«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Հիմա նույն կերպ ստիպում են, որպեսզի այդ կիբեռնետիկ կինը լինի տնօրեն»

«Հիմա նույն կերպ ստիպում են, որպեսզի այդ կիբեռնետիկ կինը լինի տնօրեն»
09.11.2012 | 11:39

Անվանի գեղանկարիչ, պատվավոր պրոֆեսոր ՀՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մտահոգ է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տիրող իրավիճակով։ Այստեղ նա դասավանդել է 1974 թվականից, սակայն շուրջ 3 տարի առաջ հայտարարություն է գրել և հեռացել քոլեջից։ Ըստ նրա, այն, ինչ կատարվում է կրթօջախում, տարիների ընթացքում կուտակված անառողջ մթնոլորտի հետևանք է։ Գեղանկարչի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Գրիգորյան, ի՞նչն էր գեղարվեստի քոլեջից Ձեր հեռանալու պատճառը։
-Հայտարարություն եմ գրել և հրաժարվել Թերլեմեզյանի անվան քոլեջում դասավանդելուց, քանի որ ինձ դուր չէր գալիս այնտեղ տիրող մթնոլորտը։ Ես գործ ունեմ ուսանողների, մատաղ սերնդի, սկսնակ արվեստագետների հետ, ովքեր նոր են ոտք դնում արվեստի շեմին, և հասկացա, որ այնտեղ այլևս անելիք չունեմ՝ մթնոլորտից ելնելով։
-Խնդրում եմ փոքր-ինչ մանրամասնել՝ մթնոլորտ ասելով ի՞նչ նկատի ունեք։
-Ստեղծել էին մի իրավիճակ, որ ես մնում էի իմ դիրքերից դուրս (խոսքը և՛ քննությունների, և՛ ուսումնական գործընթացի մասին է)։ Ես այդպիսի բաներ չեմ արել։ Կարծում եմ, որ գեղարվեստի քոլեջի ուսանողները պետք է հիվանդանան նկարչությամբ և ոչ թե հազար ու մի անառողջ դրսևորումներով։ Այդ դրսևորումներն ինձ դուր չեկան, և ես որոշեցի դուրս գալ կրթօջախից։
-Վաղո՞ւց էր այդ մթնոլորտը ձևավորվել։
-Այդ ամենը սկսեց կուտակվել, երբ նախկին տնօրեն Սամվել Պետրոսյանը, ոչ իր կամքով, ստիպողաբար դուրս եկավ ուսումնարանից։ Ես աշխատել եմ շատ տնօրենների, մասնավորապես Գևորգ Հովհաննիսյանի հետ, որ հրաշք ուսուցիչ էր, մարդու հոգեբանություն էր հասկանում։ Ես այդ հողի վրա եմ մեծացել։ Վերջին տարիներին աստիճանաբար փլուզվեց, ոչնչացավ թերլեմեզյանական դպրոցը, որը մեր հայ ազգին, և ինչու ոչ, աշխարհին տվել է բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր միայն նկարչությամբ են հիվանդացած եղել։ Սա էր մեր նկարագիրը, այդ նկարագիրը կամաց-կամաց դուրս եկավ, և ես էլ ստիպված դուրս եկա։ Իմ հայտարարության վերջում էլ գրել էի՝ չկարծեք, թե իմ գլուխը աղացիք, ինչպես իրենք էին ասում։
-Հայտարարություն գրելն ու քոլեջը լքելն արդյոք դիրքերը զիջել չէ՞։ Չե՞ք կարծում, որ պետք էր մնալ ու պայքարել այդ վատ մթնոլորտի դեմ։
-Արդեն հնարավորություն չկար, որ ես կարողանայի ինչ-որ բան անել։ Իմ հեռանալը ձեռնտու էր նրանց։ Հայտարարությունը փոստով ուղարկել եմ և պատասխան էլ չեմ ստացել, թե ինչ են արել դրանից հետո։ Այնպիսի վեճեր են եղել ինձ հետ, նույնիսկ քաշքշոցի։ Ես այլևս ի վիճակի չէի այդ պայմաններում աշխատելու։
-Վերջերս քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին տնօրեն Նարեկ Առուշանյանի կինը՝ Աննա Մնացականյանը։ Ձեր գնահատականը` այդ նշանակմանը։
-Այդ քոլեջն արդեն մահացել է, իր դերն ու նշանակությունը կորցրել է։ Հիմա շատ ավելին պետք է կորցնի։ Ես 72 տարեկան եմ, 8 տարեկանում եմ ոտք դրել Թերլեմեզյանի անվան ուսումնարան։ Ինձ բախտ վիճակվեց այդ տարիներից կապվել այս հրաշք կրթօջախի հետ, որը մեր հայ ազգին տվել է այնպիսի նկարիչներ ու արվեստագետներ, որոնք մեր դիմագիծն են։ Մեր բոլոր ճանաչված նկարիչներն անցել են թերլեմեզյանական դպրոցը։ Ցավոք, փլուզվեց։
-Լավ, ի՞նչն էր այդ փլուզման պատճառը։
-Հիմնականում տնօրենի պաշտոնի համար պայքարն էր։ ՈՒզում էին, որ անպայման Նարեկ Առուշանյանը լինի տնօրեն։ Ոչ թե ուսումնարանն էր ուզում, նրան ոչ ոք չէր էլ ճանաչում։
-Իսկ ո՞վ էր ուզում, երկրի ղեկավարությո՞ւնը։
-Իհարկե։ Երկրի ղեկավարությունը ստիպեց, որ Սամվել Պետրոսյանը հրաժարվի իր պաշտոնից։ Հիմա նույն կերպ ստիպում են, որպեսզի այդ կիբեռնետիկ կինը լինի տնօրեն։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Ո՞նց թե, խաղալի՞ք է, ի՞նչ է, ուսումնարանը, մանավանդ գեղարվեստի։ Սա կրթօջախ է, որտեղ ճաշակ, աշխարհայացք է ձևավորվում, այստեղ մնայուն արժեքներ են դասավանդվում։ Եթե մաթեմատիկոսն առօրյա կյանքով ապրող մարդ է, նկարիչը, առօրյա կյանքից բացի, հավերժի կրողն է։ Ես ֆանատ նկարիչ եմ, նկարչությունն իմ հաց ու ջուրն է, սովորել եմ տարբեր երկրներում, մեր գեղարվեստի ինստիտուտում։ Ինձ խնդրեցին դասավանդել գեղարվեստի ինստիտուտում, սակայն հրաժարվեցի, որովհետև ինձ հոգեհարազատ էր Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։
-Ի դեպ, նույն բանը նշում են շատ նկարիչներ, արվեստագետներ։ Թերլեմեզյանի անվան քոլեջի նկատմամբ սերն ու նվիրվածությունը մի այլ հարթության վրա են։
-Մի հրաշք օջախ էր։ Այն, ինչ ստեղծել եմ, ունեմ, այդ պատերի ներքո եմ արել՝ թերլեմեզյանական մթնոլորտում։ Ո՜նց էինք պարապում ուսանողների հետ։ Ոչ մի զարտուղի բան գոյություն չուներ այդ թվերին։
-Քոլեջում այսօր համախոհներ ունե՞ք։
-Կարծում եմ՝ կլինեն, սակայն նրանք ընկել են այդ հորձանուտի մեջ, հարմարվել են, աշխատանք է։ Ես էլ որոշ ժամանակ հարմարվեցի։ Ինձ տանը միշտ հանդիմանում էին, որ ես պետք է քոլեջից դուրս գայի դեռևս այն ժամանակ, երբ Սամվել Պետրոսյանը հեռացավ։ Բայց ես ուժ չգտա իմ մեջ դուրս գալու, մտածում էի՝ կպայքարեմ։ Բայց մի քանի տարի հետո հրաժարվեցի։ Այնտեղ այնպիսի բարքեր են տիրում, որոնց անձամբ եմ ականատես եղել։
-Ի՞նչ բարքեր։
-Գումարային, խեղաթյուրել են աշխատանքները։ Եթե տեղը գա, այնպես կջարդեմ դրանց, այնպես կուզենայի, որ բացահայտեի, ասեի՝ հերիք-բոլ եղավ։
-Օրերս ուսանողների, նկարիչների մի խումբ (այդ թվում նաև՝ Դուք) բաց նամակ են հղել երկրի նախագահին` իրավիճակը շտկելու ակնկալիքով։ Հույս ունե՞ք, որ ձեր խնդրանքը տեղ կհասնի։
-Ճիշտն ասած՝ ոչ։ Ինչպես ժամանակին Սամվել Պետրոսյանին կարողացան հաղթել, այնպես էլ այսօր… Կուզենայի, որ մի հնարք լիներ Աստծո կողմից, և Թերլեմեզյանի անվան ուսումնարանը դառնար նախկինը, գոնե կիսով չափ։


Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ