Վրաստանի նախագահի՝ առաջիկայում սպասվելիք ընտրություններում Նախագահի թեկնածուներ Դավիթ Բաքրաձեն, Գիորգի Մարգվելաշվիլին և Նինո Բուրջանաձեն ներկայացրել են իրենց տեսակետները ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների մասին:
Ուշագրավ է, որ առաջին հարցը, որն ուղղված է եղել Նախագահի թեկնածուներին, հետևյալն է. «Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր, որպես Վրաստանի նախագահի, ամենամեծ խնդիրը»: Հաջորդ հարցը վերաբերում է կրթության հիմնախնդրին:
Նախագահի թեկնածուներին ուղղված հարցը հետևյալն է. «Ի՞նչ կարծիքի եք կրթության քաղաքականության մասին: Ինչպիսի՞ քաղաքականության կողմնակից եք տարրական, միջնակարգ, մասնագիտական և բարձրագույն կրթության որակի բարելավման համար»: Դրան հաջորդում են տնտեսությանը, զբաղվածությանը, առողջապահությանը, սոցիալական անվտանգությանը, տեղական ինքնակառավարմանը, ազգային փոքրամասնություններին և մյուս ոլորտներին վերաբերող հարցերը:
Հետահայաց նայելով մեր՝ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին և նրանց խոստումներին, արժե հիշել, որ կրթության ոլորտը նրանց հետաքրքրող հարցերի վերջին հորիզոնականներից մեկն էր զբաղեցնում: Իսկ կրթության ոլորտի զարգացման մասին նրանք առաջ չէին քաշում հայեցակարգեր, նախընտրական քարոզչության թոհուբոհում կրթության ոլորտի մասին խոսք չէր հնչում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ