«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անձնական կապերը մեր երկրում երբեմն շատ ավելի գործուն են և հեշտությամբ շրջանցում են օրենքները

Անձնական կապերը մեր երկրում երբեմն շատ ավելի գործուն են և հեշտությամբ շրջանցում են օրենքները
06.11.2012 | 11:46

Ի պատասխան տողերիս հեղինակի հրապարակման` Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի պաշտոնակատար, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի այրի Աննա Մնացականյանը լալահառաչ մի հարցազրույց է տվել օրաթերթերից մեկին, ուր, ըստ էության, փարատում է հեղինակիս (և շատերի) կասկածները, թե այս նշանավոր կրթօջախն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանի ահռելի ջանքերի գնով ըստ էության դառնում է նրա ընտանիքի սեփականությունը։ Եվ ահա տիկին Աննան ծանրակշիռ «հիմնավորումներ է բերում», ապացուցելու, որ իր նշանակումն այս կրթօջախում ոչ միայն միանգամայն տրամաբանական է, այլև փրկօղակ Թերլեմեզյանի համար։ Թերևս մի քանի դրվագ ներկայացնեմ նշյալ հարցազրույցից. «...քանի որ իմ ամուսինը իր վերջին 5 տարիները ողնուծուծով տրվեց Թերլեմեզյանին, ես չեմ կարող անտեսել իր էդ էներգիան ու հոգին, որ ներդրվել է» (կներեք, բայց խոսքն ուղղակիորեն ընտանիքի բաժնեմասի կորստի մասին է), «...ես կարծում եմ, որ նախ և առաջ բարոյական խնդիր է շարունակել ամուսնու ծրագրերը» (կներեք, բայց պարզվում է, որ անբարոյականությունն է տիրել կրթօջախին, և ահա հենց նա պիտի հանդես գա բարոյականության պատվարի դերում), «դեռևս Սամվել Պետրոսյանի օրոք, երբ շենքը քանդվում էր, նրա քույրը` Ալվարդ Պետրոսյանը, զբաղվում էր շենքի փրկության հարցով»։ Այստեղ ավելի տարածուն մեկնաբանության կարիք կա։ Ողջ հանրապետությունն է տեղյակ այն ամոթալի պատմությանը, որի գլխավոր ոգեկոչողն էր ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։ Նա իսկական պատերազմ էր սանձազերծել Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի տնօրեն, գեղանկարիչ և յուր հարազատ եղբայր Սամվել Պետրոսյանի դեմ։ Միջոցների ընտրության մեջ որևէ խտրականություն չդնելով` տիկին Ալվարդը գրոհում է կրթօջախի վրա, հարազատ եղբոր ընտանիքի վրա, առհասարակ հողմացրիվ անում բոլոր նրանց, ովքեր դույզն-ինչ փորձ կանեին կանգնելու նրա ճանապարհին, այն է` որդուն կարգել տնօրեն։ Նարեկն աշխատեց ու իր տեղում էր։ Սակայն կրթօջախը, համաձայն ալվարդպետրոսյանական հավակնությունների, պետք է դարեդար ծառայի իրենց, այսօր հարսն է տնօրեն, վաղը` թոռները։ Սակայն այս թեման ուղղակի շրջափակենք, այն մի իսկական աղտոտ սավան է, ու կարիք չկա հրապարակելու բոլոր կեղտաբծերի տեղն ու դիրքը։
Շատ ավելի կարևոր մի խնդիր է հրապարակում. ճնշում գործադրելով ՀՀ ԿԳ նախարարության որոշման վրա` Ալվարդ Պետրոսյանը հաջողեցնում է հեռացնել տնօրենի պաշտոնակատարին` առաջադրված նույն նախարարության կողմից, և նշանակել տալ իր հարսին։ (Սա այն դեպքում, երբ տիկին Աննան, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի բարձր աշխատավարձով տնօրինում էր ՀՕՄ գրասենյակը)։ Այսինքն, անձնական կապերը մեր երկրում երբեմն շատ ավելի գործուն են և հեշտությամբ շրջանցում են օրենքները։
Սրանից զատ, կրթօջախի տնօրենի պաշտոնակատար է նշանակվում ոչ մանկավարժը։ Սա կրթօջախի կանոնադրության պահանջների ոտնահարում է։ Եվ, վերջապես, մի՞թե սրանով եղկելի մի ավանդույթ չի ձևավորվում հանրապետությունում` մշակութային օջախները դարձնել ընտանիքի կարիքներն ու հավակնությունները բավարարող դուստր ձեռնարկություններ։ Դեռ երիտասարդ տարիքում այրիացած և, ըստ ամենայնի, ՀՕՄ գրասենյակում իր տեղում գտնվող («Ես շատ բարձր վարձատրվող աշխատանք ունեի ու աշխատավարձի հարց լուծելու խնդիր չունեմ») Աննա Մնացականյանը, ընտանիքի ողջ հոգսը փխրուն ուսերին, փորձադաշտ է մտնում։

Թերևս ավելացնեմ, որ, Գևորգ Սողոմոնյանից զատ, կան էլի երկու-երեք թեկնածուներ, բուն թերլեմեզյանականներ, ովքեր առաջիկա ընտրություններում կարող են ընտրվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնում։ Մնում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը գտնվի իր կոչմանը վայել բարձրության վրա։ Իր հերթին դադար առնի Ալվարդ Պետրոսյանը, մեկը, ով ԱԺ-ում պնդում էր, թե պատգամավորի թոշակը պիտի լինի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Այնպես որ, քաղաքական սույն գործչի հավակնությունները իսկապես չափ ու ձևի հայտնի սահմաններից շատ են հեռացել։ Միաժամանակ խորհուրդ եմ տալիս «Թերլեմեզյանի» որոշ դասախոսների և սովորողների` ձեռնպահ մնալ նոր պաշտոնակատարին հախուռն հաճոյանալու անհեռանկար ճանապարհից։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ