Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Պետք էր ժամանակի հրամայականին ենթարկվել, ու ձեռքս մեկնեցի վրձնին»

«Պետք էր ժամանակի  հրամայականին ենթարկվել, ու ձեռքս մեկնեցի վրձնին»
22.05.2012 | 01:04

Օրերս Լոս Անջելեսում` Հյուսիսային Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի Զորայան թանգարանի պատկերասրահում, բացվեց երևանցի ճանաչված գեղանկարիչ Արմեն Աթանյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը` թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի բարեհաճ հրավերով։ Կտավների աչք շոյող երանգների ցոլքով բռնկված սրահում ներկայացված էր գեղանկարչի վերջին տարիների վրձնած 40 կտավների մի գեղեցիկ փունջ` «Հայկական ծեսեր, խաղեր և ավանդույթներ» խորագրով, ու չնայած արվեստագետի արդիական ոճին, նրա վրձնի ու կտավի «դաշինքը» հայկական ավանդական կենցաղի մի հրաշալի մթնոլորտ էր ստեղծել։

Գեղարվեստի պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանի «գեղանկարչաց գերդաստանի» տաղանդաշատ ներկայացուցիչը, կրթություն ստանալով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1980 թվականից ցուցադրությունների պակաս չի ունեցել։
Մայիսի 10-ին Արմեն Աթանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսին հրավիրված արվեստասերներս մի հրաշալի առիթ էինք ունեցել շփվելու բարձր արվեստի, ջինջ ու գունեղ արվեստի հետ, ուր յուրաքանչյուր կտավ` իր յուրօրինակ թեմայով, պատկերի կառուցման մանրամասներով, յուրաքանչյուր գծով ու երանգով, նրբին գունախաղով, վերածվել էր ամբողջական մի պատմության, մի քարացած շարժման, որի սկիզբն ու շարունակությունը մեզ ծանոթ են մանկուց, մեր ազգային ավանդույթներից, պարզապես մեր կենցաղից։
-Դժգոհելու առիթ չունեմ,- մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչը։- Մասնակցել եմ բազմաթիվ համատեղ ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Միացյալ Նահանգներում։ Մի խոսքով, 120-ից ավելի ցուցադրություն եմ ունեցել Հայաստանում և արտերկրում։
Միացյալ Նահանգներում իմ աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվել են 2001-ին` Լոս Անջելեսի «Բիստանգո գալերի»-ում։ Ապա մասնակցել եմ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում Լոս Անջելեսի հայկական քոլեջում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին։ Բայց երևի ամենահուզիչը եղել է Պեշկեթուրյան արվեստի կենտրոնում բացված «Աթանյան նկարչական տոհմի» ցուցահանդեսը։ Չէ որ նկարիչներ են հայրս, մայրս, երկու եղբայրս, կինս, որդիս և դուստրս։ Դրանից հետո, արդեն 2007-ին, անհատական ցուցահանդես եմ ունեցել նույն Պեշկեթուրյան կենտրոնում, ապա Կալիֆոռնիայի Ըռվայն քաղաքի «Ստուդիո գալերի»-ում։
-Նայում եմ այս ցուցահանդեսի կտավների ցանկը` միայն «Ծեսեր, խաղեր և ավանդույթներ» թեմայով 40 աշխատանք է ներկայացված, որոնցից 15-ը վերջին 3-4 ամիսներին եք վրձնել։ Փաստորեն, շատ արագ ու արդյունավետ եք աշխատում։
-Իրոք արագ եմ աշխատում, իսկ ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա շատ հարաբերական է։ Կարող եմ օրեր շարունակ մտնել արվեստանոց, երկար նստել, դուրս գալ, ոչինչ չանել։ Բայց միտքս տարված է լինում ինձ հետապնդող թեմայով։ ՈՒ երբ ամեն ինչ «խմորված» է լինում, հասունացած, կարող եմ միանգամից մի քանի կտավ սկսել ու միաժամանակ էլ ավարտել։ ՈՒ չէի ասի, թե դա գիտակցված է տեղի ունենում։ Դա ես պարզապես ապրում եմ։ ՈՒ, ի վերջո, ստացվում է այն, ինչ ստացվում է։ Այս ցուցահանդեսն էլ այդպես է ստեղծվել։ Քանի որ հրավիրել էր թեմի մեծարգո առաջնորդը, և ցուցահանդեսը բացվելու էր հենց եկեղեցու պատկերասրահում, այս հանգամանքն ինձ նաև թեմատիկ ուղղվածություն էր պարտադրում։ Եվ ինձ ձգեց-տարավ ազգային ավանդույթների հնամենի խորհրդավորությունը, պարզի ու խորունկի ներդաշնակությունը։ Ես բավարարված եմ արդյունքով։
-Արմեն, ավարտել եք գեղարվեստաթատերականի դեկորատիվ-կիրառական և մոնումենտալ արվեստի ֆակուլտետը, հետո անցել եք գեղանկարչության։ Ինչո՞ւ։
-Երկու պատճառ կար. նախ, որ խեցեգործության մեջ ես ինձ սպառված էի զգում։ Ասելիքիս համեմատ «նյութի» ընդգրկումը նեղ էր թվում։ Եվ հետո` հիշո՞ւմ եք 90-ականների սկիզբը` ղարաբաղյան պատերազմի տարիների կենցաղային դժվարությունները` հոսանք չկար, իսկ թրծել պետք էր։ Մնում էր ժամանակի հրամայականին ենթարկվել, ու ձեռքս մեկնեցի վրձնին։ Իհարկե, շատ պատասխանատու պահ էր։
2008-ին ես և երգահան Արսեն Թովմասյանը նկարահանեցինք «Միլիոն գույն»-ը։ Շատերի կարծիքով` ես այդ ֆիլմով «արվեստաբանների հացը կտրեցի»։ Բայց դա այդպես չէ։ Մենք փորձել ենք արվեստասեր հասարակությանը հնարավորություն տալ ինքնուրույն խորամուխ լինելու ֆիլմի փիլիսոփայությանը, հասկանալու ասելիքը, ինքնուրույն կարծիք կազմելու։ Մենք ոչինչ չենք մեկնաբանում, առավել ևս, ոչինչ չենք պարտադրում։ Իսկ արվեստաբանի առաքելությունն այլ է, արվեստագետի կոչումից միանգամայն տարբեր։ Արվեստագետի ամփոփ կատալոգում արվեստաբանի շարադրած կարծիքը, գնահատականն անչափ կարևոր են և կարևորագույն դեր ու նշանակություն ունեն արվեստագետին ներկայացնելու գործում։ Այնինչ մեր ֆիլմի լեզուն երաժշտությունն ու կերպարվեստն են, որոնք հասանելի են բոլորին` անկախ ազգությունից։
-Դուք անվանի արվեստագետի ընտանիքում եք մեծացել, Ձեր հայրը` մոնումենտալիստ, նկարիչ, Գլենդելի հանրահայտ «Աթանյան արվեստի կենտրոնի» հիմնադիր պրոֆեսոր Վլադիմիր Աթանյանը, արվեստում և կյանքում ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա։
-Որպես արվեստագետներ, մենք տարբեր ոճերում ենք ստեղծագործում, նաև, լինելով տարբեր սերունդների ներկայացուցիչներ, տարբեր մտածելակերպ ունենք։ Բայց ես պատանեկան տարիներից աշխատել եմ հորս հետ, նկարչական արվեստի այբուբենը նրանից եմ սովորել։ Հայրիկիս հետ աշխատել եմ Երևանում, երբ նա մոնումենտալ դեկորատիվ քանդակներ էր կերտում, ինչպես, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի», «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումները։ Այդ ընթացքում եմ սովորել «այբուբենը»։ Չտիրապետես դրան, չես կարող նկարել։ Իսկ որպես մարդ, արվեստի նվիրյալ, բարոյականության ու խորաթափանցության տիպար նրա ազդեցությունն ինձ վրա անչափելի է։
-«Իրատես de facto»-ն ստեղծագործական նվաճումներ է մաղթում Ձեզ և Ձեր գերդաստանի բոլոր նկարիչներին։


Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ
Լոս Անջելես-Երևան

Դիտվել է՝ 5341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ