Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Անվտանգության համակարգի նվիրյալը

Անվտանգության համակարգի նվիրյալը
12.04.2023 | 10:39

ՌՈՒԲԵՆ ՊԱՎԵԼԻ ՔԱԹԱՆՅԱՆԸ խորհրդային կուսակցական, պետական գործիչներից է երկրի անվտանգային կյանքում, իրավական համակարգում ունեցած ծանրակշիռ մասնակցությամբ։

Ծնվել է 1881 թվականին Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում։ Հայրն ուսուցիչ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Սովորել է ծննդավայրի գիմնազիայում, 1892 թվականից՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1903 թվականից անդամակցել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը։ Մոսկվայում մասնակցել է 1905-1907թթ․ հեղափոխությանը, հետագայում կուսակցական գործունեություն է ծավալել Այսրկովկասում։
Մինչև 1917 թվականը Ռուբեն Քաթանյանը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, եղել է պրոֆեսիոնալ հեղափոխականներ Սուրեն Սպանդարյանի, Արմենուհի Հովյանի, Վ․ Շվեյցերի ու այլոց դատապաշտպանը, համագործակցել է սոցիալ-դեմոկրատական ուղղվածության թերթերի հետ։ 1917 թվականի փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո կուսակցական աշխատանք է տարել Մոսկվայում, եղել է «Վեչերնիե իզվեստիա» թերթի խմբագիրներից, ակտիվորեն թղթակցել է «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերին։
1919 թվականի աշնանը նշանակվել է Կարմիր բանակի քաղվարչության պետի տեղակալ, 1920-1921 թվականներին եղել է ՌԿ(բ)Կ կենտրոնական կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ Մասնակցել է Լենինի դեմ մահափորձ կատարողների գործի քննությանը, Մոսկվայի արտակարգ հանձնաժողովի կազմակերպման աշխատանքներին։
1921 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Ռ․ Քաթանյանը գլխավորել է խորհրդային արտաքին հետախուզությունը։ Հետաքրքրական է, որ այս պաշտոնում նա փոխարինել է իր հայրենակից Հակոբ Քրիստափորի Դավթյանին, ով կոնսպիրացիայի նպատակով կառույցը ղեկավարել է Դավիդով ազգանվամբ և ում առաջադրումն այդ պաշտոնում եղել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК) նախագահ, լեգենդար Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու երաշխավորությամբ։
1922 թվականին Ռ․ Քաթանյանը նշանակվում է Բեռլինում խորհրդային երկրի գլխավոր հյուպատոս, այնուհետ սեփական ցանկությամբ 1923 թվականից տեղափոխվում է դատախազական աշխատանքի (ՌԽՖՍՀ դատախազի օգնական), որից հետո պատասխանատու պաշտոնների է եղել ԽՍՀՄ գերագույն դատարանի և ԽՍՀՄ դատախազության համակարգերում, որտեղ, շուրջ 13 տարի, համակարգել է երկրի պետանվտանգության կառույցի գործունեությունը։
1930-ական թվականներին խորհրդային երկրում տիրություն անող անվստահության հովերը, ամեն մեկի մեջ դավաճան տեսնելու մոլագարությունը չի շրջանցել և մեր հայրենակցին։ 1938 թվականին նա անհիմն բռնադատվել է, ամբողջ տասը տարի եղել կալանքի տակ, որից հետո աքսորվել է՝ հարկադիր անազատության մեջ մնալով ևս երկու տարի։
Ռ․ Քաթանյանի անձի հետ կապված՝ արդարությունը հաղթանակել է 1955 թվականին։ Խորհրդային երկրին, կուսակցությանը այնքան մեծ ծառայություններ մատուցած անձն արդարացվել է, իսկ որ այդ ծառայություններն իսկապես նշանակալի էին, դրանց առարկայական փաստումն էր Լենինի շքանշանը, «Պատվավոր չեկիստ» կրծքանշանը, ուրիշ շատ այլ պարգևներ։
Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 1966 թվականին, 85 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 2807

Մեկնաբանություններ