ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան

Ինչո՞ւ է ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից դուրս մնացել «Աստղագիտություն» առարկան
04.03.2013 | 15:33

Ոչ վաղ անցյալում հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանի աշակերտները «Աստղագիտություն» առարկային ծանոթանում էին Բ. Վոլոնցով-Վելյամինովի հեղինակած դասագրքով: 2001-ից շրջանառության մեջ մտավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «Աստղագիտություն-10» դասագիրքը` նախատեսված դարձյալ տասներորդցիների համար: 2009-ից «Աստղագիտություն» առարկան հանվեց ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից:

Դպրոցում աստղագիտությանը ծանոթանում են հիմնական դպրոցի 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում (17 ժամ)` «Ֆիզիկա և աստղագիտություն» դասագրքի միջոցով:
ՀՊՄՀ-ի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԳԱՐԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չորս տարի առաջ, երբ ինքը դեկան էր, համալսարանը պատրաստում էր նաև աստղագետի մասնագիտությամբ ուսուցիչներ: «Սահուն կերպով վերացավ այդ մասնագիտությունը: Հետո առարկայի ժամերը պակասեցրին: Գուցե բավարար չափով չպայքարեցինք դրա դեմ: Պետք է լրջորեն մոտենալ այս հարցին», - ասաց նա` ընդգծելով, որ եթե դպրոցներում անտեսվի «Աստղագիտություն» առարկան, բուհերում նույնպես աստիճանաբար այն կվերանա:
ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի, ֆիզիկայի և իմֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր ԳԱԳԻԿ ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆԻ խոսքով` «Աստղագիտություն» առարկայի նկատմամբ ուսանողների, աշակերտների հետաքրքրությունը ամենևին էլ չի նվազել: «Թե ինչո՞ւ է դպրոցական ուսումնական ծրագրից «Աստղագիտություն» առարկան դուրս մղվել ու մի փոքր մասով ներառվել «Ֆիզիկա» առարկայի ծրագրի մեջ, չգիտեմ»,- ասաց նա, ընդգծելով, որ մեր երկիրն այդ բնագավառում հայտնի էր ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի, այլև աշխարհի մասշտաբով:
«Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանած Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն իր դրամային արտահայտությամբ մի փոքր է զիջում Նոբելյան մրցանակին: Ի դեպ, մի քանի տարի առաջ ԵՊՀ-ում լուծարվեց Վ. Համբարձումյանի հիմնադրած աստղագիտության ամբիոնը: Հարց է առաջանում, եթե ԵՊՀ-ում չկա աստղագիտություն մասնագիտություն, ո՞վ պետք է 10-20 տարի հետո Բյուրականի աստղադիտարանում կատարի գիտական հետազոտություններ: Ինչ վերաբերում է մեզ, ապա պետք է նշեմ, որ մանկավարժական համալսարանի առաքելությունը հանրակրթական հաստատությունների համար ուսուցիչների պատրաստումն է և ուղղակիորեն կապված է դպրոցական ուսումնական ծրագրերի հետ: ՈՒստի, եթե դպրոցից որևէ առարկա դուրս է մղվում, ապա դա անմիջապես անդրադառնում է արտոնագրված մասնագիտությունների վրա: Դրա հետ մեկտեղ, մենք փորձում ենք պահպանել աստղագիտությունը` եթե ոչ որպես մասնագիտություն, ապա գոնե որպես մասնագիտացում: Այսինքն, ֆիզիկա մասնագիտության ուսումնական ծրագրում աստղագիտությունը ներառված է այնքան, որ այդ մասնագիտության որակավորում ստացած շրջանավարտն ի զորու լինի դասավանդելու նաև աստղագիտություն առարկան ավելի խորացված ծրագրով, քան պահանջված է այսօր: Մեր կյանքը շատ արագ է փոխվում: Ենթադրենք, 5 տարի հետո դպրոցական ուսումնական պլաններում կրկին ներառվեց աստղագիտություն առարկան, ո՞վ պիտի այդ դեպքում այն դասավանդի և ի՞նչ մակարդակով: ՈՒստի և մենք իրավունք չունենք աղբյուրները իսպառ փակելու: Պետք է պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին: Մյուս կողմից էլ, անշուշտ, պետք է հաշվի առնել համալսարանի համապատասխան որակավորում ստացած շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները»,- ասաց Գ. Դեմիրխանյանը:
Նրա կարծիքով` եթե Վիկտոր Համբարձումյանը կենդանի լիներ, աստղագիտության հետ կապված նման խնդիր չէր առաջ, գուցե հիմա ասպարեզում չկա՞ն այնպիսի հեղինակություններ, ովքեր կարող էին շտկել ստեղծված իրավիճակը:
«Ֆիզիկայի գործերն էլ առանձնապես բարվոք վիճակում չեն,- հավելեց դեկանը: - Խորհրդային տարիների համեմատ` ֆիզիկայի, մաթեմատիկայի ոլորտներում հայ գիտնականների ներդրումն էապես նվազել է, գիտնականների (որպես կանոն, երիտասարդ և արդյունավետ գործող գիտնականների) մի մասն էլ հեռանում է երկրից: Մեր լավագույն ուսանողներից շատերը համապատասխան աշխատանք փնտրելու և իրենց հետագա կարիերան ապահովելու նպատակով նույնպես արտերկիր մեկնելու ուղին են ընտրում»:
Գ. Դեմիրխանյանը փորձեց լավատեսական շեշտադրումով եզրափակել իր խոսքը, ստեղծված իրավիճակը համեմատելով «ձախորդ օրերի» հետ, որոնք «կուգան ու կերթան»: Նրա խոսքով` խանգարող հանգամանքներ կան, բայց պետք է կրակը տաք պահել: Համալսարանն ունի աստղադիտակ, որն օգտագործվում է թե՛ ուսումնական, թե՛ գիտական հետազոտությունների նպատակով, հեռանկարում մտադիր են պայմանագրեր կնքել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ:
«ՈՒզում եմ նշել, որ դպրոցներում անցնեն, թե չանցնեն աստղագիտություն առարկան, մեկ է, երեխան, իր մորն ու հորը տեսնելուց հետո, ի վերջո, երկնքին է նայում, ուզում է հասկանալ` ի՞նչ են լուսինը, արևը: Այլ հարց է` կբավարարե՞ն նրա հետաքրքրությունը, թե՞ կընկնի աստղագուշակների ծուղակը»,- ասաց դեկանը:
Ինչո՞ւ հարցը չի բարձրացվել հենց սկզբից: «Ամեն ինչ մենաշնորհված է, դասագրքեր են գրում, որ նույնիսկ չեն ուղարկում մեզ` գրաքննելու»,- եղավ պատասխանը:
Ս. Ներսիսյանը կրթության նախարարին նամակ է հղել՝ ներկայացնելով ծրագիրը և չափորոշիչները, որ խորացված ուսուցմամբ ավագ դպրոցներում ներառվի աստղագիտություն առարկան: «Հրամանը տրված է, բայց ոչ մի գործնական քայլ չի արվել: Մի քանի տեղ դիմել եմ, սակայն ցայսօր ոչինչ չի փոխվել»,- ասաց աստղագետը:
Հատկանշական է, որ աստղագիտության միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները բարձր, այդ թվում և` առաջին տեղեր են գրավում: Ս. Ներսիսյանը երեք ոսկե մեդալակիր օլիմպիական է պատրաստել: Բայց այդ հաղթանակները, նրա խոսքով, երկու դպրոցների «Քվանտ» վարժարանի և Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի շնորհիվ են, որտեղ գործում են աստղագիտական խմբակներ:
«Դա չի խոսում Հայաստանի աստղագիտության մասին, այդ նույն երեխան կարող է ֆիզիկայի, ինֆորմատիկայի օլիմպիադայի մասնակցել: Օժտված երեխաներ են: Իսկ ինչո՞ւ այդ օժտված երեխան չի կարող այս կամ այն մարզում լինել: Հանրապետական օլիմպիադային գալիս են մարզերից, նայում ես երեխայի աչքերին, տխրում ես, նա չգիտի` ինչ է խնդիրը, բանաձևը, պարզապես պետք է գա, եկել է: Ստացվում է, որ հանրապետական օլիմպիադան երկու դպրոցների օլիմպիադա է»,- պարզաբանեց աստղագետը, նշեց նաև, որ բազմաթիվ դպրոցականներ իրենց մոտ էքսկուրսիա են գալիս ու նրանց մեջ հարց է ծագում, թե ինչո՞ւ է աստղագիտություն առարկան հանվել դպրոցական ծրագրից։
«Ախր սա ապրելակերպ է, աշխարհաճանաչողություն, կենսաձև, դու աչքդ բացում ես, տեսնում ես լուսին, աստղ, արեգակ»,- ասաց Ս. Ներսիսյանը, ընդգծելով, որ աստղագիտությունը համարվում է գիտությունների գիտություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ