ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Գոնե իր համերգներին սթափ ներկայանա` առանց սխտորի»

«Գոնե իր համերգներին սթափ ներկայանա`  առանց սխտորի»
12.03.2013 | 12:11

Հետընտրական զարգացումների ֆոնին հասարակության հետաքրքրությունների շրջանակում հայտնվեցին որոշ մտավորականների ու արվեստագետների` հարթակից հնչած արտահայտություններն ու դրանց արձագանքները: Այս շրջապտույտի մեջ հայտնվեց նաև Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, ում հասցեին Ռուբեն Հախվերդյանը բավականին կոպիտ որակումներ հնչեցրեց։

-Պարոն Մազմանյան, արժե՞ր, որ հետընտրական այս թոհուբուհի մեջ մխրճվեին նաև մտավորականները:
-Նախ չեմ կարծում, որ մտավորականը երբևէ պիտի դուրս լինի խաղից: Քաղաքականությունը մանդատ ունենալն ու կուսակցական լինելը չէ: Ժամանակին հասարակական, հանրային գործիչներ ունեինք, որոնք հարմար պահին իրենց խոսքն ասում էին: Տարբերությունն այն է, որ մշտապես պետք է գործառույթի մեջ լինել` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ոչ թե պատեհ-անպատեհ արթնանալ, մխրճվել երևույթների մեջ և անպատասխանատու հայտարարություն, քայլեր անել: Հանրության համար արտիստը հանրային մարդ է, ում խոսքը լսում են: ՈՒստի չի կարելի այդ զանգվածի հետ բաշիբոզուկի պես վարվել, ինչպես արեց Ռուբեն Հախվերդյանը: Չէի ուզի նրան այդքան կարևորել, որովհետև մեր շուրջն ավելի կարևոր բաներ կան: Պոետը պիտի շատ լավ իմանա, որ խոսքը ծիտիկ չէ, բերանից թռնի-գնա: Երբ ասում ես` Ադրբեջանի գավառ, դա արդեն նստվածք է թողնում: Երբ հայտարարում ես` գյուղացին թող գնա իր գյուղը, մեզ չկառավարի, հետ նայիր անցյալիդ, դու էլ ես գյուղացի, Շիրազը, Պարույր Սևակը, Մինասը, Վիկտոր Համբարձումյանն էլ են գյուղացի: Նման հարցադրումն ինձ համար հայադավություն է, ազգադավություն:
-Հախվերդյանը նաև ասել է, որ Դուք պաշտպանում եք Սերժ Սարգսյանին, քանի որ ինքն է Ձեզ ռեկտոր նշանակել, և որ Դուք «Սերժի դրածոն» եք:
-Ռեկտորությունը շատ փոքր պատճառ է, որի համար ես պիտի պաշտպանեմ Սերժ Սարգսյանին: Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանն իր կենսագրությամբ, կենսափորձով, քաղաքական հեղինակությամբ պաշտպանության մեծ կարիք ունի: Դրա ապացույցը հենց ընտրապայքարն էր: Պոպուլիզմով զբաղվելիս պետք չէ մոռանալ, որ խոսում ես պետության նախագահի մասին: Պետականամետ պիտի լինել ու հարգել գոնե նախագահի ինստիտուտը: Իսկ ո՞վ է Մազմանյանն այս ողջ պատմության մեջ: Իմ և Սերժ Սարգսյանի հարաբերությունները շատ ավելի հին են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե շենք եմ ծախել, ապա ծախել եմ իմ սեփականությունը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, այն ժամանակ Հրանտ Բագրատյանը կառավարության որոշումով այդ շենքն ինձնից խլում էր: Խոսքը 340-350 քառակուսի մակերեսով վարձակալած տարածքի մասին է: Պարոն Հախվերդյանը վերջերս, հավանաբար, շատ քիչ է սթափ լինում և Թատերական գործիչների միությունը շփոթում է «ԱԴՐԻ» պրոֆմիութենական հիմնարկի հետ: Երբ ես այդ տարածքն արդեն վարձակալել էի, հիմնարկն այլևս գոյություն չուներ: Սրա առքուվաճառքն անգամ ժամանակային առումով ոչ մի կապ չունի Սերժ Սարգսյանի հետ: Հերիք է զազրախոսեք: «Դրածոյի» առումով էլ նկատեմ. Երևանում կա այսպիսի հասկացություն` «գոյական դպրոց»` Մազմանյանի աշակերտներ, նրա՞նք էլ են դրածո:
-Պարոն Մազմանյան, Հախվերդյանը նաև մասնագիտական առումով է Ձեզ մեղադրանքներ ներկայացրել, իբր Դուք ներկայացում էլ չեք բեմադրում:
-Տեսնելու համար պետք է նայել կամ գոնե կարդալ: Եթե մի քիչ կարդար, կիմանար, որ իմ առաջին միջազգային գրանպրին, որպես ռեժիսոր, 87-ին է եղել, որից հետո երկու-երեք տարին մեկ Մազմանյանի ներկայացումները միջազգային փառատոներին են ներկայացվում: Վերջին անգամ անցյալ տարի Մոսկվայի «Ոսկե դիմակում» «Մեղր» ներկայացումն էր: Չորս տարին մեկ այս ինստիտուտում սերունդ եմ տալիս: ՈՒրախ եմ, որ Հախվերդյանի նման հանդիսատես չունեմ: Շատ սիրում ու հարգում եմ Վարդան Պետրոսյանին, բայց մի օր գալ, չունենալով հստակ պատկերացում իրողությունների վերաբերյալ, պաթետիկ կոչ անել, ինչի՞ մասին:
-Մեզանում մտավորականներին ևս երկու շերտի են բաժանել. ովքեր ընդդիմության կողքին են` «իրական» մտավորականներն են, ովքեր քաղաքականության մեջ չեն մխրճվում` իշխանամետ են: Հիմա ո՞վ է մեր մտավորականը:
-Մեր մտավորականը կոնֆորմիստ է, վաղուց: Գունափոխ, պատեհապաշտ, տասն անգամ կարծիք փոխող, ընդ որում, այդպես վարվեցին շատ հեղինակավոր մարդիկ: Թող ներեն ինձ շատերը, կարևորվեցին փողը, նյութը, շահը, կոչումը, մեդալը: Շատերը սա դարձրին գերնպատակ: Հախվերդյանը, եթե սկզբունքային էր, նման տեսակետներ պիտի հայտներ նաև մինչ այս: Կան նաև ավելի վատերը. իշխանությունից էլ են վերցնում, ընդդիմությունից էլ, էս կուսակցության համերգին ագիտացիա անում, մյուսին` երգում: Սա ավելի սարսափելի է: Այս ցինիզմն ուղղակի զազրելի է: Հայաստանում մարդիկ բաժանված են երկու մասի` աշխատող և խոսող: Ցավոք, Հախվերդյանը վերջին տասնհինգ տարիներին դադարել է գրել, իսկ խոսացածն էլ մաղձ է: Ես չեմ հիշում մի երգչի, նկարչի, ռեժիսորի, գրողի, ում հասցեին Հախվերդյանը դրական բառ ասած լինի: Սա արդեն կլինիկական վիճակ է, ներքին հիվանդություն, ցանկանում եմ, որ կարողանա ինքն իրեն բուժել, իր խնդիրները չփաթաթել հասարակության վզին:
-Այդուհանդերձ, հետընտրական իրավիճակի Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:
-Ո՞Ւր էին այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շագանակներ հանել կրակից, ընտրությունից երկու օր առաջ, ինչո՞ւ Հովհաննիսյանի կողքին կանգնած չէին: Հանկարծ հայտարարվեց, որ կեղծված են ընտրությունները, ու հիմա չեմ տեսնում, թե հասարակությունն ո՞ւր են տանում: Ես տեսնում եմ դրսից կառավարվող հայտնի ուժերին: Նույնը կարելի է ասել դասադուլների մասին: Նկարեցին, բեմադրեցին և ուղարկեցին դուրս: Դա երեք օրվա դրսի սադրանք էր: Հետո պարզվեց, որ ամենաակտիվ դասադուլավորներից մեկն ամենևին էլ ուսանող չէ, այլ կոորդինատոր, հետաքրքիր է` ամսական ինչքա՞ն է ստանում ու որտեղի՞ց: Ազգովին այնքան խնդիր ունենք, մարտահրավերներ, որ նման պրիմիտիվ խաղը խիստ անազնիվ է: Պետք չէ «հանուն ժողովրդի» գոռալով` սեփական կուսակցական շահերն ու անձնական ամբիցիաները բավարարել:
-Պատրա՞ստ եք դեմ առ դեմ հանդիպելու և խոսելու Հախվերդյանի հետ: Ի դեպ, վերջինս հայտարարել է, որ «ուրիշ» տեղ և «շատ մանրամասն» կխոսի Ձեզ հետ:
-Կյանքը շատ կարճ է: Երբ բառեր ես շպրտում, այլևս մանրամասն խոսելու կարիք չկա: Ա՞յլ կերպ է ուզում խոսել, ես ամեն ձեռնոց էլ վերցնող եմ: Միակ բանը, որ ցանկանում եմ, թող երգ գրի, բայց եթե չես կարող, սարսափելի չէ: Կլսենք, Մոնտան, Ժակ Բրել, Շարլ Ազնավուր, Վիսոցկի, Ռոզենբաում, ուղղակի իր մոտ հայերեն լավ էր ստացվում: Բայց դա նրան իրավունք չի տալիս աջուձախ բոլորին կեղտոտելու, պիտակավորելու` լավ խաշից ու օղուց հետո: Դա հասարակության հետ խոսելու ձև չէ: Առողջություն եմ մաղթում իրեն, թող գոնե իր համերգներին սթափ ներկայանա, առանց սխտորի:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ