«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայը, ասպետը և... երկչոտ ֆրանսիացին

Հայը, ասպետը և... երկչոտ ֆրանսիացին
15.05.2023 | 22:27

Կարինում Հայաստանի անկախություն հռչակած գնդապետ Թորգոմի մասին իմ նախորդ հրապարակումը («Մոռացված անկախություն», 06.05.2023) մեծ հետաքրքրություն ու խանդավառություն առաջացրեց ընթերցողների շրջանում:

Համենայն դեպս, հայագիտական մի քանի էջերում հարյուրավոր կիսումներ նկատեցի: Բացի այդ, շատերը գրեցին ինձ, թե էլ ի'նչ տեղեկություններ կան այս արիասիրտ հայորդու մասին: Ասեմ, որ տեղեկությունները շատ կցկտուր են, և անիմաստ է պաշտոնական պատմագրության մեջ շատ բան գտնել: Թորգոմը կուսակցական չէր, և կուսակցական պատմագրությունն էլ մոռացության է մատնել նրան:

Այնուամենայնիվ, ժամանակի եվրոպական ու ամերիկյան մամուլն ուսումնասիրելիս, հանկարծ սրտի թրթիռով նկատում ես, որ Բալկանյան պատերազմի օրերին Թորգոմի անունը երկար ժամանակ եղել է ամենալայն հետաքրքրության առարկա:

Պատճառներից մեկը ֆրանսիացի հանրահայտ վիպագիր, ռազմածովային ուժերի սպա Պիեռ Լոթիեն (Լուի Ժուլիեն Վիո) էր: Այս թրքաբարո ֆրանսիացու անունով մինչ օրս Ստամբուլում պողոտա ու հայտնի սրճարան կա: Կա նաև զբոսաշրջիկներին քաջ հայտնի մի գեղատեսիլ բլուր (Պիեռ Լոթիեի բլուր): Այս իգամոլ սպան ստամբուլի անառականոցների մշտական այցելուն էր, շվայտ կենցաղի սիրահար: Բալկանյան պատերազմի օրերին (1912-13 թթ.) իր մի շարք հակահայ հրապարակումներից զատ, սա հրապարակավ հայերին ու բուլղարներին կոչեց «վախկոտ նապաստակներ»: Բուլղարները դա կուլ տվեցին, իսկ ահա բուլղարական բանակի սպա Թորգոմը մենամարտի հրավիրեց Լոթիեին: Պիեռ Լոթիեն հրաժարվեց մենամարտից և իր փոխարեն առաջարկեց Փարիզում անպարտելի սուսերամարտիկի հռչակ վայելող մի ֆրանսիացու: Թորգոմը կարող էր լսել իր մերձավորների հորդորները և մերժել այդ անհեթեթ առաջարկը, բայց իր ցեղի պատվի համար ու, մանավանդ թրքաբարո ֆրանսիացուն ողջ եվրոպայով ստորացնելու նպատակով, ընդունեց առաջարկը: Լուրը թնդաց Եվրոպայով մեկ, ու բոլորը անհամբեր սպասում էին մենամարտին՝ հիացմունքով տալով հանդուգն հայի անունը: Արդյունքի մասին բացառիկ վկայություն է թողել Լևոն Թութունջյանը:

«Ասոր վրա, այն ատենվան մամուլը սկսավ հետաքրքրվիլ այդ խնդրով, մանավանդ ամերիկյան թերթեր իրենց տպած թղթակցություններով հանրության հետաքրքրությունը հասցուցած էին բարձրագույն աստիճանի մը: Վահան Թոթովենց, որ այդ օրերուն «Հարվըրդ» համալսարանի ուսանող էր, հաճախ պատմած էր մեզի, թե ինչպես լրագրավաճառներ փոխանակ թերթերու անունը կանչելու՝ կը պոռային «Թարգըմ, Թարգըմ»: Թե ինչպես ծաղրանկարներ կերևեին՝ հեգնելու համար Լոթիի փոխարեն սուսերամարտի վարպետի մը երևիլը «Թարգըմի» դեմ, որ երկաթե սաղավարտով զրահապատ դիմակով և միջնադարյան ծանր զրահներով պատած հսկայի մը դեմ կելլեր՝ մերկիրան և սուրը ձեռքին:

Թորգոմ պատվո դաշտին վրա վերք ստացավ և քաջի համբավ վաստակեցավ այս սխրագործությամբ...»:

Ահա թե ինչպիսին էր Թորգոմը, երբ որևէ օտար վիրավորում էր իր դյուցազնական ցեղի արժանապատվությունը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ. Այս հրապարակումն անելու ազդակը վերջերս կայացած մի բազմամարդ հանդիսությունն էր, որին ինձ էլ էին հրավիրել: Գտա մի քանի հոգեհարազատ մարդու ու նրանց կողքը նստեցի, փորձելով գլխի ընկնել, թե այդտեղ ինչ գործ ունեին հեռու սեղաններից մեկի շուրջ նստած մի քանի պարտված գեներալ-սպաներ: ՈՒ այդ պահին թնդաց գուսան Հայկազունի հայտնի երգը. «Հայեր միացեք, միացեք հայեր...», բայց... «Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք» տողերը հանված էին, որպեսզի չվրդովվեր հողատու գեներալ-սպաների խրախճանքը: Փոխարենը երգիչը հանգավորել էր մի անհեթեթ տող: Ասածս կհաստատեն առնվազն հարյուր հոգի: Թող ների ինձ հրավիրող ընկերս, որը տեղյակ չէր այդ դավադրության մասին:

Իսկ Թորգոմը...

Հազա՜ր փառք հիշատակին:

Դիտվել է՝ 6031

Մեկնաբանություններ