ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Համաշխարհային մշակույթը որսում է այն, ինչ անհրաժեշտ է հետագայի քաղաքակրթության համար»

«Համաշխարհային մշակույթը որսում է այն, ինչ  անհրաժեշտ է հետագայի քաղաքակրթության համար»
27.11.2012 | 12:51

Լույս է տեսել ժամանակակից հայ պոեզիայի ֆրանսերեն անթոլոգիան: Թարգմանիչներն են Էդուարդ Հարենցը և Նվարդ Վարդանյանը (Է. Հարենցի գործերը թարգմանել են Լիլյա Շալունցը և Ստեփանի Բլանշը): Ներկայացված է 55 հեղինակ` Հովհ. Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Հակոբ Մովսես, Հրաչյա Թամրազյան, Արտեմ Հարությունյան, Վահե Արսեն, Հասմիկ Սիմոնյան, Մանե Գրիգորյան, Աշոտ Գաբրիելյան և այլք: Եռալեզու անթոլոգիան թարգմանվել է նաև գերմաներեն, նախատեսվում է ներկայացնել անգլերեն:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԻ խոսքով՝ հայերեն է թարգմանվում ֆրանսիական ժամանակակից գրականությունը, դասականը հիմնականում թարգմանված է, դրանք ավելի շատ վերահրատարակվում են: «Ինչ վերաբերում է հայկական գրականությանը, դեռևս շարունակվում է դասական գրականությունը «դուրս հանելու» ավանդույթը: Իսկ ժամանակակից գրականությունը ներկայացվում է անթոլոգիաներով»,- ասաց նա, նշեց նաև, որ անհատ գրողների առանձին գրքերի թարգմանությունները երկարաժամկետ ընդմիջումներով են լույս տեսնում և կապված են ֆինանսական քաշքշուկների հետ: Պետական հովանավորությունը հիմնականում անթոլոգիաների համար է օգտագործվում:
Իհարկե, հետաքրքրվեցի, թե ովքեր են ուշադրության արժանանում և օտար ընթերցողին ներկայանում առանձին գրքով:
Վերջերս ֆրանսերեն է թարգմանվել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը, Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուն: Տպագրության է պատրաստվում նաև Սոնա Վանի «Զուգահեռ անքնությունները» (վերջին երկուսը` Էդուարդ Հարենցի թարգմանությամբ):
Անդրադառնալով ֆրանսիական գրականությանը, զրուցակիցս նշեց, որ մեծ տաղանդներ են այսօր ապրում մեր կողքին, որոնց չենք նկատում: Նրա խոսքով` թարգմանական դպրոցն է պետք զարգացնել, թարգմանություն է պետք, որ ծանոթանաս քո կողքին ապրող մարդու գրականությանը, իմանաս, թե ինչ է կատարվում գրական դաշտում: Խնդրեցի նշել ուշադրության արժանի մեկ-երկու անուն: «Ֆրանսիական շատ տաղանդավոր գրողներ կան: Նախատեսում եմ մեկ-երկու գրողի գրքեր թարգմանել, բայց դեռևս նախատեսում եմ»,- ասաց նա, հավելեց, որ մենք նույնպես այսօր ունենք ուժեղ պոեզիա, որ չի թարգմանվում, և աշխարհը չի ճանաչում:
Ի դեպ, Էդուարդ Հարենցը ամենաշատ թարգմանված ժամանակակից բանաստեղծներից է:
Բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ թարգմանում է ճապոնական պոեզիա (ռուսերենի և ֆրանսերենի օգնությամբ): Նրա գործերը թարգմանվել են ֆրանսերեն, վրացերեն, պարսկերեն և ռուսերեն: Ա. Գաբրիելյանի կարծիքով՝ և՛ մեր գրականության, և՛ դրսի գրականության ընտրությունը մեզանում ավելի հաճախ կամայական է լինում, լուրջ ուշադրություն չի դարձվում տվյալ անթոլոգիաների բովանդակությանը, քանզի դրանք կատարվում են որոշակի ծրագրերի շրջանակներում և կարճ ժամանակահատվածներում, ու ավելի շատ կարևորվում է «պտիչկա» դնելը:
Բանաստեղծն անդրադարձավ նաև ոչ օրինական թարգմանությունների խնդրին, այսպես ասած, «գրական պիրատությանը»:
«Եթե խոսենք արտասահմանյան գրականության մասին, կարելի է ասել, որ հեղինակային իրավունքների հարցն ընդամենը վերջերս է սկսել կարգավորման սկզբի փուլով մեկնարկել, որտեղ մեծ է «Անտարես» հրատարակչության դերը,- ասաց նա:- Մեր գրականության պարագայում այս հարցը շատ հարաբերական է, քանի որ հայ հեղինակներից քչերը ֆինանսական ակնկալիք ունեն իրենց ստեղծագործությունից և գոհ են լինում, երբ իրենց գործերը հրապարակում ես: Սա «Լիտոպեդիայի» փորձից գիտեմ: Նրանց գոհացնում է և այն, որ պահպանես բարոյական իրավունքը` նշելով հեղինակին»:
Եվ ավանդական հարցն է առաջ գալիս. «Մենք այսօր չունենք համաշխարհային հռչակ վայելող անուններ, որովհետև լուծված չէ թարգմանությա՞ն խնդիրը»:
«Այնքան էլ համամիտ չեմ այն տեսակետին, որ եթե հայ հեղինակներին թարգմանենք ու ներկայացնենք աշխարհին, շատ խոշոր անուններ կունենանք: Այդ կերպ ընդամենը կճանաչեն մեզ, սակայն համաշխարհային մշակույթը միշտ որսում է այն, ինչ անհրաժեշտ է հետագայի քաղաքակրթության համար, այս առումով, չեմ կարծում, որ մենք մեծ բան ենք արել»,- ասաց Ա. Գաբրիելյանը:
«Գրքերի աշխարհ» գրախանութի խորհրդատու ՌԻՄԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, պատասխանելով մեր «Հայ ժամանակակից գրողների անթոլոգիաները հետաքրքրության արժանանո՞ւմ են» հարցին, ասաց, որ կա վաճառք. այնպես չէ, որ հերթեր են գոյանում, բայց և գրքերը չեն մնում դարակներում: Նրա խոսքով` իսկապես կան գրքեր, որ հերթեր են գոյացնում: Ինչ վերաբերում է ժամանակակից արտասահմանյան գրականությանը, հիմնականում ֆանտաստիկ գրականությունն է թարգմանվում և մեծ թիվ չի կազմում:
«Չկա թարգմանություն: Հայտնիներից Կոելյոն Է թարգմանվում, մյուս քիչ թե շատ թարգմանաբար ներկայացվող գրքերի հեղինակներն անհայտ են: Այդ գրքերի վաճառքի ցուցանիշը ցածր է: Ընթերցողներն առանձնապես հետաքրքրված չեն»,- ասաց գրախանութի խորհրդատուն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ