«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Շուշան

Շուշան
17.02.2022 | 09:33

Շուշանը, ինչ-որ մի հեռու՜-հեռավոր ժամանակ, իր ծննդավայր Գեղարոտ գյուղում, անձրևից հետո, անշուշտ, անցել էր քառագագաթ Արագածն ու Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր Գոմշասարի երկնամետ գագաթն իրար կամրջող ծիածանի կամարի տակով, և աղջկական հեզությունն ու նրբազգացությունը միահյուսվել էին տղայական գերբնական կամքին և համարձակությանը:

Շուշանը դարձել էր առավել վճռական, անվերջ իր առջև ծառացող բազմաբնույթ խնդիրները չշրջանցող, այլ համարձակորեն դրանց ընդառաջ գնացող և դիմակայող, որովհետև անվարան հետամուտ էր դրանց հանգուցալուծմանը, թեկուզ մեծ ջանքերի շնորհիվ, նաև ինքնուրույնաբար, հնարավորինս չապավինելով այլոց օգնությանը, որ այդ ձնագունդը գլորվելով չմեծանար և հետագա նորանոր խնդիրներ հարուցեր այլոց համար: Դա էր նրա բնավորությանը հարիր, որը թույլ չտվեց երբևէ խորամուխ լինելու անձնական երջանկության գրավչության մեջ, իր ճակատագրական դերակատարությունն ունեցավ նրա բնույթին խորթ բարեկեցության համաճարակից զերծ մնալու, անձնականը անանձնականից գերադասելու և վարքի այլ դրսևորումների: Բայց, ցավոք, նրա ապրելու ժամանակը բավարար չեղավ այդ ամենը հաղթահարելու համար:


ՈՒրիշի նամակները չեն կարդում՝ հորդորում է ժողովրդական խրատանին: Սակայն, այս պարագայում, երկու քույրերի՝ Շուշանի և Լիզայի նամակներին, վերջինիս ընտրությամբ, դա չի վերաբերում: Դրանք ավելին են, քան նամակագրությունը երկու քույրերի միջև, որոնցից մեկը բնակվում է Գերմանիայում, Վիսբադեն քաղաքում, իսկ մյուսի՝ Շուշանի բնակության վայրը Հայաստանն է, հասցեն՝ աշխարհագրորեն լայնատարած՝ Արցախ, Երևան, ծննդավայր, նաև վերջին հանգրվան՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղ…
Նույնիսկ, երևակայությամբ չէի պատկերացնի, որ կգա մի օր, երբ Շուշանի մասին կգրեմ անցյալ ժամանակով, երբ կխմբագրեմ նրա մասին նրա բացակայությամբ պատմող գիրք, որը հեղինակել և կազմել է քույրը՝ Լիզա Բերքյան-Աբրահամյանը: Անկեղծ ասած, սպասումս միանգամայն այլ էր, որ Շուշան Աբրահամյանը կվստահեր ինձ խմբագրելու իր հեղինակած հուշերի և տարբեր հրապարակումների ժողովածուն, որում կներկայացվեր նրա փոթորկուն կյանքի ուղին՝ իր ձեռամբ, իր ներկայությամբ, իր հակաճառություններով և համաձայնություններով, իր մեկնաբանություններով:
Շուշանն էությամբ, իր խորքով և բովանդակությամբ, գիրք էր, բացառիկ՝ իր տեսակի մեջ, և շատ նման այն սակավաթիվ մարդկանց, ում համար առաջնահերթը հայրենիքն ու մարդը, հետո նոր ապրելու մնացյալ անհրաժեշտություններն են, և միանգամայն տարբեր, որպիսին ինքն էր՝ իր ապրած ամբողջ կյանքի խորհրդով: Շուշանը մի Գիրք էր, որը որքան պարզ ու մատչելի, նույնքան բազմաշերտ, խորն ու անթափանց էր, որի ենթատեքստում ապրում էր կենսասիրությամբ լեցուն, բայց հանուն վեհ ու նվիրական նպատակի անձնազոհության, կյանքը զոհասեղանին նվիրաբերելու պատրաստ՝ իր իսկ գրքի գլխավոր հերոսի՝ գեղարվեստական կերպարի հորինվածքին բնորոշ առանձնահատկություններով:

Նրա թափանցիկ պարզությունը, ամենայն շինծու և արհեստական միջամտություններ ժխտող բնականությունն այդ գրքին տալիս էին ձեռագրային անաղարտության շունչ և ոգի: Շուշանը բարդ և դժվարամատչելի, շատերի համար, նույնիսկ, անըմբռնելի էր, քանի որ հավատարիմ մնալով ազգային, ավանդական արժեքներին, միաժամանակ, յուրացրել էր արդի մարտահրավերների մեջ առողջն ու պիտանելին ընտրելու շնորհը:

Այս ժողովածուն՝ Լիզա Աբրահամյան-Բերքյանի հուշերը քրոջ, նրա ակունքների, իրենց ընտահիքի մասին, ամբողջության մեջ ոչ միայն Շուշանի դիմանկարի փորձ, այլև մի մեծ հայկական ընտանիքի պատմության հիմնական ուրվագծերն են, իսկ նամականին և ներկայացվող մյուս հրապարակումները, ոչ թե չի կարելի, այլ անհրաժեշտ է, որ կարդա յուրաքանչյուր գրագետ ու բարեպաշտ քաղաքացի, քանզի այն ավելին է, քան անձնական նամակագրությունը, ավելին՝ քան երկու հարազատ անձանց փոստային հաղորդագրությունը կամ սովորական հուշագրությունը: Սա պատմություն է հայ ընտանիքի ապրած կյանքի մասին, որը խտացումն է բազմաթիվ ընտանիքների, սա պատկերացում է մի ժամանակաշրջանի մասին, երբ հայ ժողովուրդը հերոսաբար հաղթահարում էր կենցաղային-սոցիալական դժվարությունները, միաժամանակ մարտնչում Արցախում, կերտելով փառահեղ հերոսամարտի պատմությունը և հիմքերը դնում պետական ինքնիշխանության: Ազգային ազատագրական պայքար էր, դարեր ի վեր կուտակված վրեժի և ազգային ինքնահաստատման բով, դիմադրություն ամենայն անմարդկայինն ու հակամշակույթը սփռող թափառական ցեղատեսակին, և նա, նրա ազնվարյուն տեսակը, բնականաբար, չէր կարող անմասն մնալ այդ ճակատագրական իրադարձություններին և վերածվել շարքային անհաղորդ դիտորդի:

Նա իրեն տեսնում էր մեծ պայքարի նախապատրաստական, ապա նաև մարտական գործողությունների առաջին դիրքերում, արդարության մարտիկների կողքին: Եվ այդպես էլ վարվեց ու մխրճվեց պատերազմի հորձանուտը: Այդ բոլոր ճակատներում երկփեղկվում և բազմափեղկվում է Շուշան հերոսը, որպես հայրենիքի նվիրյալ, որպես ընտանիքի պատասխանատու, որպես իր զոհված կողակից-զինակցի հավիտանական ընկեր և իր միակ դստերը մեծացնելու և ապագան հեռանկարային հիմքերի վրա դնելու հանձնառու, վերջապես, որպես հայ ազատատենչ կնոջ հավաքական կերպար: Անձնական երջանկության ընդհատ ընթացքն ավելի բարդացրեց առանց այն էլ խոչուխութերի և սպառնալիների միջով անցնող և դրանց դեմ-հանդիման կռիվ տվող Շուշանին: Դժվարություններն ավելի են հղկում մարդուն, նրա մարդկային, բարոյահոգեբանական կերպարը փակուղիներից ելքեր որոնելիս՝ մղում անօրինակ արարքների, սխրանքի, որոնց մասին նա բնավ միտում չուներ տեղի-անտեղի թմբկահարելու, քանզի գիտեր իր արժեքը, որն ինքնագնահատականի և հանրայնացման կարիք բնավ չունի: Ընդհակառակը, ինքնամփոփությունը հուշում էր, որ ոչ մեկին չէին կարող հասու լինել նրա ներաշխարհի խմորումները, տառապանքի մեծությունը: Դա իր ներքին կյանքն էր, իր անձնական անձեռնմխելիության տարածքը: Նա, ով կարիք ուներ հոգատար վերաբերմունքի, կարեկից մոտեցման և աջակցության, ինքն էր ձեռք մեկնում, և երբեք իր հոգսը, ցավը, տառապանքը չպարտադրեց այլոց, այլ լուռ կրեց իր մեջ, միայն ուրախությունից ու բերկրանքից բաժին հանեց նրանց, հար և նման Համո Սահյանի բանաստեղծական պատկերավոր բնորոշմանը. «Հավիտենության լծորդն եմ անդուլ, Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, Փոթորիկներ են եռում հատակիս, Թեև երեսից այսպես հանդարտ եմ»:


Իհարկե, գիրքը չի կարող ամբողջական և լիարժեք պատկերացում տալ թվարկածս ուղղությունների մասին, համակողմանի պատկերացում ձևավորել նրա վերաբերյալ: Համոզված եմ՝ Շուշանի մասին դեռ կգրվի, կտպագրվեն նրա թղթակցությունները, հոդվածները, միգուցե՝ նաև գրառումներ, որոնք նա կատարել է հետագայում հուշագրություն պատրաստելու նպատակով, որի մասին բազմիցս խոսվել է նրա հետ: Սակայն մեկ կյանքը, և այն էլ տակավին յոթ տասնամյակի սահմանագծին չհասած, նրա տեսակի համար բավարար չէր: Բավարար չէր, թեև նրա ներկայությունը կյանքում և անբաժանությունը երկրային կյանքից անհրաժեշտություն էր: Դա ինքնայրումով և անձնվիրության բուռն պոռթկումներով ապրող տեսակի հույժ կարևորությունն է հասարակության համար, մանավանդ, երբ դեռ անելիք և անավարտ թողած գործեր ուներ անելու, նաև վաստակած տարիների բարձունքից, պարզապես, ապրելու անձնական երջանկության իր պատկերացումների ծիրում:
Շուշանը հայ կնոջ հերոսական կերպարի մարմնավորումն էր, որի մեջ խտացված էին խիզախությունն ու համեստությունը, թվացյալ անհամատեղելի երևույթներ ու բնավորության գծեր, երբեմն անակնկալ դրսևորումներով, որոնցով պայմանավորված էր զտարյուն և ազնվական, անկոտրում և անդավաճան մարդու ամբողջությունը: Աստվածավախ և հավատավոր, հախուռն և կազմակերպված, պոռթկուն և համբերատար, քաղցրալեզու ու նաև կոշտ…

Ներքին կյանք և ապրումներ, հոգսեր և նպատակներ՝ հետամուտ անհատական և ժողովրդային խնդիրներին, հասարակության մտավորական շերտին բնորոշ իրավիճակներ, որոնց մեջ նետվում է միայնակ կինը, որի շրջապատում բոլորը սատարման, աջակցության կարիք ունեն, երբ բոլորը պարտավոր են բոլորի համար լինել, և մի ծանրակշիռ պատասխանատվության բեռ, որ կրում է արտերկրում բնակվող քույրը՝ հաղթահարելով իրեն իսկ պատուհասած անձնական վշտի հետևանքները, բայց և ուժ գտնելով օտարության մեջ կայացման, ինքնուրույն գույությունը պահպանելու և հանապազօրյա բաժնեմաս հասցնելու հարազատներին և հայրենակիցներին: Հանդիպում են նաև վստահությունը չարաշահող, պղտոր ջրերում ձուկ որսացող պատեհապաշտներ, որոնցից անհնար է խուսափել: Մինչդեռ, Աբրոյենց տոհմի ժառանգները՝ ի դեմս Շուշանի և գրքի հեղինակի՝ Լիզայի, որի շնորհիվ բազմապիսի օգնություններ են կազմակերպվում, անձնական ներդրումներ կատարվում Հայրենիքում, Սերնդի լավագույն ներկայացուցիչների նկարագիրն են կրում իրենց մեջ, երբ գորրծնականության հրամայականով առաջնային են դառնում հիմնարար առաքինությունները՝ ազնվությունը, մարդասիրությունը, հայրենապաշտությունը, բարությունը կյանքի կոչելը, միևնույն ժամանակ, հաղթահարելու ցավը, ապրելու հաղթանակի բերկրանքը, պահպանելու և ամրապնդելու կյանքին կապող երակները և անվերջ ու շարունակ պարտադրված լինելու անխոնջ տոկալ:
Անվերջ հետապնդող բազմաբնույթ և ցաքուցրիվ, բայց օրապահանջ մտքեր՝ վաղվա օրվա մտահոգություն, համագյուղացիներին ու բարեկամներին օգնության ձեռք մեկնել, անձնական դժվարություններ՝ աշխատանքային խնդիներից մինչև ընտանեկան վիճակին առնչվող, այլոց առողջական խնդիրներից մինչև կենսական հարցերի օժանդակելու պատրաստակամությամբ: Եվ բոլոր հանգամանքներում Շուշոյի անսահման հումորը, որի նետերն ավելի հաճախ ուղղում էր իր իսկ դեմ:

Շուշան Աբրահամյանի կյանքի պատմությունը միայն անձի պատմությամբ չի սահմանափակվում, այլ պատմություն է տեսակի մասին. որը, ցավոք, բացառիկ է, քանզի այդ վարդապետությանը զինվորագրված անձինք հաճախ ստիպված են լինում հաղթահարել զրկանքներ, խաչընդոտներ, ապրել հանրային կյանքի և ազգային-պետական շահի նախանձախնդրությամբ: Շուշոն ինքնին բարդ ու հակասական կերպար է, սակայն միանշանակ ըմբոստ և մարտնչող, մարդկային բարձր արժանիքների համակցում և մարմնավորում: Եվ դարձյալ վկայակոչենք մեծ բանաստեղծին. «Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ»:
Ծանր, դժվարությունների գնով նվաճած հաղթանակները, սակայն, խաղաղության և ինքնարբեցումի տասնամյակների ընթացքում անսպառ մսխվեցին: Երազանքն անավարտ մնաց, ավելին, արձանագրվեց վատթարագույնն ու ողբերգականը՝ հետնահանջ արդարության ուխտից, ազատագրված բարձունքից, ու նահանջեց նրա մտապատկերում Էրգրի վերադարձի տեսլականը՝ հրամայականը գոյապահպանությունն էր՝ անդունդի եզրին խարխափողի տրամաբավությամբ:


Ի վերուստ սահմանված նրա առաքելության վերջին արարին, Արարչի ողորմածությամբ և գթասրտությամբ, հավանաբար, դրոշմված էր՝ խնայել նրան և թույլ չտալ ականատեսը լինելու ազգի ծլարձակող սերուցքի արնահեղեղին, դավադիր պարտությանն ու ազգային, մարդկային արժանապատվության ոտնակոխումին: Նրան վիճակված չէր այլևս ապրել համատարած ստի և խաբեության դավադիր որոգայթների աշխարհում: Նա կռահեց և հասկացավ թավշյա հյուրասիրության վտանգերն ու տագնապեց, բայց չտեսավ կրճատվող պապենական տարածքների վրա իր ազգի մերանի մայր երակից ոթող արյան հեղեղը, փախստական բնիկների գաղթի քարավանները: Շուշոն չտեսավ իր փայփայած և իրականացած երազանքի փլուզումը, չտեսավ թեյ խմող ու մուղամ լսող բաշիբոզուկների սրբապիղծ ոտնամուտը իր գուրգուրանքի հանգրվանում, նրա սրբազան հողի վրա, հակառակ դեպքում նրա մասնակցությամբ փառավորված «հարսանիքը լեռներում» վարագուրվելու էր ապրողի ինքնակեղեք հուղարկավորումով: Նա չլսեց հայոց արևելից կողմանց չքնաղ մարգարիտի «դժբախտ ու դժգույն» որակումը: Նա չիմացավ հայրենապաշտությունը դատապարտելու նենգամտության մասին: Ազատ, անկախ, ազգային պետություն: Ինքնիշխանություն: Արժանապատվություն: Նա, միևնույն է, չէր դիմանա: Միևնույն է, այդ ահռելի կորուստներին չէր դիմանա արդեն փուխր ու հիվանդ նրա սիրտը, չէր հաղթահարի այն ողբերգությունը, որի կանխմանը նվիրել էր մի ամբողջ կյանք: Մաքառում՝«առ ոչինչ»: Չտեսավ: Չլսեց: Չիմացավ: Չգիտեմ՝ շահե՞ց, թե՞ կորցրեց, բայց անշուշտ, աննահանջ ու անկոտրում բնավորության համաձայն, հեռացավ Մեծ հաղթանակի հույս ու հավատն իր մեջ կրելով: Մխիթարությու՞ն է: Դարձյալ, չունեմ պատասխան: Իր պաշտած Աստվածային նախախնամության բարեհաճությա՞մբ էր, որ չցանկացավ ապրել մեծագույն ողբերգության և նվաստացուցիչ իրականության մեջ, բարոյահոգեբանական հարվածների թմբիրի ազդեցություններ կրող միջավայրում: Դժվարանում եմ գուշակել…


Չտեսավ: Չլսեց: Չիմացավ: Չապրեց:
Չգիտեմ… Ներկայիս իրականությունն այն է, որ անկրկնելի Շուշանիկ Աբրահամյանն այժմ շարունակվում է իր դուստր Վարվառայի մեջ, ապրում հարազատների հուշերում և Լիզա Բերքյան-Աբրահանյանի ընթերցողին հրամցվող «Շուշան» գրքում: Իսկ միգուցե նրա հոգին երկնային բարձունքներից աչալրջորեն հետևում է իր Հայրենիքում ծավալվող իրադարձություններին և անհանգստանում, որ իր երկրի և որևէ արժանավոր հայի խոփը դարձյալ քարի դեմ չառնի:
Միգուցե՛:


«Շուշան» գրքի խմբագիր, գրող
Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 5922

Մեկնաբանություններ