«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Կրթօջախի պատերը ոչինչ են, եթե ներսի մարդիկ սեր ու տքնաջան աշխատանք չներդնեն»

«Կրթօջախի պատերը ոչինչ են, եթե ներսի մարդիկ սեր ու տքնաջան աշխատանք չներդնեն»
28.09.2012 | 12:00

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը 91 տարվա պատմություն ունի։ Այն Խորհրդային Հայաստանի առաջին մշակութային օջախներից մեկն էր։ Կրթօջախը, շնորհիվ այստեղ դասավանդող և ուսանող անվանի մարդկանց, դարձավ հայ մշակութային ավանդույթների ձևավորողը, կրողն ու դաստիարակողը։ Քոլեջն այսօր ունի շուրջ 750 ուսանող։ ՈՒսուցումն իրականացվում է գեղանկարչության, քանդակագործության, դիզայնի և խեցեգործության բաժիններում։

Գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԳԵՎՈՐԳ ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ինքը թերլեմեզյանական է, քոլեջն ավարտել է 2004 թվականին։ ՈՒսումը շարունակել է գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև մասնագիտական վերապատրաստում է անցել Ֆրանսիայում։ Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ իր կրթական դարբնոցը հենց Թերլեմեզյանի անվան քոլեջն է։ Մյուս կրթօջախներն իրեն փոխանցել են զուտ ակադեմիական տեսական գիտելիքներ, մինչդեռ քոլեջն ու այնտեղ տիրող ջերմ ոգին իրեն ներարկել են սեր արվեստի նկատմամբ, մտածողություն, ձևավորել մշակութային ճաշակ։
Մեծ ավանդույթներ ունեցող քոլեջի ղեկավարումը Գևորգ Սողոմոնյանի համար պարտավորեցնող է։ Դասախոսական անձնակազմի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ Գնահատում է բոլոր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմն ու սերն արվեստի և իրենց աշխատանքի նկատմամբ, քանի որ կրթօջախի պատերը ոչինչ են, եթե ներսի մարդիկ սեր ու տքնաջան աշխատանք չներդնեն իրենց գործում։
Ծրագրեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը շատ ունի։ Դրանք ուղղված են և՛ քոլեջի նյութատեխնիկական բազայի, և՛ շենքային պայմանների բարելավմանը, և՛ բովանդակային խնդիրների լուծմանը։ Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ պահպանվելու են նախորդ տարիներին ձևավորված, մասնավորապես նախկին տնօրեն Նարեկ Առուշանյանի ղեկավարությամբ հիմք դրված բոլոր լավ ավանդույթները։ Մեծ տեղ է հատկացվելու ուսանողական փոխանակման ծրագրերին, կապեր են հաստատվելու տարբեր երկրների ուսումնական հաստատությունների հետ, հնարավորություն է տրվելու շնորհալի ուսանողներին կատարելագործելու իրենց հմտությունները փոխանակման ծրագրերի շնորհիվ։
Բնականաբար, այս բոլոր նախաձեռնությունները ենթադրում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը քոլեջն ինքնուրույն հոգալ չի կարող։ Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ արդեն կան պայմանավորվածություններ տարբեր կառույցների հետ՝ քոլեջին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Նշենք նաև, որ նոր ուսումնական տարին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար սկսվեց հաճելի անակնկալով։ Սեպտեմբերին քոլեջի շուրջ 200 ուսանող 5 մասնագիտական առարկաների դասախոսների հետ միասին անցկացրել են իրենց ուսումնական պրակտիկան Ծաղկաձորում։ Այստեղ կատարված աշխատանքներով ուսանողները կմասնակցեն առաջիկայում նախատեսված աշնանային ուսանողական ցուցահանդեսին, որտեղ կշնորհվեն մրցանակներ լավագույն աշխատանքների համար։ Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար նման ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ նման միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ։ Ծրագրի նպատակն է խրախուսել ուսանողների առաջադիմությունը և նպաստել ստեղծագործական վերելքին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 12743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ