թողնում են ձերբակալվածների պահման վայրում: ՈՒշագրավ են քրեական վարույթին առնչվող մի շարք դրվագներ:

Մասնավորապես, ինչպես պատմում է Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրենը, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն մուտք գործելու պահին, ունեցել է վկա-մեղադրյալի կարգավիճակ: Հարցաքննության ընթացքում էլ քննիչը բացարձակ չի բարձրաձայնել կաշառքի և քրեորեն պատժելի այն հոդվածները, որոնք հետագայում «դրվել» են տնօրենի վրա:

2019 թվականի մարտի 29-ին՝ գիշերային դատական նիստից հետո, Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենին տեղափոխում են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

«Իդեալական այս բանտարկության» սցենարիստները, ըստ տիկին Լալազարյանի, Շիրակի մարզի նախկին՝ չարագործուններով հիշվող, Կարեն Գաբրիելյանն էր՝ իր կամակատար տեղակալ, լատենտ «պիղատոս» Արտյոմ Օվսյանի հետ: Վերջինը դատարանում պնդել է կալանքի միջնոդությունը՝ որպես փաստարկ ներկայացնելով, թե մեղադրյալը մնալով ազատության մեջ, կարող է փաստաթղթեր կեղծել և այլն:

2019 թվականի մարտի 29-ին, Գյումրու հեռուստաընկերոթյուններից մեկին տված հարցազրույցում, Շիրակի մարզի նախկին դատախազը՝ խրոխտ ձայնով, թվակում է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով կալանավորել են Կարինե Լալազարյանին:

Ասես՝ մի ծանր հանցագործի են վնասազերծել: Հղումը՝ կից: https://www.youtube.com/watch?v=64nXJoC96zk&ab_channel=%D5%87%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%D5%80%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Ինչպես նշում է տիկին Լալազարյանը, իր առանձնասենյակի խուզարկությունից ոչ առաջ, ոչ հետո որևէ մեկը՝ բացի իրավապահներից, մուտք չի գործել այնտեղ: Բայց մեղադրանքի հետ առնչվող որևէ փաստ խուզարկությամբ չի հայտնաբերվել:

Երիտասարդ տնօրենի և նոր մայրացած տիկնոջ ազատության համար միջնորդություն էին ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ՀՀ Ազգային Ժողովի խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանն ու Շաքե Իսայանը: Ազգային ժողովի կին պատգամավորները միջնորդության տեսքտում գրել էին . «... Մենք տեղեկացված ենք նաև, որ Կարինե Լալազարյանի ( քրեական գործ թիվ 68102019- լրացումը՝ Լ. Աղեկյանի) խնամքի տակ է գտնվում մեկամյա մանկահասակ երեխա և մտահոգված ենք նաև երեխայի ճակատագրով, ուստի խնդրվում է հաշվի առնել սույն երաշխավորությունը Կարինե Լալազարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հարցի քննության ժամանակ»:

ՄԻՆՉԵՎ ԲԱՆՏԻ «ՀԱՄԸ» ՉԶԳԱՑ, ԴԻՄՈՒՄԸ ՉԳՐԵՑ

Բացի այն, որ իրավապահ մարմիններն անտեսել են ԱԺ պատգամավորների միջնորդությունը՝ թերևս, սպասելով ի կյանք կոչել գլխավոր նպատակը, Շիրակի մարզի դատախազը, իր հերթին, որոշում է «հումանիստական բռնության» մեթոդը գործի դնել.

Ինչպես պատմում է Կարինե Լալազարյանը, Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնից անմիջապես եկել են իրենց բնակարան՝ ահաբեկելով, որ երեխային կտանեն մանկատուն: Իսկ 2019 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ե. Գևորգյանը կայացնում է որոշում. «....արգելանք դնել Կ.Ս.Լալազարյանի հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա՝ բացառությամբ՝ ամուսնու և մանկահասակ որդու....»:

Արդյունքում՝ տեղի տալով հանրային հնչեղությանը, Շիրակի մարզի դատախազն իր կամակատար տեղակալի հետ, որոշում են խաղարկել վերջին «քարտը»` միջնորդավորված ձևով՝ բանտում գտնվող Կարինե Լալազարյանին, առաջարկելով գրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում:

ՈՒշագրավ է այն արտահայտությունը, որն արել է Կարեն Գաբրիելյանի տեղակալ Արտյոմ Օվսյանն՝ ասելով՝

«մինչև բանտի համը չզգաց, դիմումը չգրեց»:

Թերևս, ավելի հզոր փաստ՝ նպատակային հալածանքի մասին վկայող, դժվար է պատկերացնել: Բանտում գտնվող կնոջից դիմումը պոկելուց հետո, ժամերի ընթացքում, Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը «աչալրջորեն» որոշում է՝ լուծել աշխատանքային պայմանագիրը դպրոցի տնօրենի հետ: Շիրակի հեղափոխական հերթական մարզպետի որոշումից հետո, Կարինե Լալազարյանը դուրս է գալիս բանտից:

Կարելի է ենթադրել, որ դպրոցի նախկին տնօրենի գործունեությունը անվրեպ ու անսխալ չի եղել, բայց քաղաքական հալածանքի «բուրմունքը» շատ սուր է զգացվում:

Հարկ է նշել, որ ծանոթ լինելով Գյումրու մի քանի դպրոցների տնօրենների նկատմամբ հարուցված քրեական գործերի նյութերին, կարելի է ապշել հանցագործությունների այն ծանր բեռից, որը «բեռնող» հեղինակ- տնօրեններին չի զրկել ազատությունից:

Փոխարենը՝ քննիչների սենյակներում՝ ինչ-ինչ պայմաններում կայացրած կարճման որոշումներով, նրանք շարունակում են պաշտոնավարել՝ շարունակելով թույլ տալ հետապնդելի իրավախատումներ, օգտվելով Շիրակի բոլոր հեխափոխական մարզպետների հովանավորությունից:

Կարինե Լալազարյանի գործով դատաքննությունը շարունակվում է:

Նա նշում է.

«Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ կրելու պատիժս: Բայց, իմ տառապանքների և ոտնահարված իրավունքների վերականգնման համար կդիմեմ միջազգային կառույցներին»:

Հավելենք, որ առաջիկայում կանդրադառնանք Գյումրու հայտնի պաշտոնյաներից մեկի քրեական գործին` ներկայացնելով այն, 7 ամսվա ընթացքում, կարճելու աղաղակող փաստը:

Համեմատելով Լալազարյանի քրեական գործի հետ, նշենք, որ եթե այս տիկինը, քրգործն հարուցելուց 7 ամիս անց է հրավիրվել առաջին հարցաքննության, ապա Գյումրու սոցծառայության նախկին ղեկավար, վաստակավոր կաշառակերի համբավ ունեցող պաշտոնյան, հաջողացրել է իր նկատմամբ հարուցված քրեական գործի «յոթն էլ, քառասունք էլ» տեղավորել յոթ ամսվա մեջ:

Սա՛ է Նիկոլ Փաշինյանի ասած՝ պետությունը:

Հակադարձող հարց՝ սա՞ է պետությունը, որտեղ կան հեղափոխությունից հալածվածներ և հեղափոխությանը փողով «խափս ու պաս» տվածներ:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարում` Գյումրու թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանը

Դիտվել է՝ 8755

Մեկնաբանություններ