Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչի՞ առջև ենք բացել մեր երկրի դռները

Ինչի՞ առջև ենք բացել մեր երկրի դռները
26.04.2013 | 12:11

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ներկայացրել «Խտրականության դեմ» օրինագիծը, որը խիստ մտահոգիչ է հատկապես այն մարդկանց համար, ովքեր գիտեն, թե համաշխարհային զարգացումներն ինչ տրամաբանությամբ են ընթանում, և, ընդհանրապես, այսօր աշխարհում ինչ է կատարվում, հատկապես համաշխարհային որոշ կենտրոններում:

Նաև այն մարդիկ են մտահոգ, ովքեր տեղյակ են, թե ինչ է ասվում Սուրբ գրքում: Խոսքը մարգարեությունների մասին է: Հայտնության գրքում ամեն ինչ թվարկված է տեղը տեղին, թե ինչ է սպասում մարդկությանը, երբ մոտենան Նեռի ժամանակները: Նաև, թե ինչպես, ինչ միջոցներով ու ինչ ճանապարհներով է նախապատրաստվելու Նեռի մուտքը, այսինքն՝ նրա թագավորությունը:
Աչք ու ականջ ունեցող ամեն մարդ կտեսնի, որ այսօր կատարվում է այն, ինչ նշված է Հայտնության գրքում: Սուրբ գիրքը նշում է, որ ապականվելու է սնունդը: Խնդրեմ՝ գենետիկորեն ձևափոխված սնունդ, որը ժառանգախեղ է անելու մարդուն: Իսկ ամենացայտունը սոցիալական քարտերն են: Հայտնության գիրքը զգուշացնում է, որ դրանք հետագայում դառնալու են բրնձի հատիկի չափ չիպեր ու տեղադրվելու են մարդու աջ ձեռքի և ճակատի վրա: Ընթացքը կա. սոցիալական քարտերը, որոնց էմբլեմի տակ գաղտնաբար թառած է չարի թիվը, արդեն մեր գրպանում են: Իսկ կարո՞ղ էինք դրանք չունենալ. Սուրբ գիրքը զգուշացնում է՝ առանց այդ քարտերի ոչ ոք չի կարող գնել և վաճառել: Այն է, ինչ մեզ մոտ է: Այսօր այս ամենն իրականություն է:
Եվ կամաց-կամաց աշխարհի երկրների կառավարություններին պարտադրվում են այն օրենքները, միջազգային պարտավորություններն ու պայմանագրերը, որոնք պետք է ճանապարհ բացեն տվյալ երևույթների առաջ:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
ՄԻՊ-ի նախաձեռնությունը հենց այս ենթատեքստում է դիտարկվում: Այդ առթիվ «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը և «Հայ միտք» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին օրինագծի քննարկումը: Բանախոսներն էին աստվածաբանության պատվավոր դոկտոր, վերապատվելի ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԸ, քաղաքագետ-իրավաբան ԷԴԻԿ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Ի՞նչ դրույթներ է պարունակում օրինագիծը, ինչպիսի՞ թակարդներ ունի, որոնք վտանգում են մեր ժողովրդի անվտանգությունը: Ինչո՞ւ անվտանգությունը. որովհետև եթե ուզում ես քանդել հասարակությունը, ապա պետք է այն բարոյազրկես, աղավաղես մարդկային հարաբերությունները: Այդ դեպքում արդեն ունես թուլացած և ենթակա հանրություն, որի հետ կարող ես վարվել ինչպես կամենաս:
Հիմա կասեք՝ «Խտրականության դեմ» օրենքն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ: Պատասխանեմ՝ ուղղակի: Օրենքը նախատեսում է պայքարը խտրական երևույթների դեմ: Իսկ ընդունված է կարծել, որ հասարակություններում խտրականության նախ և առաջ ենթարկվում են սեռական փոքրամասնությունները:
Եվ կամաց-կամաց քայլ է արվում դեպի հիմնական հարցը. իսկ ինչո՞ւ նրանք իրավունք չունենան ամուսնանալու և ընտանիք կազմելու ում հետ ուզում են և ինչպես ուզում են: Բա դա խտրականություն չէ՞, եթե արգելում ենք ամուսնանալ… տղամարդը տղամարդու կամ կինը կնոջ հետ:
Ապա գալիս է հաջորդ խնդիրը՝ ճանապարհ է հարթվում բազմագենդերային ապականիչ գաղափարախոսության համար: Քանզի նախագծում սեռը տարանջատվում է գենդերից: Այսինքն` այս փաստաթղթում նշվում է, որ յուրաքանչյուր մարդ ազատորեն կարող է ընտրել իր գենդերը և սեռադերակատար իր վարքագիծը: Այսինքն՝ անկախ բնական սեռից, ինչ սեռով ցանկանա` կներկայանա հասարակության մեջ: Եվ այս մարդկանց, ովքեր կձևավորեն իրենց գենդերն իրենց հայեցողությամբ, պետք է պահենք-պահպանենք աչքի լույսի նման, որ խտրականության չենթարկվեն:

ԲԵՐԻԱՆ ԿՆԱԽԱՆՁԵՐ
Տո ի՞նչ խտրականություն. մենք պարտավորություններ պետք է ստանձնենք նրանց հանդեպ, պետք է հարգենք ու խոնարհվենք նրանց առաջ. նրանց մեզնից առավել դասենք: Տեղն էլ գա, մենք նրանց ենթական դառնանք: Կարծում եք` չափազանցությո՞ւն եմ ասում: Նայենք օրինագիծը: Այնպիսի դրույթներ է պարունակում, համաձայն որոնց, եթե, ասենք, մարդը ձեռք չմեկնի տվյալ մեկին, ապա վերջինս իրավունք ունի հայտարարելու, որ խտրականության է ենթարկվում՝ սրանից բխող իրավական հետևանքներով:
Կամ, պատկերացնո՞ւմ եք, օրենքը նախատեսում է իրավիճակի փորձարկում, որպեսզի բացահայտվեն խտրական երևույթները: Այսինքն՝ համապատասխան մարմինները յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ կարող են անել պրովոկացիոն գործողություններ: Եվ մեզանից ոչ մեկն էլ ապահովագրված չի լինի նման գործողություններից: Կամ գործատուն պատասխանատվություն է կրում այս օրենքը խախտող իր աշխատակիցների համար:
Եվ օրինագծի պսակը. ցանկացած պետական հաստատություն, հասարակական կազմակերպություն, իրավաբանական և ֆիզիկական անձ պարտավոր են համապատասխան կառույցին տեղյակ պահել խտրականության դեպքերի մասին: Հասարակության կեղտոտ բնազդներն արթնացնելու և դրանք օգտագործելու ինչպիսի՜ հիանալի նախաձեռնություն: Ականջդ կանչի, Բերիա, քեզնից էլ առաջ անցնող եղավ:
Քննարկմանը մասնակցող քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանն այլ ուղղություններով էլ է թակարդները նկատում: Ասում է. «Այս օրենքի նախագիծը հիմնվում է խմբային իրավունքների պաշտպանության վրա, չի հիշատակում մարդու՝ անձի իրավունքները: Իսկ իրավագիտության ամենաչմշակված հարցերից մեկն էլ հենց այն է, թե ի՞նչ է խումբը, որո՞նք են խմբային իրավունքները և որքանո՞վ են դրանք համընկնում մարդու իրավունքների հետ: Կամայական ձևով մարդկանց ցանկացած խումբ կարելի է դիտել պաշտպանության ենթակա: Օրինակ՝ թմրամոլներին, հայրենիքի դավաճաններին, ում ասեք: Քանի որ օրենքի նախագծում չկա որևէ բնութագրում, թե ինչ խմբեր են պաշտպանվելու: Ես հավատացնում եմ՝ փողի առկայության դեպքում ամենահանցավոր մարդկային տեսակը կարելի է վերցնել պաշտպանության տակ ըստ այս օրենքի»:
Կամ` մարդը, 18 տարին լրացավ, չի ուզում գնալ բանակ. կհայտարարի իր՝ ինչ-ինչ գենդերին պատկանելության մասին ու արդեն օրենքով պաշտպանված է:
Հաջորդը՝ դուք լսե՞լ եք, որ Հայաստանում սեգրեգացիայի երևույթ լինի. ասենք, լինի առանձին կինոթատրոն, որտեղ արգելվի եզդիների կամ այլ ազգային փոքրամասնությունների մուտքը, կամ ավտոբուս լինի հատուկ հայերի համար, կամ սրճարան լինի, որտեղ արգելվի մտնել այս կամ այն խմբի մարդկանց: Բնականաբար, չեք լսել: Իսկ եթե չեք լսել, այսինքն` չկա տվյալ երևույթը, ապա չեղած բանի դեմ պայքարն ինչո՞ւ է ներառվել այս օրինագծում: Այո, սեգրեգացիան ամերիկյան քաղաքականության արդյունք էր, այն տարածված էր նաև բրիտանական ու ֆրանսիական գաղութներում, բայց դա ի՞նչ կապ ունի մեզ հետ: Ինչո՞ւ է մեր օրենքում նշվում մի երևույթի մասին, որը մեզանում գոյություն չունի: Գուցե մեր հասարակության մեջ այդ երևույթների քարոզչությո՞ւնն ենք ուզում անել: Կամ ուղղակի այլ հասարակությունների պրոբլեմնե՞րն ենք ներմուծում մեր երկիր:
Եվ, ընդհանրապես, ո՞րն է այս օրենքի նպատակը, երբ դրա հետապնդած երևույթները պարզապես գոյություն չունեն մեր երկրում: Իսկ օրենքի նախագիծը հիմնավորելիս հեղինակները ոչ թե խոսում են այն մասին՝ արդյոք մեր երկրում կա՞ն այդ պրոբլեմները, թե՞ ոչ, այլ օրենքի գոյությունը պայմանավորում են միջազգային փորձով: Բայց միջազգային փորձը մեզ ի՞նչ: Գուցե աֆրիկյան մի երկրում ինչ-որ մի երևույթ կա. մենք դրա հետևի՞ց պետք է գնանք:

ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Պարզվում է, դեռևս 2005 թվականին ընդունված Սահմանադրության մեջ սողանցքը թողնվել է, որպեսզի այսօր ընդունենք նման օրենքներ: Սահմանադրության 35-րդ հոդվածում, մի կողմից, ընտանիքը դիտվում է հասարակության բնական և հիմնական բջիջ, արձանագրվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք, մյուս կողմից էլ` չի հստակեցվում, թե ամուսնությունն ո՞ւմ միջև է տեղի ունենում: Միաժամանակ Հայաստանի կառավարությունն արդեն ստորագրել է միջազգային մի շարք փաստաթղթեր, որոնք բխում են նույն տրամաբանությունից և ունեն նմանատիպ հայեցակարգ: Հետևաբար, ՄԻՊ-ի մշակած օրենքի այս նախագիծը օրենսդրական քայլ է ստանձնած պարտավորություններն իրականացնելու ճանապարհին:
Բնականաբար, այս ամենն արվում է մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ, դրա պատրվակով: Մինչդեռ 2012 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մահմեդական երկրների աջակցությամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության բանաձևը, ըստ որի` առկա է ուղղակի կապ մարդու իրավունքների և քաղաքակրթական, մշակութային, պատմական, կրոնական ավանդական արժեքների միջև: Նաև ռուս դիվանագետները համոզված են, որ պետությունների որևէ խումբ իրավունք չունի սեփականաշնորհելու մարդու իրավունքների նորմերի մեկնաբանությունը:
Եվ ո՛չ միայն Ռուսաստանը. այսօր Լիտվայում գործում են համասեռամոլության քարոզչությունն արգելող օրենքներ: Իսկ Լեհաստանի և Ավստրալիայի օրենքներն արգելում են միասեռական ամուսնությունները: Նշանակում է, մենք մենակ չենք լինի, եթե դեմ գնանք համաշխարհային այս հոսանքին:
Իսկ այդ հոսանքն արդեն իր ավերածություններն է գործում բարոյականության վրա հենված քաղաքակրթական արժեհամակարգի դեմ: Ավելին, շատ երկրներում այսօր արդեն պաշտպանության կարիք ունեն նրանք, ովքեր չեն ընդունում ապականիչ ու հակամարդկային այս արժեքները, որոնք հասարակություններ կործանելու խնդիր ունեն, ըստ էության: Փաստորեն, հենց նման մարդիկ են ենթարկվում խտրականությունների:
«Վաշինգտոն թայմսը» հայտնում է, որ Միչիգանի նահանգում մի ասպիրանտուհի հեռացվել է ծրագրից, որովհետև ամուսնության մասին նրա քրիստոնեական հայացքները մերժել է դպրոցի վարչակազմը:
Ավետարանական հովիվ Լուի Ջիլիոն հարկադրված է եղել հրաժարվելու Բարաք Օբամայի երդմնակալության արարողության եզրափակիչ աղոթքից, քանի որ նախագահի վարչակազմը ամուսնության մասին նրա պատկերացումներն անընդունելի է համարել:
Իսկ Իտալիայի արտգործնախարարության կրոնական ազատության մոնիթորինգի կենտրոնի զեկույցում խոսվում է Եվրոպայում միասեռական ամուսնությունների դեմ հանդես եկող քրիստոնյաների, ինչպես նաև քրիստոնեական աղոթատների ու նրանց հոգևորականների դեմ ֆիզիկական ագրեսիայի դեպքերի աճի մասին:
Գերմանիայում էլ ձերբակալվում են բազմաթիվ ծնողներ, ովքեր թույլ չեն տալիս իրենց երեխաներին հաճախել «Սեռական դաստիարակություն» առարկայի դասերին:

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄ
Ընդհանրապես այս օրենքը տոտալիտար հասարակարգ ստեղծելու գործիք է` այս էր մասնագետների միանշանակ գնահատականը:
Իսկ ինչո՞ւ տոտալիտար: Եվ, ընդհանրապես, տոտալիտարիզմի գաղափարն այսօր ի՞նչ տեղ է գրավում համաշխարհային զարգացումներում, մասնավորապես աշխարհին իշխող հզորների նպատակների ու պատկերացումների մեջ: Եթե պատասխանենք այս հարցին, ապա շատ բան արդեն ակնհայտ կդառնա, թե մենք ո՛ւր ենք գնում: Ավելի որոշակի՝ մեզ ո՛ւր են գլորում:
Համաշխարհային ստվերային կառավարությունը մի նպատակ է դրել իր առջև՝ պետք է քանդել այն արժեհամակարգը, բարոյական այն կոդեքսը, որի վրա հենված է մարդկային հասարակությունը: Ինչո՞ւ։ Որպեսզի ստեղծի ենթակա, կրավորական, կամքից զուրկ մարդկային խմբեր, որոնց հետ անի այն, ինչ ցանկանա: Բարոյազրկված հասարակությունն արդեն կկորցնի իր դիմադրողականությունը: Իշխողներն էլ հեշտությամբ կհասնեն սեփական նպատակին: Իսկ նպատակն ամրագրված է իրենց իսկ հղացած փաստաթղթերում, նամակներում:
Կստեղծվի մարդկային երկու խավ՝ իշխողները՝ էլիտան, և ենթակաները: Վերջիններս պետք է աշխատեն վերևում գտնվողների համար: Ընդ որում, մարդկության ներկա քանակը ձեռք չի տալիս տերերին. այն պետք է պակասի: Պատերազմների, հիվանդությունների, սովի միջոցով: Կանգ կառնեն մեկ միլիարդի վրա: Ոսկե այս միլիարդը կբավականացնի նրանց:
Միասեռական ամուսնությունների օրինականացումն այս ծրագրի իրագործման առանցքային կետերից է: Աղավաղվում է հասարակությունը, քանի որ կործանվում է նրա հիմքը հանդիսացող բջիջը՝ ընտանիքը: Իսկ եթե չկա ընտանիքը, ապա չկա նաև անձը. քանզի այլևս չի կարող ստանալ բարոյական-հոգևոր այն սնունդը, որը նրան պահում է իր տեսակի որակների մեջ:
Համաշխարհային այս դավադիր ծրագրի իրագործմանը նախատեսվում է հասնել նախ և առաջ հավատի կործանման ճանապարհով: Մարդիկ պետք է դադարեն հավատալ Աստծուն, պետք է քանդվեն քրիստոնեական եկեղեցիները: Կթույլատրվի մեն մի կրոն՝ համաշխարհային միասնական կառավարության եկեղեցու ձևով: Սատանայապաշտությունը, լյուցիֆերականությունը և սև մոգությունը կճանաչվեն ուսուցման օրինական առարկաներ: Այս աշխարհի ստվերային կառավարության ծրագրերի մասին իր «300-ի կոմիտեն» գրքում գրում է Ջոն Քոլեմանը:
Ընդ որում, լայնորեն պետք է տարածվի պոռնկագրությունը. յուրաքանչյուր կինոթատրոնում պարտադիր կցուցադրվի նաև արվամոլական և լեսբիական պոռնկագրություն: Պարտադիր կլինի թմրանյութերի օգտագործումը:
Ահա այն ճանապարհները, որոնք ուղիղ գծով տանում են դեպի հասարակության բարոյազրկում, նրա դավանած արժեհամակարգի ոչնչացում: ՈՒ արդեն կբացվի դուռը Նեռի առաջ, ու նա կնստի աշխարհի գահին:

ՆԱՄԱԿ
Քննարկման մասնակիցները նամակներ պատրաստեցին` ուղարկելու մեր երկրի ղեկավարներին, նախ և առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նաև Ամենայն հայոց կաթողիկոսին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռք առնեն և չթույլատրեն այս երևույթների մուտքը մեր երկիր: Քննարկման մասնակիցների խոսքն է.
«Խնդրում ենք օրհասական այս պահին Ձեզնից կախված ամեն բան անել՝
-դիմակայելու քրիստոնեական արժեհամակարգից օտարված արևմտյան որոշ կենտրոնների ճնշմանը,
-մեզանում օրենքով արգելելու այլասերվածությունների քարոզչությունը և միասեռական ամուսնությունները,
-աջակցելու հանուն քրիստոնեական արժեհամակարգի ծավալվող մեր շարժմանը»:


Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ